среда, 23 июля 2014 г.

Ամբերդ...



Միջնադարյան Հայաստանի ամրոցներից թերևս ամենից տիպականը Ամբերդն է։ Այն կառուցվել է Բագրատունիների օրոք հին ամրոցի տեղում, իսկ հետագայում պատկանել է Պահլավունիներին: Բագրատունիների շինարարական գործունեության արդյունքն են պարիսպները, դղյակը, հավանաբար բաղնիքը, իսկ իշխան Վահրամ Պահլավունին կառուցել Է Ամբերդի եկեղեցին։ Բերդի հիմնադրողները, ղեկավարվելով միջնադարյան ամրոցաշինության սկզբունքներով, նրա համար ընտրել են բնականորեն խիստ պաշտպանված ու գեղատեսիլ վայր՝ Արագած լեռան հարավային լանջին գտնվող բարձրադիր ու եռանկյունաձև մի հրվանդան (մոտ 5,2 հեկտար), որը եզերված Է հարավ-արևմտյան կողմից Ամբերդ, հյուսիս արևելյան կողմից՝ Արխաշան գետակների անդնդախոր կիրճով։
Ամբերդ բերդ-ամրոց
  Ամրոցը բաղկացած էր երկու հիմնական մասերից՝ ամրացված պալատ-դղյակից, որը տեղադրված էր հրվանդանի հյուսիսային ամենաբարձր մասում, և բուն ամրոցից, որոնք ունեին իրենց ինքնուրույն պարիսպները՝ երկհարկանի աշտարակներով։ Բացի մուտքից, ամրոցն ուներ նաև դեպի Ամբերդի կիրճը տանող երկու գաղտնուղի։

Ամրոցի նկատմամբ իշխող մի բարձունքում գտնվող դղյակը զբաղեցրել է մոտ 700 քմ տարածություն։ Շրջակա վիհերը և պարագծով կառուցված պարիսպները (15 մ բարձրությամբ և 2 մ հաստությամբ) անմատչելի էին դարձրել այն, որի հարավ-արեւելյան պատուհանները բացվում էին դեպի Արարատյան դաշտավայրի հոյակապ համայնապատկերը։
Անբերդի եկեղեցին
Դղյակը երկհարկանի շինություն էր՝ խուլ (բացառությամբ հարավ արևելյան կողմից) և բարձր պատերով։ Առաջին հարկում գտնվում էին օժանդակ, իսկ երկրորդ հարկում բնակելի սենյակները, դեպի ուր տանում էին լայն ու հանդիսավոր աստիճանները։ Առաջին հարկում, սանդուղքից աջ, ստեղծված էր հատուկ ջրավազան, դղյակը ջրի պաշարով ապահովելու համար։
Ջրամատակարարման գիծը դրսից մտնում էր նախ դղյակ, ապա հոսում ամրոցի ներքնամասը, որտեղ՝ դղյակից ոչ հեռու, կառուցված էր ավելի մեծ տարողությամբ մի ջրավազան։ Այստեղից էր կատարվում քիչ ներքև գտնվող բաղնիքի ու ողջ ամրոցի ջրամատակարարումը։ Բաղնիքն ուներ ուղղանկյուն հատակագիծ՝  բաղկացած հաջորդաբար իրար կից հանդերձարանից, լողարանից ու ջեռուցարանից, ծածկված (առաջին երկուսը) երդիկավոր գմբեթներով։ Ջուրն ինքնահոս կերպով բերվում էր օջախի վրա դրված կաթսան։ Բաղնիքի տաքացումը կատարվում էր հատակի տակից ու պատերի մեջ տեղադրված ուղղաձիգ խողովակների միջոցով, ուր օջախից մտնում էին տաքացած օդն ու ծուխը։
 
Ամրոցի ավերակներից
Ամրոցի կենտրոնական մասում տեղադրված էր եկեղեցին՝ կառուցված 1026 թ. իշխան Վահրամ Պահլավունու կողմից։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցական շենքերից է, հարթ և անպաճույճ ճակատներով ու արևելյան պատի եռանկյունաձև զույգ խորշերով։ Գմբեթի թմբուկը կրկնում է Մարմաշենի մեծ եկեղեցու թմբուկի ձևերը, բազմանիստ է՝ անկյուններում զույգ սյունիկներով, ու պսակվում է հովանոցաձև վեղարով։ Հարավային ճակատի վրա իր ձևերով ընդգծված է ուղղանկյուն մուտքը՝ գեղեցիկ գծագրված պարակալով։

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
 Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից