суббота, 2 мая 2015 г.

Ձիթողցոնց տուն. Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան



Հայաստանի թանգարանների մեջ, իրավամբ, իր ուրույն տեղն ունի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, որը երկար տարիներ է, ինչ տեղացիներն անվանում են Ձիթողցոնց տուն: Շինությունը գտնվում է կենտրոնական հրապարակից ոչ հեռու, Հաղթանակի պողոտայում, Սերգեյ Մերկուրովի թանգարանի, այժմ նաև նորակառույց Սբ. Խաչ կաթոլիկների եկեղեցու հարևանությամբ:
Թանգարանի ընդհանուր տեսքը
1830-ական թվականներից հետո, երբ Արևմտյան հայաստանից Ալեքսանդրապոլ են գաղթում նախկինում քաղաքաբնակ ընտանիքները, նրանք իրենց հետ բերում են նոր բնակելի տան գաղափարը: Գոյություն ունեցող բնակելի տները ձևափոխվում և լրակառուցվում են նոր նշանակության սենյակներով: Առաջին հերթին դա վերաբերում է բնակելի սենյակի /չայի օդա/ և ննջարանների առաջացմանը:
Փոփոխվում է նաև տնտեսական հատվածը: Կրճատվում կամ հեռացվում են կենցաղային սենյակները` անասնագոմը, մարագը: Դրանց փոխարեն կառուցվում են բնակելի սենյակներ կամ ընդլայնվում է բակը, որը նույնպես ստանում է քաղաքային տարածությանը բնորոշ հատկանիշներ: Փոփոխության են ենթարկվում ոչ միայն տների ներքին կառուցվածքը, այլև արտաքին տեսքը, հարդարանքը, համաչափությունները:
1860-80-ական թվականներին կառուցված բնակելի տներն այնքան են տարբերվում նախորդ  /և հաջորդող/ ժամանակներում կառուցվածներից, որ  արժանիորեն կարող են դասվել ճարտարապետական նոր ոճի նմուշների շարքին:
Նրբանցք, որից բարջրանում են վերին հարկ
Այս ոճը, որը մենք անվանում ենք <<60-ականների>> կամ <<տեղական>>, ենթադրում է սև ու կարմիր տուֆի համատեղ օգտագործում, բավականին լայն, շեշտված, սպիտակ կարեր /ղայթան դարզ/, կիսաշրջանաձև պատուհաններ, թույլ ընդգծված ճակտոններ:
Վերը նկարագրվող ոճի լավագույն նմուշներից է Գյումրիում հայտնի Ձիթողցոնց տունը, որի շենքն այժմ հատկացված է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին: Այն կառուցվել է 1872 թվականին, այն բանից հետո, երբ չորս եղբայրներ Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթում են Գյումրի: Իրենց բազմանդամ ընտանիքի համար նրանք մեծ առանձնատուն են կառուցում, որը դառնում է նաև ժամանակի հայտնի շահութաբեր տներից մեկը: 
Թանգարանի ցուցասրահներից
 Տունն ունեցել է շատ սենյակներ ու մեծ բակ, որոնք այժմ թանգարանի ցուցասրահներն են: Այն կառուցված է սև ու կարմիր տուֆով, ունի շեշտված սպիտակ կարեր, ինչն էլ տեղացիներն անվանում են ղայթան դարզ: Շինությունն ունի կիսաշրջանաձև կամարակապ պատուհաններ: Թվում է, թե Գյումրիում բացի այս շինությունից այլև ոչ մի այլ հարկում չէր կարող տեղ գտնել քաղաքային կենցաղի թանգարանը: Որպես թանգարան շահութաբեր տունը հանրության առաջ իր դռները բացել է 1984 թվականից:
Թանգարանի ցուցասրահներից
Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։
Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածը։
Սբ. Գեորգի, Սբ. Ամենափրկիչ, հետին պլանում Պլպլան ժամ և  Հայ կաթոլիկների եկեղեցիները քաղաքի մանրակերտում
 Ցուցասրահներից մեկում հին Ալեքսանդրապոլի քարտեզն է, մյուսում` քաղաքի մանրակերտը`  հինգ եկեղեցիներով, հարթ կտուրներով տներով ու շուկայով: Մանրակերտին նայելիս հայտնվում ես 1800-ականների Գյումրիում, զգում հին քաղաքի շունչը: Մյուս ցուցասրահում կարելի է պատկերացում կազմել գյումրվա արհեստների մասին` դարբիններ, պղնձագործներ, ժամագործներ, անվագործներ և այլն: Յուրաքանչյուր արհեստ Գյումրիում ունեցել է իր դրոշը, իր խորհրդանիշը: Սենյակներից մեկը նվիրված է գորգագործությանը: Պատից կախված են Ալեքսանդրապոլում գործված գորգեր, ինչպես նաև ցուցադրված են այն գծագրերն ու նախշերը, որոնց հիման վրա գործվել են արվեստի այս յուրահատուկ նմուշները:
Թանգարանի ցուցասրահներում վերականգնված է նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։ Մի սենյակում շքեղ կահույք է, մյուսում` հասարակ սեղան ու աթոռ, մի պահարան` հին սպասքով: Սենյակներից մեկում գյումրվա ֆայտոնն է, մյուսում` լուսամուտի մոտ կանգնած աղջիկը, ով մինչ օրս դուրս է նայում: Թանգարանում ներկայացված է նաև հին գյումրեցի կնոջ կերպարը: Ցուցադրվում է նրա տարազը` արդուզարդով հանդերձ:
Այս թանգարանն ասես Գյումրու այցեքարտը լինի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իր հին շնչով ու գեղեցկությամբ այն գրավում է հազարավորների ուշադրությունը: Այս շենքը, ինչպես նաև Գյումրիում պահպանված մի քանի այլ շինություններ ու փողոցներ առավելագույնս տալիս են հին Ալեքսանդրապոլի նկարագիրը` նեղ փողոցներ, աղյուսե տներ, ավելի ուշ նաև սև ու կարմիր տուֆ…Սա է հին գյումրին, որի մի մասնիկն ապրում է մինչև օրս:
Դե եսիմ` Գ.Ն.