суббота, 31 мая 2014 г.

Աբու-Սիմբել



Աբու-Սիմբելում գտնվող Ռամսես II փարավոնի ժայռափոր տաճարը պատկանում է հին եգիպտական մշակույթի հայտնի ճարտարապետական կոթողների թվին: Տաճարի մուտքը պահպանող հսկայական 20մ բարձրությամբ քանդակները դարձել են Եգիպտոսի սիվոլներից և ոչնչով չեն զիջում բուրգերին:
Աբու-Սիմբելի տաճարային համալիրը վերևի ռակուրսից
 1950-ականների վերջերին, երբ Եգիպտոսում հիդրոէլեկտրակայան են կառուցում, տաճարը հայտնվում է դրա տարածքում: Արվում է ամեն ինչ Աբու-Սիմբելը փրկելու համար: Որոշվում է տաճարային համալիրը տեղափոխել այլ վայր` ավելի բարձր, որպեսզի  պահպանեն ջրից: Այս նախագիծը իրականացվում է 4 տարում: Սրան մասնակցում էին մասնագետներ աշխարհի շուրջ 50 երկրներից: Նրանք զարմացած էին հին եգիպտացի ճարտարապետների մտքի ճկունության վրա, քանի որ համալիրի շինությունները փոխկապակցված էին, բաժանված էին առանձին սրահների, բայց և ամբողջական էին:
Տաճարի փոխադրումը
Քարանձավային տաճարների շինարարությունը Եգիպտոսում սկսվում է Ռամսես II Մեծի օրոք, սրանցից ամենահայտնին հենց Աբու-Սիմբելի համալիրն է: Այն կառուցվել է նոր թագավորության դարաշրջանի երկրորդ կեսին և արդեն արտացոլում է հին եգիպտական արվեստի անկումը: Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 1260-ական թվականներին`  եգիպտական ճարտարապետության ընդունված կանոններով, սակայն տաճարի հսկայական չափերը դժվարությունների առաջ էին կանգնեցնում:


Տաճարային համալիրի գլխավոր մուտքը

Աբու-Սիմբելի համալիրի կազմում երկու շինություններ են` Մեծ տաճարը` նվիրված Ռամսես II-ին և երեք աստվածներին` Ամոնին, Ռա-Գոռախտեին և Պտախին, ու Փոքր տաճարը` կանգնեցված Խատոր աստվածուհու համար, որի կերպարով է ներկայացվում նար Ռամսեսի կինը` Նեֆերտիտի Մեռենմուտը: Տաճարը ուղղված է դեպի արևմուտք: Արևի ճառագայթները, ընկնելով ֆասադին, թափանցում են տաճարի ներքին տարածություն, նախ առաջին դահլիճ` քառանկյուն սյուներով և Օսիրիսի կերպարանքով պատկերված փարավոնի քանդակներով, ապա երկրորդ դահլիճ և սրբատեղի, որտեղ տեղադրված են Ռամսեսի քանդակները: Տարվա մեջ երկու անգամ արևի լույսը ընկնում է փարավոնի, Ամոնի և Ռա-Գոռախտեի  քանդակների վրա, իսկ Պտախի արձանը այսքան դարերի ընթացքում  երբեք չի լուսավորվել, քանի որ վերջինս անդրշիրիմյան կյանքի աստվածն է:
Չնայած այն հանգամանքին, որ տաճարը նվիրված է աստվածներին ևս, այն հիմնականում կառուցվել է փարավոնին փառաբանելու համար: Ռամսես II Մեծի հսկա քանդակները երևում են նույնիսկ հեռվից, երբ Նեղոսի տվյալ տարածքով նավակ է անցնում: Իսկ երբ հորիզոնին հայտնվում են արևի առաջին ճառագայթները, կոլոսսները ստանում են մուգ կարմիր գունավորում: Գլխավոր մուտքից ներս կանգնեցված են փարավոնի ութ ֆիգուրներ` Օսիրիս աստծո կերպարանքով: Դրանցից չորսը մի կողմում, են չորսը` մյուս: Շինության ինտերիերը զարդարված է տարբեր բովանդակության գունավոր  նկարներով ու ռելիեֆներով:  Սրանք առնչվում են Հին Եգիպտոսի ուշ շրջանի արվեստին: Ռելիեֆներն աչքի են ընկնում իրենց դինամիզմով և էքսպրեսիայով: Ռելիեֆների սյուժեները ներկայացնում են տեսարաններ Ռամսեսի կյանքից. Փարավոնը աստվածների մոտ է տանում ստրուկների ամբոխը` սպիտակամորթներով և նուբիացիներով, մեկ այլ տեսարանում աստվածների ներկայությամբ սպանում է իր գերիներին: Ռելիեֆները պատմում են նաև փարավոնի և խեթերի մեջ եղած պատերազմի մասին: Սրանցից է Քադեշի մենամարտը պատկերող հատվածը. երկանվի վրա նստած փարավոնը լարում է իր աղեղը` նշան բռնելով հակառակորդի վրա:  
<<Մենամարտ Քադեշի մետ>> ռելիեֆը
Ուշադրության է արժանի նաև <<Փարավոն Ռամսեսը ներկայանում է  աստվածներին>> ռելիեֆը: Կոմպոզիցիան լի է կրոնական սիմվոլներով, ֆիգորները ընդգծված են և ստատիկ: Աբու-Սիմբելի ռելիեֆների հեղինակների անունները հայտնի են: Նրանք եղել են թեբեացի քանդակագործներ Պիաին, Պենեֆերը և Հեվին:
Աբու-Սիմբելի Փոքր տաճարը նվիրված է Խատոր աստվածուհուն: Այն, ի տարբերություն Մեծ տաճարի,  ավելի հասարակ և համեստ է: Այն բաղկացած է ժայռի մեջ փորված սյուներով կազմակերպված դահլիճից և 3 խորշեր ունեցող սրբավայրից: Փոքր տաճարի ֆասադը զարդարում են ամբողջ հասակով քանդակված վեց ֆիգուրներ: Ռամսեսի քանդակների կողքին այստեղ նրա կնոջ` Նեֆերտիտի –Մեռենմուտի քանդակները ևս կան: Քանդակները կանգնեցված են նեղ որմնախորշերում, ինչի շնորհից ընկող լույսի ճառագայթների հետ ստեղծում են հետաքրքիր ստվերախաղ: Տաճարի սյուներից մեկին փորագրված է հետևյալ արձանագրությունը. <<Ռամսեսը` ճշմարտությամբ հզոր, Ամոնի սիրելին, կառուցել է այս աստվածային բնակատեղին իր սիրելի կին Նեֆերտիտիի համար>>: Սրբավայրի կենտրոնում սրբացված կովի քանդակ կա, որի կերպարանքով է պաշտվել Խատոր աստվածուհին: Սրա դիմաց Ռամսեսի արձանն է.  այսինքն` փարավոնը աստվածուհու սիրելին է:
Երկար դարերի խորքից մեզ հասած Աբու-Սիմբելը դարձել է զբոսաշրջիկների ամենաայցելվող վայրերից մեկը: Շնորհիվ շուրջ 50 երկրներից Եգիպտոս ժամանած մասնագետների` տաճարային համալիրը փրկվեց կործանումից և իր պահպանված հմայքով, մոնումենտալությամբ ու գեղեցկությամբ հմայում է բոլորին:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը