суббота, 7 июня 2014 г.

Փերֆորմանս




20-րդ դարի կերպարվեստը լի է նոր ուղղություններով: Սրանց թիվը հասնում է մոտ 50-ի: Շուրջ 50 իզմ մի քանի տասնամյակի ընթացքում.....Դարի կեսին ասպարեզ է գալիս փերֆորմանսը` գործողության արվեստը....
Փերֆորմանս բառն առաջացել է անգլերեն կատարում բառից: Հայերենում «կատարել» բայն ունի իրեն համարժեք «անել» անկանոն ձևը, որը գործածելի է հիմնականում գոյականների հետ /գործ անել/: Գալով այս բառերի գաղափարական իմաստին` կարող ենք շեշտել, որ բոլոր դեպքերում դրանք իրենցից ներկայացնում են գործողություն. Փերֆորմասնը ևս գործողություն է, սակայն վերաբերում է միայն արվեստի ոլորտին: «Կատարել»-ը առաջին հերթին ասոցացվում է աշխատանքի հետ և, բառը թերևս  աշխատանքից էլ առաջացել է` սկսած անհիշելի ժամանակներից: Գործընթացը շարունակվում է մինչև օրերս, մարդը «կատարում, իրականացնում է» ցանկացած աշխատանք: Մարդու միջամտությունը աշխատանքին, որն անկախ ամեն ինչից  «կատարում» է համարվում, թեթև արդյունաբերության անցնելուց հետո այս կոնտեքստում դադարում է իբրև փերֆորմանս հանդես գալուց: Գործարանային տեխնիկայի /հաստոցներ, մամլիչներ և այլն/ «արած» աշխատանքը բնականաբար performance չէ
Նեղ իմաստով, յուրաքանչյուր մարդ ցանկացած օր «ունենում է» բազում փերֆորմանսներ: Սա կարելի է համարել մարդկային ապրելակերպ, կենսաձև, որը սիստեմատիկ տեղի է ունենում ցանկացած պահի` առանց գաղափարի: Այլ հարց է, երբ անհատը /կատարողը/ իր աշխատանքի /փերֆորմանսի/ մեջ գաղափար է դնում` այդ կերպ տարբերակելի դարձնելով գործողությունը առօրյա կենսաձևում առկա կատարումներից: Այստեղ ահա ի հայտ է գալիս այն փերֆորմանսը, որը կա այսօր և առավել մասշտաբային ու «արդարացված է» արվեստի բնագավառում:
Իվ Քլայնը`  կանանց մարմիններով կտավներ ստեղծելիս
Փերֆորմանսը արվեստի միջոց է, իրենից ներկայացնում է կատարվող գործողություն, որն իրականացվում է անձի կամ անձանց կողմից, ունի հստակ գաղափար, չունի ուղղորդիչ տեքստ, ուստի գաղափարը դիտողին հասնում է միայն գործողության, կատարողականության միջոցով: Վերջինիս պատճառով փերֆորմանսը կարելի է անվանել «գործողության արվեստ»` թե' բառացի, թե' իմաստային առումներով: Մեր օրերում փերֆորմանսը  հանդիսանում է ժամանակակից արվեստի միջոցներից մեկը, զուգահեռ քայլում է ինստալացիայի, հեփընինգի, վիդեո-արտի և այլ ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցների հետ:  Եթե նախկինում արվեստի գործը ստեղծվում էր արվեստանոցում, դա պատվեր էր և նկարիչը գործը ավարտելուց հետո էր ցույց տալիս պատվիրատուին, ապա այսօր արվեստի գործը մեծ մասամբ պատվիրատու չունի, կտավը, որի վրա աշխատում էր նկարիչը, այժմ փոխել է թե' ձևն ու չափերը, թե' նյութը, փոխվել են նկարելու միջոցները /ներկերից ու  վրձիններից մինչև մարդկային մարմին/body art performance//, և վերջապես, արվեստի գործ-կտավը կամ քանդակը դարձել է գաղափարի վրա հիմնված արվեստի գործ-փերֆորմանս: Մինչև 20-րդ դարը բոլոր արվեստագետների համար կարևոր էր վերջնական արդյունքը: Արվեստը մինչ այս հիմնված էր գեղեցիկը պատկերելու վրա. այն կրթում էր սերունդներ, տալիս էր հոգևոր դաստիարակություն, ձևավորում էր ճաշակի և գեղեցիկի մասին պատկերացումները: 20-րդ դարի որոշ նկարիչներ փորձում են իրենց արվեստում ի ցույց դնել ոչ թե վերջնական արդյունքը, այլ իրենց կատարած գործողությունը. թե ինչպես և ինչ պայմաններում է ստեղծվում արվեստի գործը: Այս առումով ժամանակակից արվեստում մեծ ներդրում է ունենում Ջեքսոն Փոլլոքը: Նա իր կտավները ստեղծում է մարդկանց ներկայությամբ և աշխատանքի պրոցեսը կարևոր է համարում ստացվող արդյունքից: Փերֆորմանսի տարածման համար որպես խթան են ծառայում նաև Իվ Քլայնի ստեղծագործությունները, ով արվեստի գործը «նկարում»  էր կանացի մարմիններով` հանդիսատեսի ներկայությամբ: Առաջին փերֆորմանսները թերևս պատկանում են կոնցեպտուալիստներին: Արվեստի այս «իզմը»  սկսում է հետաքրքրել Վիտո Ակոնչիին, Հերման Նիտչին, Քրիս Բուրդենին, Յոկո Օնոյին, Յոզեֆ Բոյսին և այլ ժամանակակից ստեղծագործողների:
Փերֆորմանսի համար կարևոր հանգամանքներ են տեղի, ժամանակի և գաղափարի առկայությունն ու արվեստագետի /կատարողի/ ներկայությունը: Հենց սրանցով է արվեստի այս ձևը տարբերվում կերպարվեստի մյուս տեսակներից, որոնց մեջ հիմնականը ցուցադրվող օբյեկտն է: Փերֆորմանսն իրենից կարող է ներկայացնել պանտոմիմ, պար, երգ, պոեզիա, վիդեո, ֆիլմ կամ պարզապես «կատարում», ուստի այն պայմանականորեն կարող ենք անվանել նաև «տեսողական արվեստների թատրոն»: Ցանկացած թատերական ներկայացում, կրկեսային բեմադրություն կամ երաժշտական կատարում արդեն իսկ փերֆորմանս /կատարում, ելույթ/ է: Սակայն, չնայած այս հանգամանքին, փերֆորմանսը կտրուկ տարբերվում է թատերական արվեստից, քանի որ այն չունի դերեր, դերակատարներ, նպատակ չի հետապնդում հուզել հանդիսատեսին, նրա մոտ էմոցիաներ առաջացնել, և վերջապես, չունի գեղարվեստական բնույթ:
Առաջին անգամ «փերֆորմանս» որպես այդպիսին, ներկայացնում է կոմպոզիտոր Ջոն Քեյջը 1952 թվականին` իր «4'33» համերգի ժամանակ: Նա բարձրանում է բեմ, հայտարարում համարը, նստում դաշնամուրի առջև, սակայն ստեղներին ձեռք չի տալիս: Քանի որ սա իրենից առանձնահատուկ արվեստի գործ չէր ներկայացնում, բայց և ոչինչ չէր, Քեյջը սա «փերֆորմանս» չանվանեց, տերմինը կիրառվելու եկավ մեկ տասնամյակ անց` 60-ականներին:/Ջոն Քեյջ -"4'3/
Մարինա Աբրամովիչ. Հարաբերություններ ժամանակի մեջ
Փերֆորմանսը որպես արվեստի տեսակ ի հայտ է եկել XX  դարի 60-70-ական թվականներին Ամերիկայում: Այն արվեստագետի գաղափարը հանրությանը հասանելի դարձնելու միջոց է, որը սակայն նկարելը մղում է հետին պլան` երևան հանելով հազար ու մի միջոցներ, որոնք փոխարինում են վերջինիս` շեշտելով գաղափարի կարևորությունը: Արվեստի այս տեսակն իր գաղափարը դիտողին է հասցնում գործողության, ոչ թե գույնի կամ գծի միջոցով:
Փերֆորմանսը հաճախ բնորոշվում է որպես գաղափարի արվեստ, այն իրենից ներկայացնում է բարդ ստեղծագործական գործընթաց և առավելապես կենտրոնացած է մասնակցող արվեստագետի կամ մարդու հոգեկան ուժը ցույց տալու վրա: Ցանկացած փերֆորմանսի գործողություն նախապես մտածված է, ունի սցենար և միտքը դիտողին հասցնելու միջոց: Փերֆորմանսը կարող ենք համարել «գործընթացային» արվեստ, որը մարմնավորում է դեռ նախորդ դարասկզբի «նորարարության սկզբունքը»` հենվելով ցանկացած արտահայտչամիջոցի վրա, բացի գեղարվեստական միջոցներից:
 Ստորև առանձնացրել ենք փերֆորմանսներ արած մի քանի արվեստագետների, քանի որ կարծում ենք, որ վերջիններիս ցույց տված գործողությունները հնարավորինս չափ արտահայտում են տեքստի, ինչպես նաև փերֆորմանս գաղափարի բուն էությունը:  Ուշադրության են արժանի Յոզեֆ Բոյսի փերֆորմանսները, որոնցից մեկի ժամանակ նա վանդակում մնում է կոյոտի` դաշտագայլի հետ: Սա արվում է «Կոյոտ. Ես սիրում եմ Ամերիկան, իսկ Ամերիկան սիրում է ինձ»  փերֆորմանսի շրջանակներում: Բոյսը, 1974թ. գալով Ամերիկա, 3 օր կոյոտի հետ մնում է նույն վանդակում: Մինչ այս Բոյսի գործերից արդեն հայտնի էր 1965թ. «Ինչպես մեռած նապաստակին  բացատրել նկարները» վիդեո-փերֆորմանսը, որի ժամանակ Բոյսը սատկած նապաստակին վերցրած, իր դեմքին` մեղրամոմ քսած,  անցնում էր թանգարանի սրահներով` բացատրելով նապաստակին նկարների իմաստը: Սատկած նապաստակը Բոյսի փերֆորմանսներում հանդիպում է դեռևս 1962թ. «Սիբիրյան սիմֆոնիա.մաս 1-ին» փերֆորմանսում: 
 Հարկ ենք համարում հակիրճորեն անդրադառնալ նաև Մարինա Աբրամովիչի փերֆորմանսներին, քանի որ վերջիններս մինչ օրս համարվում են փերֆորմանսի լավագույն օրինակներից: Այս արվեստագետը հիմնականում որպես գործողություն է ընտրում հաղորդակցությունը:   1974թ. նա իրականացնում է իր առաջին փերֆորմանսներից մեկը` «Ռիթմ 0» վերնագրով: Նա սեղանին դնում  է 72 տարբեր կիրառության առարկաներ և հավաքված հանդիսատեսին վեց ժամ տալիս այդ իրերը օգտագործելու համար: Դրանց մի մասը մարդկանց կարող էր հաճույք պատճառել, մյուս մասը` ցավ: Իրերի մեջ կար մկրատ, դանակ, մտրակ, նույնիսկ ատրճանակ: 
Քրիս Բուրդեն. Trans-Fixed
Հայտնի է նաև «Imponderabilia»  գործողության ակտը, որի ժամանակ հանդիսատեսը ցուցասրահ մտնելու համար պետք է անցներ երկու մերկ մարդկանց արանքով: Բավականին մեծ արձագանք ունեցավ «Հարաբերություններ ժամանակի մեջ» փերֆորմանսը, որի ընթացքում Մարինան 17 ժամ մազերով կապված էր իր սիրելիի հետ: Աբրամովիչը իրականացնում է նաև  «Հարաբերություններ տարածության մեջ»,  «Հանգստի էներգիան», «Բալկանյան բարոկկո», «Մերկ կինը կմախքի հետ», «Նկարչի ներկայությամբ» և այլ փերֆորմանսներ: 
Վիտո Ակոնչին հայտնի է իր բոդի արտ-փերֆորմանսներով, որոնց ժամանակ իր մարմնին վնաս հասցնելու միջոցով  բարձրաձայնում է իր բողոքը: Նմանատիպ փերֆորմանսներից է «Ապրանքային նշանները»: Գրեթե նույն տարիներին իր բողոքն է փերֆորմանսների միջոցով ներկայացնում նաև Քրիս Բուրդենը: «Կրակոց» փերֆորմանսի ժամանակ նրա ասիստենտը 5 մետր հեռավորությունից կրակում է Բուրդենի ձեռքի վրա: Սրան հաջորդում են «Trans-Fixed» փերֆորմանսը, որի ժամանակ նա  «խաչված էր» մեքենային, «White Light/White Heat» փերֆորմանսը, երբ 22 օր պառկած է մնում Նյու Յորքի Ռոնալդ Ֆելդմանի պատկերասրահի անկյունում դրված եռանկյունի պլատֆորմի վրա, «Doomed» փերֆորմանսը, որի ընթացքում արվեստագետը ժամերով պակած էր կախված ապակու կտորի տակ: Նա պառկելու էր այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը չմիջամտեր փերֆորմանսին: 45 ժամ անց թիկնապահը տարածքում ջրով լի մի սափոր է դնում, Բուրդենը կոտրում է ապակին և ավարտում փերֆորմանսը: 
Ջոն Լենոնի կինը` հայտնի Յոկո Օնոն, ևս ունի փերֆորմանսներ: Սրանցից  ամենահայտնին «Cut Peace» փերֆորմանսն էր, որի ժամանակ Յոկոն նստաց է հարթակին, հանդիսատեսներից յուրաքանչյուրը կարող է մոտենալ և կտրել նրա հագուստը: Գործողության վերջում Յոկոն լաց է լինում:/Յոկո Օնո-"Cut Piece"/
Հաճախ փերֆորմանսը շփոթում են հեփընինգի (անգլ.` happening-իրադարձություն) հետ, սակայն վերջինս բավականին տարբերվում է փերֆորմանսից: Հեփընինգը չունի սցենար, մասնակիցներից ոչ ոք նախապես չի կարող իմանալ, թե ինչ ավարտ կունենա գործողությունը և երբ կավարտվի: Ամեն ինչ անկանխատեսելի է: Մեծ դերակատարություն ունի հանդիսատեսը: Նա ներգրավվում է գործողության մեջ, դառնում արվեստագետ, մինչդեռ փերֆորմանսի կատարման ժամանակ հանդիսատեսի ներկայությունը կախված է փերֆորմերի ցանկությունից: Փերֆորմանսը կարող է իրականանալ նաև առանց հանդիսատեսի:

Գոհար Նավասարդյան