понедельник, 9 июня 2014 г.

Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին



Սբ. Աստվածածին եկեղեցին, որ Գյումրիում առավելապես հայտնի է Յոթվերք անվամբ, կառուցվել է 1882-1887թթ. նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, Գևորգ V Տփխիսեցի Սուրենյանց կաթողիկոսի (1878-1886թթ. Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ) նախաձեռնությամբ: Ոչ մի աղբյուրում նշված չէ, որ Գյումրիում նախքան  XIX դարը մատուռ-եկեղեցիներ են կառուցվել, սակայն ասվում է, որ Յոթվերքը կառուցվել է Կամսարականների կառուցած մատուռի տեղում, որտեղ և պահվել է  «Յոթ վիրաց» սրբապատկերը:[1] Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ այն կառուցվել է նախկին փայտաշեն եկեղեցու տեղում: Սակայն ոչ մի աղբյուրում որևէ նյութ չի պահպանվել Ամենափրկիչի տեղում գտնվող փայտաշեն եկեղեցու մասին: Ըստ երևույթին, նախքան քարաշեն եկեղեցիներ կառուցելը Ալեքսանդրապոլն ունեցել է իր աղոթավայրերը: Եվ եթե XIX դարի սկզբին Կումայրիում հիշատակվում է  ընդամենը մեկ եկեղեցի, ապա հնարավոր է, որ բացի դրանից գործել է նաև Սբ. Աստվածածնի տեղում կառուցված եկեղեցին: Ի դեպ, չի նշվում, որ Կամսարական իշխանների կառուցած եկեղեցին փայտաշեն է: Հնարավոր է և միանգամայն տրամաբանական, որ նրանցից հետո դարեր անց իրենց կառուցած եկեղեցին խոնարհվել է, գյումրեցիները դրա տեղում նորն են կառուցել: Այսպես լինում էր գրեթե միշտ. եկեղեցիները հաճախ են  կառուցում այնպիսի տեղում, որտեղ նախկինում դարձյալ պաշտամունքային կառույց է եղել: Այսպիսով,  հավանական է, որ Գյումրիում նախքան եկեղեցաշինության ոսկեդարը ևս կառուցվել են եկեղեցիներ:
Սբ. Աստվածածին  (Յոթվերք) եկեղեցին


«Յոթ վիրաց» սրբապատկերի անունից ելնելով, «զոր համարին նկարեալի Ղուկայ աւետարանչէ և բերեալի Հայսի Գրիգորէ Մագիստրոսէ»,[2] եկեղեցին կոչել են Յոթվերք: Այս նկարը խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը: Մագաղաթը 1830թ. Հասանղալայի վանքից Ալեքսանդրապոլ են բերել գաղթականները: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը 1831թ. Յոթվերքի պատկերը ժողովրդին երաշտից փրկելու համար տանում է Էջմիածին: Սրբագործ նկարը, արդարացնելով կաթողիկոսի սպասելիքները, հանում է ժողովրդին երաշտի ճիրաններից: Սակայն, երբ Յոթվերքի պատկերի վերադարձնելը ուշացվում է, ալեքսանդրապոլցիները հոծ բազմությամբ գնում են Էջմիածին և այն ստիպողաբար բերում Գյումրի (1852թ.), ուր մինչև օրս պահպանվում է Սբ. Աստվածածին եկեղեցում:[3]

Եկեղեցին կառուցող վարպետներից հիշատակվում են   Մկրտիչ Թուրանյանի և Գորոյան Հակոբի անունները: Եկեղեցու տարածքում գործել է Արղության օրիորդաց դպրոցը (Կեցխովելի 16): Այժմ Յոթվերքը   Վարդանանց հրապարակի տարածքում է` քաղաքապետարանի, առաջնորդարանի և ժամանակակից խանութների շենքերով շրջապատված: Եկեղեցու բակում, որպես հուշակոթող, դրված են 1988թ. երկրաշարժից խոնարհված գմբեթները:
Երկրաշարժից ընկած եկեղեցու գմբեթները
Սբ.  Աստվածածինը սրբատաշ սև տուֆից կառուցված գմբեթավոր բազիլիկ է` դրսից արտահայտված չորս անկյունային ավանդատներով և արևմտյան կողմին կից զանգակատնով:[4] Հայ ավանդական եկեղեցիներից այն տարբերվում է իր լայն, մասսիվ և ձգված ճակտոնով, որը ձգվում է երկայնական ճակատների ծայրից ծայր, շենքի ծավալից առաջացող չորս անկյունային խորանների ծավալներով, լոտոսաձև սյունագլուխ ունեցող զույգացված սյուներով, զույգ կեղծ գմբեթներով:   Վերջիններս տեղադրված են արևելյան կողմում և, կարծես, հավասարակշռում են հակառակ` արևմտյան կողմում գտնվող զանգակատան գմբեթը: Բացառիկ է արտաքին շարվածքի քարերի մշակումը` հատուկ մուրճով (սանրտարաղ) վարպետները մշակել են դրանց մակերեսները այնպես, որ առաջանան եղևնաձև ակոսիկներ: Շնորհիվ այսպիսի մշակման` շարքի քարերը անդրադարձնում են արևի լույսը տարբեր ուղղություններով: Այսպիսով, եկեղեցու ճարտարապետական լուծումները բխում են դարաշրջանին բնորոշ դասական և էկլեկտիկ, ինչպես նաև հայկական եկեղեցաշինության ոճակազմությունից, իսկ շինարարական արվեստը` տեղական, ազգային ավանդույթներից:[5]
Եկեղեցու արևմտյան կողմից վեր են բարձրանում Սբ. Աստվածածին տանող լայն աստիճանները` շուրջ 2մ երկարությամբ: Բացվող հարթակը մույթերով կազմակերպված դարպաս է, որի մյուս կողմից աստիճանները տանում են դեպի Աբովյան փողոց: Ավտոմեքենաները եկեղեցուն մոտենում են հարավային կողմից: Սբ. Յոթվերքն ունի չորս մուտք` գլխավորը արևմուտքից, մեկը` հյուսիսից,  մյուս երկուսը`  հարավից: Դռներից օգտագործվում են միայն արմտյան և հարավային կողմից դեպի ավանդատուն բացվողները` համապատասխանաբար մուտքի և ելքի համար:   Դարպասից բացվում է մուտքային սրահը: Նախասրահը 4.30x4.50 չափերի փոքր տարածք է, որտեղից բացվող երկու դռները առաջին երկու ավանդատներն են (4.30x4.63): Սրանք նախատեսված են եկեղեցու սպասավորների համար: Նախասրահը և նրանում գտնվող ավանդատները չափերով գրեթե նույնն են: Այս սրահից բացվում է դեպի աղոթասրահ տանող դուռը: Մինչ բարձրացող գմբեթը եկեղեցու բարձրությունը 12մ է, մինչև գմբեթի ծայրը` 22մ: Գյումրիում կառուցված եկեղեցիների մեջ Յոթվերքն առանձնանում է նաև իր ավանդատներով: Այն ունի տարբեր չափերի և կիրառությունների վեց ավանդատուն: Չորս ավանդատներից երկուսը մուտքի աջ և ձախ կողմերում են, մյուս երկուսը` խորանի անկյուններում: Հյուսիս-արևմտյան ավանդատան պատին կաթոլիկ պատկերագրություն ունեցող խաչված Քրիստոսի քանդակն է:
 Խորհրդային կարգերի օրոք, երբ Գյումրու Կաթոլիկների եկեղեցին կոմունիստները դարձնում են բնակելի տուն, խաչված Քրիստոսի քանդակն այնտեղից տեղափոխվում է Յոթվերք, ուր և գտնվում է մինչև օրս:[6] Մյուս ավանդատունը կրում է Սբ. Սարգիս Զորավարի անունը: Այս սենյակից էլ բացվում է եկեղեցու ելքի դուռը: Նշված երկու ավադատները չափերով հավասար են` 2.10x6.25:
Աղոթասրահի կենտրոնում դրված 1.60մ տրամագծով երկու զույգ սյուները եկեղեցու ներքին տարածությունը բաժանում են 3 նավի: Կենտրոնական լայն նավը տանում է դեպի շուրջ 7.5մ տրամագծով ավագ խորան: Գյումրու եկեղեցիներից Սբ. Աստվածածին եկեղեցու խորանը ամենաընդարձակն է: Խորանի ձախ կողմում մկրտարանն է` 6.00x4.40 չափերով: Աջ կողմում նույն չափերի ևս մեկ աղոթարան է, որտեղ և գտնվում է «Տիրամոր յոթ վերքերը» նկարը: Եկեղեցու հորիվածքի կենտրոնը աղոթասրահն է, դոմինանտը` խորանն ու գմբեթը:
Խորանի պատը ձևավորված է ավետարանական պատկերներով: Նման պատկերների առկայությունը բնորոշ է ուղղափառ եկեղեցիների հարդարանքին, և միայն որոշ դեպքերում է կիրառվել XIX դարի հայկական եկեղեցիներում: Յոթվերքի խորանի պատկերաշարի կենտրոնում Վարդգես Սուրենյանցի վրձնած «Տիրամայրը մանկան հետ» սրբապատկերն է (կտ. յուղ. 241x135):  Նկարի ներքևի հատվածում կա պատվիրատուի անունը և թիվը բացահայտող հետաքրքիր մի արձանագրություն` կատարված, անշուշտ, նկարչի ձեռքով. «Պատկերս յիշատակ է Ալեքսանդրապոլ ք-քի Եոթվիրաց Ածածնի Սբ. Եկեղեցիոյս օր: Դշխուհի Խաչատրեան Ասլանեանից թուին տն` 1891 եւ հց` ՌՅԽ»: Կտավի վերևի մասի արձանագրության մեջ պարզ տեսանելի է հեղինակի` Սուրենյանցի անունը[7]: Սուրենյանցի նկարի երկու կողմերում երեքական շրջանաձև ու երեքական ուղղանկյուն նկարներ են` Քրիստոսի կյանքից վերցված տեսարաններով և սրբերի պատկերներով: Սրանց մեջ ավետման տեսարանն է, Քրիստոսի մկրտությունն ու խաչելությունը: Խորանի ներքևի հատվածում  սրբերի պատկերներ են: Սրբանկարներով են պատված նաև եկեղեցու աղոթասրահի, ինչպես նաև ավանդատների պատերը: Գմբեթին ևս պատկերված են Աստվածաշնչյան տեսարաններ: Ինչպես այս, այնպես էլ խորանի որմնանկարներում գերակշռում է կապույտ գույնը:
Սբ. Յոթվերք եկեղեցին յուրահատուկ է նաև նրանով, որ ունի հինգ տարբեր խորաններ` նախատեսված տարբեր դավանանք ունեցող համայնքների համար: Եկեղեցու գլխավոր խորանը ծառայել է Հայ Առաքելական եկեղեցուն, այստեղ պատարագ մատուցելու իրավունք ունեին միայն հայ հոգևորականները: Սբ. Յոթվերք խորանը պատկանում էր Ուղղափառ եկեղեցուն, իսկ Սբ. Երրորդություն խորանը` Կաթոլիկ եկեղեցուն: Սբ. Սարգիս խորանը ծառայել է ասորիներին: Երկրորդ հարկում կա ևս երկու խորան: Այն դեպքում, եթե երկու դավանանքների մոտ որևէ ծիսակարգի արարողության անցկացման օրերը համընկնում էին, ապա նախապատվությունը տրվում էր հայերին:[8]
Եկեղեցին ունի շուրջ 2մ բարձրությամբ գետնահարկ: Սբ. Աստվածածինն Ալեքսանդրապոլի պաշտամունքային կառույցներից ամենաերիտասարդն է: Այն XIX դարում կառուցված վերջին եկեղեցին է, որից հետո ավելի քան մեկ հարյուրամյակ Գյումրիում եկեղեցիներ չեն կառուցվում:

[1] http://www.building.am/arm/page.php?id=382. Նատալիա Ղուկասյան- «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». վերցված է 2014թ. փետրվարի 10:
[2] Ղևոնդ ԱլիշանՇիրակ»  տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 155:
[3] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ 171-172:
[4] «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր. #5-6(39-40) մայիս-հունիս 2009, էջ 56:
[5] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ 172-173:
[6] «Ճարտարապետություն և շինարարություն»  ամսագիր. #5-6(39-40) մայիս-հունիս 2009, էջ 59:
      [7] Նույն տեղում:
[8] http://www.building.am/arm/page.php?id=382. Նատալիա Ղուկասյան- «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». վերցված է 2014թ. փետրվարի 10: 

 Գոհար Նավասարդյան
 հատված  դիպլոմային աշխատանքից
 թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»