среда, 13 мая 2015 г.

Վենետիկի բիենալեի 50 000 բանալիները."The Key in the Hand"



Արվեստային դաշտում  վերջին օրերին, թերևս, Վենետիկի բիենալեից առաջնային իրադարձություն չի գրանցվել: Միջազգային այս մրցույթն անցկացվում է արդեն 56-րդ անգամ, ու մասնակցություն ունենք նաև մենք` հայերս: 18 սփյուռքահայ արվեստագետներ ներկայացրեցին <<Հայություն>> (Armenity) խորագրով ցուցադրությունը, որի արդյունքում, ինչպես հաղորդում է The New York Times-ը, մենք, որպես լավագույն ազգային տաղավար, արժանացանք <<Ոսկե առյուծ>> մրցանականին:
Դե եսիմ...-ն իր ընթերցողին է ներկայացնում բիենալեի  ճապոնական տաղավարում ցուցադրվող ինստալացիան:
Դիմացինին հասկանալու համար պետք է ունենալ նրա սրտի բանալին: Այս մտքով է առաջնորդվել ճապոնացի հայտնի նկարչուհի Չիհարու Շիոտան իր հերթական ինստալացիաներից մեկը ստեղծելիս: Այն իրենից ներկայացնում է երկու հին նավակների վերևում կախված 50 000 բանալիներ` կապված կարմիր թելերով: Ինստալցիան նկարչուհին անվանել է <<Բանալին ձեռքում է>>  ("The Key in the Hand"):
Նկարչուհու նպատակն է  հիշեցնել, որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ մարդկային ճակատագրերը: Սենյակում տեղադրված նավերը հենց սա են խորհրդանշում: Միմյանց  հազարավոր թելերով կապված մարդիկ անկախ հեռավորությունից միշտ լի են հիշողություններով, որոնք մեկ մոռացվում են, մեկ հանգիստ չեն տալիս:
Այս աշխատանքը, կարելի է ասել, ստեղծվել է հազարավոր մարդկանց կողմից, քանի որ նկարչուհին համացանցով հայտարարություն է տվել, որ իրեն անհրաժեշտ են տարբեր չափերի բանալիներ: Արդյունքում ինստալացիայում տեղ են գտել երկրագնդի ամենատարբեր անկյուններից ուղարկված  50 000 բանալիներ:
Նախագծի հեղինակի խոսքերով` բանալիները ցանկացած մարդու կյանքում արժեքավոր են: Չէ որ նրանք պահպանում են ոչ միայն մեր ունեցվածքը, այլև մեր սիրելի մարդկանց: Բանալիները կարող են բացել մեզ համար անճանաչելի ուղիներ ու նոր հնարավորություններ: Նրանք կարող են փակել մեր սրտերը` այնտեղ թողնելով ինչ-որ մեկին կամ նրա հետ կապված հիշողությունները: Նախքան ինստալացիայի մաս դառնալը նրանք օգտագործվել են ինչ-որ մեկի կողմից: Այստեղ ամեն ինչ լի է հիշողություններով,-ասում է երիտասարդ նկարչուհին:
Նա հուսով է, որ Վենետիկի 2015թ. բիենալեի այցելուները գոնե մի պահ կմտածեն իրենց հիշողությունների, ու արդեն մոռացած բանալիների մասին…



 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը