вторник, 25 марта 2014 г.

Գովազդային վահանակների փոխարեն արվեստի գործեր



Աշխարհի գրեթե բոլոր քաղաքները լի են ամեն քայլափոխի հանդիպող գովազդային վահանակներով: Դրանք ինչ-որ ապրանքատեսակ կամ ցանկացած նորություն գովազդելու ամենահարմար տարբերակներն են: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ  փողոցներում հանդիպող գովազդային վահանակների կամ աֆիշների փոխարեն հայնտի արվեստի գործեր կախված լինեին:
Փարիզցի Էթիեն անունով մի նկարիչ  ներկայացրել է լուսանկարների մի շարք, որտեղ ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենար իր քաղաքը, եթե վահանակների փոխարեն կտավներ լինեին: Ապրանքատեսակներին ու մոդելներին փոխարինելու են եկել Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բուշեի, Դելակրուայի և այլ հայտնի նկարիչների հերոսները:












среда, 19 марта 2014 г.

Հայաստանի միանավ բազիլիկները

Հայաստանի 4-5-րդ դարերի եկեղեցիները անգմբեթ էին, բազիլիկատիպ` միանավ և եռանավ: Բազիլիկ եկեղեցին արևմուտքից արևելք ձգվող հատակագծով կառույց է` արևելյան կողմում խորանով սահմանափակված: Եթե եռեանավ եկեղեցիներում մույթերը շինությունը բաժանում են երեք մասերի, ապա միանավ կառույցների ներքին տարածքությունն ամբոթղջական է, առանց մասնատվածության: Հայաստանի միանավ բազիլիկներից են Ջառջառիսի, Լեռնակերտի, Գառնիի, Ջրվեժի, Թանահատի, Կառնուտի, Դվինի, Եղվարդի եկեղեցիները:

ՋԱՌՋԱՌԻՍԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑԻՆ գտնվում է Ապարանի շրջանի համանուն գյուղում, կիսավեր վիճակում։ Աստիճանավոր հիմնապատվանդանի վրա տեղադրված կառուցվածքն իր ներքին չափերով (6,6X17,6 մ) ամենախոշորներից է նույնատիպ եկեղեցիների մեջ։
Արևելյան պատի նկատմամբ դուրս է շեշտված նրա կիսաշրջան աբսիդի արտաքուստ հնգանիստ ծավալը։ Նեղ ու երկար աղոթասրահը ծածկված է եղել գլանաձև թաղով՝ հենված թաղակիր երեք կամարների վրա, որոնք հանգչել են երկայնական պատերի որմնամույթերին։ Հուշարձանի կառուցվածքային (պայտաձև թաղակիր կամարներ, X ձևի որմնամույթեր, աստիճանավոր հիմնապատվանդան) և ճարտարապետագեղարվեստական (կլոր շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչ՝ ամփոփված աբսիդի արտաքին կենտրոնական նիստի վրա, հնավանդ քանդակներ, ատամնավոր քիվ) ու այլ առանձնահատկություններ, իրավունք են տվել հուշարձանը թվագրել 4—5 դարերով։

Ջառջառիսի եկեղեցին
ԼԵՌՆԱԿԵՐՏԻ (ՇԻՐՎԱՆՋՈԻԿԻ) միանավ եկեղեցին, որը գտնվում է Արթիկի շրջանի համանուն գյուղում, համեմատաբար լավ պահպանվածներից է։ Բացակայում է միայն աղոթասրահի թաղածածկը։ Ուղղանկյուն պարագծի մեջ (արտաքին չափերը 8,2X22,4 մ) ամփոփված իր հատակագծով ու աստիճանավոր հիմնապատվանդանով այս հուշարձանը նույնպես պատկանում է ամենախոշորների թվին։ Հատակագծում պայտաձև աբսիդը գտնվում է արևելյան պատի սահմաններում։ Աղոթասրահի հինգ մուտքերից երեքը բացվում են հարավային և մեկական՝ արևմտյան ու հյուսիսային ճակատների վրա։
Աղոթասրահի թաղածածկը հանգչել է թաղակիր երեք կամարներին, որոնց հենարան են ծառայել երկայնական պատերը չորս հավասար մասերի բաժանող երեքական որմնամույթերը։
Այս հուշարձանը ևս պահպանել է իր խորը հնությունն ապացուցող տարրեր։ Դրանց թվին են պատկանում աստիճանավոր հենապատվանդանը, նեղ ճակատները պսակող եռանկյունի ճակտոն֊ ներն իրենց թեք և հորիզոնական պահունակավոր (ատամնավոր) քիվերով, արևմտյան ճակատի զույգ լուսամուտները և այլն։
Դրանց առկայությունն է հիմք տվել Լեռնակերտի միանավ հուշարձանը դասել Հայաստանի վաղագույն եկեղեցիների շարքը, թվագրելով այն 5-րդ դարից ոչ ուշ։

ՋՐՎԵԺԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑՈՒ մնացորդները բացվել են Ն. Տոկարսկու պեղումներով։ Այն եղել է հաստ պատերով (1,17) թաղածածկ կառուցվածք՝ եռաստիճան հիմնապատվանդանով։ Աղոթասրահը (ներքին չափերը՝ 4,1X8,4) արևելակողմում ունեցել է հատակագծում պայտաձև աբսիդ՝ արտաքուստ (ինչպես Ջսաջառիսի հուշարձանում) դուրս բերված հնգանիստ ծավալով։ Խիստ ավերված, հատակագիծը հազիվ նշմարելի ՛հուշարձանի ճարտարապետական մանրամասներից պահպանվել է պահունակավոր քիվի քարեր և հյուսիսային միակ մուտքի բարավորի բեկորներ, որոնք բնորոշ են 5-րդ դարին6։
Ջրվեժի միանավ եկեղեցու հատակագծային և ծավալատարածական ձևերը կրկնում են երկու այլ հուշարձաններ՝ Լուսակերտի (Հրազդանի շրջան) և Շողագավանքի (Մարտունու շրջան), որոնցից առաջինի կառուցման ժամանակը համարվում է 4-րդ—5-րդ դդ., իսկ երկրորդինը՝ 9—10-րդ դդ.։

ԳԱՌՆԻԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑԻՆ նույնպես ավերակ վիճակում է։ Կիսականգուն են արևելյան և հյուսիսային պատերը։ Պատկանում է սրահավոր միանավ բազիլիկների թվին ու իր արտաքին չափերով (13,0X25,0 մ) ամենախոշորներից է։ Ժամանակին երեք թաղակիր կամարների վրա է հանգչել բավականաչափ ընդարձակ (6,0X18,0 մ և 1/3 համաչափություն ունեցող) աղոթասրահի թաղածածկը։ Կիսաշրջան աբսիդն իր ուղիղ սկիհներով ամփոփվել է հաստ պատերի մեջ։
Հարավային ճակատի ողջ երկարությամբ ձգված սրահը արևելյան կողմում ընդհատվում է, հավանաբար հետագայում կցված ավանդատնով, որը մուտքով հաղորդակցվել է ավագ խորանի հետ։ Աղոթասրահը տանող երեք մուտքերից մեկը բացվել է արևմտյան ճակատում, երկուսը՝ սրահում։ Վերջինիս թաղածածկը հենված է եղել երեք սյուների ու հանդիպակաց պատի որմնասյուներին հանգչող թաղակիր կամարների վրա։
Եթե հյուսիսային պատի արտաքին հարթության չորս ելուստների (որոնց քայլը չի համընկնում ներսի որմնամույթերի քայլին) դերը համարենք կոնստրուկտիվ՝ որպես որմնահեցեր, ապա դժվար թե նույնպիսի ծառայություն կարելի է վերագրել արևմտյան և արևելյան պատերի զույգ ելուստներին։ Գառնիի միանավ եկեղեցին իր հորինվածքով ու հնավանդ ձևերով իրավամբ դասվում է 5-րդ դարի հուշարձանների շարքը։


Թանահատի եկեղեցու ավերակները
ԹԱՆԱՀԱՏԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑԻՆ (Սիսիանի շրջան, Արավուս գյուղի մոտակայքում) ամենից հանրածանոթն է Հայաստանի վաղ միջնադարյան միանավ բազիլիկներից։ Թեև գտնվում է կիսավեր վիճակում, սակայն ճարտարապետական իր ման– րամասներով օգնում է որոշելու կառուցման ժամանակը՝ 5—6-րդ դարեր5։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ եկեղեցին հռչակված էր Սյունիքի իշխանների տիրույթում6։
Հատակագծային հորինվածքի բաղադրիչներն են կազմում 6,85X13,55 մ չափերի ուղղանկյուն աղոթասրահն ու պայտաձև աբսիդը, հարավային կողմից դրան կից քառակուսի ավանդատունն ու նրա լայնությամբ հարավային ճակատով մեկ ձգված սյունասրահը:

ԿԱՌՆՈՒՏԻ (ԴԻՐԱԿԼԱՐԻ) ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑԻՆ (Ախուրյանի շրջանի նախկին Դիրակլար գյուղում) Հայաստանի սրահավոր միանավ բազիլիկներից է։ Թ. Թորամանյանի կարծիքով այն գոյություն է ունեցել նախքան 4-րդ դարը, թերևս հեթանոսական տաճար է եղել։ Այս հուշարձանի հատակագծային հորինվածքը նման է Թանահատի եկեղեցուն՝ բաղկացած այժմ կիսավեր աղոթասրահից, ավագ խորանից, որը, ըստ Թ. Թորամանյանի, նախապես եղել է ուղղանկյուն ու վերակառուցման միջոցով վերածվել է կիսաշրջանի՝ բաղկացած քառանկյունի ավանդատնից էու արտաքին սյունասրահից։ Դրա երբեմնի գոյության մասին կարելի Է կռահել հարավային պատի մեջ բացվող երկու մուտքերի և ելուստավոր ավանդատան, կիսաշրջան որմնախորշի առկայությունից։
Թեք տեղանքի վրա կառուցված լինելու պատճառով եկեղեցու աստիճանավոր հիմնապատվանդանը արևելյան և հարավային կողմերից ունի երկու, իսկ արևմտյան՝ յոթ աստիճաններ։ Եկեղեցին նորոգվել Է 10-11-րդ դարերում։ 19-րդ դարում այստեղ վերաբնակեցվածները վերաշինել են աբսիդը՝ այն դարձնելով կիսաշրջան, փայտով ծածկել աղոթասրահը և շենքն օգտագործել ըստ պատկանելույն։ Այդ ժամանակ Էլ լուսամուտներ են բացվել՝ երկուսը հարավային պատում և մեկը՝ աբսիդի մեջ։

ԴՎԻՆԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑՈԻ պատերի մնացորդները բացվել են 1937-ին, Կենտրոնական թաղամասում, կաթողիկոսարանի շենքի մոտ կատարված պեղումների ժամանակ։ Եթե անվերապահորեն ընդունենք պատմական աղբյուրների քննությամբ կատարված Կ. Ղաֆադարյանի եզրահանգումը, ապա կստացվի, որ Հայաստանը վաղ միջնադարյան միանավ բազիլիկներից միայն Դվինի միանավ եկեղեցին ունի ստույգ թվագրություն։
Հատակագծային հորինվածքով նման է Թանահատի և Կառնուտի միանավ եկեղեցիներին, այն տարբերությամբ, որ այստեղ սյունասրահը ոչ թե հարավային, այլ հյուսիսային կողմից է։ Նույն կողմից է նաև 2,8X4,5 մ չափերի ավանդատունը, որն այս հուշարձանում հավելվածք չէ, այլ կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ։ Հաստ պատերի մեջ ամփոփված ընդսւրձակ՝ (6,5 X 15,5 մ) աղոթասրահի թաղածածկը հենված է եղել թաղակիր կամարների վրա, որոնց գոյության մասին վկայում են երկայնական պատերի երեքական որմնամույթերի ելուստները։ Իր բացարձակ չափերով (ընդհ. երկարությունը՝ 24,5 մ, ընդհ. լայնությունը արևելքից՝ 15,2 մ, արևմուտքից՝ 10,7 մ) Դվինի միանավ բազիլիկը նույնպես դասվում է խոշորների թվին։

ԵՂՎԱՐԴԻ ՄԻԱՆԱՎ ԵԿԵՂԵՑԻՆ իր հատակագծային լուծմամբ տարբերվում է միանավ բազիլիկներից նրանով, որ նրա սրահը անտիկ տաճարների՝ պրոնաոսի նմանությամբ (ինչպես Գառնիի տաճարում), արևմտյան կողմում է։ 5-րդ դարով թվագրվող այս հուշարձանի ձգված՝ 5,6 X XI 7,6 մ չափերի աղոթասրահը, թաղակիր միակ կամարի հենարաններ ծառայող զույգ որմնամույթերի ելուստներով բաժանված է եղել երկու հավասար մասերի։ Չորս մուտքերից գլխավորը եղել է արևմտյան սրահից, երեքը բացվել են հարավային պատում։
Հիշատակվածներից բացի, սրահավոր միանավ եկեղեցիների թվին են պատկանում Օձունի, Թալինի, Ծաղկավանքի, Գյուլագարակի, Վարդաբլուրի, Զգրաշենի և Կողբի միանավ բազիլիկները։

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը

 Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից

Ուորհոլի "Մաոն" Sotheby's-ում

Sotheby's աճուրդի տանը վաճառքի է հանվել  Էնդի Ուորհոլի նկարած <<Մաոն>>: Ստեղծագործությունը ամերիկացի պոպ-արտիստը նկարել է 1973թ.: Փորձագետները լոտը գնահատել են 5.5-7.5մլն ֆունտ, ինչը համարժեք է 9-12.5մլն ԱՄՆ դոլարին:

 Ինչպես գիտենք, Էնդին սիրում էր նկարել իր ժամանակակիցներին` միևնույն ժամանակ ապրանքայնացնելով նրանց:  Ուորհոլի հայտնիների շարքի մեջ են մտնում Չինաստանի քաղաքական ու պետական գործիչ, չինական  հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունի դիմանկարները ևս: Մաոյի նկարները նախքան Sotheby's աճուրդը վաճառվել են նաև 2011թ.: Դրանք գնել է դերասանուհի Դենիսա Հոփփերը, շուրջ 300 հազ. դոլարով:

Ամերիկյան պոպ-արտի արքայի նկարների կողքին աճուրդում վաճառվել են նաև Հերարդ Ռիխտերի <<Պատ>>, Սայ Թվոմբլիի <<Անվերնագիր>> և Լյուսեն Ֆրեյդի <<Գլուխը կանաչ բազմոցի վրա>> կտավները:


понедельник, 17 марта 2014 г.

Յան Վերմեեր..Կաթի սափորով կինը


Հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Յան Վերմեերը(1632-1675) ստեղծագործել է այն ժամանակահատվածում, երբ անկախության համար մղվող պատերազմի ակտիվ մասնակիցները դուրս էին եկել հոլանդական պատմության  թատերաբեմից` իրենց տեղը զիջելով խաղաղ, անխռով կյանքը իդեալ համարող մարդկանց: Իզուր չեն հոլանդացիների համար ասում, որ նրանք չեն սիրում մենամարտեր, կռիվներ և վեճեր և սովորություն ունեն ասել, որ հարուստ մարդիկ չեն կռվում: Վերմեերի հերոսները հարուստ վաճառական հասարակության ներկայացուցիչներն են, ովքեր վայելում  են  անխռով կյանքի հաճույքները: 


Յան Վերմեեր-<<Կաթի սափորով կինը>>
  Հոլանդացի գիտնական Պ. Սվիլենսը ապացուցել է, որ Վերմեերից մեզ հասած նկարներում (որոնք այքան էլ շատ չեն) պատկերված են ընդամենը հինգ տարբեր ինտերիերներ, որոնք պատկերված են տարբեր դիրքերից և լուսավորությունից և ենթադվում է, որ դրանք իր տան սենյակներն են եղել: Վերմեերի արվեստի մասին կարծիքները միանշանակ չէին, սակայն ապահովված դելֆտյան բուրժուազիայի համար դրանք իսկական գոհարներ էին: Այդպիսի անգնահատելի գոհարներից է <<Կաթի սափորով կինը>> կտավը (հայտնի է նաև <<Խոհարարուհի>>, <<Կաթնավաճառուհի>> անուններով):
Այստեղ տնտեսությունը վարելու կերպարում հանդես է գալիս, ոչ թէ ընտանիքի մայրը (ինչպես շատ հաճախ տեսնում ենք հոլադական այլ գեղանկարիչների մոտ), այլ սպասուհին: Հիրավի ոչ մի արիստոկրատ կնոջ տրված չէ այնպիսի առաքինի վեհություն, ինչպես կտավի միակ հերոսուհուն` սպասուհուն:
Կտավը նախ և առաջ հիացնում է իր կոմպոզիցիոն պարզությամբ և գրեթե նախադեպը չունի հոլանդական գեղանկարչության մեջ: Ճիշտ է այլ նկարիչներ (Դե Խոխ, Տերբորխ) նույնպես անդրադարձել են առօրյա կենցաղին, սակայն  Յան Վերմեերը միակն է, որ մեկ կերպարի մեջ արտացոլել է  կյանքի մնայուն արժեքները` առօրյա կենցաղում:
Կտավի ռետնգենանկարը ցույց է տվել որ, սկզբնական տարբերակում պատի վրա` կնոջ գլավերևում, նկարիչը ինչ-որ առարկա է պատկերել:  Հետագայում նա հրաժարվել է դրանից, որպեսզի չբարդացնի  կտավը ավելորդ սիմվոլիկայով կամ կարծել է, որ դատարկ պատը  ավելի հարմար դեկորացիա կլինի տվյալ կերպարի համար:
Լույսով և օդով պարուրված կնոջ կերպարը Վերմեերի սիրված թեմաներից է: Նրա հերոսուհիները իրենց լավ են զգում  միայն հարմարավետ սենյակում` արտաքին աշխարհից սահմանազատվելով մարգարտամոխրագույն պատով: Խորությամբ ներթափանցելով նկարի մեջ երանգների արտակարգ համադրությունը դառնում է ավելի մեղմ և նուրբ: Դրա շնորհիվ սպասուհու ֆիգուրան կարծես բոլոր կողմերից ընկղմված է լուսային միջավայրի մեջ:
Սեղանին դրված նատյուրմորտը ավելի վառ է լուսավորված: Վառ ներկերը մաքուր են թվում, սակայն իրականում նրանք  անհավանականորեն ճիշտ ընտրված երանգների արդյունք են:
Վերմեերը հանճարի անսխալականությամբ լուծում է գեղանկարչական  բարդ խնդիրները: Այսպես, նա տեղադրում է իրարից տարբեր ֆակտուրայով և սպիտակի տարբեր երանգներով ներկված  երեք առակա միմյանց հարևանությամբ` քաթանե կապագլխարկը,  ծակոտկեն սվաղով պատը և կապտավուն հաղճասալիկները նրա ներքևի անկյունում: Իր ֆորմաները Վերմեերը փորձել է նկարել հարթ, ոչ այնքան ցայտուն` կարծես կերտելով խիտ, բայց փափուկ մասսայից: Իզուր չեն XX դարում նրան անվանել <<Հանճարեղ կավագործ>>:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը

пятница, 14 марта 2014 г.

Հայկական ճարտարապետությունը ֆեոդալիզմի դարաշրջանում



Հայաստանում ստրկատիրությանը հաջորդած ֆեոդալական հասարակարգն իր հետ բերեց արմատական փոփոխություններ սոցիալ-քաղաքական կյանքում, մտածողության մեջ, հավատքում։ Քրիստոնեությունը Հայաստանում փոխարինելով հեթանոսությանը և դառնալով պետական կրոն (301թ.) ու ֆեոդալական հասարակության իշխող գաղափարախոսություն, իր պահանջներն է առաջադրում ճարտարապետությանը, աղդակ հանդիսանում նոր հավատքի համար պաշտամունքային շենքերի բազմազան տիպերի առաջանալուն։
Հայկական ճարտարապետությունը թևակոխում է իր զարգացման առավել նշանակալից ու երկարատև (մեկ ու կես հազարամյակից ավել տևող) բազմահարուստ մի շրջան՝ ենթաբաժանվելով ա) վաղ միջնադարյան (4—7-րդ դդ. բ) զարգացած միջնադարյան (9—11, 12—14-րդ դդ.) գ) ուշ միջնադարյան (17—19-րդ դդ.) դ) նոր ժամանակաշրջանի (19–20-րդ դարի սկիզբ) շջափուլերի։
Խարսխվելով տեղական հին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ հայկական հելլենիզմի, հռոմեական) ավասդույթննրի վրա, ինչպնս նաև սկզբնական շրջանում որոշ ազդեցություն կրելով հարևան Սիրիայի (Ասորիքի) վաղ քրիստոնեական եկեղեցական ճարտարապետությունից, հայկական ճարտարապետությունը ֆեոդալական հասարակության զարգացման տարբեր փուլերում մշակում է
հորինվածքային-գեղարվեստական նոր սկզբունքներ, շենքերի տիպեր, կառուցողական յուրովի արվեստ։ Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը ներկայանում է որպես ստեղծագործական անդադրում որոնումների բովում ընթացող շարունակական զարգացման ու կատարելագործման մի վերին աստիճանի արգասավոր պրոցես։ Եթե վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը ստանում է առաջատար նշանակություն ու նրանում է արտահայտվում հիմնական նվաճումները, ապա զարգացած միջնադարի մոնումենտալ ճարտարապետության մեջ պահպանելով հանդերձ քանակական առավելություն, այն իր տեղը զիջում է աշխարհիկ ճարտարապետությանը, կրելով ժողովրդական բնակելի տան ճարտարապետության մշտական բարերար ազդեցությունը։ Թե մեկում, և թե մյուսում՝ հնարքներն անսահմանորեն հարուստ են, բազմազան, աչքի են ընկնում կուռ տրամաբանությամբ, գեղարվեստական բարձր կատարելությամբ։
Հաջորդականության սկզբունքի պահպանումը, անքակտելի կապը զարգացման նախորդ փուլերի միջև՝ հանդիսացավ այն էական սկզբունքը, որի շնորհիվ քրիստոնեական և մուսուլմանական աշխարհի սահմանագլխին գոյատևող Հայաստանի ճարտարապետությունը ազդեց և ազդվեց, հարստացրեց և հարստացավ, սակայն իր երկարատև զարգացման ընթացքում (որում եղան ընդհատումներ) մնաց ավանդապաշտ, պահպանեց ցայտուն արտահայտված իր ազգային նկարագիրը։
Միևնույն ժամանակ միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը ղեկավարվեց այն հիմնական օրենքներով, որոնք ընկած են ճարտարապետական արվեստի զարգացման հիմքում։ Այն հարազատորեն արտահայտեց իր զարգացման յուրաքանչյուր փուլի իշխող գաղափարներն ու գեղարվեստական ըմբռնումները, տրամաբանական փոխներթափանցումը հորինվածքի և նրա կառուցողական իրականացման միջև, մշտական հավատարմությունը գործածված շինանյութի հնարավորություններին, դրանց առավելագույն հնարամիտ գործադրմանը, ի հայտ բերելով արտահայտչամիջոցների կիրառման սահմանային պարզություն և պատճառաբանվածություն։
Ֆեոդալական հարաբերությունների կազմավորման սկզբից Հայաստանում ճարտարապետությունը թևակոխում է իր զարգացման նոր փուլը և նշանավորվում ծանրակշիռ նվաճումներով, որոնք համակողմանի արտացոլում են նոր հասարակարգի նյութական և հոգևոր կյանքի էությունը։ Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը 5-րդ դարում և որպես դրա անմիջական հետևանք՝ պատմագրության ու գրականության զարգացումը նպաստեց մտածողության և արվեստների, այդ թվում նաև ճարտարապետության, աննախընթաց ծաղկմանը։ Նոր հավատքի՝ քրիստոնեության հետ միասին այն որոշիչ նշանակություն ունեցավ հայերի ազգային գիտակցության բարձրացման ու հայապահպանության գործում, մանավանդ Հայաստանը Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև բաժանելուց (387 թ.) և պետականության կորստից՝ Արշւսկունյաց թագավորության վերացումից (428 թ.) հետո։ Պետականության կորստից հետո պարսկական տիրապետության դեմ ուղղված ազատագրական ապստամբությունները (450—451 և 480—484 թթ.) հարկադրեցին Պարսկաստանի տիրակալներին վերանայել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և տալ նրան սահմանափակ ինքնուրույնություն։ Այդ ապստամբությունների շնորհիվ ձախողվեցին Արևելյան Հայաստսէնը Պարսկաստանին կցելու և հայ ժողովրդին ձուլելու Սասանյանների փորձերը։
Դրանից հետո, թեև կարճ ժամանակով, Հայաստանում խաղաղություն է տիրում, զարգացում է ապրում տնտեսական ու մշակութային կյանքը, ծավալվում է շինարարական բեղմնավոր գործունեություն։

