вторник, 20 мая 2014 г.

Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոն



Մինչ 20-րդ դարի կեսերը թանգարան, գրադարան կամ այլ մշակութային արժեք ունեցող շինություն կառուցելու համար ճարտարապետները, որպես կանոն, ընտրում էին դասական կառույցի օրինակներ, դասական ճարտարապետական տարրեր: Սակայն դարի կեսերից այս <<օրենքները>> խախտվում են, 1970-ականներին Փարիզում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն, որը կարծես դեմ էր գնում ավանդական, դասական արվեստին: Դա Ժորժ Պոմպիդուի անվան արվեստների ազգային կենտրոնն է, որը սկիզբ է դնում թանգարանային ճարտարապետության նոր փուլին:

 Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի, որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Այս շինությունն այլ կերպ անվանում են Բոբուռ: Շինության արտաքին տեսքը հիշեցնում է մի գործարան` մետաղյա կառկաս, ապակե պատեր, ոլորվող անցումներ ու միջանցքներ, աստիճանավոր հրապարակներ: Շինության կողքից վեր է բարձրանում աստիճանաձև խողովակ, ճիշտ այնպես, ինչպես առագաստներում:

Բոբուռի ինտերիերը զուրկ է պատերից, շինությունն ունի ճկուն և բաց կառուցվածք: Թանգարանի շինարարությունը վերջնականապես ավարտված չէ: ճարտարապետները միտումնավոր օգտագործել են այնպիսի դետալներ, որ հետագայում հնարավոր լինի ձևափոխել և շարունակել շինարարությունը:
Հետաքրքիր են թանգարանի գունային լուծումները. Փոխադրման համար նախատեսված հարմարությունները ներկված են կարմիր գույնով: Դրանք աստիճաններն են, վերելակները, շարժասանդուղքներն ու գետնահարկերը: Դեղին գույն ունի էլեկտրամոնտաժային համակարգը, կանաչ գույնի են խողովակներն ու  ջրահեռացման համակարգի հարմարությունները: Կապույտով են ներկված օդամղիչները, սպիտակով` տաքացուցիչները: Այս ամենը պատահական արված չէ, սա զուտ դիզայնի արդյունք չէ: Քանի որ այս թանգարանի շենքը հեղափոխություն էր ողջ թանգարանային շինարարության մեջ, այն կառուցող ճարտարապետները որոշում են, որ կարիք չկա հատակի կամ պատերի մեջ թաքցնել էլեկտրական մալուխները, ջրատար խողովակները և այլն: 

Համալիրի հատակագիծը
Այս ամենը Ժորժ Պոմպիդուի արվեստների կենտրոնում ի ցույց են դրված միտումնավոր` թանգարանի ունիկալությունը և ընդունված ձևերից շեղվածությունն ընդգծելու համար: Այս դետալները, ինչպես նաև շինության ինտերիերն ու էքստերիերը միասին վերցրած, շատերին առիթ են տալիս Պոմպիդուի թանգարաը համարել ոչ թե ճարտարապետական կառույց, այլ պարզապես հասարակ տեխնիկական շինություն: Սակայն, կառույցն ունի իր <<պաշտպանները>> ևս: Ոմանք այն համարում են ժամանակակից ճարտարապետության գլուխգործոց: Ինչպես հունական տաճարներն են հպարտորեն ցուցադրում իրենց սյուները, այնպես էլ Պոմպիդուի կենտրոնն է ի ցույց դնում իր մետաղյա կմախքը, որի վրա հիմնվում է ողջ շինությունը: Միևնույն ժամանակ, այն չի թաքցնում իր տեխնիկական դետալները, ինչպես արվում էր մինչ այս կառուցված բոլոր թանգարաններում ու մշակույթի կենտրոններում: 
Այս շինության կառուցման նախագծերի ընդունման ժամանակ հանձնաժողովին ներկայացվել է 681 աշխատանք աշխարհի 49 երկրներից: Ընդունվել են ինժեներներ իտալացի Ռենցո Պիանոյի և անգլիացի Ռիչարդ Ռոջերսի նախագծերը: Համալիրն իր դռները բացել է 1977թ. և միանգամից հետաքրքրություն առաջացրել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այդ տարի նույնիսկ Լուվրը չուներ այդքան մեծ թվով այցելուներ: Օրական հազարավոր մարդիկ էին գալիս Բոբուռով հիանալու:
Պոմպիդուի կենտրոնում այժմ տեղակայված է Փարիզի ժամանակակից արվեստի գլխավոր թանգարանը: Այստեղ պարբերաբար անցկացվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: Բոբուռն ունի հարուստ հասարակական գրադարան, որտեղ պահվում են միլիոնից ավել հատորներ:
Շինության ինտերիերը
Բոբուռի մասին շատ հոդվածներ ու նյութեր են գրվել: Դրանց մեջ այս շինությունն անվանում են <<Մշակույթի շուկա>>, <<Արվեստի պահեստ>>, սակայն իր շուրջ տարածված  կողմ և դեմ կարծիքներով հանդերձ Պոմպիդուի կենտրոնը մինչ օրս Փարիզի գեղատեսիլ առավելություններից մեկն է: Մարկանց Պոմպիդուն ձգում է ոչ միայն իր ցուցադրություններով, այլև թանգարանի շուրջը կառուցված հրապարակով: Այստեղ հաճախ կարելի է հանդիպոլ թափառաշրջիկ երաժիշտների, երգիչների,  պարողների ու աճպարարների: Հրապարակի այս նախագիծը հարյուրավորներից միակն էր, որ թույլ էր տալիս թանգարանի տարծք մտցնել փողոցային կյանքը: Բոբուռը, սակայն, միայն ցուցադրության սրահներով և գրադարանով չէ, որ հայտնի է: Այն ունի նաև իր համերգասրահը, կինոթատրոնը, երեխաների համար կառուցված խաղահրապարակը, Երաժշտության ուսումնասիրման և կոորդինացման ինստիտուտը:
Պոմպիդուի անվան կենտրոնի խաղահրապարակը
Իր բացման առաջին օրերին Բոբուռն ունենում էր օրական շուրջ 54.000 այցելու: Այն դարձել էր Փարիզի առաջնային ատրակցիոններից մեկը և այցելուների թվով անցնում էր նույնիսկ Էյֆելյան աշտարակի գրանցած ցուցանիշից: Շինության ճարտարապետների նախնական ծրագրերը, սակայն, ամբողջովին չիրագործվեցին: Նրանք նախատեսել էին կառույցի հատակը դարձնել շարժական, կիրառել մի քանի այլ ոչ ավանդական միջոցներ ևս, սակայն Ժորժ պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի կենտրոնն արդեն իսկ թանգարանային ճարտարապետության մեջ համարվում է հեղաշրջում, իսկ Փարիզի և ողջ Եվրոպայի համար` առաջին ժամանակակակից ճարտարապետության նմուշ:
 Ծանոթացեք նաև թանգարանի պաշտոնական կայքին` http://www.centrepompidouparis.com/

Դե եսիմ` Գ.Ն.