понедельник, 2 июня 2014 г.

Փիլիսոփայական միտքը Չինաստանում

Բուն իմաստով փիլիսոփայությունը` philosophia-ն (սեր դեպի իմաստը, իմաստասիրություն), իբրեւ ամբողջական եւ ինքնուրույն հոգեւոր մշակույթ, ծագել եւ ձեւավորվել է Հին Հունաստանում, մ.թ.ա. VII-IV դարերում: Բայց երբ թափանցում ենք Հին Աշխարհի խորքե­րը, մեր առջեւ բացվում են ասո8ա-աքքադական, բաբելոնյան, Հին Եգիպտոսի, Չինաստա­նի, Հնդկաստանի եւ Իրանի հնագույն զարմանահրաշ մշակույթի դարպասները: Այդ մշա­կույթը հիմնականում դիցաբանական-կրոնական եւ կրոնական-բարոյախոսական էր: Այդ երկրների կրոնադիցաբանական մշակույթի մեջ մենք ականատես ենք մարդու էութ­յան, աշխարհում բարու եւ չարի հարաբերակցության, մարդու տեղի ու դերի մասին բազմաբնույթ պատկերացումների ու գաղափարների: Դրանք առասպելների, լեգենդների, ասքերի, պատումների, էպոսների եւ հեքիաթների տեսքով մեզ են ներկայանում որպես փիլիսոփայական հիմնախնդիրների հետ անմիջական կապ ունեցող ըմբռնումներ, իմաստներ ու գիտելիքներ:
Հին մարդկանց համար աշխարհը միասնական էր, իրենք էլ այդ աշխարհի գենետիկական մասնիկն էին: Աշխարհը ծագել էր աոաջին աստվածներից կամ արարվել աստծո կողմից եւ կառավարվում էր նրանց միջոցով: Աստվածները բացարձակապես տնօրինում էին մարդկանց ճակատագրերը: Դիցաբանական-կրոնական աշխարհըմբռնումը հիմնակա­նում զերծ էր աշխարհի բանական-ռացիոնալ բացատրության տարրերից, բայց սա ա­մենեւին էլ չի նշանակում, որ այն զուրկ էր ընդհանրապես ռացիոնալակսւնությունից: Մարդկային մտածողության զարգացման կարեւորագույն վախ էր բանականության նկատմամբ հետաքրքրությունը, որի կարեւորագույն արգասիքը երեւույթների ու իրադարձությունների պատճառների իմացության եւ դրանց բացատրության ուժեղացումն էր: Այդ դարաշրջանը առասպելից լոգոսին անցման եւ աոասպելազերծման դարաշրջան էր, Յասպերսի խոսքերով «Առանցքային ժամանակ» էր: Այն միակ ուղիղ ճանապարհն էր դեպի փիլիսոփայական մտածողություն, որը եղել է անցման երկարատեւ ու դժվարին ուղի: Այն սկսվել է մ.թ.ա. II հազարամյակից Միջագետքի երկրների, հին չինական ու հնդկական մշակույթից, անցել Հոմերոսի եւ Հեսիոդոսի պոեմներով եւ ինքնուրույն տեսական-քննադական դասական մտածելակերպ դարձել հին հունական փիլիսոփայական մշակույթի մեջ: Այդ գործընթացներում իրենց ինքնուրույն տեղն ունեն հին չինական եւ հնդկական փիլիսոփայական ուղղություններն ու դպրոցները, որոնց մեջ հին հունական փիլիսոփայությու­նից անկախ եւ դրան զուգահեռ լուծվել են բնության, մարդու եւ հասարակության, դրանց փոխազդեցության փիլիսոփայական մի շարք հիմնահարցեր:
* * *
Չինական փիլիսոփայության ակուքները հասնում են մինչեւ մ.թ.ա. 2-1-ին հազարամ­յակների սահմանները, մինչեւ չին ժողովրդի գրի եւ գրչության ամենահնագույն հուշարձան­ների` «Գրքերի»` «Պատմության գիրք», «Լեռների եւ ծովերի գիրք», «Երգերի գիրք» եւ «Փոփոխությունների գիրք» ժողովածուների խորքերը: Փիլիսոփայական մտքի սկզբնավորումը կապված է այդ «Գրքերում» առկա պատկերների ու սիմվոլների լեզվով արտահայտված հայացքների, գաղափարների եւ ըմբռնումների հետագա մեկնաբանությունների եւ իմաստասիրության հետ:
Իրենց բնույթով եւ բովանդակությամբ այդ «Գրքերը» դիցաբանական են: Դրանց միջոցով են տարածվել Յան (արական) եւ Ին (իգական) առասպելական ակտիվ ուժերի մասին գաղափարները: Այդ հակադիր ուժերը մշտապես միմյանց ձգտող եւ ակտիվ փոխազդեցության մեջ գտնվող ուժեր են: Այդ փոխազդեցությունների շնորհիվ քաոսից առաջանում է ամեն ինչ, այդ թվում` տիեզերաշենքը, մարդն ու հասարակությունը: Հետագայում այդ ուժերը համակարգում են անսահման աշխարհը եւ կառավարում են այն, Յանը` Երկինքը, իսկ Ինը' Երկիրը: Երկնքի պաշտամունքի միջոցով մարդիկ արտահայտել են իրենց համոզմունքներն այն մասին, որ երկնքի կամքը մի գերագույն ուժ է, որոնց ոգիները կառավարում են մարդկային կյանքը եւ տնօրինում մարդկանց ճակատագրերը: Մեծագույն հարգանքը ծնողների, ավագների եւ կառավարողների նկատմամբ հպատակ ժողովրդի կյանքի ու կենսագործունեության սկզբունքներն էին: Հետագայում ձեւավորված փիլիսոփայական միտքը ժառանգում է այս գաղափարները: Փիլիսոփայական բուն միտքը Չինաստանում սկզբնավորվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում եւ ինքնուրույն մշակույթ դարձել մ.թ.ա. 5-3-րդ դարերում: Չինական փիլիսոփայության մեջ ամենաառաջին եւ հիմնական ուղղություններն են դաոսիզմը, կոնֆուցիոսականությունը եւ մոիզմը:
Լաո Ցզին` դաոսիզմի հիմնադիրը

