пятница, 1 августа 2014 г.

Երկրային վայելքների այգի. Հիերոնիմոս Բոսխ



“Նա վեր կացավ, գնաց առաջ` անհանգստացած կրկնելով բանաստեղծությունը.  կանգնեց գորշ քառակուսու առջև, որի վրա քաոսային խառնաշփոթի մեջ պատկերված էին ֆանտաստիկ, երբեմն ծիծաղելի մարդկային ֆիգուրներ` միաձուլվաձ թռչունների կամ կենդանիների մարմինների հետ: Նկարչի երևակայությունը մասնատում էր մեզ հայտնի գոյությունը, փոխարենը սարսափելի և տարօրինակ կերպարներով ներկայացնելով անհնարինը: Սամգինը 3 րոպե կանգնեց նկարի կողքին և զգաց, որ այն ցանկություն է ներշնչում նկարչի աշխատանքը նորից կատարելու, ֆիգուրները նորից մասերի բաժանելու և կրկին հավաքելու: Իր ցանկությունը անհեթեթություն համարելով` նա հեռացավ նկարից, բայց նույն պահին ետ վերադարձավ` հեղինակի անունը կարդալու` Հիերոնիմոս Բոսխ…. Նա նստած բազկաթոռին նայում էր նկարին և մտածում` ինչ էր պատկերացնում հեղինակը իրականության մասնիկներից այս ֆանտաստիկ աշխարհը ստեղծելու ժամանակ…”:
 Հիերոնիմոս Բոսխ- Երկրային վայելքների այգի
Նկարը զարմացրել և զարմացնում է մինչև հիմա: Նիդեռլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի ստեղծած կերպարները այնքան առանձնահատուկ են, որ դժվար է հավատալ այն փաստին, որ դրանք ստեղծվել են մեզնից 500 տարի առաջ:
  
Հիերոնիմոս Բոսխը նկարչի ընտրած կեղծանունն էր, իսկ նրա անունը Երուն  Անտոնիսոն վան Աքեն է: Նկարչի համբավը դեռևս նրա կենդանության օրոք տարածված էր անգամ իր հայրենի քաղաքի սահմաններից դուրս: Բոսխը պատվերներ էր ստանում նաև Իսպանիայից, նույնիսկ Ֆիլիպ II-ը ուներ Բոսխի նկարների մեծ հավաքածու, նրա ննջարանի պատից կախված էր Բոսխի վաղ շրջանի աշխատանքներից մեկը` “Յոթ մահացու մեղքերը”:
Նկարչի աշխատանքների պահանջարկն այնքան մեծ էր, որ նրա արվեստանոցում ստեղծվում էին դրանց կրկնօրինակները: Հիերոնիմոսի աշխատանքները տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ արվեստագետներ էին գալիս Նիդեռլանդներ, բայց շուտով հանճարեղ նկարիչը անտարբերության է մատնվում: Միայն XIX դարում նրա աշխատանքները գտնվելով նիդեռլանդական և իսպանական թանգարանների պահեստներից մարդկությանը հասանելի դարձան: Բայց մինչև օրս էլ նկարչի հակասական ու բարդ կերպարները, տարօրինակ սյուժեները անհասկանալի են շատերի համար:



Միջնադարյան նկարիչների համար բոլոր առարկաները և ևրևույթներն ունեին սիմվոլիկ բնույթ, բայց Բոսխի ստեղծագործությունը դուրս է այդ շրջանակներից: Այն երբեք ամբողջությամբ չի տեղավորվում միջնադարյան սիմվոլիզմի մեջ. նա անգամ նոր սիմվոլներ էր հորինում, որոնք հաճախ դիտորդի մեջ սարսուռ են առաջացնում: Երևի հենց այդ պատճառով էլ Բոսխին անվանում էին “վախերի և սարսափների վարպետ”, իսկ ժամանակակից սյուրռեալիստները Հիերոնիմոս Բոսխին համարում են սյուրռեալիզմի նախահայրը: Բոսխն ունի իր սիմվոլների յուրահատուկ մեկնաբանությունը`
Աստիճան-գիտելիքների ճանաչման ուղի ալքիմիայում
Գլխիվայր շուռ եկած ագռավ-կեղծավորության կամ կեղծ իմաստության խորհրդանիշ
Բանալի /ոչ բացելու ձևով նախատեսված/-գիտելիք կամ սեռական օրգան
Կոտրած ոտք- տանջանքի, հերետիկոսության կամ մոգության սիմվոլ
Նետ- խորհրդանշում է  չարը
Գորտ-ունի սատանայի և մահվան խորհուրդը
Բու- հիմարություն, հոգեկան կուրություն
Սև թռչուններ- մեղք
Երկիրը. Կենտրոնական հատվածը. ֆրագմենտ նկարից
Բոսխի “սյուրռեալիզմի” գագաթնակետը “Երկրային վայելքների այգի” ստեղծագործությունն է: Այն պատկերում է տարօրինակ, ցնորածին, նույնիսկ աներևակայելի ֆիգուրներ ու տեսարաններ: Ահա մի օրինակ այդպիսի տեսարաններից` մի սիրահար զույգ առանձնացել է պղպջակների մեջ, նրանց վերևում մի տղամարդ գրկում է մեծ բուին, որի կողքին` ավազանի մեջ գլխի վրա կանգնած մի տղամարդ է, ով լայն բացել է ոտքերը և այդ բացվածքում թռչունները բույն են հյուսել: Նրանից ոչ հեռու մի երիտասարդ իր սիրելի աղջկա հետ խնձորի միջից խաղողով կերակրում է ջրի մեջ կանգնած մարդկանց…
Կտավը ստեղծվել է 1503 թվականին: Նկարը բաղկացած է 3 մասից: Եռյակի ձախ կողմում պատկերված է դրախտը, աջ կողմում դժոխքը, իսկ կենտրոնում երկիրը, որտեղ մարդիկ տրվում են վայելքներին ու ուրախություններին` չմտածելով դրախտի կամ դժոխքի մասին:  Ձախ կողմում մենք տեսնում ենք Եվայի արարման տեսարանը:
Շուրջ բոլորը տարբեր կենդանիներ են, իսկ կենտրոնում Աստված է, ում կողքին կանգնած Ադամը նայում է Եվային: Արվեստաբան Տոլնայը նշում է,որ այն հայացքը որով Ադամը նայում է Եվային դեպի մեղք տանող առաջին քայլն է:
Նկարի հետևի պլանում տեսնում ենք առյուծին, որ կուլ է տալիս եղնիկին, մեկ այլ գիշատիչ կենդանի հետապնում է մյուսին, և այս ամենի վերևում լեռան վրա տեսնում ենք կյանքի սիմվոլը, որը, ըստ Բոսխի,  բույսի և լեռան հիբրիդն է:

Դժոխքի հատվածը
Կենտրոնական հատվածի կոմպոզիցիան հորիզոնական ուղղությամբ բաժանված է երեք հատվածների: Առաջին պլանում պատկերված են տարբեր վայելքներ,,երկրորդում տարբեր կենդանիների վրա նստած հեծյալներ են, իսկ երրորդում երկինքն է, որտեղ մարդիկ թռչում են թռչունների վրա նստած: Նրանց կերպարները խորհրդանշում են մեղքերի պատճառով աստվածային լույսից զրկված և կուրացած մարդկանց:
Կոմպոզիցիայի երրորդ կտորում` դժոխքի հատվածում մենք տեսնում ենք սատանայի կերպարը, որ զրուցում է սփրթնած մեռյալների հետ: Սատանան ջարդված կեղևի ձևով է պատկերված, իսկ դրա շուրջը պար են բռնել կախարդները: Մեռյալները տանջանքների են ենթարկվում այն առարկաներով, որոնք երկրային կյանքի ընթացքում նրանց ծառայել են վայելքների համար:
Այս աշխատանքը նկարչի զգացմունքների և ապրումների մարմնավորումն է, մարդկային ճակատագրի արտացոլումը ըստ նրա երևակայության: Սա կյանքի և մահվան, մարդկային և կենդանական աշխարհների սուր հակադրությունն ու միաժամանակ զուգորդումն է: Այն մինչև օրս էլ մնում է ամբողջությամբ չբացահայտված, խորհրդավոր, անիրական, բայց  և ռեալ իր անիրականությամբ:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը