среда, 11 июня 2014 г.

Վալենտին Սերով..Դեղձերով աղջիկը



Ռուս հայտնի նկարիչ Վալենտին Սերովի ստեղծագործական գլուխգործոցներից մեկը իրավամբ <<Դեղձերով աղջիկը>> նկարն է: Այն նկարչի աշխատանքներում առանձնանում է իր թարմությամբ, գեղարվեստական լուծումներով, ինչու չէ, նաև  գույներով:
Վալենտին Սերով. Դեղձերով աղջիկը
Նախնական նկարչական կրթությունը Վալենտին Սերովը ստացել է Ի. Ե. Ռեպինի շնորհիվ: Նա Ռեպինի մոտ ուսանում էր այնպես, ինչպես Վերածննդի ժամանակաշրջանի արվեստագետները. իրենց վարպետի կողքին կանգնած աշխատում էին նույն մոդելի վրա: Ռեպինը դեռատի աշակերտին էր փոխանցում իր ամբողջ եռանդը և անհագ կիրքը դեպի արվեստը:   
 Հետագայում Վ.Սերովը ուսանել է Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ ընտելացել է դասավանդման այն ձևին, երբ միաձուլվում են ակադեմիական ուսուցման ավանդական դարձած մեթոդները և արվեստի մոդեռն, իրատեսական ընկալումը: Այս ամենն ամփոփվեց գեղարվեստի դասականների գործերին ծանոթանալով` դեռ այն ժամանակից, երբ Սերովը երեխա էր, և մայրը տանում էր թանգարաններ: 1885-1887 թթ. նա կտավներին սկսեց նայել ինչպես հասուն մարդ, ով ընկալում էր գեղարվեստը խորությամբ:
Նկարիչը ագահորեն էր ուսումնասիրում բնապատկերները. երբեմն կարող էր նստել և ժամերով նայել արևի շողին, որն ընկել էր ծաղկի վրա: Նա ուսումնասիրում էր բնությունը, փոփոխվող ստվերների խաղը, քամին...

Մշտապես մի մտքով էր տարված նկարիչը. <<Ներկայացնել այնպես, ինչպես տեսնում եմ` մոռանալով այն ամենը, ինչ սովորեցրել են ինձ. և իհարկե, առաջին հերթին ստանալ պորտրետ, այլ ոչ բնապատկեր>>:

Մեկ անգամ չէր, որ Սերովը ցանկացել էր նկարել դեռ մանկությունից իրեն ծանոթ Վեռոչկա Մամոնտովային, ով առանձնանում էր կենսուրախությամբ և ինքնուրությամբ: Նրանք սիրում էին միասին ձի քշել կամ նավակով շրջել:
Այս աղջիկը վառ շրթունքներ ուներ, մուգ մազեր, ինչպես հասած հաղարջը, իսկ աչքերը մուգ կապտավուն երանգ ունեին: Մաշկը նուրբ էր, փոքր-ինչ փարթամ, իսկ այժմ` արևային արևայրուքով կարծես դեղձի գույն ստացած լիներ:


Դեղձերով աղջիկը. ֆրագմենտ
Նկարիչը ասում էր Վեռոչկային. <<Դե նստիր, խնդրեմ: Ես դիմանկար եմ անում, ինքդ էլ չես ճանաչի: Գեղեցկուհի կլինես>>: Իսկ աղջիկը, փոքր-ինչ կամակոր ձևով պատասխանում էր. <<Դու արդեն ձանձրացնում ես ինձ. դրսում ամառ է, ձանձրալի է նստելը...>>:
Այսպես էլ ստեղծվեց ռուսական գեղարվեստի անկրկնելի գործերից մեկը, և ոչ միայն այն պատճառով, որ նկարում 12-ամյա աղջնակ է պատկերված, և որ հենց ինքը` նկարիչն է երիտասարդ եղել, երբ նկարել է աղջնակին: Գլխավորը կայանում է նրանում, որ Վեռոչկա Մամոնտովայի մանկական երջանկությունն ու անհոգությունը համընկնում էին նկարչի երջանկությանը: Նկարում էր ամեն օր` գրեթե 3 ամիս շարունակ, բայց նրա ձեռքի չարչաչանքը չի նկատում դիտողը. այդպես էլ թվում է, կարծես նկարը արվել է երջանիկ ոգեշնչվածությամբ` ընդամենը մեկ օրում...
<<Բոլորը հիշում են սենյակի մեծ անկյունը` լցված արևի ոսկեգույն լույսով. սեղանի մոտ նստած է սևամազ աղջնակ` վարդագույն բլուզով և սև ու սպիտակ պուտերով գլխազարդով: Աղջնակի ձեռքերում դեղձ է` այնպիսի մուգ-վարդագույն, ինչպինսին որ նրա դեմքն է: Ճերմակաթույր սփռոցի վրա թխկիի հոտավետ տերևներ, դեղձեր և արծաթյա դանակ կա: Պատուհանից այն կողմ լուսավոր, պայծառ օր է, ապակուն են դիպչում ծառերի ճյուղեր, իսկ արևը, անցնելով ճյուղերի արանքով, լուսավորում է լուռ սենյակը, և աղջնակին, և հին, կարմիր փայտից կահույքը...>>-հիշում էր Վ.Սմիրնովա-Ռակիտինան:

Վեռոչկա Մամոնտովայի դիմանկարը աչքի է ընկնում իր անսովոր պայծատությամբ և նկարչի` գույները ճշտությամբ փոխանցելու կարողությամբ: Այս կտավը շատ ու շատ նկարիչների է զարմացրել, հիացրել իր թարմությամբ, փայլուն կոլորիտով, լույսի ճիշտ փոխանցմամբ:
Այս կտավում ամենը բնական է, ամեն դետալ կապված է մյուսին և բոլոր դետալների հետ մեկ ամբողջություն է կազմում: Աղջկական դեմքի անմեղությունը փոխանցելիս նկարիչը նույնությամբ կարողացել է
հաղորդել դիմագծերը, զգացմունքն ու էմոցիան:

 Շուտով պարզ դարձավ, որ 22-ամյա նկարիչն արդեն եվրոպական նկարչության կարկառուն դեմքերից է, ինչը զարմացրեց քննադատներին:



Դեղձերով աղջիկը. ֆրագմենտ
Այս նկարում ամեն ինչ իր տեղում է, ճիշտ տեղում. ամեն ինչ միաձուլված է իրար, և հրաշալի պարզ տեսարան է ստացվել: Ամեն ինչ պարզ և բնական է թվում, բայց այդ պարզության տակ այնքա՜ն խորություն է թաքնված: Ամեն մի դետալի ետևում մի ամբողջ մարդկային երջանկություն է թաքնված:
 Սերովը ճշտությամբ փոխանցում է լույսը
, որը ներս է ընկնում պատուհանից և լցնում սենյակը: Լույսը շողում է պատին, ափսեի վրա, աթոռների թիկնակներին լույսի բլիկներ են. լույսը սահում է սփռոցի, աղջնակի դեմքի և ձեռքերի վրայով: Եվ հանկարծ սփռոցի, պատերի, ափսեի սպիտակը թվում է մեկ այլ գույն, որը ստացվում է, քանի որ նրանց վրա են տերևների և աղջնակի բլուզի ծայրագծերի ստվերները:
 Աղջիկը նստած է սեղանի մոտ և ոչնչով զբաղված չէ,
կարծես թե պահի տակ վերցրել է դեղձերից մեկը և ուսումնասիրում է: Բայց այս հանգստությունը վայրկյական է, և անցնելով վայրկյանի միջով նկատում ենք, որ պուտավոր գլխազարդը՝ ինչպես թիթեռ, ուր որ է կթռչի: Եվ ինչպես թիթեռնիկը, այնպես էլ աղջնակն է կարծես վայրկյանական մտել տուն, արևի շող է բերել, թարմություն և ահա՛  դուրս կթռչի, կչքանա:
Շողում են արևի շողերը և տունը լցնում այգու բույրով...

Սերովը նկարում մի ամբողջ մարդկային պատմություն է դրել, որոնց պատկանում էր տունը, այգին:
 Կտավը երկար ժամանակ է պահպանվում էր Աբրամցևում՝ հենց այն սենյակում, որտեղ էլ հենց արվել էր, իսկ հետագայում տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահ, իսկ Աբրամցևում հիմա կախված է նկարի կրկնօրինակը:

Նյութը պատրաստեց Թամարա Մարտենսը