воскресенье, 20 июля 2014 г.

Տեկորի տաճարը


Տեկորի տաճարը (այժմ ամբողջովին ավերված) գտնվել է արևմտյան Շիրակի համանուն գյուղում, Անիից որոշ հեռավորությամբ։ Թ. Թորամանյանը, որ դեռևս կանգուն վիճակում հանգամանորեն հետազոտել է տաճարը, հանգել է այն եզրակացության, որ նախապես եռանավ բազիլիկ հանդիսացող այս հուշարձանը վերակառուցման ենթարկվելով գմբեթավորվել է, առաջացնելով հայկական եկեղեցիների մի նոր տիպ՝ գմբեթավոր բազիլիկը։ Թեև բազմատեսակ մեկնաբանությունների ենթարկված Տեկորի տաճարի շինարարական արձանագրության մեջ չի վկայված կառուցման տարեթիվը, սակայն հայտնի է, որ այն կառուցել տվող Սահակ Կամսարականը մասնակցել է 481-484 թթ. ապստամբությանը։ Ուստի Տեկորի տաճարը անվերապահորեն թվագրվում է 5-րդ դարով։ Այդ եզրակացությանը կարելի է հանգել նաև տաճարի ճարտարապետագեղարվեստական վերլուծության տվյալներով։
Տեկորի տաճարը. փորագրություն
Թ. Թորամանյանի կարծիքով մինչև 5-րդ դարում կատարված վերակառուցումը, Տեկորի տաճարը եղել է եռանավ բազիլիկ՝ թաղածածկ նավերով և արևելյան կողմից ուղղանկյուն ավագ խորանով։ Վերակառուցման ժամանակ քանդել և ձևափոխել են արևելյան պատը, ավագ խորանը դարձրել կիսաշրջան (արտաքուստ առաջ բերելով եռանիստ ծավալով), այնուհետև ավագ խորանի երկու կողմերին կցել են նեղ ու ձգված ավանդատներ (ինչպես Երերույքի տաճարում): Որոշ փոփոխություններ մտցնելով մույթերի տեղադրության մեջ, դրանք հարմարեցվել են գմբեթ կրելու։ Դրանով էլ արմատական փոփոխություն է կատարվել տաճարի հատակագծային և ծավալատարածական հորինվածքի մեջ։
Եկեղեցին նախքան 1912թ. երկրաշարժը
Տաճարը տեղադրված է եղել բոլոր կողմերից ինը աստիճաններով շրջապատված հիմնահարթակի վրա։ Աղոթասրահը երեք կողմերից (բացի արևելյան) շրջապատող, հետագայում հավելված սյունասրահի երբեմնի գոյության որպես ապացույցներ են եղել արտաքին պատերին պահպանված որմնասյուներն և որմնամույթերը, որոնց քայլը համապատասխանել էր սյուների քայլին։ Հյուսիսային սյունասրահը արևելակողմում ավարտվել է հատակագծում կիսաշրջան որմնախորշով (որպիսին Երերույքի տաճարում տեղավորված էր հարավային կողմում):
Տաճարի հատակագիծը
Թ. Թորամանյանի վկայությամբ, Տեկորի տաճարի ճարտարապետական մանրամասները (հյուսիսային ճակատի և արևմտյան շքամուտքի որմնասյուների, արևմտյան և հարավային ճակատների որմնամույթերի խարիսխներն ու խոյակները՝ զարդաքանդակված արջամագիլի տերևների, խաղողի ողկույզների ու տերևների մոտիվներով) բնորոշ էին հնավանդ ձևերով ու ինքնատիպությամբ։ Նույնպիսի հատկանիշներ ունեին թեք և հորիզոնական քիվերով ամփոփված արևելյան և արևմտյան ճակատների եռանկյունաձև ճակտոնները, արևմտյան շքամուտքը, կամարաձև լուսամուտների պսակները և այլն։ Դրանցում զգացվել են անտիկ ճարտարապետության ձևերից սերված հեռավոր այնպիսի արձագանքներ, որոնք Թ. Թորամանյանին բերել են այն համոզման, թե «Տեկորի տաճարը կանգնած է հունա-հռոմեական քաղաքական և կրոնական արվեստների հայ արվեստին վրա ներգործած շրջանին մեջ, որ շատ վաղ է, քան 7-րդ դար և հազիվ թե անցնի 5-րդ դար են ալ այս կողմ»։
Բազմակի վերափոխությունների ենթարկված այս հուշարձանում առավել հետաքրքրականը գմբեթն է, որով այն պսակվել է հիմնական վերակառուցման ժամանակ։ Չորս մույթերն իրար կապող կամարներով կազմավորված քառակուսու չորս անկյուններում շեղակի դրված քարերի միջոցով նախ քառակուսին վեր է ածվել անհավասար կողմերով ութանկյան, ապա դեպի կենտրոն թեքված սեղանակերպ հարթություններով իրականացվել է անցում դեպի սֆերիկ    գմբեթի    հավասարակողմ    ութանկյան հիմքը։
Տեկորի տաճարի ավերակները
Կառուցվածքային այսպիսի լուծումը որոշ աղերս ունի հայկական գլխատների փայտագմբեթ ծածկերի ձևերի հետ։ Միևնույն ժամանակ այն եզակի է վաղ միջնադարյան Հայաստանի գմբեթաշինության մեջ ու վկայում է գմբեթ կառուցելու նախնական, դեռևս անկատար փորձի մասին։ Այդ հանգամանքը համոզում է, որ գմբեթը հավելվել է ոչ թե 6-7-րդ դդ., ինչպես ենթադրվում է, այլ 5–6-րդ դդ
Այդ առումով Տեկորի տաճարը առանձնահատուկ տեղ է գրավում հայ ճարտարապետության պատմության մեջ, քանզի ըստ իշխող կարծիքի, մոնումենտալ գմբեթի ձևերի զարգացումը սկզբնավորվում է այս հուշարձանում։
Նյութը պատրաստեցԱրև Ալեքսանյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից