воскресенье, 2 февраля 2014 г.

Պիտեր Բրեյգել Ավագ..Կույրերը




Շատերը գիտեն նիդերլանդացի հայտնի նկարիչ Պիտեր Բրեյգելին /1525-1569/: Նա զարգացրել է հյուսիսային երկրների և համաշխարհային արվեստն իր ուրույն թեմաներով ու մտածողությամբ: Բրեյգելը նիդերլանդական արվեստ է ներմուծում փիլիսոփայություն, կյանքի ինքնատիպ աշխարհընկալում ու կրոնական թեմաներ, որոնք պատկերելու համար ընտրում է ալեգորիկ տեսարաններ` հասարակ մարդկանց մասնակցությամբ:


Բրեյգելի հայտնի ստեղծագործություններից է «Կույրերը»: Նկարը ստեղծվել է 1568թ., չափերը` 86 × 154 սմ, նկարված է յուղաներկով` տախտակի վրա: Այն եզակի ստեղծագործություններից է, որ ունի մի քանի վերնագրեր` <<Առակ կույրերի մասին>>, <<Կույրերի պարաբոլ>>, <<Կույրն առաջնորդում է կույրին>>: Ստեղծագործությունը խոհափիլիսոփայական մեկնություն ունի, հիմքը աստվածաշնչյան <<կարո՞ղ է արդյոք կույրը կույրին առաջնորդել, արդյո՞ք նրանք երկուսն էլ չեն գլորվի անդունդը>> արտահայտությունն է, սակայն նկարն արված է կենցաղային ժանրում:

 Բրեյգելը ցանկացած թեմա հասարակությանն էր ներկայացնում պարզ ու մատչելի: Միանշանակ չենք կարող ասել, որ իր ժամանակին սա ընկալվել է իբրև աստվածաշնչյան խորհուրդ ունեցող ստեղծագործություն: Այժմ այս կտավը գտնվում է Նեապոլի Կապադիմոնտե թանգարանում:
Ժամանակաշրջանը, որտեղ ստեղծագործել է Բրեյգելը, արգելում էր Աստվածաշունչն ուսումնասիրել և մեկնաբանել յուրովի, ուստի նկարիչը այս սյուժեի տակ է թաքցնում նկարի բուն գաղափարը: Կտավն ունի բարդ կոմպոզիցիա, որը  պատկերում է վեց ֆիգուրների: Մարդկանց խումբն ասես նկարի խորքից գալիս է դեպի դիտողը: Կույրերը մոտենում են անդունդի եզրին, նրանցից առաջինը գլորվում է, երկրորդը ևս, սակայն մյուսները դեռ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Կերպարներից յուրաքանչյուրն օժտված է ինքնատիպ բնավորությամբ, նրանք տարբեր են, սակայն միևնույն ժամանակ հավաքական է, միակի, քանի որ նրանց ամբողջացնում է մեկ ընդհանուր արատը` կուրությունը: Կոմպոզիցիայի ցանկացած հատված սերտորեն կապված է մեկը մյուսի հետ: Ֆիգուրները կապված են ձեռքերի միջոցով: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գետնին ընկած կույրը, ով ասես հանդիսանում է նկարի բանալին:

Հիսուսի ասած խոսքերը, որոնք դարձել են նկարի ստեղծման դրդապատճառ,  ունեն փոխաբերական իմաստ: Նա ի նկատի ունի հոգևոր կուրությունը. ըստ Աստվածաշնչի` կույր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում Հիսուսին և նրանց «տեսնող,առողջ» առաջնորդ է պետք, ով տանելու է մարդկությանը դեպի հավատ: Այս հանգամանքը ևս տեղ է գտել «Կույրերը կտավում»: Բրեյգելը նկարի հետին պլանում եկեղեցի է նկարել, որը համարվում է հոգով կույրերի միակ հանգստության վայրը: Սակայն եկեղեցի մտնելու համար պետք է հոգով մաքուր ու հավատացյալ լինել, իսկ Բրեյգելի մոտ բոլորը կույր են, և եթե նրանցից առաջինը սայթաքի, կսայթաքեն  մյուսները ևս, քանի որ կույրերին կույր է առաջնորդում 

 

















Ֆիգուրները` կամ որ նույնն է ողջ մարդկությունը /ըստ Բրեյգելի/ ունեն փրկության ճանապարհ, որը հավատն է, մինչդեռ նրանք գնում են դեպի անդունդը` կործանում:
Պատկերված եկեղեցին այժմ գործում է: Դա Բիլբեկի Սբ. Աննա գյուղական եկեղեցին է: Նկարի երկրորդ պլանում բնություն է` ոչ խիտ ծառերով, ինչը Բրեյգելի մոտ, կարծում եմ, ևս սիմվոլիկ է և ուղիղ կապ ունի Աստվածաշնչի հետ: 
Նկարը կառուցված է սառը գույներով, բացակայում է լույսի ու ստվերի հարաբերությունը: Կտավի տոնը միապաղաղ է, միանգամից աչքի ընկող հատվածներ չկան: Այս ստեղծագործությունն ասես աստիճանաբար «կարդալ», մեկնաբանել  է հարկավոր: Բրեյգելը իր խոսքն է հղում մարդկությանը, ում պետք է դարձի գալ և փրկվել:

Հատված նկարից` Բիլբեկի եկեղեցին
Սբ. Աննա եկեղեցին Բիլբեկում

Դե եսիմ` Գ. Ն.