вторник, 22 июля 2014 г.

Սբ. Ալեքսանդրա եկեղեցի



Ալեքսանդրապոլում մինչ հայ առաքելական եկեղեցիներ կառուցելը գործել են ռուսական, հունական և կաթոլիկ եկեղեցիներ ևս: Պատճառը, ինչպես նշվեց նախորդիվ, քաղաքի բազմազգ բնակչությունն էր: Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում կառուցված առաջին պաշտամունքային կառույցը Սբ. Ալեքսանդրա եկեղեցին է: Աղոթավայրն այսպես է կոչվում սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով: Սա քաղաքի առաջին ռուսական եկեղեցին էր (ինժեներ-գնդապետ` Ռուդենկով), կառուցվել է ամրոցի տարածքում: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1837թ. հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ Գյումրին Նիկոլայ 1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ

եքսանդրապոլի ամրոցն ու եկեղեցին
Կառուցող վարպետներից հիշատակվում է միայն ուստա Գինոսի անունը, ով եղել է էսնաֆության ուստաբաշի: Եկեղեցու դիմաց կանգնեցված է եղել 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմում զոհված գեներալ Ֆ.Ա. Գուբսկոյի հուշարձանը: Եկեղեցու վերանորոգման ժամանակ հուշակոթողը ևս վերանորոգվել է:
Եկեղեցու հատակագիծը
Սբ. Ալեքսանդրան խաչաձև կենտրոնագմբեթ տիպի եկեղեցի է, օծվել է 1842թ.: Այն կարող էր տեղավորել միանգամից 800 հավատացյալի: 1911թ. եկեղեցու շրջակայքում ամրոցի պարետ Ա. Դեդովի ջանքերով պողպատյա ճաղավանդակ է կառուցվում:[1] Եկեղեցու հարավում գտնվել է հարավային աշտարակը` Սև ղուլը, հյուսիսային կողմում` Չերքեզի ձորի գետակի ակունքի մոտ, Կարմիր ղուլը: Այժմ ևս ամրոցն ունի այս տեսքը: Միայն թե Կարմիր ղուլից մնացել են միայն ավերակները, իսկ Սև ղուլը վերակառուցվում է որպես հյուրանոցային համալիր: Եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ինչպես XIX դարի կեսերին, այնպես էլ այժմ, Ալեքսանդրապոլի ամրոցի տարածքում տեղակայված է ռուսական կայազորը:
1918թ. մայիսի 25-ին թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը: Երբ հասնում են եկեղեցուն, քահանա Մատվեյ Միրոնովը փակում է դռներն ու լուսամուտները: Դռները կոտրելու թուրքերի փորձերը հաջողությամբ չեն պսակվում: Կատաղած թշնամին այրում է եկեղեցին. քահանան ևս դառնում է կրակի զոհ:

Սբ. Ալեքսանդրա եկեղեցին հրդեհից հետո
Շուրջ 90 տարի եկեղեցին մնում էր խոնարհված: 2009թ. մայիսի 8-ին սկսվում են ամրոցի եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Նույն թվականի ամռանից եկեղեցին ունի քահանա, պատարագներ է մատուցում և կրկին ընդունում հավատացյալների:
Եկեղեցին այժմ
Սբ. Ալեքսանդրայի եկեղեցում է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբանկարը (4.5х2.5), որը նկարել է Կ. Բրյուլովը, ինչպես նաև արժեքավոր թղթեր` «Արդահանի գրավումը. 1877թ. մայիսիգրառմամբ: Այժմ եկեղեցում պահվում են ՌԴ նախագահի, համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, Գարեգին Երկրորդի և այլոց նվիրած սրբապատկերները:[2]
Եկեղեցու ինտերիերը
[1] http://www.rnsarm.info/node/21. Русский Народный Собор в Армении, Храм-часовня во имя свт. Николая Чудотворца. г. Гюмри. վերցված է 2014թ. մարտի 7:
[2] http://alexandra.cerkov.ru./#. Храм Святой мученицы царицы Александры. վերցված է 2014թ., մարտի 7:



Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից

թեմա` <<Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>