четверг, 6 ноября 2014 г.

Կենդանիների ֆիգուր-ինստալացիաներ


Կարծես թե սովորություն է դարձել  Եվրոպայի տարբեր քաղաքներում կենդանիների կամ թռչունների հսկա քանդակ-ֆիգուրներ տեղադրելը: Սրանք հիմնականում ինստալացիաներ են` տարբեր նյութերից կառուցված: Սրանցից մեկը Լոնդոնի այգիներից մեկի հսկայական ոզնին է: Այն ունի 5.4 մ երկարություն, 3.6մ լայնությունիսկ բարձրությունը անցնում է 2 մետրից: Քաղաքի տարբեր թաղամասերից մի շարք երեխաներ են գալիս Clapham Common այգի` ոզնուն տեսնելու: Բոլորը զարմանում են, երբ տեսնում են, որ ոզնին ընդամենը արձան է` փշերի փոխարեն երկար, բարակ փայտերով: Հսկայական ոզնու քանդակը ստեղծելու համար հեղինակներից պահանջվել է երկու ամիս: Քանդակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում անհետացման եզրին կանգնած ոզնիների վրա ուշադրություն հրավիրելու համար:
Կկարողանա  արդյոք հսկա ոզնին պաշտպանել իր անհետացող ցեղըդեռ հայտնի չէ, սակայն այն, որ քանդակը դարձել է հայտնի և դեպի Լոնդոն է ձգում զբոսաշրջիկներին, դա փաստ է:
 Այս տարվա սեպտեմբեր ամսից Լոնդոնի Թեմզա գետում հսկայական ռնգեղջյուր է լողում: 20 մետր բարձրություն ունեցող այս փայտե քանդակի հեղինակը հոլանդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանն է: Նա հայտնի է իր հսկայական ինստալացիաներով: Հեղիանկը պատմում է, որ այս ինստալացիան ունի իրական հիմքեր: Եվ իրոք, տասնամյակներ առաջ Թեմզա գետի հատակից հայտնաբերվել են ռնգեղջյուրների մնացորդներ: 
 Անցորդները ուրախությամբ ու ժպիտով են նայում փայտե ռնգեղջյուրին: Սա Ֆլորենտինի միակ ինստալացիան չէ: Քանի որ այս արվեստագետի աշխատանքները թանգարաններում ու պատկերասրահներում ցուցադրել հնարավոր չէ, ուստի աշխարհի տարբեր քաղաքներում ժամանակ առ ժամանակ հայտնվում են Հոֆմանի նոր ինստալացիաները: Սրանց մեջ իր ուրույն տեղն ունի Ֆրանսիայի Լուարա գետի ջրերին կանգնած դեղին ռեզինե բադը: Սա գետում տեղադրվել է Estuaire 2007 ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակներում: Բադն ունի 26մ բարձրություն:
Հոֆմանի ինստալացիաների շարքում առանձնահատուկ են նաև սոցիալական նախագծի շրջանակներում արված փայտե նապաստակի ֆիգուրը, ինչպես նաև կարմիր գույնի պահակային շունը, որը հսկում է Լինս անտառը:
Վերջերս ֆրանսիացի արվեստագետ Կլոդ Պոնտին ևս ներկայացավ իր ֆիգուր-ինստալացիայով:  Նանտ այգում նա տեղադրեց <<Քնած թռչունը>>  քանդակը: Սա պատրաստված է կանաչ սաղարթից և Jardin des Plantes այգուն հրաշալի տեսք է տալիս: Կանաչ թռչունը Տոպիարիի` հնագույն լանդշաֆտային արվեստի ևս մեկ օրինակ է:

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը