понедельник, 20 апреля 2015 г.

Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցին




Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցին, որ կառուցվել է Ավանի տաճարից հետո, իր նախորդի առավել կատարելագործված օրինակն է, հայ ժողովրդի ճարտարապետաշինարարական մտքի փայլատակումներից մեկը։ Որպես այդպիսին, այն լայնորեն հանրածանոթ է, իր պատվավոր տեղն է գրավել հայ ճարտարապետությանը նվիրված բոլոր աշխատություններում, դարձել հետազոտողների բազմակի քննարկման առարկա, նրան է նվիրված մի առանձին մենագրություն։

Մատենագրական հավաստի տվյալներով ու վիմական երկու արձանագրությունների համաձայն` տաճարի կառուցումը տեղի է ունեցել 618 թ. Կոմիտաս կաթողիկոսի օրոք։ Նրա կարգադրությամբ է քանդվել-վերացվել Սահակ Պարթև կաթողիկոսի օրոք Հռիփսիմե կույսի գերեզմանի վրա 395 թ. շինված նեղ ու ցածրիկ մատուռը և տեղը կառուցվել այս վայելուչ տաճարը։ Չնայած վերը նշված հավաստի վկայագրերին, կասկածի տակ են առնվել Հռիփսիմեի տաճարի կառուցման ժամանակն ու գեղարվեստական արժանիքները, իսկ այդ տիպի առաջացման նախօրինակները որոնվեց հարևան վրաստանում (Ջվարիի տաճարը): Սակայն նույն Ջվարիի տաճարի շինարարական արձանագրության հայերեն տարբերակի (որի բովանդակությունը միանգամայն համապատասխանում է վրացերենին) քննությունը անհերքելիորեն ապացուցում է, որ Ջվարիի տաճարի կառուցմանը մասնակցել է նույն հայազգի ճարտարապետ Թոդոսակը, որի մտահղացման արդյունք է Աթենրի տաճարը (վրացական Գորիի շրջանի համանուն գյուղում)։
Սերվելով խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների Ավանի տաճարով արմատավորված մի տարբերակից, որը Ստրժիգովսկին անվանել է «անկյունային պարզ սենյակներով գմբեթավոր քառակուսի», Հռիփսիմեի տաճարը հորինվածքային ընդհանրություններ ունի իր նախօրինակի հետ, ինչպես նաև տարբերություններ, որոնց շնորհիվ անհամեմատ բարձր են նրա հորինվածքային, կառուցվածքային ու ճարտարապետական արժանիքները։
Հռիփսիմեի տաճարի արևմուտքից արևելք փոքր-ինչ ուղղանկյուն հատակագծում (արտաքին չափերը՝ 17,5X22,5 մ) ներգծված Է խաչ, որի թևերը կազմված են կիսաշրջան աբսիդներով։ Ինչպես Ավանի տաճարում, դրանք համաչափորեն տեղավորված են երկայնական և լայնական առանցքների վրա։ Հարավային և հյուսիսային աբսիդներն ավելի փոքր են, իսկ արևելյանն ու արևմտյանը մեծ լինելով հանդերձ, ունեն նաև ուղղագիծ սկիզբներ։
Տաճարի չորս անկյուններում տեղավորված են ավանդատներ, որոնք ի տարբերություն Ավանի տաճարի, քառակուսի են։ Նրանց մեջ կարելի Է մտնել խորշերի միջից, որոնք նույնպես տեղավորված են անկյունագծային առանցքների վրա։ Աբսիդների ու ավանդատների միջև յուրաքանչյուր ճակատում տեղավորված եռանկյունի խորշերը (Ավանի տաճարում դրանք բացակայում են), ինչպես կոնստրուկտիվ, այնպես Էլ գեղարվեստական տեսակետներից արդարացված նորամուծություններ են, այդ պատճառով Էլ լայնորեն կիրառություն են ստացել նույն և հետագա դարաշրջանների հայկական (նաև վրացական) եկեղեցական ճարտարապետության մեջ։
Հռիփսիմե կույսի աճյունը, ըստ ավանդության, ամփոփված Է ավագ խորանի տակ գտնվող տապանատանը։ Վերջինս մնացորդն Է Սահակ կաթողիկոսի կողմից կառուցված այն վկայարանի, որի մասին հանգամանորեն պատմում Է Ագաթանգեղոսը՝ նշելով, թե այն կառուցվել Է վերստին, Հռիփսիմեի տաճարի հետ միաժամանակ։ Մուտքը դեպի տապանատուն այժմ հյուսիս-արևմտյան ավանդատնից է։
Եկեղեցու ճակատներից
Տաճարի մուտքերը հարավային և արևմտյան ճակատներից են, որոնք վերակառուցման ենթարկվելով, կորցրել են իրենց նախնական ձևերը։ Սկզբնապես արևմտյան ճակատում եղել են նաև դեպի այս կողմի ավանդատները բացվող երկու մուտքեր, որոնք հետագայում շարվել-փակվել են։
Հռիփսիմեի տաճարի հատակագծային հորինվածքն ընկած է նրա ներքին տարածության համակարգի հիմքում, արտահայտելով փոխպայմանավորվածության հիանալի օրինակ։ Գմբեթատակ քառակուսու չորս կողմերի կիսաշրջան և գմբեթարդներով պսակված աբսիդները միաժամանակ հենախորշերի դեր են կատարում՝ իրենց վրա ընդունելով վերին մասերի բեռն ու արտահրման ճիգերը և հավասարաչափ իջեցնում հիմքերը։ Հակաերկրաշարժային այդ հատկանիշները հռիփսիմեատիպ տաճարներին հաղորդել են տևական տոկունություն։
Աղոթասրահի ներսում կազմավորված է գմբեթով պսակված հարաճուն ու դինամիկ մի տարածություն, որի հանդիսավոր ու կուռ ձևերը հենախորշերից անցում են կատարում դեպի գմբեթատակ օղակը, ապա բազմանիստ թմբուկն ու 12 ջլակամարներ ունեցող գմբեթը։ Անցումներն իրականացված են կոնստրուկտիվ տեսակետից սրամիտ լուծումներով, որպիսիք վկայում են անանուն ճարտարապետի մեծ վարպետությունը։ Գմբեթատակ քառակուսու անկյուններում տեղավորված են հովհարաձև պահունակներով կազմավորված տրոմպներ, որոնք պսակելով հանդերձ անկյունային խորշերը, միևնույն ժամանակ որպես անցման միջոց են ծառայում գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթի օղակաձև հիմքը։ Այնուհետև, վերը տեղավորված փոքրաչափ տրոմպների օգնությամբ կատարվում է անցում դեպի գմբեթի փոքր-ինչ անկանոն շրջանաձև հիմքը։
Տաճարի արտաքին ծավալատարածական հորինվածքը ճշմարտացիորեն համապատասխանում է հատակագծայինին։ ճակատների երկուական խորշերը ծառայում են շենքի զանգվածի ու քաշի պակասեցմանը, միևնույն ժամանակ իրենց հարուստ լուսաստվերներով (որոնք փոխվում են օրվա ընթացքում՝ կախված լուսավորության չափից ու արևի ճառագայթների ուղղությունից), զգալիորեն աշխուժացնում են ճակատների խստաշունչ պարզությունը։ ճակատների հարթության հարդարման միջոցները լոկ քիվերն են և լուսամուտների կամարունքային պսակները՝ իրենց գեղեցիկ նկարվածքով և բազմապիսի զարդամոտիվներով։
Տաճարի գմբեթը ներսից
Ծավալատարածական ողջ հորինվածքն ավարտող այժմյան գմբեթի (ներառյալ բազմանիստ թմբուկն ու անկյունների գլանաձև ծավալները) մասին կան տարակարծություններ։ Ա. Երեմյանի կարծիքով գմբեթն ամբողջությամբ նորից է կառուցվել 10-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ։ Հակառակ դրան, Ստ. Մնացականյանի կարծիքով, գմբեթը ևս 7-րդ դարին է վերաբերում։
Չնայած վերանորոգումների հետևանքով կրած նախնական ձևերի որոշ աղավաղումների, Հռիփսիմեի տաճարի արտաքին ճարտարապետությունը շարունակում է աչքի ընկնել, հորինվածքային պարզությամբ ու ճշմարտացիությամբ, հմայիչ խստությամբ, հանդիսավոր մունումենտալությամբ, ծավա֊ լատարածական ողջ հորինվածքում գմբեթի իշխող դերի ընդգծմամբ։ Այդ հատկանիշները բնորոշ են ֆեոդալական Հայաստանի, հատկապես վաղ միջնադարի հայ ճարտարապետության գլուխգործոցներին։ Դրանք է նկատի ունեցել Թ. Թորամանյանը, նշելով թե՝ «Այս նշանավոր կոթողը..., իր նրբաճաշակ համաչափական ձևերի վայելչություններով, հետագայում, մոտավորապես երկու դար իբրև օրինակ ծառայեց նորոգ կանգնած շինությունների՝ առավել կամ նվազ հաջողությամբ թե Հայաստանի սահմաններում ու թե նույնիսկ սահմանից դուրս՝ այլ երկրներում»։
Իր տևական գոյության ժամանակաշրջանում հուշարձանը ենթարկվել է ավերումների ու վերանորոգումների, որոնց ընթացքում անկախ որոշ աղավաղումների, հիմնականում պահպանել է իր հորինվածքային ամբողջությունը։ Մասնակի վերափոխություններ ու կցակառուցումներ են կատարվել ուշ միջնադարում։ 1653 թ. Փիլիպոս կաթողիկոսի օրոք իրականացվել են մեծածավալ վերաշինական աշխատանքներ, որի ընթացքում արտաքին կողմից հիմնովին նորոգվել է եկեղեցու գմբեթն ու տանիքի բոլոր լանջերը, ճակատների հարթությունները, բեմը, չորս խորանները, վերստին սալարկվել է հատակը և այլն։
Նույն կաթողիկոսի օրոք տաճարի արևմտյան մուտքի առաջ 1653 թ. կառուցվել է քառասյուն մի գավիթ-ծածկույթ, որի վրա ավելի ուշ՝ 1790 թ. Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի օրոք հավելվել է զանգակատուն։
Սիմեոն կաթողիկոսի օրոք, 1776 թ., տաճարի հողատարածքը շրջապատվել է հում աղյուսե պարիսպներով, որի հարավային և արևելյան հատվածները 1894 թ. Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի օրոք փոխարինվում են քարաշեն պատերով, իսկ հարավարևելյան անկյունում միաբանության համար կառուցվում է երկհարկանի մի շենք։
Վերաշինության, ներքին բարեզարդման ու շրջապատի բարեկարգման զգալի աշխատանքներ են կատարվել 1958-1962 թվականներին։ Տաճարից արևելք կատարված պեղումներով բացվել է եռանավ բազիլիկ մի եկեղեցու, իսկ հյուսիսային պարիսպներից դուրս՝ գինու հնձանի մնացորդներ։

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից