понедельник, 19 мая 2014 г.

Աջանտայի քարանձավային համալիր



Աջանտան հին հնդկական արվեստին պատկանող քարանձավային տաճարների համալիր է: Նրա կառուցումը սկսվել է Գուպտաների  դարաշրջանում և շարունակվել մի քանի հարյուրամյակներ: Ընդհանուր համալիրի շինարարությունը տևել է շուրջ 450 տարի` 200-650թթ.: Աջանտան իրենից ներկայացնում է երկարությամբ ձգված ժայռերի մեջ փորված քարանձավներ, որոնցից հինգում տաճարներ են` վիհարներ, մնացած քսանչորսում` վանականների համար նախատեսված խցեր` չայտյաներ:

Աջանտայի քարանձավների ձգվող շարքը
Աջանտայի տաճարների հիմնական կառուցվածքը հետևյալն է`կենտրոնում քառակուսի հատակագծով մեծ դահլիճ, կողմերում փոքր խցերով: Դահլիճի երկու կողմերում սյուներով առանձնացված տարածություններ են` նախատեսված տարբեր կրոնական արարողությունների համար: Քարանձավների առաստաղներն իրենց վրա պահում են գեղանկարներով պատված սյուները: Աջանտան հայտնի է իրգեղարվեստական արժեք ներկայացնող պատկերներով, որոնց մեծ մասը հասել են մինչև մեր օրերը: Դրանք պահպանվել են դարերի ընթացքում, սակայն կլիման ոչնչացրել է նրանց մի մասը. 29 քարանձավներից պահպանվել են միայն 13-ի նկարները: 
Տաճարի ինտերիեր
Աջանտայի գեղանկարները Հնդկաստանի V-VIIդդ. պատմության յուօրինակ օրագրեր են: Դրանց մեծ մասը բուդդայական լեգենդների նկարազարդումներ են: Կան նաև հասարակ քաղաքացիների պատկերող տեսարաններ: Մեծ թիվ են կազմում նաև պալատական կյանք պատկերող մոտիվները. Արքայազները վայելում են իրենց հանգիստը հարճերի և նաժիշտների ներկայությամբ, գնում են որսի կամ պատերազմ, հյուրեր են ընդունում:
Աջանտայի տաճարների բարձրաքանդակներից


Աջանտայի գեղանկարները ստեղծվել են տարբեր դարերի ընթացքում` վարպետների մի քանի սերունդների կողմից: Դրանք չափերով տարբեր են, կան հսկայական չափերի գեղանկարներ, որոնք նկարված են ինչպես անձավի պատերին, այնպես էլ սյուներին և առաստաղին: Հնդկական վարպետները փորձել են հոգևոր կյանք բերել այն ամենը ինչ գոյություն ունի դրսում, քարանձավներից այն կողմ` աշխարհիկ կյանքում: Նրանք պատկերել են ծառեր, ծաղիկներ, հարուստ բուսականություն, թռչուններ ու կենդանիներ, նույնիսկ զարդանախշեր` փորձելով լցնել ցանկացած բաց տարածություն:
Աջանտայի որմնանակարներից
Բուդդային պատկերող նկարների կողքին կան նաև էրոտիկ տեսարաններով գեղանկարներ: Այն, ինչ եվրոպական երկրներում կարող է դիտվել որպես տաբու, հնդկաստանում սովորական է և բնական, քանի որ այն ամենը, ինչ կապված է մարդու հետ, պետք է պատկերվի նաև արվեստում: Այս սկզբունքով էին առաջնորդվում միջնադարյան Հնդկաստանի վարպետները բուդդայական և հինդուիստական տաճարները կառուցելիս: Դրանց քանդակների, բառելիեֆների ու գեղանկարների հիմնական լեյտմոտիվը հաճախ հենց աստվածների ինտիմ կյանքն էր: Աջանտայի գեղանկարների հեքիաթային աշխարհը աշխարհին հայտնի է դարձել 1819 թվականից հետո, երբ վաղուց մոռացված Աջանտայի քարանձավները կրկին հայտնաբերվում են: 1920-ականներին որմնանկարներն ու այլ պատկերները վերանորոգվում են և մինչ օրս գտնվում են հսկողության տակ:

Դե եսիմ` Գ. Ն.