среда, 1 октября 2014 г.

Արտատիպ /էստամպ/. լինոգրավյուրա և լիթոգրաֆիա





Փայտափորագրության անուղղակի նախնի է համարվում արտատիպը[1] /ֆրանս.` estampe, իտալ.` stampa, ռուս.` эстамп/: Այս տեխնիկայի ի հայտ գալը համընկնում է 2-րդ դարում թղթի առաջացման հետ: Էստամպն իրենից ներկայացնում է քարե ռելիեֆներից տպագրության ստացումը: Այն Եվրոպայում տարածվել է 15-րդ դարից` որպես նկարը կրկնօրինակելու միջոց: Ռելիեֆի վրա դրվում է թուղթը, որը կիպ հպվում է ռելիեֆի մակերեսին: Այնուհետև հարթեցնող և զգուշությամբ փորող հարմարանքի միջոցով ռելիեֆի պատկերը տպվում է թղթին: Հաջորդ փուլում թղթի վրա քսվում է ջրով բացված ներկը: Կա վարկած, որ էստամպն ուղղակիորեն ազդել է ճապոնական գրավյուրայի վրա: Սույն աշխատությունը արտատիպը ներկայացնում է ոչ թե առանձին` որպես գրավյուրայի «նախնի», այլ փորագրության տեխնիկաներին զուգահեռ` որպես վերջիններիս հետ նույնացվող տեխնիկա: Էստամպի տեխնիկան կարելի է համակարգել չորս խմբերում[2], որոնցից մեկը տրաֆարետային տեխնիկան  է, սակայն առնչություն չունի փորագրության հետ, մյուս երեք խմբերը ներկայացված են ստորև:
  Բարձր` հատված և հարթային /ռուս.` высокая печать-обрезная и торцовая/: Հատված գրավյուրան փորագրման առաջին տեխնիկան է Եվրոպայում և Արևելքում: Այն լավագույնս արտահայտվում է լինոգրավյուրայի օրինակով: Ամենահին գործիքներից է դանակը` իր տարբեր շեղբերով ու տեսակներով: 2,5սմ հաստությամբ տախտակի վրա դրվում է նկարը, որի վրա երկու կողմից փորագրում են նկարի գծերը: Ստացվում է 2-5մմ խորությամբ փորագրություն: Ապա տախտակը պատում են ներկով և իրականացնում տպագրություն թղթի վրա: Այս տեխնիկայի առավելությունը սև շտրիխի գերակայությունն է: Հնարավոր է նաև սպիտակ շտրիխ, ինչը հանդիպում է հին գրավյուրաներում: Երբեմն փորագրությունը ստացվում է նաև նեգատիվ /սևի վրա սպիտակ, օր.` շվեյցարացի վարպետների /16-րդ դար/ փորագրություններում/: Այս տարատեսակի ամենատարծված միջոցը լինոփորագրությունն  է /ռուս.` линолеум և гравюра բառերից/: Սա փորագրության համեմատաբար երիտասարդ տեսակներից է, որն առաջացել է 20-րդ դարի սկզբին` լինոլեումի տարածմանը զուգահեռ: Լինոլեումը հարմար միջոց է մեծ չափերի փորագրություններ անելու համար, նմանություն ունի քսիլոգրաֆիայի հետ: Նպատակահարմար է օգտագործել 2.5-5մմ հաստությամբ լինոլեում:  Առաջին անգամ լինոլեումը ծառի փայտի փոխարեն օգտագործել են 1905թ. /լինոլեումը հատակը ծածկելու համար օգտագործվում էր դեռևս 1860-ականներից/ գերմանական  «Կամուրջ»  խմբի  նկարիչները, երբ  իրենց հարկավոր էր մեծ չափերի պաստառ, սակայն     քսիլոգրաֆիան    դա   թույլ   չէր   տալիս:   Տեխնիկան    և՛  էժան     է,  և՛ հարմար թե՛ փորագրելու, թե՛ տպելու ու ներկելու համար: Սակայն, ի տարբերություն փայտափորագրության, այն դեկորատիվ է, շտրիխներն այստեղ ավելի մաքուր են, մակերեսը հարթ է և սահուն, ծալվում է և ունի չոր սահմաններ, ինչը հեշտացնում է տպագրության ընթացքը: Լինոլեումի հարթ մակերեսի վրա դրվում է բարակ թուղթը, որի վրա նախօրոք նկարված է տպագրության համար նախատեսված նկարը, և փորագրվում դանակով: Ապա ռելիեֆային հարթության վրա քսվում է տպագրական ներկը: Արդյունքում նկարի հատվածը մնում է սպիտակ, ֆոնը` սև: Ինչպես քսիլոգրաֆիայի, այնպես էլ լինոգրավյուրայի դեպքում գլխավոր առավելությունը սև ու սպիտակի կոնտրաստն է:  Այս տեխնիկան հայ արվեստում կիրառել են Խանամիրյան Լիդան, Հրաչյա Ռուխկյանը «Արագած», «Այստեղ կլինի լիճ»/, Մհեր Աբեղյանը /«Առյուծ», «Արարատյան դաշտավայրի աղջիկները», «Գարունը լեռներում»/, Գաբրիել Գյուրջյանն /«Արտվին»/ ու Գևորգ Բրուտյանը /«Երդում»/: 
Ռուխկյան Հրաչյա.Արագած. երանգավորված թուղթ, լինոփորագրություն
33x59,5/48x75 սմ

Հարթային գրավյուրան /տոնային և վերատպվողական/ արևմտաեվրոպական փորագրության տեսակներից է, որի առաջին օրինակներն ի հայտ են եկել 14-15-րդ դարերում: 1870-ական թվականներին անգլիացի նկարիչ և փորագրող Թոմաս Բյուիկը /1753-1828թթ./ հնարում է փորագրության միջոց ծառի չոր փայտի վրա: Այս միջոցով է ստեղծել «Բրիտանիայի թռչունների պատմություն» և «Չորքոտանիների ընդհանուր պատմություն» գրքերի վերատպությունները: Փորագրության այս տեսակը հեղաշրջում է մտցնում գրքերի տպագրության մեջ: Քսիլոգրաֆիան կրկին գրավում է իր դիրքերը, որոնք զիջել էր հատիչին և օֆորտին: Չոր փայտը անհամեմատ մեծ հնարավորություն էր տալիս նկարը հեշտությամբ փորագրելու, շխտրիխներ, տոներ դնելու և ներկելու համար: Օգտագործվում էին հատուկ գործիքներ, որոնք իրենցից ներկայացնում էին 10-11սմ երկարությամբ կտրող ծայրերով, 45° շեղբով պողպատե ձողեր:
Պաբլո Պիկասսո. Ալժիրյան կանայք. լիթոգրաֆիա. 1955թ.
Արտատիպի մյուս տեսակը հարթ տպագրությունն է, որի տեխնիկան նույնացվում է լիթոգրաֆիայի հետ: Լիթոգրաֆիան /հուն.` lithos-քար, gràpho-գրում եմ, նկարում եմ/ տպագրական գրաֆիկային տեսակներից է, որի ընթացքում ներկը ճնշման տակ հարթ տպագրական ձևից փոխանցվում է թղթին: Առաջին անգամ այս հնարքն օգտագործել է գերմանացի փորագրիչ Ի. Ա. Զենեֆելդերը: Լիթոգրաֆիայի համար գոյություն ունեն մի քանի արտահայտման ձևեր. նկարը նկարում են փետուրով կամ վրձնով, լիթոգրաֆիական մատիտով կամ հատուկ հաստության յուղային կավիճով: Լիթոգրաֆիա հնարավոր է անել ասֆալտի, պատի, քարի կամ հատուկ թղթի վրա: Տեխնիկան նման է գրավյուրայի միջոցներին, սակայն հաճախ սա փորագրության տեսակ չի համարվում: Աշխատանքային պրոցեսի սկզբում նկարը քարի կամ պատի վրա անում են հատուկ յուղային /լիթոգրաֆիական/ մատիտով, փետուրով կամ վրձնով: Մատիտով նկարի համար ընտրում են ծակոտկեն քար, իսկ փետուրով և վրձնով նկարի համար` հարթեցված քար: Քարի մակերեսը նկարից հետո պատվում է թթվով: Մատիտով ներկված հատվածները չեն ենթարկվում քայքայման, իսկ չներկված հատվածները գույն չեն ստանում: Այս գործընթացից հետո կատարվում է տպագրումը, ինչն արվում է հատուկ տպագրական սարքով:    Շնորհիվ իր մի շարք հատկությունների` ամբողջական չեզոքություն, խաբկանքի հնարավորություն, մեցցոտինտոյի թավշություն, օֆորտի շտրիխ, պունկտիրի նուրբ տոնայնություն, աստիճանաբար լիթոգրաֆիան հետ է մղում վերատպողական գրավյուրաների բոլոր տեխնիկաները: 


[1] Հայերեն թարգմանությունը ըստ «Հայ արվեստի պատմություն» գրքի /Ա. Աղասյան, Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2009թ./:
[2] ըստ http://ru.wikipedia.org/wiki/ Ксилография.

շարունակելի... 
հատված կուրսային աշխատանքից
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս

կարդացեք նաև՝  Փորագրության գաղափարախոսությունը
 Փորագրություն մետաղի վրա
Քսիլոգրաֆիա. փայտափորագրություն
Օֆորտը և իր տեխնիկաները
Գրավյուրայի պատմությունից