Պեղումներով բացված բնակավայր Արտաշատում
Հայաստանում ֆեոդալական հարաբերությունների հաստատման ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական պայմանների հետևանքով հին քաղաքներն ապրում էին տնտեսական անկում, թեև առանձին քաղաքներ (Արտաշատ, Տիգրանակերտ) շարունակում էին տակավին որոշ դեր կատարել երկրի կյանքում։

Արշակունյաց թագավորության անկումից հետո Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև անհրաժեշտություն առաջացրեց Հայաստանի երկու մասերում ստեղծել վարչական առանձին կենտրոններ՝ Կարինը՝ Արևմտյան Հայաստանում և Դվինը՝ Հայաստանի արևելյան մասում։
Հիշատակված երկու քաղաքներն էլ, որ առաջացել են գրեթե միաժամանակ՝ 4-րդ դարում, Հայաստանի վաղ ֆեոդալիզմի քաղաքաշինության օրինակներ են։ Նշված ժամանակաշրջանի քաղաքներ էին նաև Արշակավանը (հիմնադրված 4-րդ դարում Արշակ բ-ի կողմից Արարատ լեռան հարավային փեշին) և Նփրկերտը կամ Ս՜արտի–
րոպոլիսը (Մուաֆարկինը կամ Միա Ֆարկինը` հիմնադրված Տիգրանակերտի ավերակների վրա) :
Ինչպես ցույց է տալիս Դվինի և Կարինի քաղաքաշինական նյութերի քննությունը, վաղ ֆեոդալիզմի շրջանում առաջացած այս երկու քաղաքները բնութագրվում են քաղաքաշինական ընդհանրությամբ, հատակագծային հորինվածքի, պաշտպանական կառուցվածքների համակարգի, ինչպես նաև այլ հատկանիշների (որոնք կիրառելի էին ոչ միայն վաղ. միջնադարյան Հայաստանում, այլև հարևան երկրներում) համանմանությամբ։
Ստրկատիրության շրջանում քաղաքաշինության սկզբունքները թելադրոդ որոշ գործոններ (ինչպես օրինակ տնտեսական և ռազմավարական, քաղաքի դիրքի աշխարհագրական և պաշտպանական, ջրամատակարարման նպատակահարմարությունը և այլն), չկորցնելով իրենց նշանակությունը, ենթարկվեցին կազմավորվող ֆեոդալական հասարակության բնույթից բխող որոշ փոփոխությունների։
Դրանով պետք է բացատրել քաղաքների արդեն եռամաս հատակագծային կառուցվածքի առաջացումը՝ բաղկացած միջնաբերդից, բուն քաղաքից կամ շահաստանից և արվարձաններից, միջնաբերդի հանդես գալը որպես ռազմավարչական միավոր, իսկ շահաստանը՝ որպես քաղաքի հասարակական և գործարար կենտրոն, որն սկսում է կատարել նաև միջնաբերդի որոշ ֆունկցիա։ Միջնաբերդն ու շահաստանը շրջափակվում էին պաշտպանական ինքնուրույն պարսպապատերով՝ կազմելով քաղաքի ամրակուռ մասը։   
Վաղ ֆեոդալիզմի շրջանում առևտրի և արհեստների զարգացումը էապես ազդում է շահաստանի հատակագծային կառուցվածքի վրա։ Նրա կենտրոնական, միջնաբերդին մոտակա տարածքում էին տեղաբաշխված պաշտամունքային և հա֊ սարակական, առևտրական և արհեստավորական շենքերը, քաղաքային ավագանու բնակարանները, այստեղ էր ընթանում ֆեոդալական քաղաքի ողջ գործարար կյանքը։
Դվինում և Կարինում քաղաքի արվարձանները բոլոր կողմերից շրջապատում էր շահաստանը՝ (աշխատավոր բնակչությամբ խիտ բնակեցված բնակելի թաղամասերով։
Քաղաքաշինական արվեստի բաղկացուցիչ մասն էին կազմում կոմունալ տնտեսության և քաղաքային բարեկարգման տարրերը, ջրամատակարարումն ու ջրահեռացումը։ Առանձնապես մեծ կարևորություն էր տրվում ջրամատակարարման կարգավորմանը՝ որպես բնակչության կենսապայմանների և քաղաքի պաշտպանողունակության ապահովման անհրաժեշտ միջոց։
Դվինի մնացորդներից
Վաղ միջնադարյան պատմական աղբյուրներից մեկում (Պ. Կեսարացի) Դվինի արժանիքների թվում հիշատակված է նաև խմելու լավորակ ջրով քաղաքն ապահովված լինելու հանգամանքը։ Ենթադրվում է, որ խմելու ջուրը բերվում,էր Գսանիի աղբյուրներից, իսկ միջնաբերդի շրջապատող խանդակները լցվում էին Դվինից ոչ հեռու հոսող Ազատ գետի ջրերով։ Սառնորակ աղբյուրների ջրով ապահովված էր նաև Կարինը։
Դվինում տարբեր տարիներին կատարված պեղումների ժամանակ միջնաբերդում և կենտրոնական թաղում բացվել են ջրամատակարարման երկու գծեր, որոնցից պահպանվել են թրծված կավից պատրաստված խողովակների առանձին հատվածներ և ավերված մի աղբյուր։
Բաղնիքներից, արտադրական շենքերից ու բնակելի տներից ջրահեռացումը կատարվել է տեղական հարմարանքների՝ կլանոդ հորերի միջոցով, որպիսիք մեծ թվով բացվել են պեղումների ժամանակ։
Բացի բաղնիքներից, Դվինում կառուցվել են կոմունալ սպասարկման այլ շենքեր, այդ թվում կենտրոնական թաղամասից ոչ հեռու գտնվող սյունազարդ մի շենք, որը թերևս կարավանատուն կամ վաճառատուն է եղել։

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից