пятница, 11 июля 2014 г.

Գյումրու Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի. Պլպլան ժամ



Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցին գտնվում է այժմյան Տերյան և Նալբանդյան փողոցների հատման տեղում, կառուցվել է 1875-1880թթ. հայկական փոքր եկեղեցու տեղում` Կումայրու հին գերեզմանոցի շրջակայքում (ներկայիս Գորկու զբոսայգի): Գերեզմանոցից շուրջ 2 հա այն կողմ կառուցվել է նոր գերեզմանոց, որտեղ ամփոփում էին ռուս զինվորականներին, բարձր պաշտոնյաներին և չինովնիկներին: Գերեզանատունն հայտնի է «Պատվո բլուր» (Холм Чести) անվամբ: Այն կառուցվել է 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով:[1] Վերոհիշյալ հայկական փոքր եկեղեցին չի նշվում ոչ մի այլ աղբյուրում, սակայն «Պատվո բլուրի» 1880-ական թվականների նկարներում գերեզմանոցի տարածքում տեղակայված է կոնաձև գմբեթով հայկական փոքր եկեղեցի: Դրա կողքին հազիվ նշմարելի մի կառույց ևս կա` սֆերիկ գմբեթով: 
Պատվո բլուրը 1880-ականներին
Նշվում է նաև, որ Պլպլան ժամը կառուցվել է 1875-1880թթ., մինչդեռ պահպանված լուսանկարները թվագրված են 1880-ականների սկզբներով և դրանցում ժամատունը չկա: Ստացվում է, որ` կամ նախքան ժամատունը կառուցելը դրա տարածքում իսկապես եղել է հայկական եկեղեցի, կամ Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցին նախկինում ունեցել է կոնաձև, հնարավոր է նաև սֆերիկ գմբեթ: Կա մեկ այլ տարբերակ ևս. ժամատան կառուցման թվականները աղբյուրներում սխալ են պահպանվել: Փաստորեն, «Պատվո բլուրի» տարածքում, ըստ պահպանված լուսանկարի, եղել է երկու պաշտամունքային կառույց, և եթե դրանցից մեկը վերափոխված Պլպլան ժամն է, ապա մյուսը հիմնովին քանդել են` աղբյուրներում չթողնելով և ոչ մի տեղեկություն: Լուսանկարը թույլ է տալիս անել մեկ այլ ենթադրություն ևս. գերեզմանատունը շրջապատող դարպասները եկեղեցուց բավականին հեռու են տեղակայված, մինչդեռ այժմ եկեղեցին դարպասին ու պատերին կից է: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ կամ երկու եկեղեցիները քանդվել են և նոր ժամատունը կառուցվել է դրանցից քիչ հեռու, կամ փոխել են պատերի ու դարպասների դասավորվածությունը: Առավել հավանական է թվում երկրորդ դիտարկումը, քանի որ, ինչպես նշվեց նախորդ էջերում, եկեղեցիների մեծամասնությունը միշտ կառուցվում է նախկին պաշտամունքային կառույցի տեղում, և Պլպլան ժամը ևս բացառությունը չէ:
Պատվո բլուր համալիրի ընդհանուր նախագիծը
    2010թ. «Պատվո բլուրը» վերանորոգվում է: Վերջինիս հետ վերաբացվում է նաև Սբ. Միքայել հրեշտակապետի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատունը: Եկեղեցին գերեզմանատան հետ կազմում է մի ամբողջական համալիր, որը կառուցված է ՌԴ Ուլյանովսկ քաղաքի ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով: Մինչ համալիրի վերանորոգումը եկեղեցու տարածքում տնակներով զբաղեցված հողատարածք էր` երկրաշարժին կացարաններ կորցրած գյումրեցիներով բնակեցված: Վերանորոգումից հետո համալիրի տարածքում` պատի դիմաց, որի վրա փորագրված են 155 զոհերի անունները, կանգնեցվել է 13մ բարձրությամբ հուշակոթող` «Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին» խորագրով (քանդակագործ` Բորիս Միկեշին): Սա 1910թ. Կարսում կանգնեցված հուշակոթողի կրկնօրինակն է` բացառությամբ թուրքական կիսալուսնով դրոշի:[2]
«Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին» հուշակոթողը և Գյումրու հուշակոթողը
     Հայաստանի տարածքում բոլոր ժամանակներում, բացի Ալեքսանդրապոլի եկեղեցիներից, ընդհանուր առմամբ կառուցվել է ևս 12 ռուսական եկեղեցի: Դրանք գտնվել են Երևանում, Հանքավանում, Վանաձորում, Արզնիում: Սբ. Նիկոլայ հրաշագործին են նվիրված նաև Երևանի Սբ. Նիկոլայ հրաշագործի եկեղեցին (1894թ.վերջինիս տեղում այժմ Ստ. Շահումյանի արձանն է) և Լոռու մարզի Ամրակից գյուղի (Նիկոլաևկա) եկեղեցին, որտեղից 2009թ. Գյումրու Սբ. Ալեքսանդրա եկեղեցուն են նվիրաբերվում մի քանի սրբանկարներ:[3]

    Գյումրու փոքրիկ ժամատունը կրում է Միքայել հրեշտակապետի անունը, ով դասվել է սրբերի շարքը: Ռուսաստանի տարածքում Սբ. Միքայել հրեշտակապետի անունով եկեղեցիներ կան Տոլյատիում, Բելուխայում, Սլավյանկայում, Կոտովոյում, Տվերում, Խարկովում և այլ քաղաքներում: Սբ. Միքայել հրեշտակապետի անունով եկեղեցի գործել է ՀՀ Լոռու մարզում ևս (1875թ.): Ժամատունը կառուցված է տեղական սև սրբատաշ քարով: Շողացող թիթեղյա գմբեթի պատճառով գյումրեցիները այն անվանում են «Պլպլան ժամ»: Եկեղեցին օծվել է 1886թ. Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից: Ժամատունը խորհրդային կարգերի հաստատումից հետո  փակվել է, 1980-ականներին ծառայել  որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան: 1988թ. երկրաշարժից շինությունը մեծ վնասներ է կրում: Արդյունքում ոչնչանում են նաև ցուցադրության նմուշները: 1997թ. ժամատունը դարձել է ռուսական ուղղափառ եկեղեցի` Սբ. Նիկոլայ հրաշագործի անունով:[4] Սակայն մինչ օրս Պլպլան ժամը հիշատակելից բոլորն այն անվանում են Միքայել հրեշտակապետի անունով:
Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցին
  Ժամատունը չափերով մեծ չէ, սակայն աչքի է ընկնում իր ճարտարապետական տարրերով: Կենտրոնագմբեթ է հորինվածքը։ Եկեղեցին քառակուսի հատակագծով շինություն է,  դրսի կողմից չորս անկյուններին միացած հաստ, աստիճանաբար նեղացող հենապատերով: Հարավային և հյուսիսային կողմերից աստիճանները տանում են դեպի երկու մուտքեր, որոնցից օգտագործվում է միայն դեպի բակ բացվող դուռը: Եվս մեկ դուռ կա ժամատան   արևմտյան կողմից:
Պլպլան ժամի գծագրերից
 Պլպլան ժամի հյուսիսային ճակատի պատին ռուսերենով  գրված է հետևյալ արտահայտությունը` «Здесь цартсво мира и покоя»: Արևմտյան և արևելյան ճակատները լուծված են միանման: Գլխավոր մուտքի երկու կողմերից եկեղեցուն կից մոտ 3մ երկարությամբ պատ է կառուցված, որի աջ և ձախ կողմերից դեպի «Պատվո բլուր» հուշահամալիր բացվող դարպասներ են: Ժամատունը լուսավորվում է յուրաքանչյուր պատի երկուական լուսամուտներով:
     Պլպլան ժամն իր «Հայկական ճարտարապետության պատմություն» գրքում հիշատակում է նաև Վ. Հարությունյանը: Նա եկեղեցին անվանում է «դասական մատուռ»: ճարտարապետը նշում է նաև Կազաչի պոստի և Սեվերսկիի ռուսական եկեղեցիները, որոնց ճարտարապետ ենթադրաբար համարում է Վ. Զ. Միրզոյանին:[5]


[1] http://www.patriarchia.ru/db/text/1252961.html. Русская Православная Церковь, На мемориальном кладбище «Холм Чести» в Гюмри освящена часовня в честь святого Архистратига Михаила. վերցված է 2014թ., մարտի 10:
[2] http://www.blagovest-info.ru/index.php?ss=2&s=3&id=36183. Наринэ Киракосян, Армения: в Гюмри освящена православная часовня св. Архистратига Михаила. վերցված է 2014թ., մարտի 17:
[3] http://russian-church.ru/viewpage.php?cat=armenia&page=6. Во имя святителя Николая Чудотворца храм-часовня. վերցված է  2014թ., մարտի 10: 
[4] http://russian-church.ru/viewcat.php?cat=armenia. վերցված է  2014թ., մարտի 20: 
[5] Վարազդատ Հարությունյան-« Հայկական ճարտարապետության պատմություն», «Լույս»  հրատարակչություն, Երևան, 1992, էջ 504:



Գոհար Նավասարդյան
հատված  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»