воскресенье, 16 февраля 2014 г.

Պիտեր Պաուլ Ռուբենս...Պերսևս և Անդրոմեդա



Անտվերպենի մասին հաճախ պարզապես ասում են` <<Ռուբենսի հայրենիք>>:  Այստեղ, քաղաքի կենտրոնում` Կանաչ հրապարակում, այսօր անցորդներին է ողջունում բրոնզաձույլ Ռուբենսը: Այստեղ նա դիմավորում է հյուրերին, ուղեկցում հրապարակով և ծառուղիներով: Կար ժամանակ, երբ այստեղ ամառային երեկոներին, նկարչի պատվին համերգներ էին տալիս:
Ռուբենսին, ում ոգեշնչման ուժը բացահայտել էր հարմոնիկ համադրության բոլոր գաղտնիքները և նկարի ողջ հզորությունը, ոչ միայն իր ժամանակի այլ նաև հաջորդող դարերի լավագույն նկարիչներից է: Նա թողել է ստեղծագործական  հարուստ ժառանգություն: Այսօր դժվար թե գտնվի որևէ հայտնի (հասարակական կամ մասնավոր) թանգարան որտեղ չլինեն Ռուբենսի կտավները:
Նկարչի ստեղծագործությունները արդեն ավելի քան 400 տարի է անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Նա ունի և′ կրքոտ երկրպագուներ, և′ վատաբանողներ, որոնք նրան համարում են զգայական ուրախությունների և հաճույքների  երգիչ` տարված մերկ կնոջ գեղեցկությամբ: Սակայն Ռուբենսի անունը այքան  հստակ է ամրագրված պատմության մեջ, որ նման քննադատությունները չեն կարող սասանել այն: Եթե ժամանակ առ ժամանակ կոպտությունն ու անզսպվածությունը արտացոլվում են նրա կտավներում, ապա նույնիսկ դրանում մենք չենք կարող մեղադրել մեծ նկարչին:
Ռուբենսի ստեղծագործություններում  նշանակալի տեղ են զբաղեցնում առասպելաբանական և ալեգորիկ թեմաներով կտավները: Այստեղ նա իրեն հավասարը չունի:  Անտիկ պատմության և առասպելաբանության խորը գիտելիքները, բուռն հիացմունք են առաջացնում ժամանակակիցների մոտ: Ինքը Ռուբենսը իր նամակներից մեկում գրել է . <<Ես խորապես խոնարհվում են անտիկ արվեստի առջև, որի հետքերով ցանկանում եմ գնալ, սակայն նրա հետ համեմատվել նույնիսկ չեմ կարող մտածել:>>

Մոտ 1620-1621թթ Ռուբենսը ստեղծում է <<Պերսևս և Անդրոմեդա>>կտավը: Նկարիչը սյուժեն փոխառել է հունական առասպելից, որտեղ պատմվում է ժայռին կապված գեղեցկուհի  Անդրոմեդայի մասին, ում պետք է  հոշոտեր ծովահրեշը: Այդ ժայռի վրա էլ նրան տեսնում է երիտասարդ հերոս Պերսևսը, երբ երկար ճանապարհորդությունից հետո հասնում է Կեփևսի թագավորությանը:

Պիտեր Պաուլ Ռուբենս- Պերսևս և Անդրոմեդա
Հրեշը արդեն մոտ է: Նա մոտենում է ժայռին` հմտորեն հաղթահարելով հզոր ալիքները: Հրեշի աղեղը արդեն մոտ է, երբ Պերսևսը իր օդային սանդալներով թռչում է օդ: Նրա շողքը ընկնում է  ծովի վրա և  հրեշը նետվում է հերոսի շողքի վրա: Պերսևսը  բարձրությունից հարձակվում է հրեշի վրա և սուրը խրում է հրեշի մեջքին: Հրեշը իր պոչով խփում է ջրին: Ծովը փրփրում է, իսկ Պերսևսը անդադար հարվածում է: Արյունը և ջուրը հոսում են հրեշի  երախից. նա մահացու  վիրավորված է, ահեղ մարտը ավարտված է: Առասպելում Ռուբենսը որոշ փոփոխություններ է մտցրել` նա ավելացրել է թևավոր ձի Պեգասին, որի վրա թամբած թռչում է Պերսևսը:
Ռուբենսին հետաքրքրում են ոչ այնքան Պերսևսի սխրագործությունները, մարտը և դիմադրությունը, որքան հաղթանակի պարգևած ուրախությունը: Այս կտավում Պերսևսը հանդես է գալիս որպես հաղթահերոս, իսկ թևավոր աստվածուհի Վիկտորիան, արմավենու ճյուղը և դափնեպսակը   ձեռքին, պսակում է հաղթողին: Պերսևսի ապոֆեոզը դառնում է կյանքի ուրախություն` արդեն ոչնչով չխամրող, հիանալի և ուրախալի և այդ խնդիրը Ռուբենսը այնպես հմտորեն է լուծում, որպեսին դեռ երբեք նրա մոտ չէր նկատվել:
Յուրաքանչյուր գծի, ձևի ներքին լարված դինամիկան, նրանց աճող ռիթմը այստեղ իրենց գերագույն արտահայտչականությունն են գտնում: Հպարտ ձին, Փառքի թռչող ասռվածուհին և առաջ ընքացող Պերսևսը, նրանք բոլորը կարծես ձգվում են դեպի Անդրոմիդան, ով թեքվել է դեպի իր փրկիչը:
ֆրագմանտ նկարից
Կարծես շարժման մեջ են նույնիսկ կտավի ներկերը: Նախկինում  իրարից առանձնացված գույները հիմա ասես միավորվել են միասնական գունային հոսքի մեջ, որտեղ առանձին բծերով  փայլում է միայն աստվածուհու կապույտ հագուստը, Պերսևսի կարմիր թիկնոցը և նրա մուգ վահանը` ցայտուն դարձնելով Անդրոմեդային մարմնի ճերմակությունը:
Կենդանի մթնոլորտով պարուրված մարդկային ֆիգուրան այստեղ կորցնում է ուվագծերի շեշտակիությունն ու որոշակիությունը: Նույնիսկ Անդրոմեդային փոքր ինչ ծանրամարմին ֆիգուրան  ծաղկուն երիտասարդության այնպիսի կախարդիչ հմայքով է պատկերված, որ այդ մերկ մարմինը կարող է գեղանկարչական վարպետության անգերազանցելի օրինակ ծառայել:
ֆրագմենտ նկարից
Չնայած <<Պերսևս և Անդրոմեդա>> կտավը ուսումնասիրվել է բազմաթիվ արվեստաբանների կողմից, այնուամենայնիվ որոշ բաներ հանելուկային են մնում: Մինչ օրս նրա <<ստեղծագործական պատմությունը>> անհայտ է: Խ. Գ. Էվերսը  այն համարում է հարսանեկան (իրականում այդ ենթադրությունը կապված է կտավի սխալ թվագրության հետ` 1609-1611թթ) և կապում էր այն Ռուբենսի կամ նրա եղբոր Ֆիլիպի ամուսնության հետ:
Ռուբենսը այս սյուժեով երկու կտավ է ստեղծել: Երկրորդ տարբերակը, որը ստեղծվել է առաջինի հետ գրեթե միաժամանակ, գտնվում է Բեռլինի թանգարանում: Բացի այդ, նույն կոմպոզիցիան  մեծացված տեսքով Ռուբենսը պատկերել է  նաև Անտվերպենում գտնվող նրա տան ճակատային մասում:

Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը