суббота, 12 июля 2014 г.

Ֆրանսիական լուսավորականությունը և մատերիալիզմը



«Ողբերգական է այն ազգը, որ իր քաղաքացիների դաստիարակությունը վստահում է տերտերներին»:
Հելվեցիուս
«Ազգի թշնամին գտնվում է պետության մեջ, եւ ժողովուրդը իրավունք ունի տապալելու այդպիսի իշխանությունը»:
Հոլբախ



18-րդ դարում Եվրոպական երկրների հոգեւոր եւ քաղաքական կյանքը ցնցվում է: 1818թ. Փարիզում բեմադրվում է Ֆրանսուա Մարի Արուն Վոլտերի (1694-1778) «էդիպ» ողբերգությունը, իսկ 1821թ. անանուն լույս է տեսնում Շառլ Մոնտեսքյոյի (1689-1755) «Պարսկական նամակները», որոնց մեջ հնչում են ազատախոհական, սուր քննադատա­կան, հակամիապետական, հակակղերական եւ հակաֆեոդալական գաղափարներ: Ֆրանսիայում 18-րդ դարի կեսերին այդ գաղափարախոսությունը վերածվում է հասարակական-քաղաքական ուղղության ու շարժման` ուղղված հասարակական կյանքի արատների ու թերությունների վերացմանը, մարդկանց կենցաղի, բարքերի եւ քաղաքականության աշխարհիկ արմատական վերափոխմանը: Այդ շարժման ու գաղափարախոսության հիմքում ըն­կած արդարության, ազատության, սոցիալական հավասարության եւ եղբայ­րության կարգախոսներն ու իդեաները, որոնք արագորեն տարածվում են եվրոպա­կան այլ երկրներ:
Մոնտեսքյո
Վերոհիշյալ կարգախոսներով այդ շարժումը հայտնի է Լուսավորականություն անվամբ: Հասարակական կյանքի արմատական վերաիոխմսւն հիմնական միջոցը ըստ Վոլտերի, Մոնտեսքյոյի, Ռուսոյի, Հերդերի, Շիլլերի ու Գյոթեի, լուսավորության տարածումն էր, տգիտությունից ազատելը, գիտության եւ աշխարհիկ արվեստի ու փիլիսոփայության հաստատումը, պայքարը տիրապետող գաղափարախոսության եւ եկեղեցու դեմ եւ վերջապես գիտելիքի փառաբանումը: Ֆրանսիայում լուսավորականությունը միավորեց «երրորդ դասի» ամենաառաջադեմ մտածողներին` մշակույթի բոլոր բնագավառներից: Այդ միավորումը հնարավոր դարձավ շնորհիվ գաղափարական-փիլիսոփայական այն տեսության, որի իդեալներն ու սկզբունք­ները համակել էին ժամանակի բնագետներին, քաղաքական գործիչներին, իրավաբաննե­րին, պատմաբաններին, գրողներին, արվեստագետներին ու փիլիսոփաներին: Այդ իդեալ­ներն ու գաղափարներն էին.
ա. Բանականության գերակայությունը հավատի նկատմամբ,
բ. Եկեղեցու, նրա գաղափարների կատաղի քննադատությունը,
գ. Տիրապետող միապետական-բռնապետական քաղաքական կարգերի քննադատութ­յունը եւ արմատապես փոխելու պահանջը,
դ. Հումանիզմի եւ ազատախոհության համար անմնացորդ պայքարը:
Փիլիսոփայության բնագավառում Ֆրանսիական Լուսավորականության փիլիսոփայությունը բնութագրվում էր հակակղերական, երբեմն հակաաստվածաբանական, աթեիս­տական ուղղվածությամբ, բնագիտության եւ փիլիսոփայության անխզելի կապերով, հումանիստական-սոցիալական կողմնորոշմամբ եւ հասարակական առաջադիմության հիմնախնդիրների մարդասիրական լուծման ձգտումներով` «քաղաքացիական հասարակության լավացման» ուղիների մշակմամբ:
Փիլիսոփայության բնագավառում այդ շարժումը սկսվեց Պիեռ Բեյլի (1644-1706) «Փիլիսոփայական մեկնաբանություններ» եւ «Պատմական ու քննական բառարան» աշխատություններով: Չնայած կրոնի նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքին, Բեյլը խստագույն քննադատության է ենթարկել կրոնական սնոտիապաշտությանը, քրիստոնեության բերած աղետները, նրա պատճառած վնասները, այլախոհների ոչնչացման կոր­ծանարար ազդեցությունը պատմության ու գիտության զարգացման վրա: Ի վերջո նա հռչակում է, որ բնածին բանականությունը աներեր դատավոր է ամեն մի իմացության, իսկ աստվածաբանությունն ու հավատը ենթակա են փիլիսոփայական բա­նականությանը: Շ.Մոնտեսքյոն իր «Օրենքների ոգու մասին» աշխատության մեջ սուր քննադատել է ֆրանսիական իրավա-քաղաքական կարգերը: Իր բնական եւ պոզիտիվ օ­րենքների մասին ուսմունքի մեջ Մոնտեսքյոն քննադատում է Հոբսի այն միտքը, որ մարդ­կանց բնական վիճակում ոչ թե «բոլորը պատերազմի մեջ են» բոլորի դեմ, այլ առաջին սկզբունքը խաղաղությունն է: Պոզիտիվ օրենքները, ըստ նրա, պետք է լինեն մարդկանց` իբրեւ քաղաքացիների, միջեւ սոցիալ-քաղաքական եւ իրավական հարաբերությունների արտացոլումներ: Հասարակության զարգացման հարցերում նա աշխարհագրական դետերմինիզմի ուղղության հիմնադիրն է: Կլիմայի իշխանությունը, ըստ նրա, ամենաու­ժեղն է բոլոր իշխանություններից: Բնության նման հասարակությունը եւս զարգանում է որո­շակի օրենքներով` կախված տվյալ երկրի աշխարհագրական դիրքից, բնակչության թվից, եղանակից, տարածքի մեծությունից: Եղանակ, հող եւ տարածք, ահա այն գործոնները, ո­րոնք կանխորոշում են հասարակական զարգացման ընթացքը:
Ֆրանսուա Վոլտերը ֆրանսիական լուսավորականության առաջնորդ հայրերից մեկն է: Իր գրական-գեղարվեստական, պատմա-մշակութա-փիլիսոփայական ժառանգության մեջ Վոլտերը հսկայադեմ կանգնած է իբրեւ եկեղեցու եւ կրոնական աշխարհայաց­քի անհաշտ քննադատ, իբրեւ բնագիտության եւ լուսավորական փիլիսոփայության տարածող: Աստված «Գերագույն մեխանիկ» է  եւ «Բարձրա­գույն բանականություն»:  Եթե Աստված չլիներ,ըստ Վոլտերի, Նրան հարկավոր էր հորինել: Աստված ուրիշ է Վոլտերի համար, կրոնն ու եկեղեցին` ուրիշ: Կրոնը ծագում է ֆանատիզմից, խաբեբայությունից ու տգիտությունից. Եկեղեցին ոչ միայն քողարկում է կրոնի հակամարդկային էությունը, այլեւ այն ներկայացնում աստվածային էությամբ, այ­նինչ Աստված արարել է այն եւ հանձնել մարդկանց դատին: Վոլտերը հանգամանորեն է վերլուծել մարդու ազատության, նրա ակտիվության եւ  վարքի հիմնահարցերը հումանիզմի, ազատախոհության եւ լուսավորության տեսանկյունից: Մարդը հասարակական էակ է, ապրում է հասարակության մեջ եւ ցուցաբերում  վար­քի կանոններ: Մարդիկ պետք է հավասար լինեն մասնավոր սեփականության հիմքի վրա` անընդհատ ծաղրելով Ռուսոյին, իբր մարդկանց սոցիալա­կան անհավասարության արմատները թաքնված են մասնավոր սեփականատիրական հա­րաբերությունների մեջ: Վոլտերը հասարակության բնականոն եւ ներդաշնակ գոյության ու զարգացման հիմքերը տեսնում է սոցիալական ու գույքային անհավասարության մեջ: Նա պիտի շարունակեր ծաղրել Ռուսոյին, որը մարդկությանը կոչ էր անում «չորեք­թաթ վերադառնալ բնական վիճակին» եւ «սողալ դեպի կուսական անտառը»: Այս իդեալնե­րով է Վոլտերը խոսել մարդու ազատության մասին, որը սոսկ կամքի ազատություն է: Այն անհրաժեշտորեն պետք է սահմանափակվի համաշխարհային ներդաշնակ կարգ ու կանոնի պահանջներին համապատասխան: Իսկ հասարակության վերափոխման եւ առաջադիմական հասարակարգ ստեղծելու համար պարտադիր եւ անհրաժեշտ է կրթված «Լուսավորյալ» կառավարիչ-տիրակալ:
Ժան Ժակ Ռուսո
Ժան Ժակ Ռուսոն  /1712-1778/ Ֆրանսիական լուսավորականության ամենահզոր եւ  ամենաականավոր ներկայացուցիչն ու անհանգիստ տեսաբանը ժան ժակ Ռուսոն է:   Ռուսոն արմատախիլ է արել ֆրանսիական սոցիալական, քաղաքական, բարոյագիտական, հոգեբանական եւ մանկավարժական կյանքի վերաբերյալ արմատացած   հայացք­ները, դրանք ենթարկել սրաթափանց եւ հեղափոխական քննադատության: Երիտասարդ Ռուսոն իր «Խորհրդածություն գիտությունների եւ արվեստի մասին» (1750) ատենախոսութ­յան եւ «Բարքերի վրա գիտությունների ազդեցության մասին» աշխատության մեջ պաշտ­պանում է այն հայեցակետը, որ ժամանակակից քաղաքականությունը անհավասա­րության քաղաքականություն է,    իսկ գիտությունների զարգացումը չի նպաստում բարքերի զարգացմանը: Մշակույթը, ըստ Ռուսոյի, ոչ թե կատարելագործում, այլ վատ­թարացնում է հասարակական բարքերը: Նա ելնում է այն սկզբունքից, որ հասարակական կյանքի հիմքը մարդկանց «մարմնական պահանջմունքներն են», ի հակակշիռ  «հոգեւոր պահանջմունքների»: Դրանք առաջինների սոսկ զարդարանքն ու շքեղութ­յունն են: Հոգեւոր մշակույթը, գրել է նա, ունեւորների սեփականությունն է, սոցիալական չա­րիքներից մեկն է, որովհետեւ առաջացնում է մարդու թվացողություն, քան այն, ինչ կա մար­դը իրականում: Ռուսոյի մեծագույն ավանդը սոցիալ-փիլիսոփայական մտքի գանձարանում սոցիա­լական անհավասարության մասին ուսմունքն է: Նա հաստատ համոզված է, որ ոչ միայն իր ժամանակի Ֆրանսիայի, այլեւ ապրած դարաշրջանի մեծագույն ողբերգություննե­րի, հակասությունների ու չարիքների պատճառը սոցիալական անհավասարությունն է: 1755թ. գրած իր «Խորհրդածություններ մարդկանց միջեւ անհավասարության ծագման ու հիմքերի մասին» աշխատության մեջ Ռուսոն քննադատորեն վերլուծում է այն ծնող պատ­ճառները, գույքային անհավասարության ծագումը, պետության ծագումը, որպես գույքային անհավասարության պայմաններում արդա­րության եւ խաղաղության երաշխիք, օրինական իշխանության փոխարինումը բռնապետությամբ: Այս պատճառները մարդկանց միջեւ ծնել են սոցիալական-գույքային ասհավասարություններ, հարաբերություններ եւ կախվածություն, շահերի հակասություններ, մրցակցություն, մեկը մյու­սի հաշվին հարստանալու ծարավ, որոնց պատճառով հասարակության բնական վիճակը վերածվել է «թշնամության, սարսափելի վիճակի»: Որն է ելքը: Հասարակությունը սոցիալ-քաղաքական զարգացման ինչպիսի ուղիով պետք է ընթանա մարդկանց միջեւ հավասարության եւ ազատության հիմնախնդիրները լուծելու համար: Այս հարցերի պատասխանները մենք գտնում ենք նրա «Հասարակական դաշինք» (1762) աշխատության մեջ: Մայրուղին, որով անցնելու է սոցիալական հավասարության եւ ազատության հասարակարգը, կառուցվելու է «հասարակական դաշինքի» սկզբունքնե­րով: Ռուսոն ստեղծել է պետական կաոուցվածքի վերաբերյալ մի տեսություն, որտեղ պե­տությունը պետք է ղեկավարի «միավորյալ ժողովուրդը»: Այդ «միավորյալ ժողո­վուրդը» երկրի միակ կառավարիչ «Գերիշխանն» է` հասարակական դաշինքի հիմքի վրա: Այն կարող է լինել միակ օգտակար կառավարողը, հասարակական բոլոր անդամների հա­վասարության եւ ազատության երաշխիքը: «Միավորյալ ժողովուրդը» կարիք չունի ոչ մի այլ երաշխիքի, որովհետեւ «անհնար է, որ մարմինը ցանկանա վնասել իր բոլոր անդամներին»: Պետության եւ իշխանության այդպիսի ձեւի հիմնական նպատակը լինելու է բոլորի բա­րեկեցության ապահովումը: ճիշտ է, ընդգծում է Ռուսոն, մարդը կորցնում է իր ազատութ­յունը, բայց շնորհիվ «միավորյալ ժողովուրդի» «ընդհանուր կամքի» նա ձեռք է բերում  «քաղաքացիական ազատություն», որը ըստ էության մարդկային ազատության բարձ­րագույն ձեն է: Այն (քաղաքացիական ազատությունը) չպետք է շփոթել մարդու «բնական վիճակի» ազատության հետ: Այն մարդկանց կողմից «հասարակական դաշինքով» ամրա­կայված օրենքներին բոլորի հավասար եւ ազատ ենթարկվելն է: ժան ժակ Ռուսոյի այս ուսմունքը ֆրանսիական Մեծ հեղափոխության ամենազրնգուն կոչնակը դարձավ, իսկ նրա ղեկավարների համար` «Սուրբ գիրքը»:
Ֆրանսիական Լուսավորականության մեջ իրենց ուրույն տեղն ունեն լուսավորական մատերիալիստական եւ ընդգծված աթեիստական հստակ ուղղվածություն ունեցող Դենի Դիդրոյի (1713-1784), ժյուլիեն Օֆրե դե Լամեթրիի (1709-1751), Կլոդ Ադրիան Հելվեցիուսի (1715-1771) եւ Պոլ Հոլբախի (1723-1789) փիլիսոփայական ուսմունքները:
Ֆրանսիական լուսավորական փիլիսոփայությունը միավորող գաղափարները կապված են այն մտքերի հետ, որ բնությունը անստեղծ է եւ հավերժական: Այն հավիտենական շարժման ու փոփոխության մեջ է եւ գործառնում է բնական անհրաժեշտությամբ: Մարդը բնության մասնիկ է եւ չի կարող դուրս մնալ բնական անհրաժեշտության օրենքների գործողություններից: Մարդու ազատությունը նախապես կանխորոշված է: Բայցևայնպես, մարդը բնության զարգացման արդյունքն է, նրա էվոլյուցիայի ամենագեղեցիկ արգա­սիքը: Բնության այդ «թագն ու պսակը», ըստ նրանց, զուտ բնական էակ չէ: Մարդու մարդկայնացման պրոցեսում վիթխարի դեր են կատարել աշխատանքը, լեզուն, շփում­ները, վերջապես կրթությունն ու դաստիարակությունը: Դեռ ավելին, հասարակական կյանքի բարեվախճան գործում հսկայական դեր ունի լուսավորության եւ գիտության տարա­ծումը:
Պոլ Հոլբախ
Լամեթրինմարդու որակական առավելությունները կենդանիների նկատմամբ կա­պում է լեզվի, կրթության ու դաստիարակության հետ: Քննադատելով Ռուսոյի դաստիա­րակության մասին ուսմունքը, Հելվեցիուսը գտնում է, որ մարդու դաստիարակության միակ միջավայրը հասարակությունն է, սոցիալական միջավայրն է:  «Ինչպիսին դաստիա­րակությունն է, այնպիսին էլ մարդն է: Եվ եթե մարդը դաստիարակության արդյունք է, իսկ դաստիարակությունը` սոցիալական միջավայրի, ապա անհրաժեշտ է ստեղծել իդեալական դաստիարակության ուղիներն ու մեխանիզմները: Նախ, դաստիարակողը պետք է դաստիարակված լինի:
«Ողբերգական է այն ազգը, -գրել է Հելվեցիուսը,- որ իր քաղաքացիների դաստիարակությանը վստա­հում. է տերտերներին»: Եվ եթե մարդը սոցիալական միջավայրի արդյունք Է, ապա պետք Է փոխել այդ միջավայրը, պետք Է կառուցել ացիալական արդարության եւ հավասարության հասարակարգ, իսկ դրա համար անհրաժեշտ Է կրթել մարդկանց, ստեղծել իդեալական օրենսդրություն, ազնիվ եւ առաքինի օրենսդիրներով իշխանություն, հասարակական շահի գերակայության համար պայքարող լուսավորյալ կառավարություն:
Պոլ Հոլբախը իր հետմահու հրատարակված «Բնության համակարգը» աշխատությամբ ցնցում Է ողջ Եվրոպան: Վոլտերը այս առիթով Դալամբերին գրում Է, որ «Բնության համակարգը» Եվրոպայում խլում են միմյանց ձեռքից, եւ որ մարդու կերպարանքով սա­տանան հրատարակել է մի աշխատություն, որի ամեն մի էջում ապացուցվում է աստծո անգոյությունը: Անվերապահորեն զարգացնելով բնության մատերիալիստական ուսմունքը, Հոլբախը գտնում Է, որ մատերիան գործում է սեփական ուժերով եւ արտաքին ոչ մի հարվածի կարիք չունի...մատերիան ինքն է իր պատճառը, իսկ բնությունը պատճառահետեւանքային վատ ազդեցությունների անվերջանայի շղթա է: Հոլբախը մարդուն դիտում Է բնության Էվոլյու­ցիայի արդյունք` իր մատերիական էությամբ: Սակայն իր ապրած դարաշրջանի մարդը դժբախտ է եւ իր գրքի նպատակը, նրա մտահղացմամբ, «այն միակ ճանապարհի հայտնագործումն է, որը կարող է մարդուն հասցնել իր ձգտումների նպատակին` երջանկությանը»: Այս հայեցակետից, ըստ Հոլբախի, հասարակության նպատակը պետք է լինի մարդու եր­ջանկության կերտումը: Իսկ սա հնարավոր է, եթե ստեղծվի այնպիսի հասարակություն, որ­տեղ սեփական երջանկության համար անհրաժեշտ է մտածել երջանկության մասին ընդհանրապես:
Իր ժամանակի Ֆրանսիայում, իշխանությունը դավաճանել է ինքն իրեն եւ իր կոչմանը եւ վերածվել ժողովուրդի (հպատակների) ամենամեծ դժբախտությունների պատճառի: Նա դաժան քննադատության է ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեծարել ու փառաբանել են Ալեքսանդր Մակեդոնացուն եւ Հուլիոս Կեսարին: Պատմությունը այլ ընթացք կունենար, եթե միապետները լինեին խելացի, «լուսա­վորյալ» եւ մարդասեր: Ազգի թշնամին, ըստ Հոլբախի, գտնվում է պետության մեջ, եւ ժողովուրդը իրավունք ունի տապալելու այդպիսի իշխանությունը: Այդպիսի իշխանության գլխավոր պատճառը համարելով եկեղեցին եւ կրոնը, Հոլբախը իր «Սրբերի համայնապատկեր» աշխատության մեջ գրել է, որ դրանք կուրացնում են ինչ­պես հպատակներին, այնպես էլ միապետներին: Եկեղեցին միապետին հռչակում է «բարձր» դասի ներկայացուցիչ, իշխանությունը Աստծուց ստացած անձի, ով իր հերթին աջակցում է եկեղեցու հզորությանն ու անսասանությանը, վարձահատույց լինում նրան: Որն է ելքը, ինչպես վերակառուցել հասարակությունը: Ցավոք, Հոլբախը այս հարցե­րին տալիս է իդեալիստական պատասխան: Բոլորի երջանկության համար պայքարող «լուսավորյալ» միապետը պարտավոր է գործել բանականության եւ արդարության  սկզբունքներով, փիլիսոփաների խնամակալությամբ ու դաստիարակությամբ, ղեկավարվել եկեղեցուց անկախ եւ մարդկանց սոցիալական փորձի իմաստավորման ընթացքում արմա­տացած բարոյական նորմերով: Անհրաժեշտ է առանձնացնել «առանձին բարոյականութ­յունը» եւ «բարոյականության թագավորությունը» «երկրորդ բարոյականությունից» եւ «երկ­րորդ թագավորությունից»:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից