вторник, 20 мая 2014 г.

Էրեխտեոն



Էրեխտեոնի կորեատիդ սյուները, որոնք իրենց վրա են պահում տաճարի ճակտոնների ծանրությունը, այսօր համարվում են Աթենական Ակրոպոլիսի սիմվոլներից մեկը: Էրեխտեոնը մի ունիկալ հուշարձան է. հին հունական ճարտարապետության մեջ այն չունի իր նման երկրորդը: Իր նշանակությամբ սա Ակրոպոլիսի երկրորդ շինությունն է: Հնում այն եղել է Աթենասին նվիրված տաճար, և եթե Պարթենոնն ուներ հասարակական տաճարի կարգավիճակ, ապա Էրեխտեոնը միայն քրմերի համար էր: Այստեղ էին տեղի ունենում կարևոր կրանական արարողությունները` կապված Աթենասի պաշտամունքի հետ: Այստեղ էր պահվում այս աստվածուհու արձանը:
Էրեխտեոնի դիրքը Ակրոպոլիսում.
                                      1. Պրոպիլեոս, 2. Նիկա Ապտերոսի տաճար, 3. Պարթենոն, 4. Էրեխտեոն

Էրեխտեոնը կառուցված է այն վայրում, որտեղ Աթենքը կառավարելու համար մենամարտել են Աթենասն ու Պոսեյդոնը: Տաճարի սրահներից մեկում կարելի է տեսնել ժայռի վրա Պոսեյդոնի եռաժանու թողած հետքը: Տաճարի տարածքում ապրել է Աթենասի օձը` Էրեխտեան, ում համարել են Աթենքի թագավորների ու հերոսների հոգիների փոխանորդը երկրի վրա: Օձի անունով էլ անվանակոչել են շինությունը:

Սկզբում Էրեխտեոնն անվանում էին Աթենաս Պալասի տաճար: Հռոմեական կայսրության տարիներին տաճարն անվանել են Էրեխտեոն: Ըստ լեգենդի` Էրեխտոնիոսը երկրի աստվածուհի Հեայի և Հեֆեսի որդին էր, որին ծնվելուց հետո դաստիարակության էր վերցրել Աթենասը, դրել նրան արկղի մեջ ու ուղարկել Ատտիկայի թագավոր Կեկրոպին` հրամայելով երբեք չբացել արկղը, սակայն թագավորը կնոջ հետ, հետաքրքրությունից դրդված, բացում է արկղն ու տեսնում դրա մեջ պառկած գեղեցկադեմ պատանուն, որին հսկում են երկու օձեր: Տեսարանից խելագարված` ամուսինները իրենց  ժայռից ներքև են նետում: Էրեխտոնիոսը մեծանալով դառնում է թագավոր: Ավելի ուշ հյուսված լեգենդներում Էրեխտոնիոսը և Էրեխտեոնը միևնույն մարդն են: Մեկ այլ տարբերակի համաձայն` Էրեխտեոնը Էրեխտոնիոսի որդին է:

Տաճարի հատակագիծը
Տաճարի հյուսիսային սյունասրահի տակ Էրեխտեոնի գերեզմանն է, իսկ արևմտյան կողմում` Պոսեյդոնի խորանի հարևանությամբ, Էրեխտեոնի սրբավայրը: Սրա կողքին ևս մեկ սրբավայր է` արհեստների աստված Հեֆեստի և Բուտի` Էրեխտեոնի եղբոր խորանով, ինչպես նաև Աթենասի քրմի սրբավայրը: Այս երկու սրահները ելք ունեն դեպի պատկերասրահ: Տարածքում նաև աղի ջրով ջրհորն է, որը, ասում են, Պոսեյդոնի կառուցած աղբյուրն է և կապվում է ծովի հետ:
Էրեխտեոնի շինարարությունը կապված է Ակրոպոլիսի կառուցման հետ և համընկնում է Պերիկլեսի կառավարման տարիների հետ: Հարկավոր էր տաճար կառուցել Աթենաս աստվածուհու արձանի համար, որը, ըստ ավանդության, ընկել էր երկնքից: Այս արձանը երկար ժամանակ պահվում էր Ակրոպոլիսի տաճարում, սակայն երբ պարսկական զորքը գրավում է Աթենքը, այրում է տաճարը, իսկ արջանը հույները կարողանում են փրկել: Այն տանում են Սալամին կղզի, իսկ պարսիկների հեռանալուց հետո որոշում են արձանի համար ժամանակավոր կացարան կառուցել: Վերջինս դառնում է հին տաճարից պահպանված արևմտյան մասը, իսկ մ.թ.ա. 421թ. արդեն արձանը պահվում է նորակառույց Էրեխտեոնում:
Էրեխտեոնի ընդհանուր տեսքը
Էրեխտեոնի շինարարությունը տևել է շուրջ 15 տարի: Ընդմիջումներով այն ավարտվել է մ.թ.ա. 406թ.: Աշխատանքների ավարտից հետո շինությունը դառնում է հրդեհի զոհ: Այն վերակառուցվում է միայն մ.թ.ա. 394թ.: Տաճարի նախագծի հեղինակի և ճարտարապետի անունը հայտնի չէ: Որոշ ուսումնասիրողներ, տեսնելով Էրեխտեոնի և Պրոպիլեոսի նմանությունները, գտնում են, որ տաճարի հեղինակը աթենացի ճարտարապետ  Մնեսիկլեսն է: Ակրոպոլիսից հայտաբերված մի քանի արձանագրություններում նշված են ճարտարապետներ Ֆիլոկլեսի և Արքիլոեսի անունները, սակայն նրանք, ամենայն հավանականությամբ, եղել են աշխատանքը ղեկավարողները:
Էրեխտեոնն ուղղանկյուն հատակագծով շինություն է` 23,5 х 11,6 չափերով: Շինության ֆասադները տարբերվում են իրենց հարդարանքով: Յուրաքանչյուր կողմից դրանք տարբեր են: Արևմտյան ճակատի անկյունում տեղադրված է Կեկրոպեոնը` լեդենդար Կեկրոպի` Ատտիկայի առաջին թագավորի գերեզման-սրբատեղին` 2,6մ բարձրությամբ: Սրա վրա է վեր բարձրանում կորեատիդների   հայտնի   սյունասրահը: Սա իրենից ներկայացնում է կնոջ վեց ֆիգուրաների քանդակներ` յուրաքանչյուրը 2,3մ բարձրությամբ: Աջ և ձախ կորեատիդները ամբողջությամբ նույնն են: Նրանք աջ ձեռքով պահում են ֆասադը, ձախ ձեռքերը կոտրված են, չեն պահպանվել: 1952թ. Իտալիայում Ադրիանոս կայսեր վիլլայի ավերակները ուսումնասիրելիս հայտնաբերվել են այս կորեատիդների կրկնօրինակներից: Գտնված արձաններում ֆիգուրները ձախ ձեռքով բռնել են զգեստի փեշը: Սա թույլ է տալիս ենթադրություններ անել Էրեխտեոնի տաճարի կորեատիդների սյունասրահի նախնական տեսքի շուջ:
Տաճարի կորեատիդները
14 աստիճանները արևելյան սյունասրահից տանում են դեպի փոքրիկ բակ, որի սյուներն ունեն 7,6մ երկարություն: Էրեխտեոնի արևմտյան կողմում ձիթենիներ են, այս պատճառով տաճարի տվյալ ֆասադը մյուսների նման սյունասրահ չունի:
Էրեխտեոնի ինտերիերից տեղեկություններ չեն պահպանվել: Որոշ նկարագրություններ կան անտիկ հեղինակների աշխատություններում, ըստ որոնց տաճարի ներքին տարածությունը խուլ պատով բաժանված է եղել երկու գրեթե հավասար մասերի: Արևելյան մասում եղել է Աթենաս Պալասի սրբատեղին: Այժմ սրանից պահպանվել է ընդամենը 5 սյուն: Տաճարից մեզ են հասել միայն ավերակները…
Էրեխտեոնի ավերակները
 Ժամանակը չի խնայել ինչպես Ակրոպոլիսը, այնպես էլ Էրեխտեոնի տաճարը: Բյուզանդական ժամանակաշրջանում այն դարձրել են Աստվածամորը նվիրված քրիստոնեական եկեղեցի, թուրքերի գրավումից հետո տաճարը եղել է թուրք սուլթանի հարեմը: Էրեխտեոնը վերակառուցվել է 1837-1847, ինչպես նաև 1902-1909թթ., սակայն հաջողվել է պահպանել միայն կորեատիդների տեսքը, մի քանի սյուներ ևկիսաքանդ պատեր:

Դե եսիմ` Գ.Ն.