вторник, 8 июля 2014 г.

Գյումրու Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցի



1992 թվականին, երբ Լենինականը վերանվանվում է Գյումրի, սկսվում է քաղաքի պատմության, ինչպես նաև քաղաքաշինության և եկեղեցաշինության նոր շրջափուլը:    Արտասահմանյան երկրներից ստացված օգնության, ինչպես նաև հանրապետության բյուջեից կատարված հատկացումներով դանդաղ ու մեծ ուշացումով ծավալվում են նոր թաղամասերի կառուցապատումները: Սրանցից առաջիններից էր Անի թաղամասը: Բնակելի շենքերի կառուցապատումից տարիներ անց անհրաժեշտություն է դառնում այս թաղամասի հավատացյալների համար ևս կառուցել եկեղեցի: Ինչպես գրում է ճարտարապետության պատմաբան, ՀՀԳԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, այդ պատվերը նորից հանձն է առնում ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը` իր ճարտարապետական խմբի օգնությամբ կազմած նախագիծը քննարկման  ներկայացնելով Մայր Աթոռի ճարտարապետական հանձնաժողովի նիստին։ Ակնառու էր, որ գլխավոր հեղինակը վերստին ղեկավարվել էր իր սկզբունքով՝ հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով տարբերվել նախորդներից։[1] Այսինքն, Սբ. Հակոբը մի քանի եկեղեցական տիպերի սինթեզ է։
Գյումրու Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին Անի /58/ թաղամասում
     Անի թաղամասի եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի անունը, ով Հայ Առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը: Եկեղեցու շինարարությունը սկսվել է XX դարի վերջին տարիներին: Կառույցի շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը: Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, «սիրուն ժամը», տեղակայված է 4-հարկանի շենքերի կենտրոնում, խաղահրապարակի տարածքում (Պարույր Սևակ փողոց, 6/1): Եկեղեցին իր 2.5 հա մակերես ունեցող շրջակայքով համարվում է թաղամասի կենտրոնը: Տեղանքը կանաչապատ հարթավայր է, որ միաժամանակ ծառայում է որպես հավատացյալների փոքր զբոսայգի։  Համակառույցը տեղադրված է Պարույր Սևակի փողոցից շուրջ 50մ ներս՝ դեպի շրջակա բնակելի թաղամասը: Եկեղեցու մուտքը արևմտյան`գլխավոր, և կողային` հարավային դռներից է: Եկեղեցու հարևանությամբ 2010թ. դրվել է երկրաշարժի զոհերին նվիրված  հուշակոթող (քանդակագործ` Զավեն Կոշտոյան):
Զավեն Կոշտոյան. «երկրաշարժի զոհերի հիշատակին»
    Սբ. Հակոբն օծվել է 2002 թ. օգոստոսի 29-ին, ինչպես նշված է եկեղեցու մուտքի բարավորի վրա ամրագրված արձանագրությունում: Արձանագրությունում ասվում է՝ «Ի հայրապետութեան ՏՏ Գարեգնի Բ կաթողիկոսին ամենայն հայոց եւ յառաջնորդութեան Տ Միքայելի եպիսկոպոսի Աջապահեան ամի տեառն 2002 եւ ի թուին հայոց ՌՆԾԱ արդեամբք եւ ծախիւք բարեպաշտին Սարգսի Յակոբեան եւ տիկնոջ  նորին Բաբիի` եկեղեցասէր հայորդեացն ի քաղաքէն Իսթըն, Փենսիլվանիա (ԱՄՆ), ի սէր քրիստոսանուէր թոռնուհիոյն հովանաւորին եկեղցիւոյս Անիի, կառուցաւ Սբ. Յակոբ տաճարս ՅԱնի թաղամասին Գիւմրիոյ ի սպաս    հավատացելոյ  բոլորով սրտիւ յիշեսջիք զբարերարս եւ զամենայն գերդաստանն    Յակոբեան` ի գնահատումն առատաբուղխ ընծայիցն  նոցա այլեւ  զլուսահոգի ճարտարապետն Բաղդասար Արզումանեան երկնառաք շնորհ և վերջս պարգեւեսցէ նոցա Տէր եւ օրհնեսցէ զամենեսեան ԱՄԷՆ»:
Սբ. Հակոբ եկեղեցու հատակագիծը
       Իր ընդարձակ աղոթասրահով եկեղեցին առաջինն է Գյումրիում: Այն չափերով գերազանցում է նույնիսկ Սբ. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցուն:[2] Այն խաչաձև հորինվածքով եկեղեցի է։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են երկրորդ հարկում` խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն: Երրորդ հարկում երեք հարկ միասնական բարձրացող գմբեթածածկ  կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։  Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6x25.85մ։ Ընդհանուր բարձրությունը կազմում է համարյա 30մ։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5մ է: Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։ Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Խաչթևերի կամարակապերը հարավում և արևմուտքում նախամուտքերն  են, հյուսիսային կողմում մկրտարանն է, արևելյան կողմում, ինչպես նշվեց, գլխավոր խորանը։ Վերջինների միջև գոյացած սեղանաձև անկյունագծային տարածությունները բարձրության մասում 4մ խորություն ունեն։ Արևելյան կողմում եղած սեղանաձև տարածությունները դեպի վերին հարկ տանող աստիճաններ ունեն։ Արևմտյան կողմի սեղանաձև տարածությունները մոմավառության համար են։ Խաչթևերի միջև կան նաև չորս ավանդատներ, որոնցից հյուսիս-արևելյանը  նույնպես մկրտարանի խորշ ունի, իսկ նրան առընթեր  արևելյանը աստիճանավանդակ է, որը տանում է վերնատան երգչախմբային տարածություն։ Խորանը ձգված կողերով կիսաշրջան է,  շառավիղը` 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը շուրջ 13 մ է: Նրա երկու կողմերում աստիճաններ կան, որոնց միջոցով  խորանի բեմը բարձրացվել է  6 աստիճանի չափով՝ այսինքն 90 սմ։ Եկեղեցու ավանդատներից երկուսը արևմտյան կողմում են` գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03x4.02; 3.98x4.08): Այս երկու ավանդատները միասին գտնվում են 7.22x5.8 չափերի  փոքրիկ նախասրահում, մյուս երկուսը շրջապատում են ավագ խորանը (3.98x3.90; 3.92x3.93):
Եկեղեցին հյուսիսային կողմից
     Կենտրոնական շրջանաձև տարածության կամարների վերին դաշտերում տեղադրված են առաքյալների բարձրաքանդակները։ Քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է։ Կամարաշարից վերև` դեպի գմբեթ ընթացող մակերևույթի վրա,  խորաններով ներկայացված են հայ եկեղեցու 16 սրբերի որմնանկարները։ Եկեղեցու սալահատակը  ներդաշնակ է վարդագույն և դեղնավուն երանգների հետ։ Ճակատները միաշունչ են։ Դրանք, շնորհիվ կենտրոնագմբեթ հորինվածքի և անկյունային աշտարակների, միասնական են ընկալվում: Չորս ճակատներից գլխավորը արևմտյանն է։ Բոլոր ճակատներն էլ մտահղացվել են հայելային սիմետրիայով։ Նույն հանգամանքը պետք է նշել նաև մասշտաբի կապակցությամբ:
    Բաղդասար Արզումանյանին հաջողվել է  նվազագույն դեկորատիվությամբ  հասնել առավելագույն արտահայտչականության։ Նրա կիրառած դետալները, սյունային խոյակները, ինչպես նաև օգտագործված քանդակների ընտրված թեմատիկան, լուսամուտային, մուտքային, կամարային բացվածքները և այլք,  ոչ միայն մատնանշում են Շիրակի ժառանգությունը, այլև պատմականության ոճի, ժողովրդական ակունքներն ու հայկական միջնադարյան իմաստասիրությունը։ Վերջիններում առանձնապես իրենց ժառանգորդությամբ ուշագրավ է շենքում օգտագործված զարդարվեստը` իր մանրամասներով հանդերձ։ 
Սբ. Հակոբի նկուղի հատակագիծը
    Բավականին հետաքրքիր լուծումներով է կառուցված նաև եկեղեցու նկուղային հարկը: Ի տարբերություն Սբ. Աստվածածին եկեղեցու, որի նկուղը փոքր է և բավականին պարզ, Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետի եկեղեցու նկուղը ամբողջովին համապատասխանում է շինության հորինվածքին: Նմանատիպ լուծումներով պաշտամունքային կառույցի նկուղը նորություն էր Գյումրու եկեղեցաշինության մեջ: Գետնահարկը նախատեսված է հավաքների, հանդիսությունների և այլ միջոցառումների համար։



[1]Վարազդատ Հարությունյան-«Նորօրյա Ոսկեձեռիկը», «ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը», Ս.Էջմիածին  2004, էջ 79։
[2] «ՑԱՅԳ» շաբաթաթերթ, N28/15-21 նոյեմբեր 2001թ./:




Գոհար Նավասարդյան
հատված  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»