среда, 9 июля 2014 г.

Գրքեր, որոնք ստիպում են ապրել





«Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ ու զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում ՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար»:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Դեռևս հնագույն ժամանակներում գիրք կարդալը արիստոկրատիայի շրջանում համարվել է լավագույն զբամունքներից մեկը: Նրանք, ովքեր սիրում են կարդալ, գիտեն գրքի կախարդիչ ուժի մասին: Գրքերը մտքերի նավեր են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում սերնդից սերունդ, իսկ լավ գիրքը իսկական զրույց է խելացի մարդու հետ, քանզի գրքի հետ մարդը մենակ չի մնում իր մտահորիզոնի չորս պատերի մեջ: Եվ ահա ամառային հանգստի, բարձր տրամադրությունը պահելու, դեպրեսիայից դուրս գալու համար 10 հետաքրքիր  գրքեր, որոնք  ավելի օգտակար դեղամիջոց են, քան շոկոլադն ու տարատեսակ ըմպելիքները:
 Ռեյ Բրեդբերի «Դեղ ընդդեմ մելանխոլիայի»
«Երբ ամեն ինչ կորած է, մնում է միայն հույսը»,- հավաստիացնում է Բրեդբերիի պատմվածքներից մեկի հերոսը: Այս խոսքերը կարծես լավագույն կարգախոսն են «Դեղ ընդդեմ մելանխոլիայի»  հերոսների համար: Գրքի յուրաքանչյուր էջում ընթերցողը կարող է ականատես լինել տխուր ժպիտների, հրաշքների, ցնծության և բազում անհանգստությունների և կյանքի հանդեպ տածած անհուն ծարավի:
 Ֆեննի Ֆլեգ  «Տապակած կանաչ լոլիկներ «Դադար» սրճարանում» 
Եթե փորձենք երբևէ գրքի ծավալը մոտեցնել ականջին, ապա մենք ունկնդիր  կդառնանք ինչ որ մեկի լացին, ուրախությանը, տխրությանը, տերևների խշխշոցին, անձրևի ձայնին: Իսկ այս գրքով դուք ականատես կդառնաք ամերիկյան փոքրիկ մի քաղաքի պատմությանը, որտեղ, ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, հյուր են եկել  սերն ու ցավը, վախն ու հույսերը, ընկերությունն ու ատելությունը:

Ստրուգացկի եղբայրներ «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» 
Գիրքը պատմում է առեղծվածային Նիիչավոյի զվարթ աշխատակիցների մասին, որոնք լրջորեն զբաղվում են կախարդանքների ուսումնասիրություններով:  Ստրուգացկի եղբայրների հումորը հարկավոր է հասկանալ, զգալ, իսկ դրա համար գիրքը հարկավոր է կարդալ թեթև, լավատեսական տրամադրությամբ:

 Էրլենդ Լու  «Միամիտ. Հրաշալի» 
Էրլենդ Լուի ամենահայտնի ստեղծագործություներից մեկն է, որը պատմում է մի երիտասարդ մարդու մասին, ով կյանքի այս հատվածում ճգնաժամի մեջ է գտնվում, միայն թե առաջին հայացքից ամեն ինչ թվում է ծիծաղելի և հեշտ: Սակայն եթե փոքր ինչ խորանաք, կնկատեք, թե որքան հուզիչ է այս լավատեսական գիրքը և որքան վարպետորեն է նկարագրված յուրաքանչյուր դետալ և կհասկանաք, որ <<ամենավատ այլընտրանքը դա վերածվելն  է այնպիսի մարդու, որից աշխարհը կդառնա ավելի վատը, քանի իրականում գոյություն ունի>>: 


Էլիզաբեթ Գիլբերտ «Ուտել, աղոթել, սիրել» 
 Սա ինքնակենսագրական է ժամանակակից հաջողակ մի  կնոջ մասին, ով կորցնում է կյանքի համն ու նորից ձեռք բերում այն: Նա յուրաքանչյուր ընթերցողին հիշեցնում է այն մասին, ինչն ընթերցողն իրո ուզում և երազում է՝ ազատություն, երջանկություն, կյանքի հաճույքները վայելելու և կյանքում ինքդ քեզնով ապրելու կարողություն:

Ջոն Իրվինգ «Գինեգործության կանոնը» 
Սա վեպ է, որի մասին երկու խոսքով չես կարող պատմել: Առաջին հայացքից սա պատմություն է ընտանիքի մասին, որի յուրաքանչյուր անդամ փորձում է իր տեղը գտնել այս տարօրինակ աշխարհում: Իսկ ավելի խորը դիտելով՝ սա հենց կյանքն է՝ իր բոլոր դրսևորումներով՝ ոչ միշտ ճիշտ, երջանիկ, բայց միշտ հիասքանչ:



Ջեննի Դաունհեմ  «Քանի դեռ ողջ եմ» 
Գրքի տասնվեցամյա հերոսուհին նոր-նոր է սկսում ապրել և ցանկանում է ամեն ինչ հասցնել կյանքում: Այդ պատճառով նա իր ցանկությունների ցուցակն է կազմում և անցնում գործի: Այս անկեղծ վեպը կարծես կանգնեցնում է ժամանակը՝ հիշեցնելով այն մասին, որ հարկավոր է գնահատել կարևորը, բաց չթողնել պահը, վայելել այն բոլոր արկածները, որ տալիս է կյանքը ամեն օր:


Ջերոմ  Ք. Ջերոմ  «Երեքը մի նավակում, չհաշված շունը»
Անցնում են ժամանակները, փոխվում են դարերը, բայց ընթերցասերները առաջվա նման չեն կարողանում կտրվել այս անհավանական պատմվածքից, որը պատմում է երեք անհոգ ամերիկացիների ճանապարհորդության մասին, որն անցնում է Թեմզա գետով: Գիրքը՝ համեմված դասական, բրիտանական հումորով, իսկական դեղամիջոց է տխրության դեմ:
 
Ջոան Հարիս  «Մոշի գինի»
 Սա հուզիչ հեքիաթ է մեծերի համար: Գիրքը սեփական «ես» ը գտնելու, փոփոխությունների մասին է:  Գիրքը պատմում է այն մասին, որ կախարդանքը մեզ շրջապատում է միշտ և ամենուրեք, հարկավոր է պարզապես այն տեսնել: Գլխավոր հերոսի այս հետաքրքիր  պատմությունը, ով  գնում է գյուղ ինքն իրեն և իր երջանկությունը գտնելու, կարող է ոգեշնչել շատերին իրենց կյանքում ինչ որ բան փոխել և կյանքին փոքր ինչ թեթև նայել:




Դեվիդ Միտչել  «Ամպամած քարտեզ» 
Այս վեպը հարկավոր է կարդալ առանց շտապելու: Այն հարկավոր է վայելել ինչպես անզուգական սիմֆոնիան: Այս գիրքը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա յուրովի: Այն նման է խճանկարի, որից տարբեր մարդիկ տարբեր պատկերներ են ստանում: Գրքում առկա են հրաշքներն ու միստիկան:



Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը