понедельник, 3 февраля 2014 г.

Հաղարծին


Դիլիջանի շրջակա պատմական հուշարձաններից են Հաղարծինը և Գոշավանքը։ Դիլիջանի շրջանում եղած պատմական նշանավոր հուշարձանները կառուցվել են հիմնականում Զաքարյանների դինաստիայի իշխանության ժամանակ։ Հաղարծինը և Գոշավանքը պատկանում են ճարտարապետական այն անսամբլների թվին, որոնք կառուցվեցին Հայաստանում 12—13-րդ դարերի ընթացքում: Վանքային այս համալիրները կառուցված են մեծ ճանապարհներից ու քաղաքների աղմկալի կյանքից հեռու, լեռների գեղատեսիլ բնության գրկում, առավել ապահով տեղում։
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս, Իջևան տանող խճուղուց մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա Հարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հաղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։  Հաղարծինի վանքային համալիրը բնության և ճարտարապետության մի սքանչելի ներդաշնակություն է։ Հայկական վանքային հուշարձանախմբում կառուցվող եկեղեցիների հիմնական տիպը, սկսած հինգերորդ դարից, գմբեթավոր եկեղեցիներն են: Գմբեթը հիմնված է չորս սյուների վրա, որոնք իշխում էին անսամբլի վրա: Հաճախ նույն համալիրում եկեղեցիների թիվը լինում է մեկից ավելի։ Այդ դեպքում մյուսները, ստանում են ենթակա դեր, գլխավոր եկեղեցու նկատմամբ
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։
Եկեղեցու գմբեթը ներսից
Հաղարծինը միջնադարյան հայկական նշանավոր վանքային հուշարձաններից մեկն է։ Վանքը սկսեց ծաղկել տասներեքերորդ դարի երեսնական թվականներից, երբ Խաչատուր վարդապետը՝ առաջնորդ էր այստեղ, որի օրոք Հաղարծինում մեծացավ նաև միաբանությունը։ 1254 թվականին Խաչատուր վարդապետը իր Բարսեղ եղբոր հետ կառուցում է ս. Գրիգորի գավիթը։
1256 թվականին, Հաղարծինի վանքի առաջնորդ է նշանակվում Հովհաննես Արմանեցի վարդապետը, որը նույն տարում սրբատաշ քարերից կառուցում է մի ընդարձակ սեղանատուն՝ միաբանության համար։ Հովհաննես վարդապետը առաջնորդ էր նաև Գետիկ վանքում։ Նա այստեղ իր առաջնորդության ժամանակ եպիսկոպոս է ձեռնադրվում և որոշ ժամանակից հետո ընդմիշտ փոխադրվում Հաղպատի նշանավոր վանքը։
Հաղարծինի վանքային հուշարձանախմբի մեջ մտնում են երեք եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Գրիգոր և ս. Ստեփանոս։ Հուշարձանախմբի մեջ մտնում է նաև հայկական ինքնատիպ մի հոյակապ սեղանատուն։
Շինության գավիթը
 Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Հաղարծինի վանքի սեղանատունը
Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին (1071թ.) գմբեթավոր դահլիճ տիպի է։ Հատակագծում ունի խաչի տեսք, բարձրանում է չորս կամարներով, առանց սյունաշարի։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն  հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Վերևում գտնվում են երկու գմբեթ,   որոնք լուսավորում են սեղանատունը և հիշեցնում են հայկական ազգային երդիկները։ Բնակելի շենքերի այդ ձևը տնտեսապես իրեն արդարացրել է։ Նա թե՛ ջերմատարող է, թե՛ լուսավորվում է վերևից և թե՛ ընդարձակ է։ Հաղարծինի սեղանատան տանիքը հենվում է սյուների վրա, որոնք նայողին զարմանք են պատճառում և վկայում այն մասին, որ մաթեմատիկան բարձր հիմքերի վրա է գտնվել միջնադարյան Հայաստանում։   Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով և այլն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։
Սեղանատան էքստերիերը
Հայաստանում այս սեղանատունը նմանօրինակ երկու կառույցներից մեկն է (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն  դահլիճ է (21,6x9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար  երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ընդարձակ սրահի խաչավորվող կամարները պահում են քարե առաստաղը։ Դիտողը չի զգում առաստաղի ծանրությունը, որովհետև վարպետորեն կառուցված կամարները թեթևությամբ  պահում են այն։Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը  կառուցող ճարտարապետի անունն է: Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է` թե՛ ծածկի կոնստրուկցիայով և թե՛ ներքին տարածության կազմակերպումով։
Հաղարծինի վանքի խաչքարերից
Թե՛ Հաղարծինում և թե՛ Գոշավանքում կան արեգակնային ժամացույցներ։ Ինչպես հայտնի է, անցյալում, Հայաստանի շատ վանքեր ու եկեղեցիներ օգտագործել են նման ժամացույցներ։ Դրանք անհրաժեշտ էին հատկապես ժամերգության ժամանակը իմանալու համար։ Այս տիպի ժամացույցի գործածությունը Հայաստան մուտք է գործել Արտաշես Բ. թագավորի ժամանակ՝ «յամի Տեառն 88—130, որով վարվում էին քրմապետք Արմավիրում պաշտոն կատարելու միջոցին»։ 
Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:
Կամսար Ավետիսյան- <<Հայրենագիտական էտյուդներ>>, wikipedia.org, findarmenia.com