вторник, 22 июля 2014 г.

Միքելանջելո. Ահեղ դատաստան



 Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս”… Սրանք էին Բարձր Վերածննդի հսկաներից մեկի` Միքելանջելո Բոունարոտտիի վերջին խոսքերը: Իր հանճարը դրսևորելով արվեստի տարբեր ժանրերում` Միքելանջելոն մարդկությանը թողեց անգերազանցելի ստեղծագործություններ` “Պիետտա”, “Դավիթև շատ այլ հանճարեղ քանդակներ: Հեղինակին են պատկանում Սիքստինյան մատուռի որմնանկարները ևս:
Միքելանջելո- "Ահեղ դատաստան"
Իր հավատարիմ հովանավորի `Հռոմի պապ Հուլիոս II ի մահից հետո Միքելանջելոն թողնում  է Հռոմը և վերադառնում ֆլորենցիա: Այստեղ նա որոշ ժամանակ դադարեցնում է իր գործունեությունը: Հռոմի նոր պապը ընտրվում է Մեդիչիների տոհմից` Կլեմենտ  VII –ը,  ում կառավարման ժամանակ իսպանացիները գրավում են Հռոմը, իսկ Ֆլորենցիան իսպանացիների ասպատակություններից պաշտպանվելու համար սկսում է հսկայական աշտարակներ և պարիսպներ կառուցել, որոնցից շատերի ճարտարապետական նախագծերը կազմում է Միքելանջելոն: Վերջինս ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում նաև ռազմական գործողություններին: Սա շատ ծանր ժամանակահատված էր ինչպես Ֆլորենցիայի,այնպես էլ ողջ Իտալիայի համար: Սպանությունների,երկպառակությունների և պատերազմական այլ աղետների մեջ  մարդիկ կարծես չէին տեսնում կյանքի գեղեցկությունը, և ամեն ինչ կորցրել էր իր գույները: Այնուամենայնիվ, Ֆլորենցիան չկարողացավ դիմակայել իսպանացիներին, և շուտով հանձնվեց, ինչից հետո Կլիմենտ VII-ը հայտարարեց, որ կմոռանա Միքելանջելոյի հակակառավարական գործունեության մասին այն դեպքում, եթե վերջինս համաձայնի հանձն առնել Սան Լորենցո եկեղեցում գտնվող Մեդիչիների դամբարանի կառուցման աշխատանքներըը: Վախենալով իր և իր   ընտանիքի անդամների կյանքի համար` Միքելանջելոն համաձայնվում է, ինչից հետո նա Կլիմենտ VII-ից ստանում է հաջորդ պատվերը:  



Ֆրագմենտ "Ահեղ դատաստանից"
1534 թվականին Միքելանջելոն սկսում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկի` “Ահեղ դատաստանորմնանկարի աշխատանքները: Երբ նա կանգնում է  հսկայական սպիտակ պատի առջև, հասկանում   է, որ որմնանկարը ստեղծելու համար իրենից շատ ջանքեր են պահանջվելու, թեև   վաղուց արդեն երիտասարդ  չէր: 60 տարեկան հասակում նա ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք սակայն չեն խանգարում նրան սկսել աշխատանքը: Հռոմի պապ  Կլեմենտ VII-ը, չհամբերելով մինչև գործի ավարտը, հայտնվում է Սիքստինյան մատուռում և տեսնելով անավարտ որմնանկարը` հայտնում իր դժգոհությունը, քանզի բազմաթիվ էին այն ստեղծագործությունները, որտեղ, ի հակադրություն աստծու կատարյալ կերպարին, մարդը ներկայանում էր որպես չնչին, անկարող արարած: Իսկ Միքելանջելոն, հավատալով աստծուն, միաժամանակ հավատում էր նաև մարդուն, մարդկային ուժին ու գեղեցկությանը: Իր գաղափարները, հավատն ու սերը դեպի աշխարհը Միքելանջելոն արտահայտում էր իր ստեղծագործության մեջ:
Ֆրագմենտ որմնանկարից
Մարդուն ներկայացնելով որպես զգացմունքներով լեցուն էակ, իր որմնանկարում Միքելանջելոն ամբողջ ուժով արտահայտում է  մարդկային տառապանքն ու կործանումը:  Թվում է, թե ողջ որմնանկարը կենդանի է: Կենտրոնում Քրիստոսն է, ով զայրացած շուռ է տալիս երկնակամարը, անմիջապես նրան կից տեսնում ենք վախեցած և ահանգիտ Սուրբ Մարիամին: Նրանց կողքին հրեշտակներն ու անմեղ մարդիկ են, ներքևում մեղսագործներն են, ովքեր ընկնում են դժողքի անդունդը` փորձելով սարսափահար փախչել իրենց ճակատագրից: Տեսնում ենք նաև ստորգետնյա Քարոն գետի վրայով մարդկային հոգիներ տեղափոխողին:
Արվեստաբան Լազարևը “ Ահեղ դատաստան” ի մասին ասել է «Այստեղ չես տարբերի սրբերին և հրեշտակներին, մեղավորներին և  արդարներին, կանանց և տղամարդկանց: Նրանք բոլորը ընդհանուր շարժման հոսանքի մեջ են. կծկված են իրենց համակած սարսափից: Որքան ուշադիր ես նայում որմնանկարին, այնքան ազդեցիկ է թվում այն. կարծես բախտի անիվը ընթանում է քո առջևով` իր մահվան ընթացքի մեջ առնելով բազմաթիվ մարդկանց, որոնցից ոչ ոք չի կարող խուսափել կործանումից: Իզուր չէ, որ Մարիամը Հիսուսից գթություն է խնդրում` սեղմվելով նրան»:
Ֆրագմենտ
Մարդկությունը, նրա արարքները արարքները, մտքերն ու կրքերը….ահա թե ինչն է կարևոր որմնանկարում: Բոլոր հերոսներին վարպետը պատկերել է մերկ, իսկ Քրիստոսին և առաքյալներին այդ ժամանակ մերկ պատկերելու համար մեծ համարձակություն էր պետք: Միքելանջելոն կերպարների  հոգու խոսքը արտահայտում էր նրանց շարժումների, հայացքների միջոցով:        
Տեսնելով հեղինակի պատկերած մերկ մարդկանց ֆիգուրները` Հռոմի պապ Պողոս IV-ը  հրամայում է բոլոր մարդկանց հագուստներ «հագցնել»: Երբ Միքելանջելոն իմանում է այդ մասին, ասում է` «Թող նա աշխարհը պատշաճ տեսքի բերի, իսկ նկարների հետ դա շատ հեշտ է անելը»:
Անցան դարեր, մոռացվեցին հանճարեղ Բոունարոտտիի թշնամիների անունները, բայց  «Ահեղ Դատաստանը»,  անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, շարունակում է հիացնել և զարմացնել հազարավոր մարդկանց: Այն մնում է արվեստի անգերազանցելի նմուշ, որի առջև անզոր են մարդկային նախանձն ու  թշնամությունը:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը