понедельник, 3 ноября 2014 г.

Շանիդար քարայրը





Համաշխարհային մշակույթի կարևորագույն էջերից մեկն են կազմում Առաջավոր Ասիայում ձևավորված մշակույթները: Այն իր մեջ ներառում է Կովկասը, Կոպետդագը, Միջագետքը, Լևանթը, Փաքրասիական, Հայկական և Իրանական լեռնաշխարհները:

Շանիդար քարայրի մուտքը

Գիտնականները այստեղ հայտաբերել են մեծ և փոքր բազմաթիվ բնակավայրեր, որոնցից առավել նշանավոր են ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Գյոբեկլի Թեփեն, Չաթալ Հյուուքը և, իհարկե, Հյուսիսային Իրաքում հայտաբերված Զևի-Չեմի-Շանիդար բնակավայրը (մ.թ.ա 10-րդ հազարամյակ), որը գտնվում է Շանիդար քարայրից 4 կիլոմետր հարավ: Շանիդարը քարեդարյան հնավայր-քարայր է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում (Ռևանդուզ քաղաքից հյուսիս-արևմուտք): Քարայրի առավելագույն բարձրությունը 8 մետր է, երկարությունը `40 մետր, լայնությունը` 4-53 մետր, մուտքի լայնությունը ` 25 մետր: 14 մետր հաստությամբ նստվածքներն ընդրգկում են 4 մշակութային շերտ, վերին երկուսը վերաբերում են էպիպալեոլիթին, նեոլիթին, ինչպես նաև հաջորդ մշակութային փուլերին, երրորդը (բարրադոսյան պալոելոիթյան մշակույթ) ունի 28-26 հաազար, իսկ չորրորդը (պատկանում է մուստիերյան մշակույթին)`100-40 հազար տարվա հնություն: Շանիդարում մարդը ապրել է մի քանի հազարամյակ և բնակիչները եղել են նեանդերթալցիներ:

1956-1957 և 1960 թվականներին ամերիկացի հնագետ Ռալֆ Սոլեցկիի ղեկավարած արշավախումբը կատարում էր հետազոտություններ Հյուսիսային Իրաքի քարանձավներում: Նա ուսումնասիրեց ավելի քան 40 քարանձավ, որոնցից ստացված արդյունքները այդքան էլ արժեքավոր չէին: Սոլեցկին, ով այդ ժամանակ 34 տարեկան հնագետ էր, ցանկանում էր գտնել պալեոլիթին պատկանող զենքեր և գործիքներ: Վերջապես նրանք հասան Շանիդար քարայրին, որի մասին Սոլեցկին ասել է` «ամենահիասքանչ քարայրը այն բոլորից, որոնք մենք ուսումնասիրեցինք մեր արշավի ընթացքում»:


Հիմնական պեղումները սկսվեցին 1953 թվականից: Սարքավորումները և պեղումների համար անհրաժեշտ նյութերը քարայր հասցնելը այդքան էլ հեշտ գործ չէր: Լեռան լանջին Սոլեցկին կառուցեց բնակարան և պահեստ, որտեղից պեղումների համար անհրաժեշտ բոլոր իրերը աշխատողները ստիպված էին իրենց հետ ժայռով բարձրացնել քարանձավ: Սոլեցկուն իր նպատակից բաժանում էր մի քանի տոննա հող, որը պետք է փորվեր և ուսումնասիրվեր գրամ առ գրամ՝ անցյալից բերող որովևէ հետք գտնելու համար: Շանիդար քարայրում` հողի հաստ շերտի տակ, նրանք գտան զենքեր, որոնց ուսումնասիրություների արդյունքում պարզ դարձավ, որ այստեղ կան նաև լավ մշակված, կանոնավոր տեսքով քարե գործիքներ, որոնք հատուկ չէին այն ժամակվա որսորդներին:

Շանիդարի մանուկը

Դարերի ընթացքում Շանիդարը ականատես է եղել բազմաթիվ երկրաշարժերի, որից կուտակված հողի և քարերի շերտերը առանձնացնելու համար անհրաժեշտ էր պայթուցիկ, սակայն հարկավոր էր անսահման ուժադրություն, զգուշություն և ճշգրիտ հաշվարկներ՝ հնագիտական նմուշները, ինչպես նաև մարդկանց չվնասելու համար: Պայթուցիկը միշտ պայթեցնում էր Սոլեցկին: Ծայրը վառելուց հետո քարանձավից դուրս գալու համար նա ուներ ընդամենը 30 վայրկյան:1953 թվականի հունիսի 22-ին հայտնաբերվեց առաջին կմախքը: Սկզբից փոքրիկ ատամներ, ապա փոքր գլուխ և բարակ ոսկորներ: Դա մեկ տարեկանից փոքր երեխայի կմախք էր, ում անվանեցին «Շանիդարի մանուկ»: Այս առաջին գտածոյի ուսումնասիրության արդյունքները հետևյալն էին` Շանիդարը մարդկանց համար բնակավայր է հանդիսացել ավելի քանի 60 հազար տարի: Սրանից հետո քարայրի պեղումները վերսկսվեցին ավելի մեծ եռանդով և կատարելագործված սարքավորումներով: Ռալֆ Սոլեցկուն միացավ նաև նրա ապագա կինը` Ռոզա Սոլեցկին: Եվ ահա, 1957 թվականի ապրիլի 27-ին, քարանձավի պատի մեջ մոտ 4,5 մետր խորությամբ հայտաբերվեց տղամարդու գանգ: Հնարավոր է, որ այդ տղամարդը մահացել էր երկրաշարժի ժամանակ՝ գլխին ընկած քարի հարվածից: Այս գանգի մասին Սոլեցկին ասել է` «այն նման է ձվի, մեծ և ջարդված ձվի», սակայն դիմագծային հատկանիշները շատ լավ պահպանվել էին: «Նեանդերթալցի, կամ ես ես երբեք չեմ տեսել նեանդերթալցի». ահա թե ինչպես է արտահայտվել Սոլեցկին այս գանգի մասին: Նա 45-50 տարեկան տղամարդ էր, ով մանկուց եղել է անդամալույծ: Երիտասարդ տարիքում հեռացրել են նրա մի ձեռքը, իսկ հետագայում տղամարդը ստացել է գլխի ուժեղ վնասվածք, որը տոհմակիցները բուժել են: Սա խոսում է բժկական ունակությունների և գիտելիքների բարձր մակարդակի մասին: Այդ հաշմանդամ տղամարդուն տոհմակիցները չեն ոչնչացրել, այլ խնամել են՝ ապրելու և ամուսնության հնարավորություն տալով: Մյուս գերեզմաններում ևս հայտաբերվեցին հիվանդություններ և ծանր վնասվածքներ ունեցող մարդկանց ոսկորներ, ովքեր խնամվել և ապրել են իրենց տոհմակիցների կողքին: Սրանք են բարության մասին հաստատագրված առաջին տվյալները, որոնք ունեն հնագիտական բնույթ և գտնվում են հենց Շանիդարում: Շանիդարը այն կարևորագույն քարայրն է, որից տեղեկանում և պատկերացում ենք կազմում կազմում առաջավորասիական նեանդերթալցու մասին:

Շանիդար - 1

Պեղումների ժամանակ գերեզմաններից մեկում հայտնաբերվել է մի տղամարդ, որին գիտականները տվել են Շանիդար-IV անունը: Նրան թաղել էին անկողնու վրա պառկած, 8 տեսակի դեղաբույսերով շրջապատված: Սա վկայում է թաղման ծիսական արարողության մասին: Սակայն սրա մասին անմիջապես պարզ չդարձավ: Գտածոները ուսումնասիրվեցին Արլետտ Լերուա-Գուրան լաբորատորիայում, պեղումներից 8 տարի հետո: 1968 թվականին Լերուա-Գուրանի աշխատողները հասկացան, որ մանրադիտակի տակ տեսնում են 8 տեսակի դեղաբույս, որոնք չէին կարող աճել քարանձավում կամ բերվել կենդանիների կողմից: Դա նշանակում է, որ այդ տեղաբույսերը քարանձավի բնակիչներն են հավաքել իրենց հարազատին թաղելու և թաղման ծիսակարգ կազմակերպելու համար: Սա խոսում է այն մարդկային զգացմունքների մասին, որոնք տածել են քարանձավի բնակիչները միմյանց հանդեպ: Այս մասին Սոլեցկին ասել է. «Մենք չենք կարող հերքել այն փաստը, որ հին մարդուն հասանելի էր մարդկային հույզերի ու զգացմունքների ամբողջ կոլորիտը»:

Շանիդար - 4

Քարանձավում գտնվել են նաև կենդանական ոսկորներ, որոնց լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները ապշեցուցիչ էին: Դրանց մեծամասնությունը ոչխարների ոսկորներ էին, հիմնական մասը՝ մեկ տարեկանից ցածր: Սա, անկասկած, խոսում է այն մասին, որ կենդանիները ընտանի էին: Ընտելացված կենդանիներին ձմռանը կերակրելու համար անհրաժեշտ էր կեր, որի համար ստեղծվել են արտեր, զարգացել է երկրագործությունը: Այսինքն, Շանիդար քարայրն ու իր տարածքը ևս ընդգրկված է եղել նեոլիթյան հեղափոխության ոլորտում, որը առաջին տնտեսական հեղափոխությունն էր (մ.թ.ա VIII հազարամյակ): Վերջինիս արդյունքում մարդիկ անարտադրողական տնտեսավարումից անցան արտադրողական և վերարտադրողական տնտեսավարման, հավաքչությունից` երկրագործության, որսորդությունից` անասնապահության ու, այսպիսով, հիմք դրվեց քաղաքակրթությունների ձևավորմանն ու զարգացմանը, որոնցից մեկն էլ եղել է Շանիդար քարայրը:


Անետ Բիլյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
1-ին կուրս