пятница, 26 сентября 2014 г.

Ինֆորմալիզմ կամ ինֆորմել արվեստ

Ալբերտո Բուրրի-<<Պարկ 5Р>>.1953թ.

Ինֆորմել արվեստը (ֆրանս.՝ art informel – աբստրակտ, ոչ ֆիգուրատիվ) 1940-ականներին Ֆրանսիայի աբստրակտ արվեստում տարածված ուղղություն է: Այս տարիներին է ավարտվում աբստարկցիոնիզմի «հին դպրոցը», որի ներկայացուցիչներից էին Վասիլի Կանդինսկին, Պաուլ Կլեեն, Մոնդրիանը, Ռոբեր Դելոնեն, Մալևիչը և այլք: Գեղարվեստական ասպարեզ են մտնում նոր հոսանքներ, որոնք ծավալվում են անառարկայական արվեստի շրջանակներում: Դրանցից էին աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որի հետևորդներն էին Ջեքսոն Փոլոքը, Արշիլ Գորկին, քնարական աբստրակցիան՝ հանձին Ժորժ Մատյեի, տաշիզմը՝ Պիեռ Սուլաժի և Հենս Հարթունգի ստեղծագործություններում ու ինֆորմել արվեստը: Ձգտելով հեռանալ երկրաչափական աբստրակցիայի դպրոցի ավանդույթներից՝ նոր աբստրակցիոնիստները փորձում են վերակենդանացնել գունային ստրուկտուրաները՝ կտավի վրա ցույց տալով գունային դաշտերի ակտիվ փոխհարաբերությունը

Ժան Ֆոտրիե-<<Անվերնագիր>>.1957թ.
Այս գեղարվեստական ուղղության անվանումը տրվում է փարիզյան «signifiance de l’informel» ցուցահանդեսից հետո: 1948թ. ինֆորմալիզմի շրջանակներում ձևավորվում է ԿՈԲՐԱ (COBRA) գեղարվեստական միավորումը: Վերջինիս հիմնադիրը համարվում է Քրիստիան Դոտրեմոնը, իսկ խմբի անվանումն իրականում հապավում է՝ կազմված միավորման 3 անդամների հայրենիքների առաջին տառերից՝ Կոպենհագեն-CO, Բրյուսել-BR, Ամստերդամ-A: «Ինֆորմել» տերմինը համաշխարհային մշակույթ է մտել 1950-ական թվականների սկզբին՝ արվեստաբան Միշել Տապյեի կողմից: Այս նոր արվեստի առաջին օրինակները հայտնվել են 1940-ականների վերջերին, իսկ մայրամուտը մոտենում է 60-ականներին: Իսկզբանե ինֆորմելը տարածվում է երկու ալիքով՝ գեղանկարչական և ռելիեֆային: Եթե առաջինը կիրառում էր գեղանկարչության ավանդական մեթոդը՝ ներկերով և վրձիններով, հիմնվելով գույնի ու ֆորմայի վրա, ապա երկրորդը նկարի համար որպես հիմք էր ընտրում գիպսը, շաղախը, ավազը, տարատեսակ կտորներ, պարաններ՝ այս կերպ առաջին պլան բերելով առարկայականությունը և հասարակ նյութերի շոշափելիությունը:

Էմիլիո Վեդովա-<<Ժամանակակից խաչելություն. Բողոքի ցիկլ №4>>. 1953թ.
Ինֆորմել արվեստի ներկայացուցիչներից են Ժան Դյուբյուֆֆեն, Անտոնի Տապիեսը, Կարել Ապպելը, Էմիլ Շումախերը, Դիտեր Բորստը, Ֆրիտց Վինտերը, Անտոնիո Կորպորան, Ասգեր Յորնը, Նիկոլա դե Ստալը, Ժան-Պոլ Ռիոպելլեն, Նիկոլա դե Ստալը և այլք:
Ինֆորմալիստ նկարիչների պատկերացումների համաձայն՝ ստեղծագործության զգացմունքայնությունն ավելի կարևոր է, քան դրա գաղափարն ու կատարյալ լինելը: Այս նկարիչները հրաժարվում են նկարել ինչպես մարդկանց, այնպես էլ առարկաներ՝ նույնիսկ աբստրակտ ֆորմաներով: Ինֆորմել արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել նախ Կանդինսկու ստեղծագործական ուղին, ապա սյուրռեալիզմը: Ինֆորմալիզմից Եվրոպայում ձևավորվում է տաշիզմը: Հաճախ այն նույնացնում են վերջինիս հետ, սակայն այստեղ գեղանկարչությունը միաձուլվում է գրաֆիկայի հետ:Այս երկու հասկացություններն էլ հաճախ նույնացնում են ամերիկյան գործողության նկարչության հետ (Action Painting): Մասամբ ինֆորմալիզմին մոտ են նաև գունային դաշտի գեղանկարչությունն ու արտ-բրուտը:

Ինֆորմել նկարիչների ստեղծագործություններն իրենցից ներկայացնում էին ինտելլեկտուալ գաղափարագրեր, նախնադարյան ժայռապատկերներ, երկրաբանական հատվածներ, աշխարհագրական քարտեզներ, հնագիտական հետազոտության մնացորդներ և այլն: Նպատակը, բնականաբար, ոչ թե կոնկրետ գոյություն ունեցող տարրերի ասոցիացիան է, այլ յուրահատուկ աբստրակտ աշխարհներ ստեղծելը:
Դե եսիմ՝ Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий