воскресенье, 3 августа 2014 г.

Սբ. Խաչ հայ կաթոլիկների եկեղեցի




Գյումրու Հաղթանակի զբոսայգու տարածքում այժմ ընթանում են Սբ. Խաչ կաթոլիկների եկեղեցու կառուցման աշխատանքները: Շինարարությունը սկսվել է 2010թ. մայիս ամսին: Բավականին երկար ժամանակ է հատկացվել տարածքի հիմքի ջրերը հեռացնելուն: Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում քաղաքում դարձյալ գործել է կաթոլիկների եկեղեցի: Սակայն ներկայիս Սբ. Խաչը կառուցված չէ նախորդի տեղում: Այն գտնվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի հարևանությամբ: Չնայած իր քրիստոնեական կոնկրետ ուղղվածությանը` այն ևս կառուցված է հայկական ճարտարապետության կանոններով:
  Սբ. Խաչ հայ կաթոլիկների եկեղեցու տեսքն ըստ գծագրի
Սբ. Խաչը լինելու է հայ կաթոլիկների աթոռանիստ: Եկեղեցին կառուցող ճարտարապետը Հակոբ Ջիվանյանն է: Շինարարական աշխատանքները ղեկավարում է Հակոբ Բաղդասարյանը, քանդակների հեղինակը Ռազմիկ Այվազյանն է: Գյումրու հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի խոսքերով Սբ. Խաչը նոր ճարտարապետական լուծումներով եկեղեցի է լինելու` Շիրակի և Անիի ճարտարապետական դպրոցների ազդեցությամբ: Եկեղեցին շրջանագծի մեջ ներգծված ութանիստ եռահարկ կառույց է` մոտավորապես Զվարթնոցի նմանությամբ: Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ մինչ օրս Գյումրիում կառուցվող ցանկացած եկեղեցի հիմնվում է միջնադարյան եկեղեցաշինության ավանդույթների վրա:
Սբ. Խաչ եկեղեցին այժմ



Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` <<Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>