вторник, 14 октября 2014 г.

Սիրարփի Տեր-Ներսեսյան




1958 թվականին Դուբլինում (Ւռլանդիա) լույս է տեսել հայ մանրանկարչության եւ բյուզանդական արվեստի հայտնի մասնագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սիրարփի Տեր-Ներսեսյանի կազմած Ձեռագրացուցակը երկու հատորով։ Նկարագրված ձեռագրերը պատկանում են մի անհատ մարդու ոմն Չեստըր Բետտիին, որը մեծ սեր եւ հակում ունի ընդհանրապես ձեռագրերի, մանրանկարչական արվեստի եւ մասնավորապես՝ հայ մանրանկարչության նկատմամբ։ Չեստըր Բետտին հայերեն ձեռագրերի նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրում է նրանով, որ հայ գրչության արվեստի նվաճումները մեծ տպավորություն են թողել իր վրա։ Նա հավաստում է, որ հայ գրչության արվեստը, լինելով կարեւոր կապ Արեւելքի եւ Արեւմուտքի գրչության արվեստների միջեւ, համեմատաբար քիչ է ուսումնասիրված Եվրոպայում։ Այդ պատճառով նա մեծ բարեբախտություն է համարում այն, որ իր մոտ եղած հայերեն ձեռագրերի գիտական նկարագրությունը հանձն է առել այնպիսի մի խոշոր հայագետ եւ մանրանկարչության հմուտ մասնագետ, ինչպիսին Սիրարփի Տեր-Ներսեսյանն է։
Բետտիի անձնական գրադարանի ձեռագրերի հայկական բաժինն ամփոփում է 67 միավոր` սկսած 551 համարից մինչև 617 համարը, ըստ որում դրանցից 3-ը Աստվածաշնչեր են, 40-ը` ավետարան, 2-ը` սաղմոսարան, 6-ը` շարակնոց, 4-ը` քարոզգիրք, 5-ը` հայսմավուրք, 1-ը` մաշտոց, 1-ը` եկեղեցական տոմար, 2-ը` հմայիլներ, 1-ը` Սամուել Անեցու պատմությունը, 1-ը` տիեզերագիտություն, 1-ը` մեկնություն գործք Առաքելոցի: Ցուցակի վերջում, հավելվածի կարգով, տրված է նաև երկու արծաթյա կազմերի նկարագրություն:
Սույն Ձեռագրացուցակը, ինչպես ասվեց, բաղկացած է երկու հատորից։ Առաջին հատորում տրված է հիշյալ ձեռագրերի գիտական նկարագրությունը, իսկ երկրորդում միայն նրանց մանրանկարների պատճենները, առանց հեղինակային խոսքի։ Սկզբից եւեթ ասենք, որ հեղինակն իր Ձեռագրացուցակը կազմել է մանրանկարչության թեքումով, նպատակ ունենալով արժեքավորել եւ գիտական աշխարհին ներկայացնել հայ մանրանկարչական արվեստը իր ամբողջ խորությամբ, առանձնահատկություններով ու երանգներով։ Այդ տեսակետից սույն աշխատությունը իր բնույթով տարբերվում է մինչ այդ մեզ ծանոթ հայերեն բոլոր ձեռագրացուցակներից: Սա առաջին եւ հաջող վարձն է ձեռագրացուցակների հարուստ ժառանգություն ունեցող մեր մատենագիտության մեջ, որը կազմված է արվեստագիտության որոշակի թեքումով ու նպատակասլացությամբ։
Հեղինակը հայ մանրանկարչության եւ զարդարվեստի բնագավառում հայտնի է իր բազմաթիվ արժեքավոր աշխատություններով ու հոդվածներով, որոնք լույս են տեսել մեծ մասամբ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով։
Ի՞նչ եղանակով է կատարված ձեռագրերի նկարագրությունը գրախոսվող երկում, ինչպիսի՞ տվյալներ առանձնապես կարեւոր են ժամանակակից գիտության համար՝ ելնելով հայագիտության արդի պահանջներից այս հարցերին պատասխան տալու համար անհրաժեշտ է քննել սույն Ձեռագրացուցակում հեղինակի կիրառած սկզբունքները, ուստի եւ հարկ կլինի կանգ առնել միայն նրա աոաջին հատորի բովանդակության եւ կաոուցվածքի վրա։ Աշխատությունը բացվում է Չեստըր Բետտիի գրադարանավար Զեյմս Վերե Ստյուարի հիշատակին նվիրված ձոնով: Դրան հաջորդում է Չեստըր Բետտիի ներածական խոսքը, որից հետո՝ Աոաջաբանը, որտեղ Տեր-Ներսեսյանը խոսում է հայ մանրանկարչության բնույթի, նրա արժեքի եւ նշանակության մասին, անդրադառնում աշխատության շարադրման հանգամանքներին եւ արծարծած խնդիրներին։ Այնուհետեւ բերվում են երեք տախտակներ. Ա. Նկարագրված ձեռագրերի ցանկ՝ էջերի նշումով, Բ. Ձեռագրերի ժամանակագրական աղյուսակ եւ Գ. Մանրանկարների ցանկ: Միայն 3-ական ձեռագիր գալիս են XII եւ XIII դարերից, 8-ական ձեռագիր՝ XV եւ XVI դարերից, 5 ձեռագիր՝ XVII դարից եւ 2 ձեռագիր՝ XVIII դարից։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նկարագրված հավաքածուն հատկապես հարուստ է XV—XVI դարերի ձեռագրերով, հեղինակը մի ընդարձակ ներածություն է տվել հայ մանրանկարչության նախընթաց փուլերի տարբեր դպրոցների եւ ուղղությունների համառոտ շարադրանքով, ըստ որում, նա ոչ միայն ցույց է տալիս բյուգանդական եւ ուշ-դասական արվեստի ազդեցոլթյունր հայ մանրանկարչության վրա, այլեւ, շեշտելով հայ մանրանկարչության էական ու բնորոշ գծերր, ընդգծում է նրա անդրադարձ ազդեցությունը Մերձավոր Արեւվելքի, բյուգանդական եւ նույնիսկ Արեւմտյան Եվրոպայի մանրանկարչական արվեստի վրա։
Հայ մանրանկարչության սկզբնավորությունը հեղինակը կապում է դեռեւս գրերի գյուտի՝ հայ գրի եւ գրականության ստեղծման հետ։ Այդ ենթադրության համար հիմք է ծառայում VI դարի վերջի եւ VII դարի սկզբի մատենագիր Վրթանես Քերթողի վկայությունը իր ժամանակ գոյություն ունեցող շքեղ ձեռագիր աշխատությունների մասին, որոնք ոսկով եւ արծաթով զարդարված գեղեցիկ մանրանկարներ են ունեցել, փղոսկրյա կազմ եւ գրչության բարձր արվեստ։ Բացի դրանից, վերլուծելով մեզ հասած Մլքե թագուհու ավետարանի (902), Էջմիածնի ավետարանի (989), Գագիկ թագավորի ավետարանների մանրանկարներր, հեղինակը հանգում է այն եզրակացության, որ հայ մանրանկարչական արվեստի այդպիսի բարձր մակարդակի վրա գտնվելը արդյունք է զարգացման երկարատեւ, դարավոր փորձի եւ տրադիցիաների:
Այնուհետեւ հեղինակը, փաստական հարուստ տվյալների հիման վրա, հետեւում է հայ մանրանկարչության կենտրոնների պատմության ընթացքին՝ ցույց տալով յուրաքանչյուր կենտրոնի գեղագիտական հայացքներր, արվեստի ոճական առանձնահատկությունները եւ նրանց ծավալած գործունեության բնույթն ու տարողությունը, փոխազդեցություններն ու աղերսները՝ բյուզանդական, եվրոպական, պարսկական, արաբական եւ այլ ժողովուրդների մանրանկարչության եւ զարդարվեստի հետ, որոնց հետ այս կամ այն չափով շփում եւ հաղորդակցություն է ունեցել հայ ժողովուրդը պատմական տարբեր ժամանակաշրջաններում:
Կարեւոր է նկատել, որ հեղինակը հայ մանրանկարչության եւ զարդարվեստի պատմությունը շարադրելիս հատուկ ուշադրություն է նվիրում հայ ժողովրդի պատմական ճակատագրին, ավելին, մանրանկարչական այս կամ այն օջախի առանձնահատկություններն ու բնորոշ կողմերը հեղինակր բացատրում է շատ անգամ պատմական հանգամանքներով եւ իրադրությամբ, այլ կերպ ասած՝ արվեստի պատմությունը տրվում է հայ ժողովրդի պատմության հետ գիրկընդխառն: Հեղինակն ամենայն իրավամբ գրում է այդ առթիվ.
<<Արվեստի պատմությունը սերտորեն հետեւում է քաղաքական իրադարձությունների ընդհանուր ուղղությանը>>: Նրա այս ելակետային դրույթը կարմիր թելի նման անցնում է ամբողջ աշխատության միջով:
Հեղինակը յուրաքանչյուր դարաշրջանի եւ յուրաքանչյուր կենտրոնի մանրանկարչությունն ու զարդարվեստր բնութագրելիս քննում ու վերլուծում է, թե ի՞նչ տարրերից է բաղկացած այս կամ այն դպրոցի մանրանկարչությունը, սյուժետային այս կամ այն բովանդակության ի՞նչ նոր տարրեր են ավելացվել հետագայում, երանգների ու գծերի ինչպիսի՞ պերճությամբ ու ներդաշնակությամբ է բնորոշվում այն. ըստ որում ընդգծվում է ոչ միայն առանձին մանրանկարչական կենտրոնների ինքնատիպությունը, այլեւ նրանց ընդհանրությունը ինչպես միմյանց, այնպես էլ այլ ժողովուրդների արվեստների հետ: Այստեղ դրսեւորվում է հեղինակի խոր իմացությունը բյուգանդական, եվրոպական, պարսկական, արաբական,սելջուկյան արվեստների բնագավառում: Նա ձգտում է հայ մանրանկարչությոլնր ներկայացնել իր բոլոր ակունքներով ու լայն կտավի վրա եւ ոչ թե ինքնապարփակ, մեկուսացված։ Այդ պատճառով նա մանրակրկիտ համեմատություններ եւ զուգահեռներ է անցկացնում բոլոր այն դեպքերում, երբ ընդհանրություններ ու նմանություններ եւ կամ ազդեցության ակնբախ ցուցանիշներ են դրսեւորվում հայ մանրանկարչության եւ զարդարվեստի մեջ։
Ուշադրության է արժանի նաեւ այն, որ հայ մանրանկարչության եւ զարդարվեստի թեկուզ եւ սեղմ պատմությունը տալու համար հեղինակր ուսումնասիրել է իրեն մատչելի բոլոր այն մանրանկարները, որոնց նա ծանոթացել է տասնյակ տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր մանրանկարչական կենտրոնի ամբողջական եւ բազմակողմանի պատմությունը իր զարգացման մեջ տալու համար նա խմբավորել է այս կամ այն մանրանկարչական կենտրոնին պատկանող բոլոր զարդանկարված ձեռագրերը եւ այնուհետեւ բացահայտել դրանց հիմնական այն առանձնահատկությունները, որ տվյալ ժամանակաշրջանում բնորոշ են եղել այդ դպրոցին։
Ուշադրության է արժանի հատկապես հեղինակի աշխատանքի ոճը. նա իր յուրաքանչյուր խոսքը հիմնավորելու համար տողատակին տալիս է բազմաթիվ աղբյուրներ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռումիներեն, հունարեն, լատիներեն լեզուներով:

Նյութը մշակեց Գոհար Նավասարդյանը
Լ. Խաչերյանի գրախոսությունից
Թեմա՝ Սիրարփի Տեր-Ներսեսյան. Հայերեն ձեռագրերի մի ցուցակ, Չեստըր Բետտիի գրատուն, Դուբլին, 1958, երկու հատորով: