четверг, 12 июня 2014 г.

Քրիստոսի քանդակը Ռիո դե Ժանեյրոյում (1931թ.)



<<Աստված վեց օրում ստեղծեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը` ստեղծեց Ռիո դե Ժանեիրոն>>. այսպես սիրում են կատակել բրազիլացիները` նկատի ունենալով իրենց քաղաքի հեքիաթային գեղեցկությունը և անկրկնելի բնությունը: Երկար ժամանակ Ռիոն երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն էր համարվում, սակայն մայրաքաղաքի տեղափոխումը Բրազիլիա քաղաք և Սան-Պաուլո քաղաքի տնտեսական վերելքից հետո, Ռիո դե Ժանեիրոի դերը փոքր ինչ նվազեց: Չնայած տնտեսական և արտադրական դիրքերը զիջելուն, Ռիոն միանշանակ առաջնային դեր է խաղում ոչ միայն Բրազիլիայի, այլ նաև ողջ Ամերիկյան մայրցամաքի զբոսաշրջության մեջ, դե իսկ քաղաքի հետ ծանոթությունը զբոսաշրջիկներից շատերը սկսում են Բրազիլիայի խորհրդանիշ համարվող Հիսուս Քրիստոսի արձանից, որ իր թևերը տարածած` կարծես ողջունում է բոլորին: Արձանի մտահղացումը ծագել է դեռևս 1922թ.-ին, երբ տոնվում էր Բրազիլիայի անկախության 100-ամյակը: Այդ ժամանակ մրցույթ հայտարարվեց լավագույն հուշարձանի համար` որպես Բրազիլիայի խորհրդանիշ: Հաղթեց Հեկտոր դա Սիլվա Կոստայի առաջարկած, թևերը տարածած` կարծես քաղաքը գրկող Հիսուսի արձանի միտքը: Արձանի կանգնեցմանը միացավ նաև եկեղեցին` կազմակերպելով համապետական հանգանակություն:
Պան դե Ասուկառ ժայռը և Կորկովադու բլուրը վերևի ռակուրսից
Պան դե Ասուկառ ժայռը և Կորկովադու բլուրը վերևի ռակուրսից
Աշխատանքը սկսելուց առաջ ճարտարապետները, ինժիներները և քանդակագործները հանդիպեցին Փարիզում, որպեսզի քննարկեն բլրի վրա արձանի տեղադրման հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, իսկ խնդիրները քիչ չէին, քանի որ այն պետք է տեղադրվեր մեծ բարձրության վրա և ենթարկվելու էր տարբեր եղանակային պայմանների ազդեցությանը: Ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդովսկին սկսեց մոդելավորել գլուխը և ձեռքերը, իսկ ինժեներները սկսեցին մշակել կարկասը: Նրանց առաջ դրված խնդրի մասշտաբները դժվար չէ կռահել` արձանի գլուխ 35,6 տ, յուրաքանչյուր ձեռքը 9,1տ, իսկ ձեռքերի բացվածքը 23մ: Արձանը կառուցվեց երկաթբետոնից և երեսպատվեց մոխրագույն քարով: Հետո այն Փարիզից տեղափոխվեց Ռիո դե ժանեիրո և տեղադրվեց Կորկովադու բլրի վրա: 1931թ. Տեղի ունեցավ արձանի հանդիսավոր բացումը և լուսավորումը: Արձանի համար բնական պատվանդան է հանդիսանում սարը: Հիսուսը կարծես տարածել է թևերը և ցանկանում է գրկել ոչ միայն Ռիոյի այլև ողջ երկրագնդի մարդկանց:
Քրիստոսի քանդակը
1964թ.-ին Հռոմի պապ Պողոս VI–ը կրկնեց արձանի հանդիսավորը լուսավորումը: Ամերիկյան Ջեներալ էլեկտրիկ ընկերությունը, իբրև քաղաքի համար նվեր Կորկովադու բլրի գագաթին տեղադրեց 44 հզոր ռեֆլեկտորներ` արձանի լուսավորման համար: Տեղական ժամանակով ժամը 20-ին 1964թ-ի դեկտեմբերի 31ին ռադիոսիգնալով Վատիկանից հոսանք հաղորդվեց և այդ օրվանից ամեն երեկո Ռիո դե ժանեիրոյի երկնքում կարծես ճախրում է Հիսուսի ֆիգուրան: Եվս մեկ հանդիսավոր լուսավորում տեղի է ունեցել 1981-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի ներկայությամբ, երբ տոնվում էր արձանի 50-ամյակը: Այսօր դժվար է պատկերացնել Ռիոն առանց այս արձանի: Այդ իսկ պատճառով շատ զբոսաշրջիկներ քաղաքի հետ ծանոթությունը սկսում են Կորկովադուի բարձունքի դիտահարթակից: Այստեղից հիանալի երևում է Կոպակաբանա և Իպանեմա լողափերը, իսկ ձախ կողմում Մարականան է` աշխարհի ամենամեծ ստադիոնը և միջազգային օդանավակայանը: Ծովի կողմից վեր է խոյանում Պան-դի-Ասուկար լեռան հիասքանչ համայնապատկերը: Բլրի գագաթ հասնելը դժվար չէ: 1885-ին կառուցված տրամվայի գիծը հասնում է գրեթե բլրի գագաթին. վերջին կանգառը արձանից 40 մ հեռավորության վրա է: Այդտեղից պետք է 220 աստիճաններով բարձրանալ պատվանդանին, որտեղ գտնվում է դիտահարթակը: Տաքսիները և ավտոբուսները ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են տեղափոխում դեպի հուշարձան: Բացի այդ գործում է նաև ճոպանուղի:
 Աստիճանի աջ և ձախ կողմերում հուշանվերների վաճառակետեր կան, որտեղից կարելի Հիսուսի պատկերով բացիկներ, կոկորդիլոսի կաշվից իրեր, կիսաթանկարժեք իրերից զարդեր կամ շատ գեղեցիկ բրազիլական բազմագույն թիթեռնիկերի կոլեկցիաներ գնել: Դիտահարթակը բարձր բազրիքներով շրջապատված օվալաձև պլատֆորմ է: Բազրիքից այն կողմ զառիթափ է, որը քաղաքի վրայով թռիչքի տպավորություն է թողնում: Դիտահարթակին ֆոտոխցիկներով և տեսախցիկներով <<զինված>> բազմաթիվ տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կարելի է հանդիպել, ովքեր ցանկանում են հավերժացնել Հիսուսի հուշարձանի մոտ իրենց ներկայությունը:
Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը