воскресенье, 30 ноября 2014 г.

ՌԵԴԻ - ՄԵՅԴ. Մարսել Դյուշան



 Ռեդի-մեյդ (անգլ.` ready made-պատրաստի արտադրանք) տերմինն առաջին անգամ արվեստի բնագավառում կիրառել է նկարիչ Մարսել Դյուշանը` իր աշխատանքները նկարագրելու համար: Վերջիններս իրենցից ներկայացնում էին կենցաղում օգտագործվող հասարակ առարկաներ, որոնք առանց որևիցե գեղարվեստական փոփոխության ցուցադրվում էին որպես արվեստի գործեր: Ռեդի-մեյդը նոր հայացք էր դեպի առարկան ու առարկայականությունը: Առարկան, որը դադարում է կատարել իր ուտիլիտար ֆունկցիաները և մտնում է արվեստի տարածք, այսինքն դառնում է ոչ ուտիլիտար ուսումնասիրման օբյեկտ, սկսում է իր մեջ կրել ավանդական արվեստին անծանոթ նոր գաղափարներ և տարբեր ասոցիացիաներ: Ռեդի-մեյդերը արդյունաբերական ապրանքներ են կամ պատրաստի արտադրանք (օրինակ, գովազդային պաստառները), որոնց վրա դրված է իր անունը` երբեմն դրանք ուղեկցվում են մակագրության մի քանի բառով, կամ թեթևակի ռետուշացված են»: Ընտրված առարկան այստեղ պարզապես մեկուսացված է, նշված է, շրջապատից հեռացված է ու բերված այլ միջավայր:1
Մարսել Դյուշան. Հեծանիվի անիվ
Առաջին ռեդի-մեյդերը Դյուշանը ցուցադրում է Նյու Յորքում 1913թ.: Առավել սկանդալային են դառնում նրա «Հեծանիվի անիվ» (1913), «Չորանոց շշերի համար» (1914) և «Շատրվան» (1917) աշխատանքները: Վերջինս իրենից ներկայացնում է հասարակ միզարան: Անկախ նկարիչների ցուցահանդեսում ներկայացնելու համար ստեղծված աշխատանքը ցուցահանդեսից առաջ արգելեցին ներկայացնել հանրության դատին: Այն հասցրեց լուսանկարել միայն Ալֆրեդ Ստիգլիցը: Շատրվանի համար որպես ֆոն ընտրված է Հարթլի Մարսդենի «Պատերազմներ»կտավը: Ստիգլիցի արած լուսանկարը հրապարակվեց The Blind Man ամսագրում, իսկ շատրվանի օրիգինալ տարբերակը այլևս ոչ ոք չտեսավ: Այժմ աշխարհի տարբեր թանգարաններում ցուցադրվում են դրա կրկնօրինակները: 1917թ. իր աշխատանքը պաշտպանելով Դյուշանն ասաց` «Նախօրեին խանութից գնված և «R. Mutt» («ապուշ») կեղծանվան տակ ցուցադրված հասարակ միզարան»: Նրա կարծիքով գեղարվեստական գործը ի հայտ է գալիս դիտողի հայացքի շնորհիվ: Այսինքն, հասարակությունն է որոշում արվեստի գործ է ներկայացված նմուշը, թե ոչ: Շատերն իհարկե այն համարեցին անմտություն, ոմանք էլ դարձրեցին 20-րդ դարի արվեստի կարևորագույն ստեղծագործություններից մեկը: Դյուշանը առարկա չստեղծեց, այլ դրա համար նոր միտք...
Եվ ինչպես ինքն էր ասում, կարևորը գաղափար ստեղծելն է, ոչ թե առարկա...Միզարանին նոր գաղափար տալով` նա այն դարձրեց արվեստի մոդել: Ռեդի-մեյդ ստեղծողի ֆունկցիան պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տարածք տեղափոխելն է, որի շնորհիվ վերջինս բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և ի հայտ են գալիս նրա` գեղարվեստական համատեքստից դուրս հատկությունները:3 Այս կերպ արդյունաբերական ապրանքը կամ պատրաստի արտադրանքը դառնում է արվեստի ավտոնոմ նմուշ: Սակայն, արժեզրկվու՞մ է արդյոք արվեստ կոչվածը, երբ Դյուշանը արվեստից դուրս գտնվող մի առարկա ներմուծում է արվեստի դաշտ` այն օգտագործելով որպես արվեստի մոդել, ոչ ոք չի կարող ասել: Եվ սա էլ ավանդական արվեստի ու ժամանակակից արվեստի շուրջ պատկերացումներում իր նշանակլի դերն ունեցող հարցերից մեկն է:
Մարսել Դյուշան. Շատրվան. 1913թ.
Իր ռեդի-մեյդերով (գիտակցաբար կամ ոչ) Դյուշանը հասնում է մի շարք նպատակների: Որպես դադաիստ` նա արվեստը հասրեց իր տրամաբանական ավարտին կամ բացարձակ աբսուրդի: Ոչ մի գեղարվեստական կրկնօրինակ չի կարող առարկան պատկերել այնքան լավ, որքան այն իրականում կա: Այդ իսկ պատճառով ավելի լավ է ցուցադրել հենց առարկան, քան փորձել նկարել այն: Այսինքն ցուցադրության դնել ոչ թե պատկերը, որն արտացոլում է առարկան, այլ առարկան, որն ավելի պատկերավոր է, քան պատկերը ինքը: Սրանով վերջնականապես քանդվում է արվեստի և իրականության միջև եղած սահմանը: Ավանդական դասական արվեստի բոլոր գեղագիտական սկզբունքները ռեդի-մեյդում ընկալվում են ոչ թե նրա համար, որ ունեն լավ հատկանիշներ, նշանակալի էսթետիկ ֆորմա կամ մեկ այլ բնութագրիչ, այլ պարզապես որ էսթետիկական կանոնները հարաբերական են ու պայմանական: Առարկայի «գեղարվեստականությունն» այժմ կախված էր ոչ թե առարկայից, այլ «խաղի կանոններից», հենց նկարչից, ինչպես Դյուշանի դեպքում էր, արվեստի քննադատներից կամ արվեստի շուկայի ղեկավարներից:
Սալվադոր Դալի. Հեռախոս
Միշել Լեյրիսն իր «Մարսել Դյուշանի զբաղմունքներն ու արհեստները» հոդվածում բավականին պատկերավոր տալիս է Դյուշանի մի քանի ռեդի-մեյդերի հակիրճ նկարագրությունն ու վերլուծությունը: Ամերիկյան գովազդային աֆիշը (որին Դյուշանը հավելել էր Ապոլիների թեթեւակի աղճատված անունը, ներքևում, առանց որեւէ տրամաբանական կապի՝ մի քանի խոսք, և նկարում պատկերված հայելու ձախ մասում` գանգուրներ), վճարողի ձեռքով պատրաստած եւ արվեստը պաշտող ատամնաբույժին փոխանցած չեկը եւ նրա ծառայությունների վարձատրումը (մի տեսակ «սիլլոգիստական թակարդ», չեկը կեղծած է, բայց դրա հետ մեկտեղ՝ իսկական է, քանզի նրան գին է հաղորդում այն նկարած ձեռքը` հեգնական միջոց ցույց տալու համար, որ արվեստի շուկայական արժեքն այսօր մեծ մասամբ ստորագրության խնդիր է), կամ վերցնենք բառարանային արտահայտությունները, որոնք Դյուշանը տառացիորեն իրականացրել է` երկրաչափության դասագիրքը, որ կախված է չորս թելերից, եւ իրենից ներկայացնում է մարմնավորված «ստերեոմետրիան», կամ Միացյալ Նահանգներում «Փարիզի օդը» վերնագրով ցուցադրված օբյեկտը` ապակե սրվակ, որը մինչև ուղարկելը Փարիզի օդով է լցվել (խաղ, որտեղ ողջ պատկերվածը բացարձակապես իրական է, կեղծիք, որը կառուցված է ամենափոքր իսկ կեղծիքի բացակայության վրա), կամ աշխատանքների կիսահումքերով եւ պատճեններով լցված «արկղ-ճամպրուկը», որը ցուցադրվել էր որպես ինքնուրույն ստեղծագործություն, կամ ԱՄՆ-ի քարտեզը, որը հմուտ մոնտաժով վերածվել է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարին, աստղաշերտավոր դրոշ եւ, միաժամանակ, հիգիենիկ անձեռոցիկ:2
Ռոբերտ Ռաուշենբերգ. Ծառս եղած հեծանիվներ
1919թ. Դյուշանը անդրադառնում է հայտնի արվեստի գործերին` դրանք ևս դարձնելով ռեդի-մեյդ: Մեծ ճանաչում ունեցող Մոնա Լիզայի կտավի վրա բեղեր ավելացնելով` նա դա ցուցադրում է որպես արվեստի նոր ստեղծագործություն` հետևյալ մակագրությամբ` "Elle a chaud au cul":
Մարսել Դյուշան. Մոնա Լիզա
Ռեդի-մեյդը ազդարարում է արվեստի մեջ ռադիկալ հեղաշրջման սկիզբը: Հենց նրանից է սկսվում մշակույթի և պոստ-մշակույթի հստակ նշանակված սահմանը: Պատահաբար չեն ռեդի-մեյդ մտնում արվեստի գրեթե բոլոր ձևերը` ինստալյացիան, փերֆորմանսը, հեփենինգը, էնվայրոնմենթը, ասամբլյաժը, օբյեկտները, ակցիաները և այլն:
Էնդի Ուորհոլ. Բրիլոյի արկղը
Դյուշանի նորարարությունները հեղաշրջում են կուբիստների` առարկայի մասին ունեցած պատկերացումները և հենակետ են դառնում արվեստի նոր ուղու, արվեստի նորովի առաջընթացի համար: Ռեդի-մեյդը, սակայն, հետևորդների մեծ բանակ չունի: Քիչ թվով աշխատանքներ այս ոճում արել է Դալին, Ուորհոլի արած մի քանի աշխատանքները ևս ռեդի-մեյդեր կարող ենք համարել /Բրիլոյի արկղը/: Համեմատաբար տարածված են Խուան Միրոյի քանդակային ռեդի-մեյդերը և Զիգմար Պոլկեի աշխատանքները:

1. Мишель Лейрис- Промысли и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:
2. В. А. Крючкова - “Социология искусства и модернизм”, 1979, Издательство “Изобразительное искусство.
3. Мишель Лейрис- Промыслы и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:

Դե եսիմ` Գ. Ն.