воскресенье, 3 августа 2014 г.

Ալեքսանդր Իվանով. Քրիստոսի հայտնությունը մարդկանց


Արվեստում  քիչ են այնպիսի դեպքերը, երբ նկարիչը երկար տարիներ վատնում է մի ստեղծագործության վրա, նույնիսկ տարիների ընթացքում հիասթափվում է իր ստեղծագործությունից և որոշում ավարտին չհասցնել այն: Խոսքը 25 երկար տարիների մասին է, ավելի քան երկու տասնամյակ աշխատել միևնույն նկարի վրա… Նման ստեղծագործությունների շարքում առաջիններից է ռուս նկարիչ Ալեքսանդր Իվանովի “Քրիստոսի հայտնությունը մարդկանց” կտավը: Մինչ այս ստեղծագործությունն արարելն Իվանովն արդեն հայտնի էր որպեսլավ նկարիչ: Նրան մեծ ճանաչում էր բերել “Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագթաղինացուն” նկարը, որը դասել էր նրան ռուս տաղանդավոր նկարիչների շարքին: Այս նկարը, ինչպես նաև “Ապոլոնը, Հակինթը և Կիպարիսը”, արտահայտում են հասարակ մահկանացուների և երկրայինի, աստվածայինի շփումը: Սակայն Իվանովին անհրաժեշտ էր մեկ այլ ստեղծագործություն ևս, որը կդառնար գլուխգործոց և կմնար եզակի բոլոր ժամանակներում… Գլուխգործոցը դառնում է “Քրիստոսի հայտնությունը մարդկանց” կտավը, որի վրա նկարիչը սկսում է աշխատել 1833 թվականից: 
Ալեքսանդր Իվանով- Քրիստոսի հայտնությունը մարկանց
Աստվածաշունչը կարդալով` Իվանովը գտնում է մի այնպիսի թեմա, որին դեռ ոչ ոք չէր անդրադարձել: Նա ցանկանում էր կրոնական թեմային տալ պատմական բովանդակություն: Պաղեստինում լինելու հնարավորություն չունենալով` Իվանովը փորձում է նկարի համար որպես բնանակարի ֆոն ընտրել Իտալիայի գողտրիկ տեսարաններից մեկը: 1834թ. նա մեկնում է Հյուսիսային Իտալիա: Նրա գլխավոր նպատակը դառնում է Վենետիկի դպրոցի գեղանկարչությանը ծանոթանալը: Նկարի վրա Իվանովն աշխատում է շուրջ 20 տարի /1837-1857թթ./, սակայն էսքիզներ արել է դեռևս 1833 թվականից: Այս գրեթե 25 տարիների ընթացքում եղել են երկարատև ընդմիջումներ: 40-ականներին Իվանովը ընդհանրապես հիասթափվում է այս նկարից: Մի քանի տարի է պահանջվում թեմային վերադառնալու համար: 1945թ. ստեղծագործությունն արդեն գրեթե պատրաստ էր, պակասում էին մի քանի ֆիգուրներ: Դրանցից էին ստրուկի դեմքը, ջրից դուրս եկող ֆիգուրը և կոմպոզիցիայի կոնտրոնում կանգնած ֆիգուրները: Նկարում Հորդանան գետն է, որում մարդիկ են մկրտվում` Հովհաննես Մկրտչի գլխավորությամբ: Իր չափերով այս կտավը բավականին մեծ է: Չափերով այն գերազանցում է նույնիսկ Բրյուլովի “Պոմպեյի վերջին օրը” նկարին:

Հովհաննես Մկրտիչը. ֆրագմենտ
Նկարի թեման հայտնի է բոլորին. Հովհաննես Մկրտիչը, ով հրեաների սուրբ գետում կնքում է հավատացյալներին, հանկարծ նկատում է մեկին, որի անունով հենց մկրտում է բոլորին: Խոսքը, իհարկե, Հիսուսի մասին է:
Կոմպոզիցիան բաժանված է մի քանի մասերի` ջրից դուրս ելնող ծերունին ու երիտասարդը, աշակերտների խումբը, ձախից սկեպտիկի կերպարը, առաջին պլանի հարուստի և ստրուկի կերպարները և վերջապես, աջից` հայրն ու որդին: Որոշիչ դեր ունի Հովհաննեսի կերպարը: Նա կանգնած է կոմպոզիցիայի գրեթե կենտրոնում: Մկրտիչը մատնացույց է անում մի մարդու, որին առայժմ միայն ինքն է ճանաչում. դա Քրիստոսն է` մարդկության փրկիչը: Ռուս պերեդվիժնիկ Ի. Կրամսկոյն այս կերպարը համարում է իդեալական դիմանակր` դնելով այն Զևսի, Միլոսյան վեներայի, Սիքստինյան տիրամոր կերպարներին հավասար հարթության վրա:

Ձախից կանգնած մերկ մարդը, ջրից դուրս գալով, ուզում է հագնվել, սակայն լսելով Հովհաննեսի խոսքերը, որ եկել է Նա, ով մկրտելու իրենց սուրբ հոգով, շրջվում է, որպեսզի տեսնի Փրկչին: Պատկերված մարդկանից ոմանք անմիջապես շրջվում են Հիսուսի կողմը, մի քանիսը մնում են անշարժ: Ստրուկի ֆիգուրը ևս կարևոր կոմպոզիցիոն նշանակություն ունի: Հետաքրքիր է, որ այն ոչ թե հրեա է, այլ սլավոնացի: Սրա համար  հիմք է հանդիսացել անտիկ քանդակներից մեկը: Կոպիտ դիմագծերով, մեծ աչքերով, կնճիռներով կերպարը կտավի հանգուցային հատվածներից մեկն է:
Քրիստոսի ֆիգուրը բնության ֆոնին. ֆրագմենտ
Նկարելու ընթացքում Իվանովը շատ դեմքեր է փոփոխել: Նա միշտ կարծում էր, որ նկարված յուրաքանչյուր դեմք միանգամից գալիս էր առաջին պլան և թույլ չէր տալիս մյուս հատվածներին ևս աչքի ընկնել: Իզուր չէր նկարիչը ողջ Իտալիայով մեկ հրեայի դիմագծերով բնորդներ փնտրում: Նրա պատկերած յուրաքանչյուր պորտրետ ինքնատիպ ու գրավիչ է յուրովի: Իվանովն անընդհատ եկեղեցիներ ու սինագոգեր էր գնում: Նայում էր այնտեղ աղոթող հավատացյալների դեմքերին: Նրան հարկավոր էր նկարագրել ինչպես ազնվականների, այնպես էլ աղքատների ու ստրուկների հավատի չափը: Պետք էր լավագույնս պատկերել բարի ու չար, քաջ ու վախկոտ, հետաքրքրասեր ու անհավատ մարդկանց դեմքերի արտահայտությունները:

Ջրից դուրս եկող ֆիգուրները
Բավականին հաջողված են նաև ջրից դուրս եկող ծերունու և երիտասարդի ֆիգուրները: Իվանովին հաջողվել է արտահայտել իր ասելիքը` ծառերի սաղարթները, ջրի ալիքներն ու մարդկանց թաց մարմինները տեղավորելով մի տարածության մեջ: 1940-50-ական թվականներին հեղինակը նկարում է կտավի տղաներին: Սրանց կերպարները նկարվել են իրական բնորդներից` պլեներային եղանակով:
 Այս նկարում մեծ է նաև բնանկարի դերը: Ըստ հեռանկարի` հետևի պլանը բաժանվում է երեք մասի` բլուրն է, որի վրա հավաքված են մարդիկ, այնուհետև քաղաքն է ու սարերը: Մարդն ու բնությունն Իվանովը դրել է անբաժան, փոխկապակցված կապի մեջ: Տարածությունն ու ֆորման կարողացել է կիրառել միաժամանակ: Նկարչության նման նրբությունները նկարիչը սովորել էր Իտալիայում ապրելու տարիներին: Կտավը արարելու վերջին տարիներին Ալեքսանդրն իր առաջ դնում է մի խնդիր` ցույց տալ օդի հետ շարժման մեջ գտնվող մարմինները:
1848թ. նկարչի կյանքում մեծ շրջադարձ է տեղի ունենում: նա սկսում  է մտածել, որ իր ուժերից վեր գործ է ձեռնարկել և որ իզուր է նկարը ավարտին հասցնելը: Իվանովը հոգնել էր անընդհատ նույն նկարի վրա աշխատելուց… Ընդմիջումներ լինում էին, նա սկսում էր այլ աշխատանքներ նկարել, սակայն ամեն անգամ դարձյալ վերադառնում էր այս ստեղծագործությանը: Հեղինակը տարվում է ընթերցանությամբ: Նա կարդում է Դ. Շտրաուսի “Հիսուսի կյանքը”, ապա Ի. Գ. Գերդերի “Հրեական պոեզիայի ոգին” և փոխում իր գաղափարները: Սկսում է նկարել միայն Աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործություններ: Սրանցից են “Երեք օտարական հայտնում են Աբրահամին Իսահակի ծննդյան լուրը”, “Մանանայի հավաքը անապատում”, “Քարոզ տաճարում”, “Կանայք նայում են, թե ինչպես է Քրիստոսը հարությունը առնում” կտավները: Ինչ վերաբերում է “Քրիստոսի հայտնությունը մարդկանց” նկարին, այն շատերի համար դառնում է ստեղծագործական ուղու հենակետ ու հիմք: Սա Իվանովի թաքւն ցանկություններից մեկն էր. ակադեմիական ոճում արված իր ստեղծագործության միջոցով ճիշտ ու գրագետ նկարչություն սովորեցնել հետագա սերունդներին:
Հոր և որդու կիսամերկ ֆիգուրները
Այս նկարի մասին ռուսական հասարակությունը իմանում է Գոգոլի նամակից: Բոլորն ուզում էին տեսնել այն, սակայն ավելի քան տասը տարի Ալեքսանդրի արվեստանոցի դռները փակ էին այցելուների համար: Իվանովի կտրուկ պատասխանները ստիպում են ռուսներին մոռանալ նրա նոր ստեղծագործության մասին: Նկարիչն այս ժամանակահատվածում մեկուսացած կյանք էր վարում Իտալիայում: Հենց սա էլ գրում է Գոգոլը. “Իվանովը ոչ միայն չի փնտրում ապրելու միջոցներ, այլև ոչինչ չի փնտրում, որովհետև նա արդեն վաղուց մահացել է աշխարհի համար…”: Եվ հանկարծ Հռոմում լուր է տարածվում արվեստանոցի բացման մասին: Ազնվականներից սկսած մինչև հասարակ կոշկակարները օրերով հերթ էին կանգնում նկարչի արվեստանոցի դիմաց` նկարը տեսնելու համար: Նկարիչն արժանանում էր մեծ գովեստների: Նույնիս Կորնելիուսը, տեսնելով նրան, սեղմում է ձեռքն ու ասում` “Un valoroso maestro!” /դուք մեծ վարպետ եք/:
Այժմ մեծ նկարչի ստեղծագործությունը կախված է Տրետյակովյան պատկերասրահի նոր դահլիճում: Իսկ նրա երկու կողմերում կախված էն նկարի համար նախօրոք արված էսքիզները….

Դե եսիմ` Գ. Ն.