понедельник, 4 августа 2014 г.

...չկան հիշողություններ առանց քեզ...Է. Սաֆարլի



                                                     Նվիրում եմ Նրան
և բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չսովորեցին մոսկովյան խցանումներին…

Հին, մաշված կյանքի օրագիր.
Աղջկա օրագրից…
Ոչ հստակ ձեռագիր` կապույտ գրիչով գրված:
Կարմիրով միայն առաջին մի քանի տողերն են…
ըստ երևույթին, հետագայում ավելացրած:

*    Նա:
Նա հայտնվեց այն ժամանակ, երբ լուսաբացն իմ օրերում մի քանի ժամ ուշ էր արթնանում…հայտնվեց առանց  տեղյակ պահելու, դուռը բացեց անտեսանելի բանալիներով, մուտքի մոտ մաքրեց ձյունոտված կոշիկները, շնչեց իմ հուսահատությունների կիսավեր խրճիթի բույրն ու… մնաց… Նա թույլտվություն չխնդրեց, ես չպնդեցի` հրավիրելով. ես ընդհանրապես չհրավիրեցի: Նա պարզապես մնաց, ես մնացի նրա հետ…
*Ժամանակն է կյանքով ապրել սովորելու...երևակայական նկարչական ալբոմների ժամանակը մնացել է հետևում...
*Ես փորձում եմ բռնել ժամանակը, կանգնեցնել այն, սեղմել գրկումս, բայց ամեն ինչ ապարդյուն է...Այն թռչում է, քշվում հեռու: Բարձունքից պարծենկոտ ժպտում է, հպարտանում իր գերակայությամբ: Եվ ես հասկանում եմ, որ ժամանակը սիրո նման անկառավարելի է, իսկ սերը, ինչպես և ժամանակը, չես կարող խորը թաքցնել, վաղ թե ուշ կպոռթկա, կհայտարարի իր մասին, կպարգևատրի կամ կոչնչացնի…
 *Սերը ամենից առաջ լույս է, հետո նոր մնացած բաները: Անհնար է սենյակում ապրել առանց լույսի: Այնտեղ կարելի է միայն ցերեկները երկար ժամանակ գոյություն ունենալ` շաբաթներով, ամիսներով, տարիներով…մինչև քեզ պատին սեղմի ինքը` ատելի մենակությունը…Մենք ապրում ենք լույսը փնտրելով: Մենք ծնվում ենք լույսի համար: Եվ պետք չէ ասել, որ սերը լույս չէ. առանց սիրո մութ է նույնիսկ ամենաորակյալ լուսամփոփների կողքին…
*Նա իմ կյանք բերեց հենց այն լույսը, որը ջերմացրեց, լուսավորեց ինձ: Սրանք աղջկական անփույթ բանաստեղծություններից վերցված բառեր չեն: Այդպես է  որ կա. լույս, որը գոյություն ունի ֆիզիկապես…
*Ես պետք է դա ապրեի, որպեսզի կրակից փյունիկի պես վեր հառնեի և դառնայի այն, ինչ հիմա կամ…
*Ես վախենում են ընդմիջումներից, հատկապես երբ դրանք լավ բանի են հանգեցնում: Ընդմիջումներին  ակամայից հեշտ ես համակերպվում…իսկ հետո պետք է դրանք մոռացության տաս, ուշ թե շուտ, տանջալի է: «Ավելի լավ է, ես սկսեմ չսպասել և ոչնչի չընտելանալ...»,-սա որոշեցի հենց այն ժամանակ, երբ լսեցի բացվող դռան ձայնը. թակոց չկար…նա ուներ սրտիս բանալիները…
*Ինձ համար շատ դժվար է հավատալ, որ զգացմունքներից ամենաուժեղը ամենա ոչ հավերժն է…
*Ճակատագիրը հաճախ է խլում մեզանից այն, ինչին երկար ենք սպասել:
*Ես հաստատ կդառնայի Նա, եթե չլինեի այն, ինչ կայի…
*Ինչու կապված լինել մի շղթայով, եթե կարելի է թռչել այնտեղ, որտեղ ձգում է, ոչ թե այնտեղ, ուր պետք է:
*Ամաչել սեփական արցունքներից նշանակում է չճանաչել սեփական զգացմունքները:
*Խանդը կանանց ավելի արագ է հասցնում խելագարության, քան տղամարդկանցը:
*Վախը սիրո առաջ ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դու սեփական փորձից ես հասկանում, որ տագնապն ու տանջող տխրությունը սիրո մեջ ավելի շատ են, քան ուրախությունը: Եվ սկսում ես մտածել, որ ավելի շահավետ է թույլ տալ, որ քեզ սիրեն, քան թե դու սիրես…Սակայն դու ինձ համոզեցիր հակառակում` երևի ինքդ էլ այդ չգիտենալով: Քեզ տեսնելով` ես մոռացա ինքս ինձ տված բոլոր երդումներս…
*Ինքս ինձ հարցնում եմ` ի՞նչն է պատճառը. որոշիչ պատասխան չեմ գտնում: Պարզապես ինչ-որ բան կանգ է առել, սառել է, հանգչել կամ մաքրվել: Ամեն ինչ հնարավոր է: Կարելի է օրինակ բերել հարյուրավոր համեմատություններ: Փաստը մնում է փաստ` մենք չկանք. կամ Ես, կաս Դու… առանձին-առանձին…
*Իմ աշխարհում չեն մնացել տեղեր, որոնք կոչված չեն Քո անունով: Ամենուր քո ոտնահետքերն են…
*Եվ իրոք, ես արդեն չունեմ հիշողություններ առանց քեզ, չնայած որ մեր սիրո դարը բոլորովին էլ դար չէր…
*Ես սիրեցի դատարկ էջերը: Արդեն հաշիվը կորցրել եմ: Դրանք չլրացված կթողնեմ, խզբզված անտեսանելի  «սիրում եմ»-ներով. սրտիս սերը թող թափվի օրագրիս դատարկ էջերին …
*Էջերը թերթում եմ հակառակ հաջորդականությամբ: Մի՞թե այն ամենը, ինչ գրել եմ, երևակայություն է, ինքնախաբեություն, անիրական զգացմունքից ծնված գեղեցիկ բառեր: Ինչպիսին էլ որ լինի մեր տարօրինակ պատմության հանգուցալուծումը, այս օրագիրը կթողնեմ այստեղ` օդանավակայանում: Պարզապես  «կմոռանամ»: Ինձ հարկավոր է դառնալ իրական, ավելի իրական… 
*Խմում եմ վաղուց սառած թեյը, մինչև թռիչքը դեռ 50 րոպե կա…ժամանակ եմ ձգում: Ես քեզ սպասում եմ. ժամանակն է խոստովանել:
Այդ դու՞ ես գալիս…թե՞  ինձ թվում է….