понедельник, 17 февраля 2014 г.

Նատյուրմորտ

Նատյուրմորտը (ֆրանս.` nature morte-մեռած բնություն) կերպարվեստի ժանր է, հիմնականում պատկերում է անշարժ, անշունչ առարկաներ` սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ և այլն:
Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ , միջնադարյան, հին Չինական և Ճապոնական արվեստներում։ Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց` հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով։ Արդեն Վերածննդի դարաշրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին։
Յակոբո դե Բարբարիի Նատյուրմորտ»
Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոբո դե Բարբարիի «Նատյուրմորտ» աշխատանքով, սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միայն 16- րդ դարի երկրորդ կեսից և 17-րդ դարի սկզբից նիդեռլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարներում։ Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին։ Նատյուրմորտը ծաղկում է ապրում իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է Կարավաջոյի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա։ Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով։
Պիտեր Արտսեն-Նատյուրմորտ
Կարավաջոյի ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ։ Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17- րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական` ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը։
Ֆլամանդական նատյուրմորտ. Ֆրանս Սնեյդերս
Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր։ Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության . առատության հզոր գովերգ է։
Նատյուրմորտը 17-րդ դարից զարգանում է Ֆրանսիայում և Գերմանիայում: Ֆրանսիայում էլ կոչվել է նատյուրմորտ -մեռած բնություն, ընդգծված հակադրվելով ակադեմիստների արհամարական վերաբերմունքին, որոնք ընդունում էին միայն կենդանի բնությունը:
Յան Դավիդս դե Հեմ-Նատյուրմորտ մրգերով և ծաղիկներով
Նատյուրմորտը՝ որպես ինքնուրույն ժանր (գլխավորապես հաստոցային գեղանկարչության մեջ), սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց: Վերածննդի շրջանի իտալացի, մասնավորապես նիդեռլանդացի վարպետներն իրենց աշխատանքներում կարևորել են նյութական աշխարհը, իրերի զգայական գեղեցկությունը:
XVII դարի նիդեռլանդական նատյուրմորտը բացառիկ մշակութային երևույթ է, որն ազդել է եվրոպական գեղանկարչության հետագա զարգացման վրա: Այդ ժանրի առաջին տեսակներից են ծաղիկներով նատյուրմորտները. առանձնանում են հատկապես Ամբրոսիուս Բոսհարտ Ավագի և Բալթազար վան դեր Աստի գործերը: Ավելի ուշ այդ տեսակը զարգացրել է Յան Դավիդս դե Հեմը: Ծաղիկներով նատյուրմորտի տարածվածությունը պայմանավորված էր նիդեռլանդական կենցաղի առանձնահատկությամբ (սերը ծաղկանոցների, այգիների, տնային բույսերի նկատմամբ): Նիդեռլանդներում տարածված էր նաև «գիտական» նատյուրմորտը (սկզբնավորվել է Լեյդեն քաղաքում), որի վարպետներից են Պիտեր Սթենվեյքը և Դավիդ Բայլին: «Գիտական» նատյուրմորտում առկա են հնարքներ, որոնք ստեղծում են տեսողական խաբկանք:
Վիլեմ Կալֆ-Նատյուրմորտ
XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները:
ՎիլլեմԿլասս Հեդա-Նատյուրմորտ
Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:
Մարտիրոս Սարյան-Նատյուրմորտ մրգերով
Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով:
Հակոբ Հակոբյան-Նատյուրմորտ կիթառով
1920-ական թվականներին Թիֆլիսում ստեղծագործող Լևոն Ասլամազյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո), Հովսեփ Կարալյանի և Հակոբջան Ղարիբջանյանի ինքնատիպ նատյուրմորտներում համադրված են դասական ու ազգային արվեստները: 1920–30-ական թվականներին Մ. Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վրթանես Ախիկյանի, Վահրամ Գայֆեջյանի, Լևոն Թութունջյանի և ուրիշների ստեղծագործությունները հարստացրել ու առավել բազմազան են դարձրել ժանրը: 1940-ական թվականներից ուշագրավ նատյուրմորտներ են ստեղծել Մհեր Աբեղյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ:
Մարիամ Ասլամազյան-Նատյուրմորտ ծաղիկներով
1950–70-ական թվականներին Հարություն Կալենցը, Գրիգոր Խանջյանը, Մինաս Ավետիսյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Վարոս Շահմուրադյանը, Ռուբեն Ադալյանը, Վաղինակ Սարգսյանը և ուրիշներ իրենց նատյուրմորտներում արծարծել են դեկորատիվ, հոգեբանական, կառուցվածքային և այլ խնդիրներ: Նատյուրմորտի նշանավոր վարպետներ են նաև սփյուռքահայ Հովսեփ Փուշմանը, Գրիգոր Շլդյանը, Շարթը (Սարգիս Հարությունյան), Տիրիթը (Հարություն Տիրիթյան) և ուրիշներ: Ժամանակակից հայ գեղանկարիչներից նատյուրմորտներ են ստեղծում Հրանտ Մնացականյանը, Գագիկ Շահինյանը, Զարուհի Մանուկյանը, Վահրամ Հակոբյանը, Նինա Կարապետյանը, Սուրեն Համբարձումյանը և ուրիշներ: