четверг, 5 июня 2014 г.

Կումայրու բազիլիկ եկեղեցին (VIIդար)



Հայկական միջնադարյան ճարտարապետության ժառանգության մեջ Գյումրին ներկայանում է իր VII դարի բազիլիկ եկեղեցով: Այն գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառում, Անի մայրաքաղաքից հյուսիս, համանուն գյուղում: Աշխարհագրական ճշգրիտ դիրքը վերջնականապես չի ճշտված: Նրա մնացորդները պետք է փնտրել Գյումրու մոտ գտնվող Չերքեզի ձորում: Այստեղ բլրի վրա եղած հին վանքը կանգուն է եղել մինչև 1837թ., երբ Գյումրին կոչվեց Ալեքսանդրապոլ և համարվեց բերդաքաղաք: Վանքն իր շրջապատով ընկավ նոր կառուցվող բերդի տարածքի մեջ և 1852թ. իշխանությունն այն վերջնականապես քանդել տվեց` տեղում կառուցելով զինապահեստ:[1] Եկեղեցու հիմնաքարերը գտնվում են Չերքեզի ձորի արևելյան լանջին, ներկայիս Սարգսյան փողոցից հարավ ընկած տարածքում (նախկին բուսաբանական այգի): Նախկինում Դպրեվանքի տարածքի ձորը, որն այժմ անվանում են «Չերքեզի», կոչվել է «Դպրեվանքի ձոր»:
Դպրեվանքի հիմնաքարերը
Ճարտարապետ Սարգիս Մաթևոսյանը եկեղեցին տեղադրում է «Չերքեզի» և «Մխչոնց» ձորերի միջև բարձրացող բլրաթմբի արևահայաց լանջերին: Նա նշում է, որ տվյալ տարածքում 1867թ. ջրի ճանապարհ բացելիս հայտնաբերվել են բազիլիկ եկեղեցու հիմնապատեր: Չերքեզի ձորի տարածքում ուսումնասիրողները տեղակայում են նաև հնագույն Իրդանիուն` ներկայիս Գյումրին: Կարելի է եզրակացնել, որ Դպրեվանքի տարածքում պաշտամունքային կառույց է եղել դեռևս Վանի թագավորության շրջանում, քանի որ հավանական է այն վարկածը, թե սրբավայրերի մեծամասնությունը կառուցվում, վերակառուցվում է նախկինի տեղում:
Հայաստանի տարածքում շատ են այն եկեղեցիները, որոնք կառուցվել են նախկին մեհյանների տեղում: Շիրակում այս առումով առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում գյուղերի սրբավայրերը, որոնք հիմնականում տեղակայված են սարերի լանջերին կամ գագաթներին: Ուշադրության է արժանի Մեծ Սեպասար (նախկին Շիշթափա) գյուղի սրբավայրը, որը կառուցվել է նախկին մեհյանի տեղում: Այժմյան սրբավայրի շրջակայքում պեղումների արդյունքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է հայտնաբերվել, մատուռի հարևանությամբ` պաշտամունքային սենյակ`զոհաբերված գայլերի գլուխներով:[2] Այս փաստը, ինչպես նաև Շիրակի մի քանի քրիստոնեական մատուռ-սրբավայրեր դարձած մեհյաններ վկայում են այն մասին, որ Կումայրու տարածքի եկեղեցին ևս նախկինում կարող էր լինել հեթանոսական պաշտամունքային վայր:
Կումայրու բազիլիկի հատակագիծը
Ղ. Ալիշանը Դպրեվանքը թվագրում է 756 թվականով և նշում նաև գերեզմանի մասին. «…և ի պեղելն զձորափն` յայտնեցաւ եկեղեցեակ մի աւեր չորիւք փոքրիկ մատրամբք յանկիւնսն, և գերեզմանք առ նովաւի միումի մատրանցն կամ ավանդատանց գոյր հայ թուական «Թվ. ՄԵ» (756). ևի միում տապանաքարի սակաւ բառքս. Ի պետութեան…..Քրիստոս, հասարակաց ողորմես…..»:[3] Ալիշանի թվագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է VIII դարում, մինչդեռ մյուս բոլոր աղբյուրներում Կումայրու բազիլիկը համարում են VII դարի կառույց: 2009թ. Գյումրու քաղաքապետարանի հրատարակած «Գյումրի. Քաղաքը և մարդիկ» գրքում նշվում է, որ Դպրեվանքի եկեղեցիներից մեկը կառուցված է V, մյուսը` VII դարում:[4] Մյուս բոլոր աղբյուրներում եկեղեցին անվանվում է «Կումայրու բազիլիկ»: Ոչ մի այլ աղբյուրում չի նշվում, որ Դպրեվանքն իրականում մեկ եկեղեցի չէ կամ որ Կումայրու բազիլիկի հարևանությամբ եղել է ևս մեկ եկեղեցի: Միայն այս գրքում ու «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում» է նշվում «Դպրեվանք» անունը: Դպրեվանքն իրականում վանական համալիր է` բաղկացած երկու եկեղեցիներից: Սակայն, կա մեկ հանգամանք ևս, որը մտածելու տեղիք է տալիս. եթե վանքն ունեցել է երկու եկեղեցի, ապա պեղումների ժամանակ ինչու՞ չի հայտնաբերվել երկրորդը` թեկուզ ավերված:
Հայկական Սովետական հանրագիտարանում Դպրեվանքի փոխարեն Կումայրու VII րդ դարի կառույցների շարքում հիշատակվում է մի քառամույթ գմբեթավոր եկեղեցի, որի անունը նշված չէ: Այն ունի պայտաձև հատակագծով ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է:[5] Նկարագրվող եկեղեցին, ըստ երևույթին, հենց Դպրեվանքի եկեղեցիներից մեկն է: Այն քառամույթ գմբեթավոր եկեղեցի է: Նման հորինվածքի ձևավորման հիմքը տրանսեպտավոր բազիլիկն է: Եկեղեցական շենքերի այս տիպը VII դարում լայնորեն կիրառվել և հասել է կատարելության:
Որոշ աղբյուրներում Կումայրու բազիլիկ եկեղեցին համարում են Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցու օրինակով կառուցված պաշտամունքային կառույց:[6] Պատճառը երևի թե այն է, որ 935թ. Աբաս Բագրատունին հիմնովին վերակառուցում է Դպրեվանքը: Պատմիչ Սամվել Անեցու վկայությամբ` 931թ. նա կառուցում է Կարսի Առաքելոց եկեղեցին ևս: Դժվար չէ եզրակացնելը, որ գրեթե միաժամանակ նույն տարածաշրջանում կառուցված եկեղեցիները կարող էին ունենալ նույն ճարտարապետական լուծումները:
Կումայրու բազիլիկ եկեղեցու չափագրությունը
Եկեղեցու պահպանված հիմնաքարերից հնարավոր չէ եզրակացնել, թե ինչ հորինվածքի կառույց է եղել բազիլիկը, սակայն հատակագիծը թույլ է տալիս վերլուծել այն և գտնել նմանություններ քաղաքի ներկայիս բազիլիկ եկեղեցիների հետ: Կումայրու բազիլիկ եկեղեցու քառակուսաձև աղոթասրահը արևելքում ավարտվում է բեմի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով, որի երկու կողմում գտնվում են ուղղանկյուն ավանդատները։ Գմբեթը բարձրացել է ընդհանուր կառուցվածքի կենտրոնում։ Հյուսիսային ճակատից բացվող միակ դուռն ունի զույգ կիսասյունիկներով շքամուտք։[7] Հատակագծից դատելով` եկեղեցին նման է XIX դարում Ալեքսանդրապոլում կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն (Գեղցոնց ժամ): Վերջինս ևս եռանավ բազիլիկ է` խորանի կողմերում երկու ավանդատներով: Տարբերությունը, թերևս մուտքերի մեջ է: Գեղցոնց ժամն ունի երեք մուտք, գլխավորը` արևմուքտից: Կումայրու եկեղեցու միակ մուտքը հյուսիսային կողմից է:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրա­հայոց Թեմի Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Եսայի Աբովյանը նշում է, որ Կումայրու եկեղեցու տիպի վաղ օրինակ է հանդիսանում Տեկորի Սբ. Երրորդության տաճարը: Նա վերջինս համարում է գմբեթավոր եկեղեցու չորս ազատ հենա­րաններով կառույց և հավելում, որ այս կերպ են կառուցված նաև Օձունի, Մրենի, Էջմիածնի Սուրբ Գայանե, Զորի, Կումայրու, Բագավանի եկեղեցիները և ավելի ուշ՝ X դարի Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի Սուրբ Աստվա­ծածին կաթողիկե տաճարը՝ հանճարեղ ճարտարապետ Տրդատի շինությունը:[8]
Վ. Հարությունյանը Դպրեվանքը հիշատակում է որպես Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում կառուցված հուշարձան, որը գտնվում է Անիից դեպի հյուսիս: Անիի շրջանի Հայկաձոր գյուղում նա նշում է Կարմիր վանքը:[9] Մինչդեռ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում» նշված է, որ «ոմանք Դպրեվանքը նույնացնում են Շիրակ գավառի Կարմիր վանքի հետ, որի տաճարը խաչաձև, գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է»:[10]
Դպրեվանքից հետո, մինչև XIX դարի 30-ականներ, Կումայրու տարածքում ոչ մի եկեղեցի չի հիշատակվում: Իհարկե, հավանական է, որ եկեղեցի-մատուռներ քաղաքում եղել են, քանի որ Սբ. Աստվածածինը կառուցվել է նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, սակայն դրանց մասին աղբյուրներում և արխիվում ոչ մի նյութ չի պահպանվել:
[1] Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. ԲարսեղյանՀայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-1988, 2-րդ հատոր, էջ 142:
[2] http://deesim.blogspot.com/2013/07/blog-post_8739.html. Գոհար ՆավասարդյանՎաղ բրոնզեդարյան բնակատեղի Մեծ Սեպասար գյուղի տակ». վերցված է 2014թ., փետրվարի 11:
[3] Ղևոնդ ԱլիշանՇիրակ» տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 155:
[4] Գյումրի. Քաղաքը և մարդիկ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 27:
[5] Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1978, հատոր 4, էջ 548:
[6] Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. ԲարսեղյանՀայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-1988, 2-րդ հատոր, էջ 142:
[8] «Արձագանք» թերթ, 2014թ., թետրվարի 3, №2, էջ 4:
[9] Վարազդատ ՀարությունյանՀայկական ճարտարապետության պատմություն», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1992, էջ 242:
[10] Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. ԲարսեղյանՀայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-1988, 2-րդ հատոր, էջ 142:

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»