пятница, 27 марта 2015 г.

Ալբրեխտ Դյուրեր.. Մելանխոլիա



Մտախոհ մի թևավոր կին է նստած` տարբեր առարկաներով շրջապատված. գծագրական գործիքներ,  ռանդա, մուրճ, սղոց, մեխեր, ըստ երևույթին փայտից պատրաստված գունդ և այլն: Կնոջ գլխին ծաղիկներից հյուսված պսակ կա, գոտուց բանալիներ են կախված, ծնկներին գիրք կա, ձախ ձեռքին` կարկին: Նրա կողքին փոքրիկ թևավոր հրեշտակ է պատկերված, ոտքերի մոտ` շուն....Առաջին հայացքից նկատելի է միայն այսքանը: Կինը գտնվում է այս ամենի մեջ, բայց և ներկա չէ նկարում, ասես աշխարհից բացակայում է: Կյանքն  անց է կենում նրա կողքից, նա մասնակից չէ կյանքի իրադարձություններին: Այս ամենն անվանվում է մելանխոլիա ու նկարն էլ Դյուրերի հայտնի փորագրություններից մեկն է` համանուն վերնագրով: Ստեղծագործության անվանումը նկարում ևս կա: Այսպես հազվադեպ է պատահում, երբ հեղինակը բացի ստորագրությունից նկարի մի հատվածում թողնում է նաև վերնագիրը: Նկարում գրված <<Մելանխոլիա>> բառի կողքին լատինական այբուբենի i տառի մեծատառն է: Բառի կողքին այն նշանակում է <<Կորչի մելանխոլիան>>, սակայն հեղինակն իր բոլոր նշումներում այս աշխատանքն անվանում է պարզապես <<Մելանխոլիա>>: 
Ալբրեխտ Դյուրեր-Մելանխոլիա
 Սիմվոլների մի ամբողջ կույտ, այլաբանորեն ներկայացված մի շարք առարկաներ ու մինչև այսօր հստակորեն չպարզված բովանդակություն: Սրանք են գերմանական վերածննդի խոշար ներկայացուցիչ Ալբրեխտ Դյուրերի <<Մելանխոլիայի>>  հետ կապված հիմնական ասոցիացիաները: Սա հատիչով արված գրավյուրա է` 23,9 × 18,8սմ չափերով` ստեղծված 1514 թվականին: Հատիչով փորագրությունը մետաղի վրա փորագրության ամենահին տեխնիկաներից է, որի ժամանակ նկարը դնում են մետաղի վրա /ավելի հաճախ` պղնձի/ և փորագրում սուր, կտրող գործիքով` հատիչով: Ապա մետաղը մանրակրկիտ մաքրում են առաջացած փոշուց, ներկում լաքով այնպես, որ լաքը լցվի խորը փորված հատվածների մեջ: Նկարի հարթ մասերից ներկը մաքրում են և տպագրում:
Ի ՞նչ կարող ենք հստակ ասել այս փորագրության մասին: Թերևս, շատ քիչ բան, այն, ինչը տեսանելի է: Հնարավոր է, որ Դյուրերի ժամանակներում ապրած մարդիկ ընկալել են այս աշխատանքը և հասկացել դրա բուն իմաստը, սակայն անգամ դա ստույգ ասել չենք կարող, որովհետև ինչպես մեր օրերում, դարեր առաջ ևս ոչ բոլոր արվեստագետների նկարներն էին հասկացվում ու ընդունվում հասարակության կողմից:
Բազում արվեստաբանների ու տեսաբանների ուսումնասիրություններից ու առաջ քաշած վարկածներից զատ կուզենայինք այս ստեղծագործությունը նախ նկարագրել միայն այնպես, ինչպես երևում է, ոչ մասնագետի աչքով:
Անգործության վիճակում գտնվող կին, որի մտքերն այլ տեղ են, և տվյալ միջավայրում նա ներկա է զուտ ֆիզիկապես, նույնիսկ նրա ներկայությունն այս դեպքում սիմվոլիկ է: Նրան շրջապատող առարկաները, որոնցով, հնորավոր է, որ պետք է աշխատի, առայժմ միայն ճնշում են նրան: Նա մտածում է սկսելու մասիմ, գուցե և գիտի իր անելիքը, բայց դեռ հանձն չի առնում: Կերպարի աչքերն ու ձեռքի կարկինը, ըստ իս, վկայում են այս մասին: Նրա հետևում դրված ավազե ժամացույցը, թեև սահմանափակ ժամանակի խորհուրդն ունի, այնուամենայնիվ, իրեն չի խանգարում ու չի շտապեցնում: Նրա մոտ ոչ թե դեպրեսիվ ու նյարդային իրավիճակ է, երբ թվում է, թե ամեն ինչ վատ է ու ելք չկա, այլ նկատելի է պարզապես անսովոր հանգստություն, հոգնածություն, ոչինչ չանելու անհագ ձգտում. սա է մելանխոլիան ինձ համար ու, ըստ իս, սա  նկատելի է Դյուրերի նկարում ևս:
Անգլիացի գրող Քլայվ Բարքերի կարծիքով մելանխոլիան տխրությունն է, միայն ավելի խորը: Դա այն է, ինչ մենք զգում ենք, երբ մտածում ենք աշխարհի մասին ու այն մասին, թե ինչքան քիչ ենք մենք հասկանում, երբ մտածում ենք անխուսափելի ավարտի մասին…
Կնոջ կողքին փոքրիկ Պուտտոն է: Բարոկկոյի ու Վերածննդի արվեստում նա երկրային ավետաբերի ու հրեշտակային հոգու խորհրդանիշն է: Նրա թիկունքում կա ավազե ժամացույց, կշեռք, զանգակ, դեպի երկրորդ հարկ տանող աստիճան…Երկնքում ծիածան է պատկերված, դրա կամարի տակ` փայլող գիսաստղ:
Ծիածանը, փայլող գիսաստղն ու Պուտտոն. ֆրագմենտ
Դյուրերը <<Մելանխոլիան>> ստեղծել է իր համար բավականին դժվար ժամանակահատվածում: Մահացել էր նկարչի մայրը, երկրում ապստամբություններ էին զարգանում, Եվրոպան կանգնած էր ռեֆորմացիայի շեմին: Այս փորագրանկարը Դյուրերի երեք հայտնի փորագրանկարներից կազմված  շարքի վերջին աշխատանքն է: Մյուս երկուսն են <<Հիերոնիսմն իր խցում>> և <<Ասպետն ու մահը>> փորագրությունները: Երեք աշխատանքներում էլ կա գործող անձ` Հիերոնիմոսը, ասպետը և կինը: Արվեստաբանները կարծում են, որ այս շարքով Դյուրերը նկարագրում է մարդկային երեք հոգեվիճակներ: Ստանիսլավ Զարնիցկու կարծիքով նշված փորագրանկարները արտացոլում են Մարտին Լյութերի հոգեվիճակները: Այս մարդու գաղափարները կիսում էր Դյուրերը ևս, ուստի, հավանական է, որ ժամանակի կարևորագույն կերպարներից մեկի ներկայացման ու  բացհայտման համար ստեղծեր միանգամից երեք փորագրություն:
Ասում են` Դյուրերը մտադրվել էր մելանխոլիա արտացոլող  մի քանի փորագրանկարներ ստեղծել: Իր ժամանակաշրջանում մելանխոլիկներին բաժանում էին երեք տիպի: Առաջին տիպին պատկանում էին նրանք, որոնց մոտ լավ զարգացած էր երևակայությունը, դրանք հիմնականում ստեղծագործող անհատներն էին, երկրորդ տիպի մեջ մտնում էին խելացի մարդիկ` քաղաքագետներն ու պաշտոնյաները, երրորդ խմբում զուտ զգացմունքներն էին, զգայարաններն ու ինտուիցիան: Դյուրերն իրեն համարում էր երազող, այսինքն` առաջին տիպի մելանխոլիկ:
Արվեստաբան Պաուլա Վոլկովան այս փորագրանկարում տեսնում է Դյուրերի ինքնանկարը: Նա կոմպոզիցիան բաժանում է երեք մասի: Առաջին մակարդակը արհեստներինն է: Այստեղ պատկերված են արհեստի գործիքները: Երկրորդ մակարդակը ինտելեկտուալն է, երրորդը` աստվածայինը, երկնայինը, դեպի ուր տանում է նաև աստիճանը: Պատկերված հրեշտակը, ըստ Պաուլայի, հենց Դյուրերն է: Կարկինը նրա ձեռքում խոսում է այն մասին, որ թեպետ նա թևեր ունի և շատ բանի է ընդունակ, այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է հաշվարկված լինի, չափի մեջ:
3
2
1
<<Մելանխոլիայում>> շատ բաներ կապված են Սատուրնի հետ: Սա, ինչպես գիտենք, մելանխոլիկների հովանավոր մոլորակն է: Նախկինում դա համարվում էր նեգատիվ ու չարագուշակ մոլորակ, որը վատ ազդեցություն էր թողնում մարդկանց տրամադրության վրա: Քննարկվող փարագրանկարը ստեղծելուց ամիսներ առաջ Դյուրերը աստղագիտություն էր ուսումնասիրում, հետևում էր երկնային մարմիններին, աստեղերին ու մոլորակներին: Իր զննումներից մեկի ժամանակ Դյուրերը նկատել է, թե ինչպես է մի գիսաստղ մոտենում Կշեռքի համաստեղությանը: Սա նկարիչը պատկերում է իր փորագրանկարում: Կնոջ հետևում` ավազե ժամացույցից դեպի ձախ, կշեռք է կախված: Կոմպոզիցիայում տեղ է գտել այս գիսաստղը ևս:
Կնոջ կողքին պառկած շունը մելանխոլիկների սիմվոլն է, քանի որ շները հաճախ են կատաղությամբ հիվանդանում, իսկ մելանխոլիկ մարդը, այդ ժամանակների պատկերացումների համաձայն, կանգնած էր խելագարության եզրին:
Պատի վրա մոգական քառակուսի է նկարված` 16 թվերից բաղկացած, 4-ական հորիզոնական և 4-ական ուղղահայց վանդակներով: Ինչու է այս քառակուսին համարվում մոգական: Բանն այն է, որ թե' անկյունագծով, թե' զուգահեռ, թե' հորիզոնական և ցանկացած այլ ուղղությամբ թվերի ընդհանուր գումարը պետք է կազմի 34: Պատկերված թվերի գումարը յուրաքանչյուր ուղղությամբ իրոք 34 է: Կարող եք ստուգել ինքներդ. 
 
Քառակուսու մեջ առկա են փորագրանկարի ստեղծման տարեթիվը` 1514, նկարչի մոր մահվան ամսաթիվը` 16.05 և շատ այլ թվեր: Հնարավոր է, որ մոգական քառակուսին ստեղծել է հենց ինքը` Դյուրերը, կամ նախատիպը վերցրել է Կորնելիուս Ագրիպպայից և, թվերը փոխելով, դարձրել իրենը: Մոգական քառակուսին անվանել են նաև Յուպիտերի քառակուսի, սիկ Յուպիտերը, շատերը կիմանան, որ ճնշում է Սատուրնի բացասական էներգիան:









Այս փորագրությունն արդեն շուրջ 500 տարի է, ինչ գտնվում է ուսումնասիրությունների ու արվեստասերների ուշադրության կենտրոնում: Այն մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները քչերը կարող են տալ: Ի՞նչ է իրականում ցանկացել պատկերել նկարիչը, արդյո՞ք Սատուրնի հետ կապը կամ արվեստաբանի առանձնացրած երեք մակարդակները բնորոշ են այս ստեղծագործությանը, ոչ ոք չի կարող ասել: Յուրաքանչյուրս կարող ենք առաջ քաշել մեր իսկ վարկածը:

Դե եսիմ` Գ.Ն.