понедельник, 3 ноября 2014 г.

Անիի եկեղեցիները





Ս. Գրիգոր կամ, ինչպես ընդունված է կոչել Գագիկաշեն տաճարը,  Տրդատ ճարտարապետին   է   հանձնարարել կառուցել Գագիկ   Ա Բագրատունին` նպատակադրվելով վերարտադրել Զվարթնոցի տաճարը: Կառուցումը իրականացվել է 1001-1020 թթ., Անիի Մայր տաճարից անմիջապես հետո։ 1906 թ. պեղված այս տաճարի մնացորդների սնոտությունը՝ կատարված Թ. Թորամանյանի և այլ գիտնականների կողմից, բերել է այն եզրահանգման, որ Տրդատ ճարտարապետը ստանալով «նույնաձև չափով ու հորինվածքով  Զվարթնոցի տաճարըկրկնելու պատվերը, կատարել է շեղումներ նախօրինակի համեմատությամբ։ 
1. Գագկաշեն. 2. Զվարթնոց

 Ի տարբերություն Զվարթնոցի, փոքր-ինչ մեծացրել են ենթագմբեթային քառակուսու չափերը,  արտաքին նիստերի քանակը, հինգի փոխարեն տրված են երեք մուտքեր (արևմուտքից). փոքրացված են արևելյան կցված ավանդատան չափերը, մշակում են ստացել շքամուտքերի ու լուսամուտների երեսակալները, և որ կարևորը, չնայած դարաշրջանի ճարտարապետական հատուկ դեկորատիվությանը, առաջին հարսի ճակատի նիստերը զուրկ են հարդարանքներից։ Ակնհայտ է, որ Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցելիս Տրդատ ճարտարապետը հանդես է բերել ստեղծագործական անհատականություն: Անփոփոխ է թողնված միայն կոնստրուկտիվ համակարգը:
Սբ. Գրիգոր եկեղեցու ավերակները
Գագիկաշենի պեղումներով տաճարի մնացորդների հետ միասին գտնվել է Գագիկ Ա Բագրատունու արձանը՝  իր կառուցել տված տաճարի մանրակերտը   ձեռքին։ Մանրակերտը ճշտորեն պատկերում է Գագկաշենի այնպիսի հորինվածք, որպիսին  պատկերել է բազմահմուտ ճարտարապետ-գիտնական Թ. Թորամանյանը:

Ապուղամրենց կամ ս. Գրիգոր եկեղեցին կառուցված է 10-րդ դարում (ոչ ուշ, քան 994 թ.) Պահլավունի իշխանական տոհմի մի ճյուղի կողմից, որպես տոհմական եկեղեցի։ Իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով հարում է 7-րդ դարի բազմախորան եկեղեցիների (Իրինդ, Եղվարդի Զորավար) տիպին։ Հատակագծում բազմանիստ է, արևմտյան կողմում եռանկյունաձև չորս խորշերով միմյանցից անջատված նիստերով։ Պայտաձև վեց խորաններից արևելյանը փոքր-ինչ մեծ է իր չափերով ու նրա երկու կողմերում ամփոփված են փոքր ավանդատներ։ Արտաքին ճարտարապետությունը ինքնատիպ է, պլաստիկական մշակմամբ հարուստ։ Առաջին հարկաբաժնի նիստերի վերնամասով անցնող մեծ ու փոքր որմնակամարներով մեկընդմեջ պսակվում են նեղ պատուհանները (նստելով որմնասյունիկների վրա), ու եռանկյունաձև խորշերի կամարային գագաթները, ընդհատվելով արևելյան կողմում պատի նիստերից առաջակառկաոված երկու հարթություններին հանդիպելով։ Հարդարմամբ առավել հարուստ է գմբեթի գլանաձև թմբուկը։ Նրա վրա գտնվող կամարակապ նեղլիկ լուսամուտները եզերված են ոլորահյուս կրկնակի գլանիկներով։ Նույնպիսի մոտիվով մշակված է ողջ թմբուկը։ Այդ բոլորի շնորհիվ ստեղծված լուսաստվերով առավել «խոսուն» են բազմանիստ ճակատներն ու թմբուկը։
Ապուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցին
Ներսի ճարտարապետությունն ամբողջապես պայմանավորված է հատակագծային լուծմամբ, խորանները ծածկող գմբեթարդներով, կենտրոնում թմբուկի վրա բարձրացող գմբեթով։

Փրկչի եկեղեցին գտնվում է Մայր տաճարից հյուսիս-արևելք, Գայլիձորի մոտ։ Ըստ շինարարական արձանագրության՝ «... շատ ջանիւ և մեծածախս գանձիւ....» կառուցել է Աբուլղարիպ իշխանը, Վահրամ Պահլավունու եղբայրը, 994թ.: Պատկանում է բազմախորան եկեղեցիների տիպին: Արտաքուստ բազմանիստ (19 նիստերով) նրա պարագծում ամփոփված են 8 կիսաշրջան խորաններ։ Դրանցից արևելյանը մեծ է իր չափերով (5,2 մ) ու երկու կողմերում ունի անսովոր ձևի ավանդատներ (որոնց մուտքերը բացվում են ավագ խորանին կից խորաններից): Խորանների միջև գտնվող հարթ պատերից առաջ կանգնեցված են կամարներով իրար միացված մեկական սյուներ։
Փրկչի եկեղեցին
Ներսի պատերը կրաշաղախով սվաղված էին ու պատած բարձրարվեստ որմնանկարներով։ Գիսավոր խորանի գմբեթարդում պատկերված էր ավետարանը ձեռքին Փրկիչը՝ շրջապատված հրեշտակ, ների դասով։ Մեկ ուրիշ մեծաչափ հորինվածքում պատկերված էր Խորհրդավոր ընթրիքը։ Մաթևոս առաքյալի առաջ ծնկաչոք՝ իրեն է պատկերել որմնանկարների հեղինակ Սարգիս Փարչիկը։
Եկեղեցու արտաքին ծավալների (առաջին հարկում բազմանիստ, երկրորդում՝ գլանաձև) հարդարումը զույգ որմնասյուների վրա հենված որմնակամարների մոտիվով, հուշարձանին հաղորդում է բարեկազմ ձևեր, ճարտարապետական լուծման միասնական և կուռ արտահայտություն։ Հարավային միակ մուտքը ընդգծված է գեղեցիկ շքամուտքով՝ պսակված ականթի տերևներով ու ատամնաշարով զարդարված բարձր վերնաքիվով։
Փրկչի եկեղեցին այժմ կիսավեր է, ծավալի կեսը կործանվել է 1958 թ

ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ տեղավորված է քաղաքի կենտրոնական մասում, հասարակական-առևտրական կենտրոնին կից։ Համաձայն շինարարական մի արձանագրության` կառուցվել է 10-րդ դարից ոչ ուշ։ Իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով, որոշ տարբերությամբ, հարում է Հայաստանում 6-7-րդ դարերում տարածում ստացած կենտրոնագմբեթ-խաչաձև տաճարների (Ավան-Հռիփսիմե) տիպին։ Ենթագմբեթային քառակուսու չորս կողմերում տեղավորված են մեկական կիսաշրջան խորաններ, որոնք անկյունների չորս ավանդատների հետ միասին ներգծված են արտաքուստ ուղղանկյուն պարագծում։ Ի տարբերություն նախօրինակների, բարդ հատակագիծ ունեցող ավանդատների մուտքերը ոչ թե 3/4 խորշերից են (որոնք այստեղ բացակայում են), այլ խորաններից (բացի արևելյան): Բոլոր չորս խորանները կիսաշրջան են՝ ուղղագիծ սկզբնամասերով, որոնց խորությունը արևելյան և արևմտյան թևերում ավելի մեծ է։
Առաքելոց եկեղեցին
Համաձայն Թ. Թորամանյանի կարծիքի, այս եկեղեցին (ինչպես էջմիածնի և Ավանի տաճարները) պսակված է եղել հինգ գմբեթով, ընդ որում, կենտրոնականը բարձրացել է գմբեթային քառակուսու վրա, իսկ մյուսները՝ անկյունների չորս խորանների։
Առաքելոց եկեղեցին վաղուց կիսավեր վիճակում է։ Ավելի ուշ, հավանաբար Զաքարյանների օրոք, նրա հարավային պատին կցվել է կամարակապ մի սրահ-գավիթ՝ ծածկված խաչվող կամարների զույգ համակարգով։ Սրա արևելյան պատը մշակված է որմնախորշերով ու ստալակտիտներով։
Հովվի եկեղեցին իր համաչափ ու բարետես ուրվանկարով իշխում էր երբեմնի բնակելի թաղամասերով ծածկված Անիի հյուսիսային արվարձանի տարածքում։ 11-րդ դարին վերագրվող ու այժմ լիովին ավերված այս եկեղեցու մասին պահպանվել է մի ավանդություն, համաձայն որի այն կառուցել է մի հովիվ՝ զայրանալով, որ զատկի օրը իր կնոջը չի հաջողվել մտնել Անիի Գագիկաշեն եկեղեցի՝ մարդկանցով լեցուն լինելու պատճառով։
Ամեն ինչով՝ հատակագծմամբ, ծավալային ձևերով ու միջհարկային ծածկի կոնստրուկտիվ համակարգով եզակի է այս եռաստիճան եկեղեցին, իր նմանը չունի միջնադարյան Հայաստանի եկեղեցական ճարտարապետության մեջ։
Հատակագծմամբ ներսից ու դրսից աստղաձև է, հեռավոր նմանությամբ բազմախորան հորինվածքի, այն տարբերությամբ, որ այստեղ կիսաշրջան խորաններին փոխարինում են վեց թև աստղի միմյանց հավասար եռանկյունաձև թևերը։ Դրանցից արևելյանը խուլ է ու ավարտվում է կիսաշրջան մի փոքր որմնախորշով, հարավարևմտյանում բացվում է միակ մուտքը, իսկ մնացածներում՝ լուսամուտներ։ Արտաքին պարագիծն ունի բարդ գծանկար, այն կազմավորված է 12 եռանկյունաձև ու միմյանց հավասար որմնախորշերով։
Իր լուծմամբ եզակի է եռաստիճան եկեղեցու առաջին և երկրորդ հարկերի միջև ծածկի կոնստրուկտիվ համակարգը։ Այն իրականացված է հանդիպակաց պատերից դեպի կենտրոն ձգված ու կենտրոնում փականային քարով ամրակցված վեց կամարաջլերով։
Հովվի եկեղեցին
Արտասովոր է նաև եկեղեցու արտաքին ճարտարապետությունը։ Եռահարկ ծավալի առաջին հարկը ռիթմիկ կտրտված է կամարներով պսակված ու անկյուններում մեկական որմնասյուներ ունեցող եռանկյունաձև 12 որմնախորշերով։ Երկրորդ հարկի բազմանիստ (փոքր նիստերում կիսաշրջան որմնախորշեր տեղավորված, ճակտոններով պսակված) և երրորդի գլանաձև ծավալները լուծված են ավելի պարզ, զուրկ են հարդարանքի միջոցներից։
Թ. Թորամանյանը, որին հիրավի պարտական ենք կորստյան մատնված այս հուշարձանը չափագրելու, հետազոտելու և վերակազմության նախագծի համար, Հովվի եկեղեցին համոզիչ կերպով համարել է Զվարթնոց և Գագիկաշեն տաճարների մանրանկարն ու  նրանց ծավալատարածական ձևերի յուրօրինակ վերարտադրությունը:

Նյութը պատրաստեց Հասմիկ Այվազյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական  ճարտարապետության պատմություն>> գրքից