четверг, 2 апреля 2015 г.

Խուսեպե դե Ռիբերա /1591-1652/



17-րդ դարում Եվրոպայի մի շարք կենտրոններում ձևավորված արվեստն իր յուրահատուկ արտահայտությունը գտավ Իսպանիայում ևս: Հարյուրամյակներ շարունակ Իսպանիան գտնվում էր զավթիչ մավրերի տիրապետության տակ: 16-րդ դարի վերջում Իսպանիայում ձևավորվեց ժողովրդական պայքար, որը հետագայում ստացավ ռեկոնքիստա անվանումը: Ռեկոնքիստան մարդկանց մեջ արթնացրեց ինքնագիտակցությունը, նրանք սկսեցին վերադառնալ իրենց ազգային ակունքներին` չձուլվելով արաբների հետ: Երկար պայքարից հետո իսպանացիներին հաջողվեց իրենց երկրից դուրս մղել օտարազգի թշնամուն: Այնուհետև Իսպանիան, գրավելով Ամերիկան, ցանկանում էր ստեղծել միացյալ կայսրություն: Սակայն, բազմաթիվ պատերազմները թուլացրին Իսպանիան, ինչը ազդեց նաև արվեստի ուղղությունների ձևավորման վրա: 16-դարում արվեստի գլխավոր ուղությունը մանիերիզմն էր` միաձուլված գոթական արվեստի հետ:
Միայն 17-րդ դարի սկզբին Իսպանիայում սկսեցին բուռն արտահայտություն ստանալ իրապաշտական գաղափարները, ինչ ամենացայտուն կերպով դրսևորվեց գեղանկարչության մեջ: Մշակութային խոշոր կենտրոններ դարձան Վալենսիան, Տոլեդոն, Սևիլիան:

Ժամանակի նշանավոր գեղանկարիչներից էր Վալենսիայի իրատեսական դպրոցի հիմնադիր Խուսեպե Ռիբերան, ով  Կարավաջոյի հետևորդներից էր: Նրա մասին կենսագրական տվյալներ մեզ շատ չեն հասել: Հայտնի է, որ ծնվել է 1591 թվականի հունվարի 12-ին Իսպանիայի գյուղերից մեկում: Ռիբերան ունեցել էՍպանոլետտոմականունը, որ նշանակում է  փոքրիկ իսպանացի”:
Թմբուկով աղջիկը
 Ինչպես հավաստում է կենսագիր Պալոմինոն, նա սովորել է Ֆրանցիսկո Ռիբալտոյի արվեստանոցում: Այցելելով Հռոմ և Պարմա, կատարելագործելով իր գիտելիքները` նկարիչը վերջնականապես բնակություն է հաստատում Նեապոլում:
Նրա ստեղծագործությունների մեջ գերակշռում են կրանական, դիցաբանական թեմաները, ինչպես նաև դիմանկարները: Մեծ է նրա թողած ժառանգությունը նաև գրաֆիկայի ոլորտում:
Ռիբերան պատկերում էր, ուժեղ, կայուն մարդկանց, եռանդուն և կյանքով լեցուն աչքերով: Նրանք կռվում են իրենց իրավունքների համար: Սովորաբար այդ կերպարները պատկերված են առաջին պլանում, և ընգրկում են կտավի գրեթե ամբողջ լայնությունը: Ռիբերայի գծանկարն ու կառուցումները շատ մանրամասն են, լույսի և ստվերի սուր բախումները ավելի են խստացնում նկարների տրամադրությունները:
Իր դիմանկարներում Ռիբերան պատկերում էր ձկնորսների, փողոցային թափառաշրջիկների և այլոց: Մեծ  վարպետությամբ դիտորդին էր փոխանցում նրանց արևից այրված դեմքերը, կոշտացած ձեռքերը, կմախքացած մարմինները: Այս միջոցով նկարիչը ցույց էր տալիս կյանքի դժվարություններն ու ճակատագրի հեգնանքը:
Նկարչի կրոնական թեմաներով նկարված աշխատանքների մեծ մասը մարտիրոսության և նահատակության տեսարաններ են: Լինելով քրիստոնյա հավատացյալ` նկարիչը չէր կարող չանդրադառնալ այս թեմաներին: Նա ասես մի ամբողջ շարք է ստեղծել տանջանքների ենթարկված ու հանուն քրիստոնեության նահատակված սրբերի մասին: Շարքի մեջ են մտնում  "Սբ. Սեբաստիանի տանջանքները", "Սբ. Բարդուղիմեոս", "Սբ. Պողոս", "Սբ. Լավրենտինոս", "Սբ. Փիլիպոսի մահապատիժը"  կտավները և այլն:
Սբ. Սեբաստիանի տանջանքները
Շատ հաճախ պատկերելով հիվանդների, աղքատ մարդկանց, թափառաշրջիկների` Ռիբերան նրանց տալիս էր կրոնական կամ դիցաբանական հերոսների անուններ:
Դիոգենեսաշխատանքում մի կնճռոտված, խճճված մազերով ծերունի է, որ ձեռքի լամպով կարծես լուսավորում է ճանապարհը:
Դիոգենես
Խորը դրամատիզմով է հարուստ  Ռիբերայի գլուխգործոցներից մեկը` “Սուրբ Ինեսսը”: Այս գեղեցիկ կերպարի համար բնորդ է հանդիսացել նկարչի աղջիկը:

Նկարը ստեղծվել է 1641 թվականին: Սա Ռիբերայի` հոգեկան ներաշխարհ արտահայտող ստեղծագործություններից թերևս ամենահայտնին է: Ըստ ավանդության` երիտասարդ քրիստոնյա Ինեսսը մերկ պետք է կանգներ ամբոխի առաջ, քանի որ հրաարվել էր երկրպագել հեթանոս աստվածներին: Սակայն հրաշք է կատարվում: Նրա մազերը միանգամից երկարում են ու ծածկում մերկությունը, իսկ երկնքից իջած հրեշտակը նրա վրա ծածկոց է գցում: Կիսամերկ աղջիկը, ով ծածկված է հրեշտակի կողմից ուղարկված ծածկոցով, չնայած նրան, որ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների ու նվաստացումների, այնուամենայնիվ, չի հրաժարվում իր հավատքից, և չի վախենում անգամ նահատատակությունից: Նա նույնիսկ այդ դժվարին պահին աղոթում է Տիրոջը:
Սբ. Ինեսս
Ինեսի կերպարը շատ նուրբ է: Նկարիչը պատկերել է երկար, փարթամ մազերով, փայլող աչքերով և մարմարի պես ճերմակ մարմնով մի աղջկա: Նա կարծես պարզության, անմեղության, գեղեցկության ու երիտասարդության մարմնացում լինի: Սբ. Ինեսից հետո Ռիբերան շարունակում է իր ստեղծագործություններում ի ցույց դնել մարդկային տառապանքներն ու հոգեվիճակները: Նրա հումանիստական հայացքները իրենց վառ դրսևորումներն են ստանում Կաղ տղաննկարում: 1942 թվականին Ռիբերան դարձյալ անդրադառնում է հասարակ մարդու կերպարին: Այս անգամ դա կաղ տղան է:  Գրականության մեջ այս նկարը հաճախ անվանում են նաև "Աղքատը": Գեղեցիկ բնանկարի ֆոնին մենք տեսնում ենք ցնցոտիներ հագած  կաղ տղայի` դեֆորմացված մարմնով, ով սակայն ազատ և անկախ է իր ժպիտով: Նրա ձեռքին կա մի փայտ, որի ծայրին ամրացված թղթի վրա գրված են երկրի խաղաղությունը գովերգող բառեր: Ինչպես այս հերոսը, այնպես էլ Ռիբերայի մյուս հերոսները անկախ իրենց ողբերգական վիճակից խղճահարություն չեն խնդրում, այլ արտահայտում են իրենց բարոյական հաղթանակը:

Կաղ տղան
 Տղան պատկերված է որպես շքադիմանկարի հերոս, սակայն այստեղ հեգնական ոչինչ չկա: Նա դժվար ճանապարհ է անցել, բայց դեմքին դժգոհության նշույլ անգամ չկա: Երեխայի դեմքի ժպիտը սրա վառ ապացույցն է: Ինչպես այս, այնպես էլ Ռիբերայի մյուս կերպարները` նահատակները, հերոսներն ու սրբերը նկարիչն ասոցացնում է հենց իր կերպարի հետ: Նա ևս բարդ ուղի է անցել, տանջվել է, հերոսացել, սակայն վերջում մնացել է այս տղայի պես մաքուր: Նա այլևս չի բողքում ու չի դժգոհում:
Այսպիսի խորը զգացմունքայնությամբ և մարդասիրությամբ լեցուն նկարչի արվեստը, հիրավի, իսպանական իրատեսական արվեստի գագաթնակետերից մեկն է:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը