пятница, 17 апреля 2015 г.

Միլոսյան Վեներա /մ.թ.ա. V - IVդդ./




1820 թվականի ապրիլի 8-ին Իորգոս անունով մի հույն գյուղացի ամենօրյա հողի աշխատանքների ժամանակ պատահաբար  4-5մ լայնությամբ մի խորշ է գտնում: Նա զգուշությամբ փորում է այն ու բահը դեմ է առնում մի մարմարե արձանի: Դա Միլոսյան Վեներան էր, Մելոս կղզու հին բնակիչը
Քանդակի ձախ ձեռքում խնձոր է եղել, աջով կինը բռնել  է կոնքերից ներքև սահող զգեստը: Սա ներկայիս անթև քանդակի ամբողջական տեսքի մասին մեզ հասած միակ տեղեկությունն է, որն իր հուշերում գրել է ծովագնաց Դյումոն Դյուրվիլը, ով եղել է Իորգոսի տանը ու տեսել քանդակը նրա մառանում: Ծովագնացը ցանկացել է գնել այն, սակայն բավարար միջոցներ չի ունեցել: Նա մեկնել է Ստամբուլ ու Վեներայի մասին պատմել մարկիզ դե Ռիվյերին: Վերջինս` քանդակի նկարագրությամբ հիացած, դեսպան է ուղարկում Մելոս կղզի, որպեսզի Վեներային գնեն ու բերեն Ստամբուլ: Երբ դեսպանը հասնում է կղզի, միայն երեք օր հետո է գտնում քանդակը ու այն Ստամբուլ է բերվում արդեն առանց ձեռքերի

Բանն այն է, որ գյուղացին քանդակը վաճառել էր տեղի հոգևորականին, վերջինս չէր ուզում այն զիջել մարկիզի ուղարկած դեսպանին: Նրանք կռվում են իրար հետ ու վիճաբանության արդյունքում Վեներայի ձեռքերը կոտրվում են:
1821 թվականի մարտի 1-ին դե Ռիվյերը անձամբ գալիս է Փարիզ ու Վեներային նվիրում Լյուդովիկոս  XVIII-ին: Վերականգնողական աշխատանքներից հետո քանդակը զբաղեցնում է իր տեղը Լուվրում: Այս արձանի հեղինակն է համարվում   Ալեքսանդր կամ Ագեսանդր անունով մի քանդակագործ, ով ծնունդով Անտիոքից էր` Փոքր Ասիայից: Քանդակը թվագրվում է մ.թ.ա. V — IV դարերով: Իր կատարման տեխնիկայով ու պլաստիկ ֆորմաներով այն հիշեցնում է մեծ քանդակագործ Ֆիդիասի աշխատանքները: Ամենայն հավանականությամբ Վեներայի այս կերպարը կերտվել է հելլենիզմի վերելքի տարիներին, երբ կնոջ ֆիգուր քանդակելիս շեշտը դրվում էր գեղեցկության ու կանացի սկզբի ընդգծման վրա: Քանդակագործին հաջողվել է ստեղծել  դասակն արվեստի մի յուրօրինակ նմուշ, գեղեցկության, կանացիության ու ներդաշնակության ինքնատիպ համադրություն:
Քանդակը պատկերում է հունական դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեին: Հռոմեական դիցարանում այն նույնացվում է Վեներայի հետ: Այս է պատճառը, որ քանդակը հայտնի է և’ որպես Միլոսյան Վեներա, և’ որպես Միլոսյան Աֆրոդիտե: Արվեստի այս գործը շատ կրկնօրինակներ ունի: Բացի Ագեսանդրի աշխատանքի կրկնօրինակներից շատ այլ քանդակագործներ տարբեր ժամանակաշրջաններում անդրադարձել են Վեներա-Աֆրոդիտեի կերպարին, սակայն Միլոսյան դիցուհին այդ քանդակներից ամենահայտնին է:
Կոմպոզիցիան, չնայած նրան, որ ձեռքեր չունի, բավականին ամբողջական է: Քանդակված է կիսամերկ աստվածուհի, կոնքերից սահող զգեստով, գլուխն ու ուսերը փոքր-ինչ թեքվածությամբ: Քանդակի վերևի մասը դինամիկ է, ներքևինը` ստատիկ: Այս տպավորությունն են ստեղծում ներքև թեքված աջ ուսը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է դեպի կոնքերը: Շարժումը նկատելի է մինչև կոնքերի հատվածը, այնտեղ, որտեղ ավարտվում է ֆորմաների կորությունը: Զգեստի ծալքերը կերտված են բավականին մանրակրկտորեն, սակայն ոտքերի դիրքից ելնելով կարող ենք ասել, որ քանդակի ներքևի մասը ստատիկ է: Շատերի կարծիքով Վեներան այդքան պլաստիկ ու գեղեցիկ չէր լինի առանց ուսերի թեքվածության:
Տարբեր դիտակետերից Վեներան այցելուների մոտ տարբեր տպավորություններ է առաջացնում: Այն մեկ մոնումենտալ է, հանդիսավոր, նույնիսկ խիստ, մեկ նուրբ է, հանգիստ ու թեթև: Քանդակագործին հաջողվել է նկարագրել ժամանակի հույն կնոջը. Ընդգծված ճակատ, շեշտված քիթ, փոքր բերան ու աչքեր: Սա այն էր, ինչ քանդակում էր գրեթե յուրաքանչյուր հույն քանդակագործ` կնոջ ֆիգուր ստեղծելիս: Հետաքրքիր դիրքով է քանդակված աստվածուհու գլուխը: Այն հպարտ չէ` հետ գցած, ոչ էլ դեպի վեր է ուղղված, ինչը հունական արվեստում խորհրդանշում է հերոսությունը: Գլուխը ֆաս դիրքով է, ուղիղ: Հնարավոր է, որ սա խոսում է այն մասին, որ քանդակագործը դիցուհուն պատկերել է որպես հասարան կին, որը զգացվում է ինչպես զգեստից, այնպես էլ մարմնից ու գլխի դիրքից: Քանդակին հետևի կողմից նայելիս նկատելի է մեջքի կորությունը: Այն առաջ է թեքված, մինչդեռ դիմացի և կողային ռակուրսներից թեքվածությունը նկատելի չէ:
 Նույնիսկ առանց ձեռքերի Վեներան մինչև օրս գրավում է միլիոնավոր այցելուների: Այն հին աշխարհի արվեստի այցեքարտներից մեկն է: <<Հունաստանը դեռևս մեզ չէր տվել իր մեծության ապացույցը>>,-ասել է գրող Շատոբրիանը, երբ առաջին անգամ տեսել է Լուվրում ցուցադրվող նոր նմուշը: Ժամանակը կարծես թե հետք չի թողել այս քանդակի վրա: Այն այսօր էր հիացնում է բոլորին: Թվում է, թե քանդակագործն հենց այսպես, առանց ձեռքերի է կերտել աստվածուհուն: 
 Հարց է առաջանում, թե որտեղից է հասարակ հույն յուղացին կամ թեկուզ մեկ այլ ոք գլխի ընկել, որ քանդակված կինը հենց սիրո աստվածուհին է: Այս անունով քանդակը կնքել է Ֆրանսիական ակադեմիայի քարտուղար Կատրմեր դե Կինսին այն բանից հետո, երբ ուսումնասիրել է համաշխարհային արվեստում տարածված Վեներայի բոլոր կերպարները: Նկատելի նմանություն տեսնելով նա բարձրաձայնել է, որ Մելոսից գտնված արձանը պատկերում է հունական դիցարանի Աֆրոդիտեին կամ Հռոմեական աստվածուհի Վեներային: Ֆրանսիական ակադեմիայի քարտուղարի կարծիքով Վեներայի կողքին քանդակագործը կանգնեցրել է նաև պատերազմի աստված Մարսի քանդակը: Նա ուշադրություն չի դարձնում ծովագնաց Դյուրվիլի նկարագրությանը և պդում է, որ Վեներայի ձախ ձեռքը մեկնված է Մարսին: Մինչդեռ ծովագնացի հուշերում աստվածուհու ձախ ձեռքում խնձոր է եղել: Ըստ նրա նկարագրության` որոշ ռեստավրատորներ փորձել են վերականգնել Վեներայի ամբողջական տարբերակը: Նրանք ստացել են ստորև ներկայացված քանդակները, սակայն սրանք պարզապես վարկածներ են: 
 

Այսօր էլ շատ ուսումնասիրողներ ու արվեստաբաններ շարունակում են քննարկումները, թե ինչպիսի տեսք է ունեցել Վեներան նախքան թևերից զրկվելը, սակայն անթև Վեներային ձեռքերով են տեսել միայն այն գյուղացին, որը պատահաբար գտել է քանդակը, ծովագնացը, որը տեսել է քանդակը Իորգոսի մառանում, ինչպես նաև քահանան ու թուրք մարկիզի ուղարկած դեսպանը, ովքեր վիճել են Վեներայի համար ու հենց նրանք էլ կոտրել են ֆիգուրի ձեռքերը: Այնուամենայնիվ, թեկուզ և առանց ձեռքերի, Վեներան այժմ Լուվրում է: Այն շուրջ երկու հազար տարի պահվել է գետնի տակ: Ըստ երևույթին, նա, ով պահել է քանդակը խորշում, ցանկացել է փրկել այն կործանումից: Վեներային հայտնաբերելուց հիսուն տարի անց` 1870 թվականին, քանդակին դարձյալ վտանգ էր սպասվում: Այն հանում են Լուվրից ու թաքցնում Փարիզի ոստիկանական բաժանմունքի գետնահարկում: Գերմանացիները մոտենում էին Փարիզին: Կրակոցների հետևանքով բաժանմունքը այրվում է, բայց Վեներան, բարեբախտաբար, չի վնասվում: Այն դարձյալ իր տեղում է` Լուվրի լուսավոր սրահներից մեկում:

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը