вторник, 15 июля 2014 г.

Գյումրու Սբ. Հռիփսիմե մատուռը



Գյումրի քաղաքի եկեղեցաշինության նոր փուլը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի` XX դարի վերջին տասնամյակ և XXI դարի առաջին տարիներից մինչև մեր օրերը` շուրջ 15 տարի: Նշված երկու շրջաններում կառուցվել է ընդամենը չորս եկեղեցի, որոնցից երկուսը կաթոլիկ են: Դրանք են 1992թ. Կառուցված Սբ. Հռիփսիմեն և դեռևս անավարտ Սբ. Խաչ եկեղեցին: Մյուս երկու եկեղեցիներն են վարդագույն տուֆից կերտված Գյումրու «սիրուն ժամը»` Սբ. Հակոբը և 2011թ. օծված Սբ. Սարգիս մատուռը:
Սբ. Հռիփսիմե մատուռը Գյումրու Ավստրիական թաղամասում
1988թ. երկրաշարժը մեծ հարված է հասցնում Լենինականին: Աղետից հետո ՀՀ երկրորդ քաղաքում մատների վրա կարելի էր հաշվել կանգուն մնացած հասարակական շենքերի թիվը: Հազարավոր բնակելի տներ ու շենքեր ավերված էին, երբեմնի արդյունաբերական ու տնտեսական առաջնային քաղաքը զրկվել էր գործարաններից, մշակութային ու հոգևոր քաղաքը` մայր եկեղեցուց` Ամենափրկչից: Վնասվել էին Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում կառուցված մյուս եկեղեցիները ևս:
Մատուռի հատակագիծը
1992 թվականին, երբ Լենինականը վերանվանվում է Գյումրի, սկսվում է քաղաքի պատմության, ինչպես նաև քաղաքաշինության և եկեղեցաշինության նոր շրջափուլը: Արտասահմանյան երկրներից ստացված օգնության, ինչպես նաև հանրապետության բյուջեից կատարված հատկացումներով դանդաղ ու մեծ ուշացումով ծավալվում են նոր թաղամասերի կառուցապատումները: Սրանցից առաջիններից էր Ավստրիական թաղամասը: Երկրաշարժից հետո Գյումրի են գալիս ավստրիացիները, ովքեր կառուցում են իրենց շենքերը` խանութներով, հասարակական կառույցներով, դպրոցով: Նրանց զբաղեցրած տարածքն ինքնըստինքյան անվանվում է «Ավստրիական» թաղամաս: Նոր թաղամասին, բնականաբար, անհրաժեշտ էր նոր աղոթատեղի ևս: Արդյունքում կառուցվում է Սբ. Հռիփսիմե կաթոլիկ փոքրիկ մատուռը:
Մատուռի մուտքը
Այն կրում է հանուն քրիստոնեության նահատակված կույս Հռիփսիմեի անունը, որին նվիրված վկայարան, և ապա եկեղեցի է կառուցվել Էջմիածին քաղաքում ևս: Մատուռի կառուցումն ասես հիշեցնում է XIX դարի Ալեքսանդրապոլի եկեղեցաշինությունը, երբ յուրաքանչյուր նոր կառուցվող թաղամասի անհրաժեշտ էր իր աղոթատեղին: Այսպես էր նաև XIX դարում, երբ նորակառույց Ձորի թաղն ուներ իր եկեղեցին` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, Ուռումների մահլան` իր եկեղեցին` Սբ. Գեորգին, կաթոլիկների թաղամասը` իր աղոթավայրը և այլն:
Սբ. Հռիփսիմեն աղետից հետո Գյումրիում կառուցված առաջին պաշտամունքային կառույցն է: Շինարարական աշխատանքները սկսվել են 1991թ. ներկայիս Ֆրանց Վերֆելի հրապարակ 5ա հասցեում:
Մատուռի գմբեթը
Սա փոքր չափերի ուղղանկյուն հատակագծով մատուռ է և Գյումրիում միակն է իր հորինվածքով ու ճարտարապետական տարրերով: Այն ոչնչով չի հիշեցնում հայկական ճարտարապետության եկեղեցական տիպերն ու արդեն ընդունված ավանդական հորինվածքները: Մատուռն ունի չորս ուղղանկյուն սյուներով կազմակերպված շքամուտք, որի փայտե ծածկը ծառայում է նաև որպես զանգակատուն: Շքամուտքից բացվում է աղոթասրահի դուռը: Շինության թե´ ինտերիերը, թե´ էքստերիերը աչքի են ընկնում մաքսիմալ պարզությամբ: Մատուռը լուսավորվում է յուրաքանչյուր պատին գտնվող երեքական լուսամուտներով: Կառույցը ծածկված է կարմիր կղմինդրե տանիքով: Միանգամայն ակնհայտ է, որ Ավստրիայի եկեղեցիների մի մասը ևս կառուցված է նման հորինվածքով: Նմանության տեսանկյունից մասամբ աչքի է ընկնում Սբ. Մարտինի եկեղեցին Լինց քաղաքում:
Սբ. Հռիփսիմե մատուռն ու Լինցի Սբ.Մարտին եկեղեցին
Ուշադրության է արժանի մատուռի գմբեթը, որը, բնականաբար, միակն է հայկական քաղաքների եկեղեցաշինության մեջ: Գմբեթի նման տիպը վերցված է Ավստրիայի եկեղեցիներից: Այն հիմքով նման է սոխուկանման գմբեթին, սակայն ավելի երկարաձգված է: Նմանատիպ գմբեթներ կամ գմբեթի վերջավորություններ ունեն ավստրիական Մարտինսկիրխե եկեղեցու, Կլավենտիրխի տաճարի (Սբ. Պետրոսի և Սբ. Պողոսի եկեղեցի), Վելս քաղաքի Քրիստոսի ավետարանական եկեղեցին և այլն

Մատուռի բարձրաքանդակներից
Գեղարվեստական առումով Սբ. Հռիփսիմեի մատուռն աչքի է ընկնում իր բարձրաքանդակներով: Սրանց մեջ Տիրամայրն է մանկան հետ, սուրբ նահատակ երեք կույսերը` Հռիփսիմեն, Գայանեն և Շողակաթը, ինչպես նաև Սբ. Հռիփսիմեին պատկերող բարձրաքանդակը:

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»