суббота, 1 февраля 2014 г.

Պիկասո..Աղջիկը գնդի վրա



Կուբիզմի հիմնադիր Պաբլո Պիկասոյի արվեստը լի է գաղտնիքներով ու հետաքրքրություններով: Դրանց առիթ են հանդիսանում նկարչի կիրառած տեխնիկաները, թեմաները, գույներն ու ֆորմաները, համաչափություններն ու հակադրությունները: Պիկասոյի ստեղծագործական շրջանների ու աշխատանքների մասին կարելի է խոսել անվերջ: Դրանք միանգամից տարբերվում են <<պիկասոյական>> գույներով ու ֆորմաներով: Նրա հայտնի ստեղծագործություններից է <<Աղջիկը գնդի վրա>> կտավը, որը ստեղծվել է 1905թ.: Այն գտնվել է Գերտրուդա Սթայնի հավաքածուում, որտեղից բերվել է Կանվեյլերի պատկերասրահ: 1913թ. նկարը պատկերասրահից  16.000 ֆրանկով գնել է Իվան Աբրամովիչ Մարոզովը: Ի դեպ, երբ Պիկասոն իր 30 կտավները վաճառեց ընդամենը 2.000 ֆրանկով, նա իրեն անչափ երջանիկ էր զգում: Մեծ նկարիչը չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց նրա նկարները համաշխարհային արվեստի աճուրդներում ռեկորդներ են սահմանելու: 
Այսպես Պիկասոյի գլուխգործոցներից մեկը հայտնվեց Ռուսաստանում: Այժմ այն պահվում է Ա.Ս. Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանում: 
Պաբլո Պիկասո-Աղջիկը գնդի վրա
147x95 չափերի կտավը պատկանում է Պիկասոյի վարդագույն շրջանին: Այս ստեղծագործության մեջ արդեն նկատելի են կուբիզմի հիմքերն ու հիմնական գաղափարը` աշխարհը պատկերել երկրաչափական մարմինների միջոցով: Մարմինները դեռևս կտրատված չեն, բայց գունդն ու քառակուսին արդեն նկատելի են:

Ստեղծագործությունն ունի հետաքրքիր կոմպոզիցիա: Կտավն ասես կլազմված լինի երկու առանձին հատվածներից, առանձին ստեղծագործություններից: Նկարը պատկերում է ակրոբատների  թափառաշրջիկ խմբի: Կտավի ողջ մակերեսը զբաղեցնում են երկու ֆիգուր` ճկուն աղջիկը, ով պահում է հավասարակշռությունը գնդի վրա և մարզված ատլետը, ով նստած հանգստանում է: Նկարը բաժանված է մի քանի պլանների: Բնությունը արդեն իսկ ստեղծում է հեռանկար:   Կոմպոզիցիայի գրեթե կենտրոնում պատկերված ձիու  ֆիգուրը ինչ-որ տեղ հավաքում, աբողջացնում է ստեղծագործությունը: Սպիտակ գույնն իր վրա է վերցնում հարթ գետնի ու սարերի բաժանման գիծն ընդգծելը: Նկարի կոմպոզիցիան խորն է, ֆորմաները` բաց: Հետևի պլանում պատկերված մայրն ու երեխան, ձիու ֆիգուրը նույնպես իրենց տեղն ունեն կոմպոզիցիայի կառուցման հարցում: Նրանցից որևի մեկի բացակայության դեպքում կոմպոզիցիան կխախտվեր և կկորցներ ամբողջականությունը:

Նկարը կառուցված է հակադրություններով: Բնությունը հակադրվում է ֆիգուրներին, գունդը` խորանարդին, ստատիկ վիճակը` դինամիզմին, նուրբ աղջկա կերպարը` կոպիտ ատլետին, որի մարմինն այնքան կոպիտ է ու <<կուբիստական>>, որ այս կտավը կարող ենք համարել կուբիզմի նախահիմք, իսկ ղային` <<խորանարդ խորանարդի վրա>>:
Իր իմաստով ևս այս ստեղծագործությունը հակադրություն է. կրկեսի դերասանները զվարճացնում են հանդիսատեսին, սակայն հետևի ֆոնին պատկերված բնությունը խոսում է նրանց դատարկ կյանքի մասին: Թափառող խումբը կանգ է առել արևից հարթավայրում:  Այս կոնտրաստներն էլ հանդիսանում են Պիկասոյի ստեղծագործության բանալին: Կոնտրաստների հետ մեկտեղ նկարիչը կտավը փորձել է հավասարակշռել ինչպես ֆորմաների, այնպես էլ գույների միջոցով: Հենց գունդն ու խորանարդը ոչ միայն հակադրում, այլև փոխլրացնում են միմյանց: Աղջկա մազերի  կարմիր ծաղիկը  համահունչ է երեխայի հագուստի  գույնի հետ, հագուստը` խորանարդին փռված կտորի գույնի հետ: Նկարի ընկալման գործում մեծ է գույնի դերը: Սառը գույները` կապույտի երանգներն ու ավազի գույնը ևս ինքնատիպ հակադրություններ են:

Կտավը թե՛ գծային է, թե՛ գեղանկարչական: Աղջկա մարմնի պլաստիկան առաջնային է դարձնում գիծը, մինչդեռ տղամարդու կազմվածքը, կոպիտ համաչափությունները գույնի միջոցով հետ են մղում գծի նշանակությունը: Այս երկու ֆիգուրներից մեկի բացակայության դեպքում նկարը դատարկ կլիներ, նրանք միասին մեկ ամբողջություն են, ինչով էլ ստեղծագործության կոմպոզիցիան դարձնում են եզակի:  Ստեղծագործությունն ունի հարաբերական պարզություն, քանի որ և ոչ մի դետալ մանրակրկտորեն պատկերված չէ:

Դե եսիմ` Գ.Ն.