среда, 18 марта 2015 г.

Գյուստավ Կուրբե /1819-1877/



19-րդ դարի արվեստի ամենաբարձր նվաճումները կապված էին ժողովրդի հեղափոխական գաղափարների հետ և մարմնավորում էին նրանց հավատը ազատության և իրավահավասարության հանդեպ:
Հուսահատված ինքնադիմանկար
19-րդ դարի առաջին կեսը Ֆրանսիայում արվեստի իրապաշտական և դասական ուղղությունների ծաղկման ժամանակաշրջանն էր, որոնց  կողքին 1830-ականներին հայտվեց  նաև ռոմանտիզմը:  Արվեստի վրա էլ ավելի ուժգին ազդեցություն ունեցավ 1848 թվականի ֆրանսիական հեղափոխությունը, երբ առաջին անգամ պատմական ասպարեզ ելավ բանվոր դասակարգը` որպես վիթխարի, ինքնուրույն ուժ: Սրա արդյունքում ծաղկում և զարգանում է ռեալիզմը, որը հատկապես վառ արտահայտություն ստացավ գծանկարչության, գեղանկարչության, հետագայում նաև քանդակագործության մեջ: Նկարիչների ուշադրությունը սևեռվեց առօրյա իրականության, ժողովրդի կյանքի, քաղաքական իրադրության վրա: Սրա արդյունքում հստակորեն սահմանազատվեցին ռոմանտիկական պատրանքային արվեստն ու իրատեսությունը` ողողված  հեղափոխական գաղափարներով: Պայքարի և անկախության ոգով են լեցուն ակտիվ հեղափոխական Գյուստավ Կուրբեի աշխատանքները: Այս ստեղծագործողն իրավամբ  համարվում է ֆրանսիական ռեալիզմի հիմնադիրներից մեկը:
ճայերով աղջիկը
  Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբեն ծնվել է Ֆրանսիայի Օռնան քաղաքում: Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել, հաճախել է Ժակ Լուի Դավիդի աշակերտ Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը: Իրավաբան դառնալու ակնկալիքով 1839թ. Կուրբեն մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Լուվրում ցուցադրված աշխատանքների հետ` չգիտակցելով, որ տարիներ անց ցուցասրահներում հայտնվելու են նաև իր վրձնած նկարները…Մեծ վարպետների, մասնավորապես փոքր հոլանդացիների ու Վելասկեսի աշխատանքներից տպավորված` Գյուստավը որոշում է շարունակել նկարչական կրթությունը: Նա դասեր է վերցնում Շարլ դե Շտեյբենից, ապա ավելի ուշ հրաժարվում ֆորմալ կրթություն ստանալուց: Սկսում է հաճախել Սուիսսի և Լյապենի արվեստանոցները: 
Պրուդոնի դիմանկարը
 Փարիզ գալուց ընդամենը 5 տարի անց Կուրբեի առաջին նկարը` “Ինքնանկար սև շան հետ”, ցուցադրվում է Փարիզյան սալոնում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Սալոնի հանձնաժողովին ներկայացված մի շարք նկարներից ընտրվել էր միայն մեկը: Այս տարիներին, ընդհուպ մինչև 19-րդ դարի կես ժամանակի գերակայող արվեստի ուղղությունը ակադեմիզմն էր, ու ցուցահանդեսին ներկայանալու համար առաջարկված բոլոր ռեալիստական աշխատանքները մերժվում էին: Նույն տարիներին Սալոնը մերժում է նաև Էժեն Դելակրուայի, Թեոդոր ռուսսոյի ու Օնորե Դոմիեի նկարները: 
Ինքնանկար սև շան հետ
 Արդյունքում, Կուրբեն դառնում է Ֆրանսիայի ռեալիստական դպրոցի հիմնադիրը: Այստեղից է արվեստի նոր ուղղությունը թափանցում այլ երկրներ: Իր արվեստը նկարիչը բնորոշել է այսպես` “Կարողանալ կերտել իմ դարաշրջանի բարքերը, գաղափարները, պատկերը` իմ գնահատականի համաձայն… մի խոսքով ստեղծել կենդանի արվեստ` սա է իմ նպատակը”:
Կուրբեն մեծ կարևորություն էր տալիս առօրյա կենցաղային կյանքին, նկարելով գյուղացիների, բանվորների, արհեստավորների պատկերներ:
Թութակներով կինը
Այս ամենը վառ դրսևորում գտավ “Քար ջարդողները” աշխատանքում, որի  նկարագրության մեջ Կուրբեն գրել է. “Այդպես սկսում են, և այդպես ավարտում”: Հրաժարվելով վառ գույներից` Կուրբեն լույսի և ստվերի սուր հակադրությամբ  նկարել է բանվորների` մի ծերունու և պատանու, ովքեր պատկերված են տաժանակիր աշխատանքի պահին, բայց, այդուհանդերձ համակված են ուժով և եռանդով:
Քար ջարդողները
  Նշանավոր է “Թաղումը Օռնանում” նկարը, ուր պատմական կոմպոզիցիայի հիմքում ընկած են նկարչի ժամանակակիցների պատկերները: Նկարի գունաշարը հիմնականում մուգ երանգների մեջ է: Պատկերված մարդիկ Կուրբեի ժամանակակիցներն են, որոնցից յուրաքանչյուրի անհատական կերպարը նկարիչը վարպետորեն բացահայտել է: Կոմպոզիցիայում պատկերված ֆիգուրներն ասես բաժանվեած են երեք խմբի:  Առաջին պլանում տեսնում ենք հոգևորականներին, ձախ անկյունում լացող կանանց և ետևի պլանում` խաչված մարդու, որը, թերևս, նկարի ամենահետաքրքիր և առեղծվածային կերպարներից մեկն է: Այն Փարիզի սալոնում ցուցադրվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել, և վեճերի առիթ դարձել բազմաթիվ արվեստաբանների համար:
Թաղում Օռնանում
 Նկարչի կյանքի և մտորումների արտահայտումն է “Նկարչի արվեստանոցը” աշխատանքը, որտեղ վարպետը ներկայացրել է իր բնորդներին և ընկերներին` արվեստանոցում հավաքված: Անմիջապես մոլբերտի կողքին մերկ բնորդուհին է, հեռվում տեսնում ենք տղամարդկանց, իսկ առաջին պլանում` նկարչի կողքին, կանգնած է մի փոքրիկ երեխա, ով հավանաբար Կուրբեի որդին է:
Նկարչի արվեստանոցը
 Կուրբեն մեծ ներդրում ունեցավ թե’ դիմանկարի, թե’ նատյուրմորտի և բնանկարի զարգացման գործում: Նրա դիմանկարներում մենք ակնհայտ տեսնում ենք բնորդի զգացումներն ու ներաշխարհը, տրամադրությունը: Շատ վարպետորեն են ստեղծված նաև նկարչի ինքնադիմանկարները:
Ինքնադիմանկար
Կուրբեի բնանկարներում բնությունը հանդես է գալիս իր ամբողջ գեղեցկությամբ: Մեկ հանդարտ ծովի ալիքներն են զարկում ավազին, լուսավորվելով մայրամուտի լուսերով, մեկ էլ փոթորիկը արմատախիլ է անում ծառերը:
Կուրբեն երբեք չէր ենթարկվում ակադեմիական թելադրանքներին, նա ստեղծում էր իր սեփական և ազատ թեմաները, հանճարեղ կերպով դրանք փոխանցելով կտավին, և երբեք չհեռանալով իր իրատեսական սկզբունքներից:
Ալիք
Ասում են` մի անգամ Կուրբեից պատվիրում են նկարել եկեղեցու որմնանկարի հրեշտակներին, և նա պատասխանում է. “Ես երբեք հրեշտակ չեմ տեսել, ցույց տվեք ինձ հրեշտակ և ես կնկարեմ”: Սա խոսում է այն մասին, որ Կուրբեն միայն նկարում էր այն, ինչ տեսնում էր, ինչ իրական էր, ինչը գույություն ուներ:
Փարիզյան Կոմունայի ժամանակներում, երբ ստեղծվել էր քաղաքական բարդ իրավիճակ, և մեծ վտանգ էր սպառնում նկարչին, Կուրբեն կարողանում է ընկերների միջոցով փախչել  Շվեյցարիա, որտեղ էլ անցկացնում է կյանքի վերջին տարիները:
Բարև, պարոն Կուրբե
 Կուրբեի իրապաշտական արվեստը մեծ ներգործություն ունեցավ բազմաթիվ նկարիչների գործունեության համար, այդ թվում` իմպրեսիոնիստների: Նրա արվեստի ազդեցությունը տարածվեց նաև Ֆրանսիաից դուրս` Բելգիայում, Հունգարիայում, Ռումինիայում և այլուր:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը