воскресенье, 9 февраля 2014 г.

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերը/Ք.ա.VIII-I դդ./

Հայկական լեռնաշխարհը մարդկանցով բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից: Այնմարդկային կյանքի, երկրագործության ու անասնապահության հնագույն օջախներից մեկն է: Նախկին քաղաքներից ու բնակատեղիներից մեզ հասել են միայն ավերակներ: Ընդ որում, ավերակները, որոնց մեջ զգալի կերպով նկատելի են պատեր, սյուներ կամ բնակատեղիների հատակագծեր, դեռ լավագույնն են պատկերացում կազմելու համար: Առավելապես մեզ հասել են միայն քարերի շարվածքներ, կոտրատված հատակագծեր, որոնցից կարելի է ենթադրել, որ տվյալ վայրը հանդիսացել է բնակատեղի: Համեմատաբար լավ պահպանված հնավայրերից է Էրեբունին, ապա  Շենգավիթը, Կարմիր բլուրն ու Լճաշենի կիկլոպյան պարիսպները, Մեծամորի ֆալոսներն ու Քարահունջի քարերը:

ԷՐԵԲՈՒՆԻ: Քա. VIII-VII դդ. ուրարտական ամրոց-քաղաք: Քա. VI-IV դդ. եղել է աքեմենյան կառավարչի նստավայր: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևելյան մասում: Ամրոցը հիմնադրվել է 782 թ. Արգիշտի Ա թագավորի կողմից: Էրեբունի անվանումից է ծագում մայրաքաղաք Երևանի անունը: Սեպագիր արձանագրությունները հնարավորություն են ընձեռում հետևելու քաղաքի պատմության ամբողջական ընթացքին: Միջնաբերդը կառուցված է Արին-բերդ կոչվող բլրի վրա և շրջափակված է հզոր պարսպապատերով: Պեղումներով բացվել են պալատական շինություններ, սրահներ, տաճարական համալիրներ, զորանոցներ, արտադրական և տնտեսական բնույթի կառույցներ: Թանգարանում են պահվում Էրեբունիից հայտնաբերված սեպագիր արձանագրությունը բազալտե քարի վրա` ամրոցի հիմնադրման մասին, պալատի որմնանկարների հատվածներ, կնիքներ, քարե սկահակներ, բազմապիսի խեցեղենի նմուշներ:
Էրեբունու Խալդի աստծո տաճարը կառուցվել է միջնաբերդի հրապարակի հարավարևմտյան մասում և իր ճարտարապետական կառուցվածքով հարազատ է հինարևելյան այն ավանդույթին, ըստ որի միայն երկրի գերագույն աստվածությանը նվիրված տաճարներում են զիկկուրատներ կառուցվել։ Այն բաղկացած է երկու սենյակներից, զիկկուրատ-աշտարակից, որից պահպանվել են միայն հիմքի հզոր քարերը, և երկշարք դասավորված 12 սյուներով սրահից, որի պատերի երկայնքով ձգվում էր աղյուսաշեն նստարանը, իսկ հարավային պատի մոտ տեղադրված էր եռաստիճան զոհասեղանը։ 1968 թ. պեղումների ժամանակ զիկկուրատի ճակատը մաքրելիս հայտնաբերվեց տաճարի կառուցման մասին հայտնող մի սեպագիր արձանագրություն։
Զիկկուրատ-աշտարակից դեպի հարավ` մինչև սյունասրահ ընկած է տաճարին պատկանող տնտեսական մասը` իր պահեստներով, հացահատիկի շտեմարաններով և գինու մառաններով։ Էրեբունու տաճարը մյուս շինությունների նման հարդարված է եղել ճոխ որմնանկարներով, բրոնզե գեղազարդ և սեպագիր մեծ վահաններով։
Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների հինգ շարք` յուրաքանչյուրը վեցական սյուներով, որոնք կրել են հարթ ծածկը։ Վերակազմության հետևանքով փոխվեց նաև սյունասրահի սկզբնական կրոնական նշանակությունը։ Վերածվելով աշխարհիկ կառույցի` այն դառնում է պաշտոնական ընդունելությունների, հանդիսությունների, խորհրդակցությունների և ժողովների վայր, ինչն իր հերթին ընդգծում է Էրեբունու խոշոր նշանակությունը Աքեմենյան տիրության համար։ Այսօրինակ դահլիճներ հանդիպում են Աքեմենյանների հնագույն մայրաքաղաքում` Պասարգադում և Պերսեպոլիսում։


Էրեբունի
 ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ – (Ք.ա. IV-III հազ.) վաղ բրոնզեդարյան հուշարձան։ Գտնվում է Երևանյան լիճի աջ ափին, բլրի վրա։ Զբաղեցնում է ավելի քան 6 հա. տարածք, շրջապատված է հզոր կիկլոպյան պարիսպներով, որն ունի աշտարակներ և ստորգետնյա ուղի։
Բնակատեղին ունի 4 մշակութային շերտեր, որոնցից ստորինը վերաբերում է էնեոլիթի ժամանակաշրջանին։ Վաղ բրոնզեդարյան 3 շերտերում պեղվել են՝ կենտրոնում կլոր կացարաններ և հարակից քառանկյունի բազմաբնակարան շինություններ։ Կլոր կացարանների կենտրոնում հայտնաբերվել են ծիսական օջախներ, տնտեսական հորեր, հացահատիկով լցված շքեղ կարասներ, մետաղի ձուլման կաղապարներ, աշխատանքային գործիքներ, բազմապիսի խեցեղեն անոթներ և այլ իրեր։
Շենգավիթի դամբարանները բացահայտվել են պարսպից դուրս, բնակավայրից հարավ-արևելք և հարավ-արևմուտք։ Այս դամբարաններից հայտնաբերվել են ոսկերչական արվեստի հնագույն նմուշները։ Հուշարձանը Կուր-արաքսյան մշակույթի դասական օրինակ է, և մասնագիտական գրականության մեջ վերը նշված մշակույթը շրջանառվում է նաև «շենգավիթյան» անվանումով։
Շենգավիթի հուշարձանի պեղումները սկսվել են 1936թ.` Եվ. Բայբուրդյանի ղեկավարությամբ, և շարունակվում են առ այսօր։
Շենգավիթ
ԿԱՐՄԻՐ-ԲԼՈՒՐ: Քա. VII-VI դդ. ուրարտական ԹԵՅՇԵԲԱԻՆԻ ամրոց-քաղաք: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում` Հրազդան գետի ձախ ափին: Կառուցվել է Ռուսա Բ-ի (Քա. 685-640 թթ.) օրոք: Այստեղ են տեղափոխվել Էրեբունի ամրոցի գանձերը: Քաղաքի տարածքում եղել է վաղ երկաթի ժամանակաշրջանի ընդարձակ բնակավայր: Թեյշեբաինիի միջնաբերդը կառուցված է բլրի վրա և շրջափակված է պարսպապատերով: Պեղումներով բացվել են Քա. XIII-IX դդ. նախաուրարտական բնակելի թաղամասեր, ուրարտական պալատական շինություններ, սրահներ, տաճարական համալիրներ, զորանոցներ, արտադրական և տնտեսական բնույթի կառույցներ:
Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխ-արքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։
Թեյշեբաինիի երբեմնի գոյությունը վկայող առաջին գտածոն 1936 թ. Կարմիր բլուրի հարավարևելյան լանջից պատահաբար հայտնաբերված սեպագիր արձանագրությունն է, որի մեջ նշված էր Ռուսա Արգիշտի-խինի (ստուգաբա¬նությունը` Ռուսա` Արգիշտիի որդի) անունը, ով հայտնի է իբրև Ռուսա Բ արքա։ Հնավայրի կանոնավոր ուսումնասիրությունները մեկնարկել են 1939 թ.` լույս աշխարհ բերելով շուրջ 2500 տարուց ավելի կարմիր հողի հաստ շերտով ծածկված բնակատեղին։ Այստեղից հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրություններում հանդիպող «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց» բառերը օգնեցին պարզելու հնավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը և արքայի ինքնությունը։

Կարմիր բլուր
ՀԱՌԻՃ Ք.ա. XXVI – Ք.հ. X դարերի բազմաշերտ հուշարձան Շիրակի մարզի համանուն գյուղի հարավային կողմում: Գտնվում է Արագած լեռան փեշերին` երեք կողմից խորը կիրճերով շրջապատված տուֆե բարձր հրվանդանի վրա: Բրոնզեդարյան բնակատեղին` իր երեք դարավանդներով, ձգվում է արևմուտքից արևելք և զբաղեցնում է 12 հա մակերեսով տարածք: Դարավանդներն իրարից առանձնացված են կիկլոպյան պատաշարերով: Բնակավայրին մոտ գտնվում է դամբարանադաշտը` 3 քառ. կմ տարածքով: Հուշարձանի վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հատակագծով բնակարաններ` քարաշեն կրակարաններով, շարժական օջախներ` զարդարված կենդանակերպ ֆիգուրաներերով: Գտնվել են կենդանիների ու մարդկանց կավե ծիսական արձանիկներ, սև փայլեցված խեցեղեն, մետաղաձուլական պարագաներ, հացահատիկների մշակման գործիքներ, բրոնզե զարդեր և այլ իրեր:

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ- Գյուղը գտնվում է ՀՀ վարչական տարածքի հյուսիս-արևմտյան մասում, Գյումրիից 43 կմ հեռավորության վրա: Բնակավայրը տեղակայված է սարի գագաթին` Սեպասար գյուղի սրբատեղիի մոտ` գյուղից 100-200մ հեռավորության վրա: Ըստ երևույթին, սրբատեղին կառուցվել է նախկին պաշտամունքային վայրի տեղում և վերանորոգվել ու ծառայել մարդկությանը յուրաքանչյուր փոխվող դարաշրջանում: Բնակավայրը կազմված է իրար մոտ դասավորված ոչ մեծ չափերի սենյակներից: Այն իրենից ներկայացնում է բրոնզեդարյան մշակույթի տիպիկ օրինակ: Բնականաբար, նկատելի են միայն կառույցների պատերը, երբեմն նաև հատակը: Պատերը շարված են տարբեր հաստության և տարբեր տեսակի քարերով: Բնակատեղիի կացարաններն ունեն 3x3 չափերի  քառանկյուն հատակագծեր:
Պեղումների սկզբնական շրջանում բնակատեղիից հայտնաբերվել է զոհաբերված գայլերի յոթ գլուխ: Յոթ թիվը մեծ խորհուրդ ուներ ինչպես այսօր, այդպես էլ բրոնզի դարում, իսկ գայլը համարվում էր պաշտամունքային կենդանի, այն կապում էր անդրաշխարհը կյանքի հետ: Նույն տարածքում հայտնաբերվել է նաև զոհաբերված երեխայի գլուխ:
Մեծ Սեպասար
ԴՎԻՆբազմաշերտ հուշարձան Երևանից 30 կմ հարավ, Արարատի մարզի Արտաշատի ենթաշրջանում։ Ներառելով այժմյան Այգեստան, Ներքին Դվին, Հնաբերդ գյուղերը՝ հուշարձանը զբաղեցնում է 400 հա տարածք և անընդհատ բնակեցված է եղել Ք.ա. III հազարամյակից։ Հայոց մայրաքաղաքն էր 330-ական թթ. մինչև 885թՀայ եկեղեցու աթոռանիստն էր 484-931թթՍելջուկների և մոնղոլների արշավանքների հետևանքով XIII դ. Դվինը ավերվեց։
Հուշարձանի կենտրոնում քաղաքի միջնաբերդն է՝ հզոր պարսպապատերով և քառասունից ավելի կիսակլոր աշտարակներով, որոնց շուրջը տարածվում էին ընդարձակ գործարար և բնակելի թաղամասերը։ Դվինի մասնակի ուսումնասիրությունը կատարվել է դեռևս XIX դարի երկրորդ կեսից։ 1936թ. սկսված և մինչև օրս ընթացող սիստեմատիկ պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի և թաղամասերի` տարբեր դարաշրջաններին պատկանող հատվածներ, աշխարհիկ, պաշտամունքային բնույթի ճարտարապետական կառույցներ, արտադրական համալիրներ: Ուրվագծվել է քաղաքի ժամանակագրական պատկերը, ճշգրտվել են սահմանները, ուսումնասիրվել են հասարակական տարբեր խավերի կյանքն ու կենցաղը։ Հայտնաբերվել են արհեստագործական արտադրանքի բազմաթիվ նմուշներ. Քա. III-I հազ. վերաբերող ծիսական անոթներ, զոհասեղաններ, քանդակներ, հելլենիստական շրջանի կիրառական արվեստի առարկաներ, միջնադարյան տեղական արտադրանքի և ներմուծված ջնարակապատ կավե և հախճապակե գեղազարդ անոթներ, ապակեգործության, մետաղագործության նմուշներ, զարդեր, դրամներ և այլ իրեր։
Դվինի հնավայր
ԼՈՌԻ-ԲԵՐԴԻ ՀՆԱՎԱՅՐԸՔ.ա. XXII-VI դդ. հուշարձան է, հնագիտական մի քանի մշակութային փուլերով։ Բնակավայրը և դամբարանադաշտը ընդգրկում են Ստեփանավան քաղաքի մի մասը և Լոռի-բերդ գյուղն ամբողջությամբ։
Դամբարաններից ձեռք բերված նյութական մշակույթի բազմազան հավաքածուները ներկայացնում են թանկարժեք մետաղներից և կիսաթանկարժեք քարերից պերճանքի առարկաներ, բրոնզե զենքեր, զարդեր, գործիքներ, բարձրարվեստ քանդակներ, սպասք, բազմազան կավանոթներ և այլ նմուշներ։
Հուշարձանը պեղվում է 1969-ից առայսօր` Ս. Դևեջյանի ղեկավարությամբ։
Լոռի բերդ. X դարի կառույց
ԼՃԱՇԵՆԻ հնավայրը գտնվում է Սևանա լճի ափին, համանուն գյուղի տարածքում: Հնավայրը ներառում է Քա. III-I հազ. հուշարձանների համալիրներ` կիկլոպյան ամրոց, բնակավայրեր, Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը՝ առափնյա ժայռի վրա, և այլն: Սևանա լճի ափամերձ ցամաքած տարածքներում պեղվել են բրոնզեդարի բոլոր փուլերին պատկանող դամբարանադաշտեր` դամբարանաբլուրներով, կրոմլեխներով, քարարկղային թաղումներով: Լճաշենի հավաքածուն բազմաբնույթ է` իրենց տեսակի մեջ եզակի փայտյա քառանիվ և երկանիվ կառքեր, որսի տեսարան ներկայացնող բրոնզե արձանախմբեր, կենդանիների ու թռչունների քանդակներ, գեղարվեստական հարդարումով զենքեր, իշխանության խորհրդանիշեր: Արվեստի ինքնատիպ ստեղծագործություններ են պաշտամունքային, ծիսական, կենցաղային բազմապիսի առարկաները, թանկարժեք մետաղներից ու քարերից զարդերը, փորագրազարդ և գունազարդ խեցեղենը:
Պեղումների արդյունքում բացված դամբարանադաշտն ընդգրկում է շուրջ 800 դամբարան, մեծիմասամբ քարարկղային թաղումներով, որոնք բրոնզեդարյան մշակույթի բացառիկ հավաքածու են ներկայացնում։ Լճաշենի թաղումների եզակիությունը կայանում է նրանում, որ այստեղ հայտնաբերվել են դիակառք-սայլեր, որոնք լծված ձիերի և եզների, ինչպես նաև արտակարգ հարուստ գույքի հետ թաղվել են հանգուցյալի հետ։ Այսօրինակ գտածոներն, անտարակույս, հարուստ հանգուցյալի մասին են խոսում։
Երևելիներին հավանաբար միշտ էլ թաղել են կառքերով կամ սայլերով և այնպիսի դիրքով, որ կարծես հիշեցնում են ուղևորություն դեպի անդրշիրմյան կյանք։ Գտնվել են ինչպես երկանիվ կառքեր, այնպես էլ քառանիվ ձիասայլեր՝ պատրաստված տեղական կաղնեփայտից և ծփիից, որոնց վրա փորագրություններ կան։ Գտնված սայլերը աշխարհում հայտնի նմանօրինակ սայլերից լավագույններից են ։
Ննջեցյալի հետ ձիերի թաղումը կարևորվում է Հայաստանում ձիաբուծության զարգացման ու այս կենդանիների ընտելացման հետ կապված հարցերի պարզաբանման տեսանկյունից։
Արձանագրություն Լճաշենից
ԱՐՄԱՎԻՐԻ ՀՆԱՎԱՅՐԸԳտնվում է Արարատյան դաշտում, Արաքսի ձախ ափին։ Ք.ա. III-II դդ. տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Իբրև քաղաք հիշատակում է հույն աշխարհագիր Պտղոմեոսը (90-168)։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Երվանդունիների օրոք, մինչև Ք.ա. IV դարի վերջը եղել է Հայաստանի մայրաքաղաքը։ Արմավիրի միջնաբերդը կառուցված է 76 մ բարձրության վրա։ Նրա շուրջ տարածվում են քաղաքի թաղամասերը։
Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են միջնաբերդի պարսպի և շինությունների հիմնապատեր, հելլենիստական շրջանի խեցեղեն` տափաշշեր, սկահակներ, ըմպանակներ, կարասներ, ապակյա անոթներ, զենքեր, զարդեր և այլ իրեր։
Արմավիրը պեղվել է 1962-ից` ղեկավարությամբ Բ.Առաքելյանի և Գ. Տիրացյանի։


Արմավիր
ՄՈԽՐԱԲԼՈՒՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ – (Ք.ա. IV-III հազ.) վաղ բրոնզեդարյան հուշարձան` շինարարական բազմաթիվ հորիզոններով։ Գտնվում է Էջմիածնից 4 կմ հարավ, արհեստական բլրի վրա, ընդգրկում է շուրջ 3,5 հա. տարածք։
Հուշարձանից հայտնաբերվել են մեծաթիվ զարդարուն խեցեղեն, մարդակերպ և կենդանակերպ կավե արձանիկներ, աշխատանքային գործիքներ և այլ իրեր։ Նյութերը կարևոր նշանակություն ունեն վաղ բրոնզեդարի դաշտավայրային-հովտային մշակույթի ուսումնասիրության համար։ Բնակավայրում հայտնաբերվել է Հայաստանի հնագույն մոնումենտալ տաճարներից մեկը` հսկայածավալ զոհարանով։


Մեծամոր
 ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ - հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով: Վերջին ժամանակներս հուշարձանը սխալմամբ հորջորջվում է նաև Քարահունջ:
Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:
Հուշարձանը մասամբ է հետազոտված: Այստեղ ժամանակին մասնակի ուսումնասիրություններ են կատարել աստղագետ Էլ. Պարսամյանը, հնագետ Օ. Խնկիկյանը, ֆիզիկոս Պ. Հերունին և այլոք: Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսոումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:
Սիսիան. Զորաց քարեր
աղբյուրներ`  http://historymuseum.am
http://hushardzan.am
http://armenianmonuments.org
լուսանկարները` համացանցից