Դաոսիզմը ուսմունք է Դաոյի` իրերի «ուղու» մասին (Դաո-բառացի` սեփական ուղի): Հիմնադրել է Լաո Ցզին, եւ շարունակվել է նրա բազմաթիվ հետեւորդների կողմից: Իր ուսմունքը, որը շարադրված է նրան վերագրվող «Դաո դե ցզի» / «Գիրք ճանապարհի եւ առաքինության»/ աշխատության մեջ, նա կառուցել է Դաոյի հիմքի վրա: Ըստ նրա` Դաոն զգա­յական օրգաններին չտրվող, հավերժ, անփոփոխ, անձեւ, անվերջ եւ անսահման հոգեւոր ու նյութական անիմանալի նախահիմք եւ նախասկիզբ է, փոփոխման եւ զարգացման ընդհանուր ուղի: Լաո Ցզին գտնում է, որ այն անանուն է, իսկ եթե անուն ունի, ապա հաստատուն չէ: Դաոն ամեն մի գոյի նախահայրն է եւ անսպառելի է: Դաոյի փոփոխություններն անվերջ են ու հավերժ, այն գործում է ամենուր եւ արգելքներ չունի: Փոփոխությունների ժամանակ են առաջանում Ին և Յան արական ու իգական սկզերը, որոնց միացությունից առաջանում է այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում: Ունենալով ծագման ու փոփոխման միեւնույն հիմքը, այնուամենայնիվ, բոլոր իրերը փոփոխվում են յուրովի` ընտրելով իրենց սեփական ուղին` Դաոն: Դաոսիզմի փիլիսոփայական ուսմունքի մեջ խորիմաստ մտքեր կան դիալեկտիկա­յի եւ ճշմարտության, հակասականության, կյանքի ծագման եւ հոգու մասին:
 
Կոնֆուցիոսականությունը դաոսիզմին զուգահեռ փիլիսոփայական դպրոց է, որի հիմնադիրը Կուն Ֆու Ցզին լատինական տառադարձությամբ Կոնֆուցիոսն է /մ.թ.ա. 551­-479/: Նրա հայացքների հիմքում ընկած են մարդասիրության եւ հարգանքի սկզբունքները: Հարգանքը ծնողների, ավագ եղբոր նկատմամբ, հավատարմությունը տի­րակալին եւ իր պարոնին, կարող են ապահովել կարգ ու կանոնը եւ գոյություն ունեցող կար­գի անփոփոխելիությունը: Ազնիվ մարդը նա է, ով ընդունում է երկնային ճակատագիրը:
Կուն Ֆու Ցզիի դիմանկարը պատկերող փորագրանկար
 Նա պետք է ունենա երեք վախ` ճակատագրի, մեծ մարդկանց եւ իմաստունի խոսքի նկատմամբ: Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ մարդը, նրա բարոյական կատարելագործումը դաստիարակության եւ հասարակության մկառավարման հիմնախնդիրները կարեւոր տեղ են զբաղեզնում: Նա գտնում է, որ վարչահրամայական կառավարումը անընդունելի է ու անբարոյական: Հասարակության կառավարման հիմնական ձեւը բարոյական օրենքներով կառավարումն է: Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից սահմանված իր տեղը` տիրակալը մշտապես պիտի տիրակալ լինի, ծաոան` ծառա,հայրը` հայր, որդին` որդի: Եթե ժողովրդի մեջ անբավարար է հավատը տիրակալի եւ նրա մերձավորների նկատմամբ, ապա պետությունը կայուն լինել չի կարող: Ամեն մարդ պիտի իր գործը իմանա, կատարի այն, ինչը ամենից լավ գիտի:
Բարձրագույն գիտելիքը, ըստ Կոնֆուցիոսի, բնածին գիտելիքն է, ցածրը` իմաստունների ձեռք բերածը, իսկ ամեաստորինը` դժվարությունների հաղթահարման արդ­յունքում ձեռք բերված գիտելիքը: Մարդը պետք է անի եւ սովորեցնի այն, ինչ ինքը գիտի, իսկ եթե չգիտի, պետք է խոստովանի, որ չգիտի:
Կոնֆուցիոսի կողմից մշակված ներքոհիշյալ սկզբունքները, այն է`
«Ինչ ցանկանում ես քեզ, ցանկացիր ուրիշին»
«Թագավորը թագավոր է, հայրը` հայր, որդին` որդի...»
«Կառավարել, նշանակում է ճիշտ ուղի ընտրել»
Դեռևս Արիստոտելից շատ առաջ Կոնֆուցիոսը ձեւակերպել եւ քարոզել է «ոսկե միջինի» սկզբունքը: Կատարյալ մարդը նա է, ով խուսափում էծայրահեղություններից եւ ընտրում է միջին կարգավիճակը, իսկ կատարյալ կառավարիչը «ոսկե միջինով» ղեկավարող եւ փոխզիջման արվեստին տիրապետող տիրակալն է:
Հետագա դարերի ընթացքում Կոնֆուցիոսի հետեւորդները լրացրել եւ ամբողջացրել են նրա ուսմունքը, մշակել այդ ուղղության գոյաբանությունը, ուսմունքը ճանաչողության եւ մարդու բնույթի մասին: Մեր թվարկության 10-13-րդ դարերում կոնֆուցիոսականությունը նոր փուլ է ապրում հանձին նոր կոնֆուցիոսականության:
* * *
Մոիզմի փիլիսոփայական դպրոցը հիմնադրել է Մո Ցզին (մ.թ.ա. 479-381): Նա ազատ արհեստավորների եւ գյուղացիության քաղաքական տրամադրությունների ու ձգտումների գաղափարախոսն ու պաշտպանն էր: Նրա բարոյաքաղաքական ուսմունքի միջուկը տասը սկզբունքներն են` «իմաստության հարգում», «միասնության, հարգում», «համընդ­հանուր սեր եւ փոխադարձ, օգուտ», «ընդդեմ հարձակման», «ընդդեմ երաժշտութ­յան», «հանուն խնայողության», «հանուն խնայողության թաղումների ժամա­նակ», «ընդդեմ ճակատագրի», «երկնքի կամքը» եւ «ոգետեսություն»:
Մոիզմը կոնֆուցիոսականության առաջին լուրջ այլընտրանքային ուղղությունն էր: ժողովուրդը, ըստ մոիստների, մեծապես տառապում է նրանից, որ սովյալները սնունդ չունեն, աղքատները` հագուստ, հոգնածները` հանգիստ:
Արդա­րության թշնամին հավատն է ճակատագրի նկատմամբ: Անհրաժեշտ է արհամարհել ճա­կատագիրը, քանզի վերջինս կախված է ջանասեր աշխատանքից:
Հին չինական փիլիսոփայության մեջ մշակվել են բազմաթիվ տեսություններ, որտեղ ինքնատիպ վերլուծություններ կան ճշմարտության, բանախոհության, բառերի եւ անունների, բարոյականության, բնության արարչագործությունների, մարդու եւ նրա հոգեւոր աշխարհի մասին: Չինական փիլիսոփայության մեջ է մշակվել «Արեւելքի» մշակույթի հիմնական սկզբունքների մեծ մասը, որը գոյատեւել է առ այսօր:


Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
 Սանդրո Հակոբյանի «Փիլիսոփայության պատմություն և տեսություն» գրքից