воскресенье, 1 марта 2015 г.

Միքելանջելո Մերիզի դա Կարավաջո /1573-1610/



Համաշխարհային մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի 17-րդ դարի հակասություններով լի արվեստը: Այս ժամանակաշրջանում Եվրոպայի մի շարք կենտրոններում սկսվում է ժողովրդական պայքար ֆեոդալիզմի և կաթոլիկ եկեղեցու դեմ. դարասկզբին Նիդերլանդական հեղափոխությունը, 1630-1640 թթ. Անգլիական հեղափոխությունը, Ֆրանսիայում միահեծանության հաստատումը` հիմքեր ստեղծեցին Կապիտալիզմի զարգացման համար: Չնայած այս ամենին` Եվրոպայի մի շարք երկրներում` Անգլիայում, Գերմանիայում դեռևս գերիշխում էր Ֆեոդալիզմը:
17-րդ դարում զարգացում են ապրում բնական գիտությունները` Գալիլեյի, Կեպլերի, Նյուտոնի հայտնագործությունները նոր աշխարհ են բացում մարդկանց համար` ծանոթացնելով բնության երևույթների, տիեզերքի հետ:
Երաժիշտները
17-րդ դարի արվեստի խոշորագույն կենտրոնն Իտալիան էր: Այստեղ արվեստի տեսակները առավել բուռն զարգացում են ապրում: Գրականության մեջ առանձնանում են ողբերգությունը և կատակերգությունը` Շեքսպիր, Լուպե դե Վեգա, Մոլիեր: Այս շրջանում արվեստում սկսեցին առանձնանալ տարբեր ուղություններ: 17-րդ արվեստի հիմնական ուղղությունները երկուսն էին` բարոկկո և կլասիցիզմ: Սրանցից առաջինին բնորոշ էր ճոխությունը, շքեղությունը, գունեղությունը և կոմպոզիցիոն ձևերի բազմազանությունը: Բարոկկոյի նախահայրերը Իտալիայում Բոռոմինին և Բեռնինին էին: Իսկ կլասիցիզմի տեսանկյունից գեղեցիկ էր այն, ինչը զսպված էր, կոկիկ և դուրս չէր բանականությունից: Շատ հաճախ արվեստի այս երկու ուղղությունները զարգանում էին նույն երկրում, դրսևորվելով նույն վարպետի ստեղծագործություններում:
Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը գեղանկարչության բնագավառում Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոն է: Այսպես էին նրան անվանում Լոմբարդիայում` այն գյուղաքաղաքում, որտեղ 1573 թվականին ծնվել էր նկարիչը: Նա գեղարվեստական կրթություն ստացել է Միլանում: Ժամանակակիցները նրան նկարագրում էին որպես խռովահույզ, անհաշտ բնավորությամբ մի մարդու: Դա երևում է նաև նրա ստեղծագործություններից…

Սալոմեն ու Հովհաննես Մկրտչի գլուխը
Կարավաջոն ողջ կյանքում հավատարիմ մնաց իր սկզբունքներին և ներքին անկախությանը` չենթարկվելով եկեղեցու պահանջներին: Հենց դա էր պատճառը, որ հանճարեղ նկարչի կյանքն անցավ աղքատության և հալածանքների մեջ: Սակայն անգամ բանտարկվելուց հետո նա չընկճվեց և շարունակեց ստեղծագործել նույն ոգով:
Սկզբնական շրջանում գումար վաստակելու համար Կարավաջոն նկարում էր այլ նկարիչների համար: Նա նկարում էր նրանց ստեղծագործությունների մրգեր, ծաղիկներ պատկերող հատվածները: Հետագայում սկսում է աշխատել ինքնուրույն: Կարավաջոն իր հերոսներին գտնում էր սովորական մարդկանց մեջ: Պատկերելով թափառշրջիկ երեխաների, աղքատների, գինետան հաճախորդների` Կարավաջոն հաստատում էր այդ ժանրի գոյության իրավունքը: Կարավաջոյի ամենասիրելի ժանրը նատյուրմորտն էր, ինչը բազմիցս հանդիպում է նրա աշխատանքներում, թե’ առաջին և թե’ երկրորդ պլանում: Նա իմաստ և հմայք էր հաղորդում ամենասովորական առարկաներին: Կարավաջոն չափազանց իրական է պատկերում ինչպես նատյուրմորտները, այնպես էլ պորտրետները: Շատ հաճախ այս երկու ժանրերը իրար կողք ներկայացված են մեկ նկարում:
Մրգերի զամբյուղով պատանին
Կարավաջոյի վաղ շրջանի նշանավոր աշխատանքներից մեկն է «Ջնարակով Պատանին» (1595թ.): Նկարում  սեղանի մոտ տեսնում ենք նուրբ դիմագծերով պատանուն, որի  առջև դրված է մի  ջութակ, նոտաներ, ծաղիկներ, մրգեր և այլ կենցաղային առարկաներ: Հաջորդ տարի, այս նկարին կարծես հաջորդելու է գալիս մեկ այլ զգացմունքային պատանի` «Պատանին, որին կծել է մողեսը»: Նկարում պատկերված է մի տղա, ով վախեցած ձեռքը կտրուկ շարժումով  ետ է քաշում իրեն կծող մողեսից: Սեղանի առջև դրված է ծաղիկներով ծաղկամանը:
Պատանին, որին կծել է մողեսը
Կարավաջոն նկարում էր տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործությունների մեջ գերակշռող են աստվածաշնչյան թեմաները: Կարավաջոյի կրոնական թեմաներով նկարներում մենք չենք տեսնում միստիկ հատկանիշներով կերպարներ: Թեառաքյալները, թեՔրիստոսը սովորական մարդիկ են: Դրա վառ ապացույցն է «Դավիթը սպանում է Գողիաթին» նկարը:
Դավիթ և Գողիաթ
Աստվածաշնչյան թեմայի հիման վրա է ստեղծված «Առաքյալ Մատթեոսի հրավերը» նկարը (1600թ):  Մենք տեսնում ենք երկու պատանիների, որոնց հագին ժամանակակից մոդայիկ կոստյումներ են: Նրանցից մեկը` Մատթևոսը հայացքը ուղղում է ներս մտնող Քրիստոսին, ով իր հերթին ձեռքի շարժումով ինչ-որ բան է ասում Մատթևոսին: Իսկ մյուս պատանին, չի էլ բարձրացնում գլուխը, ի տարբերություն սեղանի շուրջ նստած մնացած մարդկանց` նա շարունակում է գլուխը կախ հաշվել դրամը:
Իր աշխատանքներում Կարավաջոն գույնի և լույսի հակադրություններն օգտագործում է շատ վարպետորեն: Լույսը նրա նկարներում հիմնականում ընկնում է անկյունից: Այսպես Կարավաջոն հիմք է դնում գեղանկարչության մի նոր տեսակի, որը հայտնի է  «պանդոկային գեղանկարչություն» անվամբ:
Կարավաջոյի գլուխգործացներից մեկը «Հուդիթը սպանում է Օլոֆերնին» (1598թ.) նկարն է: Նկարիչը յուրահատուկ կերպով է ներկայացրել աստվածաշնչյան այն տեսարանը, թե ինչպես է  Հուդիթ անունով մի հրեա կին  գայթակղում և սպանում իր երկիրը գրաված զորավար Օլոֆերնին` գայթակղելով և սպանելով նրան:
Հուդիթը սպանում է Օլոֆերնին
Նկարից նկար աճում է Կարավաջոյի արվեստի ողբերգականությունը: «Դագաղ իջեցումը» նկարը  ստեղծվել է 1604 թվականին: Սա  նկարչի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է: Մուգ ֆոնի վրա տեսնում ենք մի քանի կերպարներ, որոնք դագաղին են մոտեցնում Քրիստոսի  անկենդան մարմինը: Բոլոր կերպարների դեմքերը ազդեցիկ են, ամենաողբերգական տեսքն ունի Մարիամը` որդու դիակի մոտ կռացած` փակված գլխով, հուսահատ ձեռքի շարժումով: Կարավաջոն առաջինն էր, որ իր նկարներում կիրառեց բարդ ռակուրսներ: Սա նրա նորարարություններից մեկն էր:
Դագաղ իջեցումը
Կարավաջոյի արվեստում մեծ տեղ են զբաղեցնում նաև դիցաբանական թեմաները: Մենք տեսնում ենք բազմաթիվ կուպիդոնների, դիցաբանական հերոսների և աստվածների: Դիցաբանական ստեղծագործություններից են «Բաքոսը», «Գորգոնայի գլուխը», «Նարցիսը գետակի մոտ» և այլն:
Բաքոս
Կյանքի վերջին տարիներին Կարավաջոն խաղի ժամանակ զինակցին սպանելով ստիպված է լինում փախչել Հռոմից` մեկնելով նախ Նեապոլ, հետո` Մալթա: Բռնկուն բնավորությունը ստիպում  է մեծ նկարչին կյանքն ավարտել թափառումների մեջ: Նա մահանում է տենդից` աղքատության ու լքվածության մեջ: Սակայն ակնհայտ է այս նկարչի ազդեցությունը ոչ միայն իր երկրի, այլ նաև Եվրոպայի մի շարք երկրներում արվեստի տվյալ ուղղության զարգացման համար: Իզուր չէ, որ Կարավաջոյի հետևորդները ստացան Կարավաջոյականներ անվանումը, և բոլորովին էլ պատահական չէ, որ այս նկարչի կիրառած մեթոդները միասին վերցրած համաշխարհային  գեղանկարչության մեջ հայտնի են կարավաջոիզմ անվամբ: Սա մեծ իտալացու անունով ասես արվեստի նոր ուղղություն էր, նոր իղմ, որն արվեստի մյուս բոլոր ոճերի նման ունի իր բնորոշ գծերն ու հատկանիշները:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը