четверг, 9 октября 2014 г.

Ավանի տաճարը


Երբեմնի հոյակերտ տաճարի ավերակներն այժմ  Երևանի հյուսիս-արևելյան արվարձանում են: Նախկինում այն գտնվել է Ավան գյուղում:  Այս եկեղեցին արմատավորում է խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների մի նոր տարբերակ և հանդիսանում է հռիփսիմեատիպ տաճարների նախօրինակը։ Եվ պատահական չէ, որ այն բազմիցս քննարկման առարկա է դարձել ու արժանացել է նաև առանձին մենագրության։
Ավանի տաճարը այժմ
Տաճարի կառուցման ստույգ ժամանակն ու հանգամանքները վկայված են Սեբեոսի կողմից, համաձայն որի կառուցումն իրականացվել է Հովհան Բագարանցի (հակաթոռ) կաթողիկոսի (591-610—611 թթ.) կողմից։ Այժմ կիսավեր ու ծածկից զուրկ տաճարի հատակագիծն արտաքուստ քառանկյունի է (15,25-–15,6X17,7—18,6մ կողմերով), որում ներգծված խաչի թևերը կազմավորում են կիսաշրջան չորս աբսիդները։ Դրանցից հյուսիսայինն ու հարավայինը փոքր, իսկ արևմտյանն ու արևելյանը՝ ավելի մեծ տրամագիծ ունեն (վերջինները՝ նաև ուղղագիծ սկիզբներ, որի պատճառով հատակագծի պարագիծը ոչ թե քառակուսի է, այլ քառանկյունի): Այսպիսով, Ավանի տաճարի հատակագիծն ունի կուռ և տրամաբանական հորինվածք՝ կառուցված լայնական և երկայնական, ինչպես նաև անկյունագծային առանցքների վրա։ Այդ հորինվածքն էլ Թ. Թորամանյանին բերել է այն եզրակացության, որ տաճարը պսակված է եղել հինգ գմբեթներով (գլխավորը՝ կենտրոնական քառակուսու, մնացած չորսը՝ անկյունների ավանդատների վրա): Թեև հուշարձանի ներկա վիճակը թույլ չի տափս դրա ապացույցները տեղում տեսնել, սակայն Թորոամանյանը վկայակոչում է հին լուսանկարներ, որոնցից մեկում նշմարելի է հարավ-արևմտյան անկյան գմբեթի բոլորակ հիմքի շարվածքը։
Հիմք ընդունելով էջմիածնի տաճարի ծավալատարածական հորինվածքի վերակազմության Թ. Թորամանյանի նախագիծը, Տ. Մարությանը երկու տարբերակով այդպիսի նախագիծ է կազմել Ավանի տաճարի համար։ Սակայն երկուսն էլ ունեն առարկելի հանգույցներ։
Ավանի կաթողիկեի գծագրերից
Հետազոտողների մի այլ խումբ (Ն. Տոկարսկի. Ա. Երեմյան, Ստ. Մնացականյան) ապացուցելի չեն համարում հինգ գմբեթի գոյության մասին Թ. Թորամանյանի կարծիքը, իսկ Ռ. Աղաբաբյանը ընդունելով անկյունային չորս ավանդատների վրա գմբեթային ծածկերի գոյությունը, գտնում է, որ դրանք տեղավորված են եղել թեք կտուրի տակ։ Նա առաջաոկել է միագմբեթ վերակազմության մի նախագիծ, որը ևս որոշ առարկություններ է հարուցում։
Այսպիսով, տաճարի ծավալատարածական նախնական հորինվածքի մասին կան երկու իրարամերժ կարծիքներ, որոնցից յուրաքանչյուրը լրացուցիչ, մանրակրկիտ հետազոտությունների կարիք ունի։
Տարակարծություն կա նաև կենտրոնական գմբեթի և նրա կոնստրուկցիաների և հատկապես գմբեթատակ քառակուսուց գմբեթի հիմքին անցնելու հարցում։ Ռ. Աղաբաբյանի վերակազմության նախագծի համաձայն, այդ անցումը կատարվել է չորս անկյուններում տեղավորված կամարային խոշոր տրոմպների ու դրանցից վեր, թմբուկում երկու շարքով տեղավորված ավելի փոքրաչափ տրոմպների համակարգի օգնությամբ։ Դրան հակառակ, Տ. Մարությանը առաջարկում է առագաստային փոխանցման տարբերակ՝ հիմքում տեղավորելով կամարային տրոմպները։ Ինչ վերաբերում է թմբուկի ձևերին, ապա երկու հեղինակներն էլ այն ներկայացնում են ութնիստ։
Տաճարի արտաքին ճարտարապետությունը, ինչպես թույլ են տալիս եզրակացնել ճակատների պահպանված մասերը, եղել է սահմանայնորեն պարզ՝ ոճական ընդհանրություն, դրսևորելով դարաշրջանի սկզբունքներին։ ճակատների հարթությունները մշակող տարրերը հիմնականում դռների և լուսամուտների բացվածքներն են։ Դեպի աղոթասրահը տանող հյուսիսային և արևմտյան դռներից առաջինը ուղղանկյունի պարզ բացվածք է, իսկ երկրորդն ընդգծված է գեղեցիկ ու հանդիսավոր մի շքամուտքով։ Վերջինիս դռան ուղղանկյուն բացվածքը ծածկված է քարե հզոր հեծանով ու եզերված զարդաքանդակ երեսակալով։ Հեծանից վեր տեղավորված է բեռնաթափող կամարը (լյունետըՄուտքի երկու կողմերի կիսասյուների վրա հենվում է պատի հարթությունից փոքր-ինչ առաջացած կամարը, որ վերևից ծածկված է երկթեք հարթություններով։
Տաճարի լուսամուտների քանակը սահմանափակ է եղել՝ մեկական հյուսիսային և հարավային ու երեքական՝ արևելյան և արևմտյան ճակատներին, բոլորն ել պսակված տրամատավորված կամարունքերով։ Կործանված թմբուկին հավանաբար եղել են չորս լուսամուտներ՝ երկրի չորս կողմերն ուղղված նիստերից յուրաքանչյուրում մեկական։
Տաճարի կիսավեր պատերից մեկը
Արևելյան և հարավային ճակատների վերնա֊մասերը պսակող ճակտոնները երիզված են եղել ոչ միայն թեք, այլև հորիզոնական քիվով։ Վաղ միջնադարյան հուշարձաններից միայն Տեկորի տաճարի և Լեռնակերտի միանավ բազիլիկի արևմտյան ճակտոնում հանդիպող այսպիսի ձևը պետք է դիտվի որպես անտիկ ճարտարապետությունից պահպանված ավանդույթ, որպիսին հետագայում այլևս դադարում է կիրառվել։
ճարտարապետական մանրամասննրի (ճիշտ է՝ երկրորդական կարգի) թվին են պատկանում տաճարի արտաքին անկյուններում տեղավորված կիսակլոր որմնասյունիկները, որպիսիք հանդիպում են նաև Պտղնիի, Մրենի և Արուճի տաճարներում։
Տաճարի շրջապատում տարբեր տարիներին (սկսած 1938 թ-ից) ու տարբեր հնագետների կողմից բացվել են այլաբնույթ շենքերի, այդ թվում կաթողիկոսական պալատի մնացորդներ։ Այդ հանգամանքը վկայում է, որ այստեղ գոյություն է ունեցել ճարտարապետական մի ամբողջ համալիր։ Ցավոք, պեղումները մնացին թերավարտ, իսկ արդյունքները չարժանացան գիտական ընդհանրացման ու հրապարակման։

 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարզադատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից