среда, 26 июня 2013 г.

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Ամենափրկիչը  Ալեքսանդրապոլ-Գյումրու հոգևոր-պաշտամունքային խորհրդանիշն է, քաղաքի գլխավոր եկեղեցին` չնայած այն հանգամանքին, որ  երբեք առաջնորդանիստ չի եղել: Նախկինում եկեղեցուն կից գործել է տղայոց հայկական ծխական դպրոցը, որը քանդվել է խորհրդային տարիներին:[1] Դպրոցից բացի եկեղեցին շրջապատված է եղել խանութներով: «Մշակ» թերթը գրում է, որ  «Ժողովուրդը խնդրել է  վեհափառից այդ եկեղեցու չորս կողմը գտնված պարսպի առաջ խանութներ շինել թույլատրելու համար»:[2] Վեհափառը միանշանակ օժանդակել է քաղաքացիների հայցը, քանի որ պահպանված լուսանկարներից երևում է, որ Ամենափրկիչի բոլոր կողմերում կրպակներ են: Այժմ եկեղեցին կենտրոնական հրապարակի տարածքում է` բնակելի շենքերով և զբոսայգով շրջապատված: 2008թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ Ամենափրկիչի տարածքում դրվեց երկրաշարժի զոհերին նվիրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» մակագրությամբ հուշարձանը (քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):


Եկեղեցն նախքան երկրաշարժը. խաչի ամրացումը
    Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվում են Սբ. Նշանի կառուցմանը զուգահեռ, Աբովյան  փողոցի վրա (այժմ` Աբովյան 145): Սբ. Ամենափրկիչը կառուցվել է 1859-1873թթ. քաղաքի բնակչության հանգանակություններով, բավականին երկար ժամանակաշրջանում` 14 տարում: Շինարարական աշխատանքների նման երկար ժամկետն ունի իր բացատրությունը. շինարարության ընթացքում միտումնավոր ընդհատումներ էին արվում, որպեսզի շաղախն արևի տակ ամրանա, իսկ ցուրտ եղանակներին աշխատանքները կանգ էին առնում:[3]
     Եկեղեցու  մասին «Մշակը» գրել է.  «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս  նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչեւ հիմա 80000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»։[4]

Զավեն Կոշտոյան-Թադևոս Անտիկյան
     Պատմում են, որ եկեղեցու շինարարության համար հավաքված գումարի կեսը նվիրել է Դրամփյանների ընտանիքը այն բանից հետո, երբ Դրմփոնց աղան խոստացել է, որ կկրկնապատկի այն գումարը, որը կհավաքվի ամբողջ քաղաքի բնակիչների ջանքերով: Շինարարությունը իրականցրել են Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց, Անտիկենց Թաթոս) և Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց)` Արդար Մանուկի (Պետրոսյանց) ղեկավարությամբ:   Անտիկենց Թաթոսի գերեզմանաքարին գրված է, որ այդտեղ հանգչում է Ամենասուրբ եկեղեցու կառուցողը, իսկ Արդար Մանուկի գերեզմանաքարին եղել է հետևյալ մակագրությունը` «Ես եմ ծառայ Ածոյ, ճարտարապետ, եկեղեցիքը շինողն և խչքալները զարդարող վարպետ Մանուկ Պետրոսյանց վ. 1909թ. նոյեմբ. 15-ին»: Եկեղեցին օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Հետագայում  (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են Գորոյանները:[5] Աղբյուրներում պահպանվել են Ամենափրկիչը կառուցող վարպետների մի քանի անուններ ևս` Ուստա Պապո, Հեփոյենց Սահակ, Ավետիք Անտիկյան:[6] Վերջինս կառուցել է եկեղեցու փոքր գավիթը: Եկեղեցին օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:  Հետագայում  (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են Գորոյանները:    


Ամենափրկիչի հատակագիծը
       Ժամանակակիցները պատմել են, թե ինչպես է ուստա Թաթոսը երեկոները կառքով գնացել Անի, նայել Մայր տաճարի կառուցվածքին և առավոտյան հետ վերադառնալով` շարունակել Ամենափրկիչի շինարարությունը: Ասում են, Ամենափրկիչը ժամանակին եղել է ոչ միայն Ալեքսանդրապոլի, այլև ողջ Հայաստանի ամենաբարձր եկեղեցին:[7] Ուշադրության են արժանի եկեղեցու ճարտարապետական-գեղարվեստական այն արտահայտչամիջոցները, որոնք վերցված են Անիի Մայր տաճարից: Սրանցից առաջնայինը և աչքի ընկնողը կլոր լուսամուտները եզրափակող վերնասլաց որմնակամարաշարերն են: Նմանօրինակ գեղարվեստական լուծում ունեն նաև Մարմաշենի գլխավոր եկեղեցու պատերը: Սբ. Ամենափրկիչը գմբեթավոր բազիլիկ տիպի շինություն է: Այսպիսին են Գյումրու գրեթե բոլոր եկեղեցիները: Աղոթասրահում դրված սյուները եկեղեցու ներքին տարածությունը բաժանում են երեք մասի:   Ամենափրկչի սև և կարմիր տուֆի համադրությամբ շարված պատերը մշակված են բազմաթիվ հարթաքանդակներով, որոնք պատկերում են հատվածներ Աստվածաշնչից: Զանգակատան կարմիր և սև քարերով հավաքված հարթ առաստաղը ալեքպոլցի վարպետների կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծումների օրինակ է: Եկեղեցում կիրառելուց առաջ այս տիպի կոնստրուկցիայով Թադևոս Անտիկյանը ծածկել էր իր տան նկուղային սենյակներից մեկը (տունը չի պահպանվել, բայց հնաբնակները հիշում են այն որպես «նավթի պադվըլի տուն»): Եկեղեցու ներքին պատերը և առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով, որտեղ կրից բացի օգտագործված էր ուղտի բուրդ: 1882թ. Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ: Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվագյուտ հանդիպող նկուղային հարկ:[8]


Ամենափրկիչը այժմ
     1988թ. աղետը եկեղեցուց թողնում է միայն մեկ պատը: Երկրաշարժից հետո եկեղեցու վերակառուցման նախագիծը մշակել են ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը և կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանը: Շուրջ 25 տարի անց Ամենափրկիչը կրկին ունի իր նախաերկրաշարժյան տեսքը: Այն վեր է հառնում քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում` գերակա դիրք գրավելով քաղաքի ողջ տեսլականում:



[1] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170-171:
[2] «Մշակ», 1872, №37, էջ 3:
[3] «Ճարտարապետություն և շինարարություն»  ամսագիր. #2 ապրիլ 2006, էջ 27:
[4] http://lraber.asj-oa.am/3202/1/69.pdf. Ս. Ղ. Մաթևոսյան-«Լենինականի հատակագծումը և կառուցապատումը XVIII-XIX դդ»., Լրաբեր հասարակական գիտությունների, N 10, 1972թ., էջ 75:
[5] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ  170:
[6] Նույն տեղում, էջ 286:
[7] http://virtualani.org/gyumri/. Surp Amenaprkich (Church of the Holy Saviour of All) in Gyumri /Leninakan/Alexandropol. վերցված է 2014թ., փետրվարի 18:
[8] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ 171: 




Գոհար Նավասարդյան
հատված  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

  

пятница, 21 июня 2013 г.

Երբ հանդիպում են արվեստի ճյուղերը...



 «Չկա արվեստ կան արվեստի ճյուղեր»:
Մայքլ Ֆրիդ
Ըստ Ֆրիդի` մեծատառով արվեստ գոյություն չունի, որովհետև արվեստը սուբյեկտիվ չէ, փոխարենը կան արվեստի ճյուղեր/քանդակ, գեղանկար, ճարտարապետություն/, իսկ դա ենթադրում է, որ այս քայլով մենք արվեստը դարձնում ենք զգայելի, արվեստը իջեցնում ենք աչքի մակարդակ, արդյունքում գալիս ենք վերը նշված մտքին, որ չկա արվեստ կան արվեստի ճյուղեր….  


Դիտողը աչքը դարձնում է գերակա, աչքը այս ըմբռնման հիմքում է ընկած: Գերմանական դասական փիլիսոփայության տիտաններից մեկի բնորոշմամբ` «Զգայելի ընկալումը ստեղծագործական պրոցես է»: Ըստ Կանտի` ընկալողը սուբյեկտ է, որն ակտիվորեն մասնակցում է ընկալմանը: Աչք, որը առարկայի հետ ակտիվ զգացմունքային կապի մեջ է մտնում ու ընկալում այն: Ուրեմն, եթե արվեստի առարկաները իրենք ստեղծագործական պրոցեսի առարկաներ են, երբ նայում ենք արվեստի գործին մենք ստեղծագործաբար ընկալում ենք մի առարկա, որ ստեղծագործական ընկալման հետևանք է: Գալիս ենք այն մտքին, որ արվեստի գործը արվեստագետի աշխարհայացքն է: Երբ աչքը նայում է արվեստի գործին, ինքը նայում է ինքն իրեն, այս երկուսը նույն չափման մեջ են:
Ֆրիդի արվեստաբանության հիմքում միտք-զգացմունք բաժանում կա: Մարքսը կասեր`  միտք-զգացմունք բաժանումը ձևավորվում է պատմականորեն… պատմությունը տվյալ դեպքում մինչև ներկան անցած ճանապարհն է, որն այսօր շեշտում է արվեստի ճյուղերի փոխկապակցվածությունը, ամբողջացնում դրանք մեկ ընդհանուր անվան`«արվեստի» տակ:


Լիլիթ Գալոյան

 
Արվեստի գրեթե բոլոր ճյուղերը գոյություն ունեն դեռ  անհիշելի ժամանակներից: Դրանց մասին աղբյուրները շատ են, սակայն ուղղակիորեն չեն հղում արվեստի ներկայիս տեսակներին: Նկարչությունը նախնադարում արտահայտվում էր ժայռապատկերների միջոցով, քանդակագործությունը` հիմնականում կենցաղային իրեր պատրաստելիս, պարն ու երգը` հմայական և պաշտամունքային ծիսակատարությունների ժամանակ: Զարգանալով, ձևափոխվելով և նոր իմաստ ու կիրառում ստանալով` այս երևույթները հասել են մեզ` չփոխելով սակայն իրենց հիմնական գաղափարը` արվեստը գեղեցկացնում է կյանքը` առօրյան հանելով  միապաղաղությունից: Առանց արվեստի կյանքն արդեն անհնար է, արվեստն ամենուր է, ամեն քայլափոխի, յուրաքանչյուրի մեջ…Այսօր հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, համերգներ, տարբեր միջոցառումներ, սակայն ի՞նչ է պատահում, երբ հանդիպում են արվեստի ճյուղերը…..Հենց այս հարցին էին փորձել  պատասխանել Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի և Կոնսերվատորիայի ուսանողները, Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները, ովքեր իրենց կտավները, քանդակներ, երաժշտական ու պարային կատարումները համատեղել էին մեկ ընդհանուր խորագրի տակ, որն է` «Երբ հանդիպում են արվեստի ճյուղերը»:

Միջոցառումն անցկացվում է երաժշտության համաշխարհային օրվա շրջանակներում /կազմակերպիչ` Եղյա Անսուրյան/: Նախագիծը լինելու է նաև Ավ. Իսահակյանի, ապա Ասլամազյան քույրերի թանգարաններում: Ակցիան շարունակվելու է մինչև հունիսի 23-ը, այն ունի ուսուցողական բնույթ, նպատակ է հետապնդում նմանատիպ միջոցառումները դարձնել շարունակական, քանի որ Գյումրիին արվեստ է պետք, ավելին` արվեստն է փոխում Գյումրու առօրյան, արվեստն է դարձնում քաղաքը ճանաչելի:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին

среда, 19 июня 2013 г.

Էդիթ Պիաֆ /1915-1963/



Նա ծնվեց, ինչպես սոխակը,
Նա ապրեց, ինչպես սոխակը,
Եվ նա կմեռնի, ինչպես սոխակը….



Նա երգում էր այս տողերը Փարիզի փողոցներում, գունատ էր, թափթփված արտաքինով, մեծ վերարկուով: «Պիաֆ» մականունը նա ստացավ բավականին փոքր հասակում: Քաղաքային խոսակցական լեզվով «պիաֆ» նշանակում էր «սոխակ»: Որքան էլ հետագայում մեծ ճանաչում գտավ Էդիթ Գասսիոնը, միշտ մնաց որպես սոխակ, ով իր նուրբ ձայնով գերում էր բոլորին 
Էդիթը ծնվել է փողոցում….նա սիրում էր պատմել այն պատմությունը, թե ինչպես մայրը չի հասցրել հասնել հիվանդանոց և ինքը լույս աշխարհ է եկել փողոցում, նաև մեծացել այդ միջավայրում, քանի որ Լուի Գասսիոնը ակրոբատ էր, և փոքրիկ աղջիկը ստիպված էր հավաքել ներկայացումների համար տրվող գումարները: Մի անգամ վեցամյա Էդիթը ներկայացումից հետո երգում է, մանրադրամները անմիջապես լցնում են գլխարկը և այսուհետ ակրոբատային համարները համալրվում են ևս մեկ կատարմամբ` փոքրիկ Էդիթի երգով: Աղջիկը երեք տարի ապրել է տատիկի ղեկավարած հասարակաց տանը, որտեղ ախրող բարի մորաքույրները սիրում էին Էդիթին, բարեհամբույր էին, խնամում էին նրան: Դպրոցից Էդիթը դուրս է մնում, քանի որ այնտեղ իմանում են նրա «մորաքույրների» մասին: Այս իրադարձությամբ էլ սկսվում է Էդիթի փողոցային կյանքը: 15 տարեկանում նա որոշում է ինքնուրույն կյանք վարել, ծանոթանում է Լուի Լեպլեի հետ, որի կաբարեում սկսում է երգել և որի շնորհիվ էլ ստանում է «Պիաֆ» կեղծանունը: Շուտով սակայն Լեպլեն սպանվում է, սկսվում են Էդիթի դաժան օրերը: Փորձություններ հաղթահարելուց հետո նա ծանոթանում է Ասսո Ռայմոնի հետ: Արդեն ուներ մի աղջիկ, որը շուտով մահանում է
Ասսոն է Պիաֆին ծանոթացնում երգահան Մարգերիտ Մոնոի հետ, ում շնորհիվ Էդիթը դառնալու է սիրված երգչուհի: Նրա միջոցով Պիաֆը ելույթ է ունենում Փարիզի «ABC» դահլիճում. սա առաջին մեծ ելույթն էր, որը պսակվում է հաջողությամբ և ճանապարհ հարթում ապագա հանճարի համար: Հաջորդ օրը Պիաֆի մասին գրում են բոլոր ամսագրերը…. «Երեկ Ֆրանսիայի «ABC»-ի բեմում ծնվեց մեծ երգչուհի»: Այս օրվանից հետո Էդիթի առջև բացվում է փառքի ճանապարհը: Ասսոյի հետ սակայն Էդիթը խզում է կապերը: ԱՍում են` միակ տղամարդը, ում նա սիրում էր, բռնցքամարտիկ Մարսել Սերդանն էր, ով ավտովթարի զոհ էր դարձել: վելի ուշ ծանոթանում է Իվ Մոնտանի հետ, որին օգնում է ընտրել հարմար բեմական կերպար, սակայն նրանից ևս բաժանվում է: Նրանց անունները վերջին անգամ միասին գրվում են «Անանուն աստղ» ֆիլմի աֆիշի վրա, որտեղ գլխավոր դերակատարը Էդիթն էր:  Պիաֆի երկրորդ ամուսինը Թեո Սարապոն էր, ում ձեռքերում էլ մեծ երգչուհին մահանալու է:
Երգչուհին մեծ շրջապատ ուներ, նա ընկերություն էր անում Մառլեն Դիտրիխի հետ, հպարտ էր, որ ծանոթ է Չապլինի հետ: Էդիթը հյուրընկալ էր, բարի, պայքարողԱյսպիսին էլ մնաց Պիաֆը` մի փողոցային աղջիկ, որը չվարժվեց  հարմարավետ կյանքին, փնտրեց ու գտավ դժվարություններ, բայց և միաժամանակ հայտնի դարձավ բոլորին

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը