суббота, 12 июля 2014 г.

Նկարելու համար ձեռքեր պետք չեն



Մեզ միշտ հիացմունք են պատճառում գեղեցիկ  արվեստի գործերը՝ ստեղծված  սովորական մարդկանց կողմից: Բայց արի ու տես, արվեստը կերտելու և հիացմունք առաջացնելու համար անգամ ոտքեր և ձեռքեր չունենալը չի կարող արգելք հանդիսանալ: Այս ամենի վառ ապացույցն է կոլումբիացի նկարչուհի Զուլի Սանգուինոն, ով ի ծնե զրկված  է զույգ ոտքերից ու ձեռքերից: Երիտասարդ աղջիկը նկարում է գունավոր նկարներ՝ չնայած ի ծնե հաշմանդամ լինելուն:
Զուլին և մայրը քիչ փորձությունների միջով չեն անցել: Աղջիկը ծնվել է ֆոկոմելիա հիվանդության ախտորոշմամբ, ըստ որի նա պիտի ամբողջ կյանքը գամված լիներ անկողնուն: Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ հաշմանդամ աղջկա մայրը ջանք չէր խնայում դստերը ինքնուրույն նստել և նույնիսկ շարժվել սովորեցնել: Թեպետ ընտանիքն ապրում էր աղքատության մեջ, և նրանց տունը մի փոքրիկ խրճիթ էր՝ հողից հատակով, այնուամենայնիվ Զուլիի մայրն առաջ էր շարժվում դեպի իր նպատակը: Եվս մեկ փորձություն, որին բախվեցին Զուլին և իր մայրը, դա Զուլիի հոր ագրեսիան էր, որը, երբեմն չսահմանափակվելով բառացի վիրավորանքներով, հասնում էր այն աստիճանի, որ ձեռք էր բարձրացնում դստեր, կնոջ և մյուս երեխաների վրա:
 Սակայն Զուլիին դեռ մի նոր, ավելի վատ փորձություն էր սպասում՝ հոր ինքնասպանությունն  ու դրանից բխող երկարատև դեպրեսիան, որից, թվում էր Զուլին երբեք դուրս չի գա: Կրկին մոր երկարատև ջանքերից հետո ստացվեց աղջկան կյանքի բերել և հենց մայրն էր, որ սովորեցրեց Զուլիին նկարել ՝ մատիտն ու վրձինը նրա բերանում դնելով: Արդեն 15 տարեկանում Զուլին հասկացավ, որ նկարչությունն իր տարերքն է : Նա այժմ 25 տարեկան է և գրեթե ամեն ինչ անում է ինքնուրույն. ինքնուրույն հագնվում է, դիմահարդարվում, նկարում և ազատ ժամանակ զբաղվում փոքր եղբայրների և քույրերի խնամքով:
Զուլիի նկարներում գերակշռում են վառ գույները: Նա մեծ մասամբ նկարում է ծաղիկներ և  կենդանիներ, քանի որ մեծ սեր է տածում բնության նկատմամբ: Վերջերս նկարչուհուն առաջարկել են տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա հույս ունի մեծ կարիերա սկսել:
Զուլիի պատմությունը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար և ցույց տալ, որ ստեղծագործել  հնարավոր  է  անգամ առանց ձեռքերի ու ոտքերի: 


 Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը