понедельник, 17 марта 2014 г.

Յան Վերմեեր..Կաթի սափորով կինը


Հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Յան Վերմեերը(1632-1675) ստեղծագործել է այն ժամանակահատվածում, երբ անկախության համար մղվող պատերազմի ակտիվ մասնակիցները դուրս էին եկել հոլանդական պատմության  թատերաբեմից` իրենց տեղը զիջելով խաղաղ, անխռով կյանքը իդեալ համարող մարդկանց: Իզուր չեն հոլանդացիների համար ասում, որ նրանք չեն սիրում մենամարտեր, կռիվներ և վեճեր և սովորություն ունեն ասել, որ հարուստ մարդիկ չեն կռվում: Վերմեերի հերոսները հարուստ վաճառական հասարակության ներկայացուցիչներն են, ովքեր վայելում  են  անխռով կյանքի հաճույքները: 


Յան Վերմեեր-<<Կաթի սափորով կինը>>
  Հոլանդացի գիտնական Պ. Սվիլենսը ապացուցել է, որ Վերմեերից մեզ հասած նկարներում (որոնք այքան էլ շատ չեն) պատկերված են ընդամենը հինգ տարբեր ինտերիերներ, որոնք պատկերված են տարբեր դիրքերից և լուսավորությունից և ենթադվում է, որ դրանք իր տան սենյակներն են եղել: Վերմեերի արվեստի մասին կարծիքները միանշանակ չէին, սակայն ապահովված դելֆտյան բուրժուազիայի համար դրանք իսկական գոհարներ էին: Այդպիսի անգնահատելի գոհարներից է <<Կաթի սափորով կինը>> կտավը (հայտնի է նաև <<Խոհարարուհի>>, <<Կաթնավաճառուհի>> անուններով):
Այստեղ տնտեսությունը վարելու կերպարում հանդես է գալիս, ոչ թէ ընտանիքի մայրը (ինչպես շատ հաճախ տեսնում ենք հոլադական այլ գեղանկարիչների մոտ), այլ սպասուհին: Հիրավի ոչ մի արիստոկրատ կնոջ տրված չէ այնպիսի առաքինի վեհություն, ինչպես կտավի միակ հերոսուհուն` սպասուհուն:
Կտավը նախ և առաջ հիացնում է իր կոմպոզիցիոն պարզությամբ և գրեթե նախադեպը չունի հոլանդական գեղանկարչության մեջ: Ճիշտ է այլ նկարիչներ (Դե Խոխ, Տերբորխ) նույնպես անդրադարձել են առօրյա կենցաղին, սակայն  Յան Վերմեերը միակն է, որ մեկ կերպարի մեջ արտացոլել է  կյանքի մնայուն արժեքները` առօրյա կենցաղում:
Կտավի ռետնգենանկարը ցույց է տվել որ, սկզբնական տարբերակում պատի վրա` կնոջ գլավերևում, նկարիչը ինչ-որ առարկա է պատկերել:  Հետագայում նա հրաժարվել է դրանից, որպեսզի չբարդացնի  կտավը ավելորդ սիմվոլիկայով կամ կարծել է, որ դատարկ պատը  ավելի հարմար դեկորացիա կլինի տվյալ կերպարի համար:
Լույսով և օդով պարուրված կնոջ կերպարը Վերմեերի սիրված թեմաներից է: Նրա հերոսուհիները իրենց լավ են զգում  միայն հարմարավետ սենյակում` արտաքին աշխարհից սահմանազատվելով մարգարտամոխրագույն պատով: Խորությամբ ներթափանցելով նկարի մեջ երանգների արտակարգ համադրությունը դառնում է ավելի մեղմ և նուրբ: Դրա շնորհիվ սպասուհու ֆիգուրան կարծես բոլոր կողմերից ընկղմված է լուսային միջավայրի մեջ:
Սեղանին դրված նատյուրմորտը ավելի վառ է լուսավորված: Վառ ներկերը մաքուր են թվում, սակայն իրականում նրանք  անհավանականորեն ճիշտ ընտրված երանգների արդյունք են:
Վերմեերը հանճարի անսխալականությամբ լուծում է գեղանկարչական  բարդ խնդիրները: Այսպես, նա տեղադրում է իրարից տարբեր ֆակտուրայով և սպիտակի տարբեր երանգներով ներկված  երեք առակա միմյանց հարևանությամբ` քաթանե կապագլխարկը,  ծակոտկեն սվաղով պատը և կապտավուն հաղճասալիկները նրա ներքևի անկյունում: Իր ֆորմաները Վերմեերը փորձել է նկարել հարթ, ոչ այնքան ցայտուն` կարծես կերտելով խիտ, բայց փափուկ մասսայից: Իզուր չեն XX դարում նրան անվանել <<Հանճարեղ կավագործ>>:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը