четверг, 31 октября 2013 г.

Օգյուստ Ռոդեն /1840-1917/



Ռոդենը /Ռոդեն Ռընե Ֆրանսուա Օգյուստ/ ծնվել է 1840թ. Փարիզում, աշխատավորի ընտանիքում։ Նա Մարի Չեֆերի և ոստիկանական ծառայող Ժան Բատիստ Ռոդենի երկրորդ զավակն էր։ Ռոդենը ինքնուս էր և սկսել է նկարել տաս տարեկանում։ 14-17 տարեկան հասակում, նա այցելում է արվեստում և մաթեմատիկայում մասնագիտացված դպրոց, որտեղ սովորում է գծագրել և նկարել։ 1862թ. Ռոդենի ավագ քույրը մահանում է: Եղբայրը տանջվում էր և իրեն մեղավոր էր ճանաչում, քանի որ ինքն էր Մարիային տեղեկացրել նշանածի անբարեխղճության մասին։ Քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը։ Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից` նա թողնում է եկեղեցին և սկսում նորից զբաղվել քանդակագործությամբ։ 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում։ 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով։ Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ։ 1875թ. Ռոդենին հաջողվում է որոշակի գումար կուտակել և երկու ամսով մեկնել Իտալիա, որտեղ նա ծանոթանում է Դոնաթելոյի և Միքելանջելոյի աշխատանքների հետ։ Նրանց գործերը խորը հետք են թողնում նրա արվեստի ուղղվածության վրա։ Ռոդենն ասում էր. "Միքելանջելոն նա էր, ով ինձ ազատեց ակադեմիական քանդակագործությունիցՆրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները։ Գտնվելով դրանց ազդեցության տակ` Ռոդենը ստեղծում է իր «Հաղթվածը» /1876-1877թթ./։ Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում։ Կատարելով որոշակի փոփոխություն` այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու։ Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»։ Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը։

Բնորդուհի. Հայաստանի ազգային պատկերասրահ

Ռոդենը բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան նաև կրկնօրինակներ` պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Արվեստից հեռանալով` Ռոդենը կարճ ժամանակով միանում է «Օրհնված հաղորդության Կաթոլիկ միաբանություն» կարգին։ Սուրբ Պետեր Ջուլիան Էյմարդը՝ միաբանության հիմնադիրը, գնահատում է Ռոդենի տաղանդը և նրա` կարգին ոչ պիտանի լինելու հանգամանքն ու խրախուսում նրան շարունակել քանդակագործությունը։ Նա վերադառնում է գեղազարդարիչի գործին` միաժամանակ կենդանիների քանդակներ ստեղծելու դասընթացներ վերցնելով Անտոնիո Լուիս Բայրեից։ Ուսուցչի ուշադրությունը կենդանիների շարժման մկանային համակարգի դետալների վրա նշանակալից ազդեցություն ունեցան Ռոդենի հետագա քանդակագործության վրա։

Համբույր

1864թ. Ռոդենը սկսում է ապրել Ռոուզ Բյուրեթ անունով երիտասարդ դերձակուհու հետ, ում հետ պարտականությունների բերումով նա մնում է մինչ կյանքի վերջը։ Ռոդենն ու Ռոուզը որդի են ունենում` Օգյուստ Էնջին Բյուրեթ /1866–1934/ անունով։ Իր կյանքի ընթացքում Ռոդենը շատ կարճ սիրավեպեր է ունեցել: Նա կապված է եղել հայտնի ֆրանսիացի կին քանդակագործ Կամիլլա Կլոդելի հետ, որի հետ ծանոթացել էր Ալֆրեդ Բուշեի արվեստանոցում: Աղջիկն այստեղ ենթավարպետ էր: Ռոդենը, տեսնելով նրա աշխատանքները, աղջկան հրավիրում է իր արվեստանոց: Կլոդելն այստեղ սկսում է քանդակի դասեր տալ, դառնում է քանդակագործի բնորդը, ապա նաև սիրուհին: Կարճ ժամանակ չանցած սակայն Կամիլլան խողդվում է Ռոդենի կողքին: Նրա քանդակները բոլորը համարում էին Ռոդենի ստեղծագործությունների կրնօրինակներ: Կին քանդակագործը չի հաշտվում երկրորդը լինելու մտքի հետ. Նա երկրորդն էր նույնիսկ Ռոդենի անձնական կյանքում, քանի որ կար ՌոուզըՄեծ հանճարները բաժանվում են: Կլոդելն ընկնում է հուսահատության գիրկը, քիչ ժամանակ անց դադարում է ստեղծագործել, ընկնում է հոգեբուժարան և այնտեղ էլ մահանում:

Դանայա

Ֆրանս-պրուսական պատերազմի սկսվելուն պես Ռոդենը ծառայության է կանչվում Ազգային գվարդիայում ծառայելու, բայց նրա ծառայությունը կարճատեսության պատճառով կարճ է տևում: Ռոդենը նախատեսում էր Բելգիայում մնալ մի քանի ամիս, սակայն նա արտասահմանում մնում է վեց տարի։ Դա առանցքային ժամանակաշրջան էր նրա կյանքում։
Ռոդենի դեռևս վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում վարպետությամբ. նրա «Ջարդված քթով մարդը» /1864 թ., նախնական անվանումը՝ «Հաղթվածը»/ քանդակը մարտահրավեր էր ժամանակի գեղանկարչական կանոններին։ Նա պատկերել է ճակատագրի հանդեպ անզոր մարդկանց տանջանքն ու չքավորությունը։ Ռոդենը Միքելանջելոյի արվեստի ազդեցությամբ ստեղծել է «Բրոնզե դարը» /1877 թ./ արձանը, որը մարմնավորում է կյանքի զարթոնքն ու տագնապը գալիքի նկատմամբ։ Քանդակագործն առավել ճանաչվել է «Քայլողը» /1877 թ./ և «Հովհաննես Մկրտիչ» /1878 թ./ գործերով. վերջինիս մտահղացման փիլիսոփայական խորությունն ու կերպավորման նորարարությունն արտահայտվել են նաև հեղինակի հետագա աշխատանքներում։ 1884–1888 թթ. ստեղծել է «Կալե քաղաքի բնակիչները» արձանախումբը /1895 թ-ին տեղադրվել է Կալե քաղաքում/. պատկերել է XIV դարում պաշարված Կալեի փրկության համար պայքարող մի քանի հայրենասերների դրամատիկական կերպարները, որոնք կամավոր հանձնվել են թշնամուն՝ հանուն քաղաքի բնակչության փրկության։ Հորինվածքի անհանգիստ ռիթմի, անշարժ և շարժվող մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ հեղինակը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանական և սեղմ բնորոշման։

Մտածողը

1880 թվականից մինչև կյանքի վերջը Ռոդենն աշխատում է «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի վրա: Նա ոգեշնչվել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» գրքից, Լորենցո Հիբերտիի ֆլորանտական դարպասների ձևավորումներից, Միքելանջելոյի «Ահեղ դատաստանից», Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» ստեղծագործությունից, ինչպես նաև գոթական տաճարների զարդաքանդակներից: 7-մետրանոց «Դժոխքի դարպասները» պատկերում է 186 ֆիգուրների, որոնցից մի քանիսը` «Թռուցիկ սեր», «Դանայուհի» «Ադամ», «Եվա» քանդակները ձեռք են բերել ինքնուրույն կիրառություն` հետագայում ձուլվելով բրոնզով կամ մարմարով: «Մտածողը» /1880 թ./ նույնպես հանդիսանում էր այս կոմպոզիցիայի մի մասը, որը հետագայում դառնում է Ռոդենի ամենահայտնի ստեղծագործությունը և համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկը:
«Դժոխքի դարպասների» ֆրագմենտ է նաև «Համբույր» դարձած ավտոնոմ քանդակը /1886 թ./, որը սկզբում պատկերել է Դանթեի «Աստվածային կատակերգության» սիրահար հերոսներին` Պաուլո Մալատեստային և Ֆրանչեսկա դա Ռիմինիին, ովքեր սիրեկաններ էին և սպանվեցին Ֆրանչեսկայի ամուսնու ձեռքով այն բանից հետո, երբ վերջինս բացահայտեց նրան կապը:
1880-ական թվականների կեսից Ռոդենի ստեղծագործության մեջ ավելի ցայտուն է դարձել խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտումը։ Նրա աշխատանքներում առաջնայինը շարժումն է, որը, ըստ Ռոդենի, քանդակի գլխավոր խորհուրդն է. շարժման արտահայտություններից մեկը քանդակների անհարթ մակերևույթն է, որը ներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրան։ Անմշակ թողնելով քարի մի հատվածը` նա այդ կերպ խախտում է քանդակի դասական կանոնները, նորություն է մտցնում կոմպոզիցիոն կառուցվածքի մեջ` այդպիսով հիմք դնելով քանդակագործության «ռոդենյան տեխնիկային»: Նա կերտել է Վիկտոր Հյուգոյի /1900 թ./ և Օնորե դը Բալզակի /1897 թ./ արձանները։ Ուշագրավ են Ռոդենի դիմաքանդակներըԺյուլ Դալու», 1883 թ., «Բալզակի գլուխը», 1900 թ., «Բեռնարդ Շոու», 1906 թ./, գեղարվեստական առանձնահատուկ արժեք ունեն գծանկարներն ու օֆորտները։
1889 թ. Ռոդենը հրավիրվում է Նանսի` քանդակելու Կլոդ Լորենին; Նրա քանդակը դժվարությամբ է ընդունվում, սակայն ձուլվում է բրոնզով և կանգնեցվում քաղաքային զբոսայգում:

Բալզակի արձանը

Ռոդենի ստեղծագործությունը քանդակագործության պատմության մի ողջ դարաշրջան է. նրա արվեստն ազդել է XX դարի նշանավոր քանդակագործների` Անտուան Բուրդելի, Արիստիդ Մայոլի, Շառլ Դեսպիոյի և այլ քանդակագործների, այդ թվում՝ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործության վրա։ Ֆիլադելֆիայում և Փարիզում գործում են Ռոդենի թանգարանները։ Նրա գործերից պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում, նույնիսկ Հայաստանի պետական պատկերասրահում:
Ինքը` Ռոդենը, իրեն չէր համարում որևէ իզմի հետևող: Նրա արվեստում նկատվում են ռեալիզմի, ռոմանտիզմի տարրեր, նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իմպրեսիոնիստների հետ, որոնցից Մեդարդո Ռոսսոն փորձում էր քանդակագործության մեջ մտցնել իմպրեսիոնիստական տարրեր:
Ռոդենի ստեղծագործության լեյտմոտիվը շարժվող մարդու կերպարն է, որը քանդակագործն ընդգծում է տորսի միջոցով: Ռոդենը շատ բնորդներ է ունեցել: Ընդ որում, միշտ աշխատում էր ոչ պրոֆեսիոնալ բնորդների հետ: Նա ստիպում էր նրանց մերկ քայլել սենյակում: Ընթացքում քանդակագործը շտապ կավից քանդակներ էր ծեփում` ընդգծելով շարծումն ու անատոմիական կառուցվածքը:
Ռոդենի թանգարանը Փարիզում
Ռոդենը իր քանդակներից և ոչ մեկը ավարտված չէր համարում: Ըստ նրա` յուրաքանչյուր ստեղծագործություն հեղինակից հետո պետք է ցանկացած ոք վերափոխել կարողանա: Մի քանդակի վրա նա կարող էր տարիներով աշխատել. Այս պատճառով է, որ ցուցահանդեսներին ներկայացնում էր նույնիսկ պարզապես էսքիզներ կամ ճեպանկարներ:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս